Հունվար 29, 2018 Warrior

Ո՞Վ  Է  ԱՍՏՎԱԾ  ԵՎ  Ո՞Վ  Է  ՄԱՐԴԸ

Ո՞վ է տիեզերքն ու հավիտենությունն Իր ափերի մեջ պահող Աստվածը, ինչպիսի՞ն է Նրա վերաբերմունքը մարդու հանդեպ:

 

Ո՞վ է Աստված

 

«…. Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու Իմն ես: Երբ ջրերից անցնես, Ես քեզ հետ եմ, և եթե գետերով`դրանք քեզ չեն ողողի, երբ գնաս կրակի միջով, չես այրվի, ու բոցը քեզ չպիտի վառի, որովհետև Ես` Տերս, քո Աստվածն եմ, Իսրայելի Սուրբս`  քո փրկիչն եմ….» (Եսայի 43.1-3):

 

«Ահա, իշխանություն տվեցի ձեզ` կոխել օձերի ու կարիճների վրա և թշնամու բոլոր զորության վրա, ու ձեզ ոչինչ չի վնասի: Սակայն մի՛ ուրախացեք նրա համար, որ ոգիները հնազանդվում են ձեզ, բայց առավել ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են Երկնքում» (Ղուկ. 10.19,20):

 

«Քո դեմ շինած ոչ մի գործիք պիտի չհաջողվի, ու ամեն լեզու, որ վերկենա քո դեմ դատաստանի, պիտի դատապարտվի: Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, ու նրանց արդարությունը Ինձանից է,-ասում է Տերը» (Եսայի 54.17):

 

 «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն,  որ ամեն Նրան հավատացողը չկորչի,  այլ հավիտենական կյանք ունենա»  (Հովհ. 3.16):

 

«Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին,  որ Հայրը կուղարկի Իմ անունով,  Նա ամեն բան կսովորեցնի ձեզ ու կհիշեցնի ամեն բան,  որ ձեզ ասացի»  (Հովհ. 14.26):

 

Այս բոլոր խոսքերը Նրա շուրթերից են դուրս եկել, դեռ ավելին` Նա ասում է. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ. 24.35):

 

Ո՞վ է մարդը

 

Տիրոջ հետ մշտապես հաղորդակցություն ունեցող մարդը երկնքից կրակ է իջեցնում և այրում ջրի մեջ թաթախված զոհը. «Եղիան փայտերը շարեց և կտոր-կտոր արեց զոհը ու դրեց փայտերի վրա և ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերեք և լցրե՛ք ողջ ակեզի ու փայտերի վրա»: Եվ ասաց. «Կրկի՛ն արեք»: Ու կրկին արին…. Եվ երրորդ անգամ արին: Ու ջրերը գնում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով…. Եվ երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ ու ասաց. «Ո՛վ Եհովա, Աբրահամի՛, Իսահակի՛ և Իսրայելի՛ Աստված, թող այսօր իմացվի, որ Դու ես Աստված Իսրայելի մեջ, և ես Քո ծառան եմ և այս բոլորը Քո խոսքով եմ արել»…. Եվ Եհովայի կրակը վայր իջավ ու կերավ ողջ ակեզի փայտերը և քարերը և հողը և փոսի միջի ջուրնէլ լափեց: Ժողովուրդը տեսավ ու վայր ընկավ երեսի վրա և ասաց. «Եհովան է Աստված»» (Գ Թագավ. 18.33-39):

 

Նույն մարդը, հեռանալով Աստծուց, հավատում է մարդկային սպառնալիքին, լցվում է վախով և ուզում է մեռնել. «Եվ Աքաաբը պատմեց Հեզաբելին այն ամենը, ինչ որ Եղիան արել էր, և այն, որ նրա բոլոր մարգարեներին սրով սպանել էր: Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ` ասելով. «Աստվածները այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե էգուց այս ժամին քո անձը նրանցից մեկի անձի տեղ չդնեմ»: Այս բանը իմանալով` Եղիան վեր կացավ ու գնաց, որ իր անձն ազատի…. Մեկ օրվա ճանապարհ անցավ անապատով, եկավ մի գիհու տակ նստեց և սրտանց ուզեց, որ մեռնի, ու ասաց. «Բավական է, Տե՛ր իմ, հոգիս առ…. » (Գ Թագավ. 19.1-4):

 

Աստծուն վստահող, Նրա խոսքը կատարող մարդն անհնարինը հնարավոր է դարձնում` կանգնեցնում է արեգակը. «Այն ժամանակ Հեսուն Տիրոջ հետ խոսեց…. և Իսրայելի առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնո՛ւմ կանգնիր, և, Լուսի՛ն, Այեղոնիձորո՛ւմ կանգնիր»: Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղում մնաց, մինչև ժողովուրդն իր թշնամիներից վրեժ լուծեց…. Արեգակը երկնքի մեջ տեղում կանգնեց ու չշտապեց մայր մտնել ու մեկ կատարյալ օրվա չափ: Դրա նման օր չեղավ ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մարդու ձայնին լսի, որովհետև Տերը պատերազմեց Իսրայելի համար» (Հեսու 10.12-14):

 

Նույն մարդը մեղքի պատճառով պարտություն է կրում. «Եվ Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց դեպի Գայի…. Բայց Գայիի մարդկանց առաջից փախան: Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց հազար մարդու չափ զարկեցին ու նրանց հալածեցին…. Հեսուն իր հանդերձները պատռեց Տիրոջ տապանակի առաջ, երեսի վրա ընկավ գետին մինչև իրիկուն ինքը ու Իսրայելի ծերերը, և իրենց գլխին հողցանեցին…. Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես երեսիդ վրա ընկել, Իսրայելի ժողովուրդը մեղք գործեց….» (Հեսու 7):

 

Աստծուն բոլոր իրավիճակներում վստահող մարդը տեսնում  է Նրա հավատարմությունը: Ազգությամբ հրեա Սեդրաքի, Միսաքի  և  Աբեդնագովի կյանքը դաժան մահվան եզրին էր: Նրանք թեև երիտասարդ էին, կյանքով լի և հարգարժան դիրք էին գրավում Բաբելոնում,  ամենևին չվախեցան  Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանից, ըստ որի՝ բոլորը պիտի երկրպագեին նրա կառուցած կուռքին, իսկ ով չհնազանդվեր, պիտի գցվեր կրակով բորբոքված հնոցի մեջ:  Անհողդողդ կանգնելով թագավորի առջև` նրանք համարձակ հայտարարեցին.  «Մեր Աստվածը, ում պաշտում ենք,  կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից և քո ձեռքից էլ, ո՛վ թագավոր: Եվ եթե չազատի էլ,  թող քեզ հայտնի լինի,  ո՛վ թագավոր,  որ քո Աստծուն մենք չենք պաշտում ու քո կանգնեցրած արձանին չենք երկրպագում»  (Դանիել 3.17,18):  Այս երեք երիտասարդների հավատարմությունն առ Աստված հնարավորություն տվեց,  որ հեթանոսները տեսնեն միակ ճշմարիտ Աստծո ամենակարող ու հավատարիմ լինելը, քանի որ նրանց յոթնապատիկ ավելի բորբոքված կրակով հնոցի մեջ գցելուց հետո Նաբուգոդոնոսորը հրաշք տեսավ և ապշած ասաց իր խորհրդականներին. «Չէ՞  որ մենք երեք կապված մարդ գցեցինք կրակի մեջ….  Ահա ես չորս մարդ եմ տեսնում,  որ արձակված ու անվնաս ման են գալիս կրակի մեջ,  ու չորրորդի կերպարանքը աստվածների որդու նման է»: Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ հնոցի դռանն ու ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, Բարձրյա՛լ Աստծո ծառաներ,  դո՛ւրս եկեք»: ….Հավաքվեցին կուսակալները, նախարարները,  կառավարիչները և թագավորի խորհրդականները, նայեցին այդ մարդկանց,  որոնց մարմնին կրակը չէր տիրել,  և նրանց գլխի մազը չէր այրվել,  նրանց անդրավարտիքները չէին փոխվել,  և կրակի հոտ էլ չկար նրանց վրա:  Եվ Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, Ով ուղարկեց Իր հրեշտակին ու ազատեց Իր ծառաներին,  ովքեր Նրան ապավինեցին ու թագավորի խոսքը անարգեցին և իրենց մարմինները տվեցին,  որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծո, բացի իրենց Աստծուց: Հրամայում եմ, /Հրաման եմ արձակում, որ ամեն ժողովուրդ,  ազգ  և  լեզու,  որ սխալ բան կասի նրանց Աստծո դեմ,  կտոր-կտոր կհոշոտվի,  ու նրա տունը աղբանոց կդառնա,  որովհետև չկա ուրիշ Աստված,  որ կարող լինի այսպես ազատել»:  Այն ժամանակ թագավորը հաջողություն տվեց Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին Բաբելոնի գավառում»»  (Դանիել 3.24-30):

 

Այսպիսով,  թե՛  Աստվածաշնչից,  թե՛  մարդ արարածի կյանքից կարելի է անվերջ օրինակներ բերել և պատասխանել «Ո՞վ է Աստված և ո՞վ է մարդը» հարցին: Վտանգներից ազատվելու,  փորձությունները հաղթահարելու,  կյանքի տարբեր իրավիճակներում հաղթող լինելու և հաղթանակը ձեռքում պահելու համար անհրաժեշտ է մշտապես խորհել,  թե ՈՎ Է ԱՍՏՎԱԾ, չվախենալ աստվածապաշտության մեջ խորանալուց և ապրել Աստծո Խոսքով, աստվածային արժեքներով և չափանիշներով՝ անկախ իրավիճակներից:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00