Դեկտեմբեր 25, 2015 Warrior

ՏԵՐՆ  Է  ՈՐՈՇՈՒՄ՝  Ե՞ՐԲ,  Ի՞ՆՉ,  ԻՆՉՊԵ՞Ս …

Երբեմն աղոթում ենք ֆինանսական պարտքերից ազատվելու համար: Յուրաքանչյուրը յուրովի է պարտքեր կուտակում, սակայն պարտքերի գոյացման հիմնական պատճառը Տիրոջը չվստահելն է և գումարի անհրաժեշտության դեպքում Նրանից անհրաժեշտ գումարը չխնդրելը: Ֆինանսական կարիքի ժամանակ շատերն առաջին հերթին դիմում են  իրենց հարևաններին ու բարեկամներին՝ տերերի Տիրոջը դիմելու փոխարեն:

 Մի անգամ ինձ շատ շտապ բավական խոշոր գումար էր անհրաժեշտ: Ժամանակը շատ կարճ էր՝ ես այդ գումարը պետք է ունենայի հաջորդ առավոտ՝ ժամը 9.00-ին: Անկեղծ ասած, խուճապի էի մատնվել և նույնիսկ չմտածեցի աղոթելու մասին: Մտովի  կազմեցի այն մարդկանց ցուցակը, ովքեր կարող էին ինձ անորոշ ժամանակով գումար տրամադրել: Քանի որ գումարը մեծ էր, ես պետք է դիմեի մի քանի հոգու:

Արագ գործի անցա: Երկարատև հեռախոսազրույցներից հետո գտնվեցին մարդիկ, ովքեր կարող էին ինձ պարտքով գումար տալ: Բոլորի հետ պայմանավորվեցի առավոտյան՝ ժամը 8.30-ին, հանդիպել գրասենյակում: Խուճապն անցավ, հանգիստ շունչ քաշեցի, նույնիսկ ուրախ էի, որ այդքան մեծ գումար հայթայթելու հնարավորություն ունեցա: Գնացի քնելու: Գիշերվա մի ժամի արթնացա: Նայեցի ժամացույցին: Ուղիղ ժամը 4.00-ն էր: Դրսում շատ մութ էր: Ցանկացա նորից քնել, բայց հանկարծ ներսումս մի հարց լսեցի. «Առավոտյան երբ այդ գումարները վերցնես, հետո ինչպե՞ս ես վերադարձնելու»:

Ես կարկամեցի: Այդ մասին լրջորեն  չէի էլ մտածել: Սկսեցի պատկերացնել, թե իմ աշխատավարձով քանի տարվա ընթացքում կկարողանամ այդ պարտքը մարել: Շունչս կտրվեց: Ես սարսափեցի: Փորձեցի մտածել հրաշքի մասին: Սակայն գումարն այնքան մեծ էր, որ այդ հրաշքին էլ չէի հավատում: Սուրբ Հոգին շարունակեց խոսել. «Վե՛ր կաց, հագնվի՛ր»: Ես հնազանդվեցի: Հագնվելուց հետո գնացի հյուրասենյակ ու նստեցի: «Խոնարհվի՛ր և երկրպագի՛ր»: Ծնկի իջա ու սկսեցի աղոթել: «Երկրպագի՛ր, բարձր ձայնով փառաբանի՛ր քեզ Ստեղծողին»: 

Սկսեցի փառաբանել: Հասկացա, որ Տերն ինձնից զոհ է ուզում: Երկու-երեք երկրպագության երգ երգելուց և Տիրոջ առջև խոնարհվելուց հետո, ասացի. «Տե՛ր, ուզու՞մ ես իմ սիրելի ու միակ ոսկե մատանին վաղը զոհաբերեմ Քեզ»: Ես դա առաջարկեցի, որովհետև իմ ունեցած թանկարժեք իրը միայն դա էր: Ինչ վերաբերում էր ժամերով փառաբանելուն ու երկրպագելուն, դա ինձ համար ամենածանր, նույնիսկ անհնարին թվացող ծառայությունն էր: Իմ մարդկային խելքով՝ ես փորձում էի ոսկու զոհը փոխանակել շուրթերի զոհի հետ: «Ես քո երկրպագությունն եմ ուզում»,-լսեցի անմիջական պատասխանը: Մարմինս սանձեցի ու շարունակեցի երկրպագել:

Մոտավորապես 20-25 րոպե երկրպագում էի: Սուրբ Հոգին լուռ էր: Ես նորից հարցրի. «Տե՛ր, որքա՞ն գումար ես ուզում, որ վաղը զոհաբերեմ Քեզ փառաբանող գործեր իրականացնելու համար»: Ես այնպես էի հոգնել, որ այլևս չէի կարողանում մարմինս սանձել: «Ես քո սրտի ու շուրթերի երկրպագությունն եմ ուզում»,- նորից լսեցի Սուրբ Հոգու մեղմ ձայնը: Անկեղծ ասած, մինչ այդ օրը 10-15 րոպեից ավելի  չէի երկրպագել արարիչ Աստծուն, տիեզերքը Իր ափերի մեջ Պահողին: Ես ծնկի իջա ու ապաշխարեցի: Այնուհետև սկսեցի երկրպագել իմ ամբողջ էությամբ: Երկրպագության ընթացքում Սուրբ Հոգին հիշեցնում էր այն բոլոր անելանելի վիճակները, որոնցից դուրս էի եկել Տիրոջ օգնությամբ:

Ամբողջ կյանքս պատկերվեց աչքերիս առջև: Տերը ցույց տվեց, թե որտեղից է ինձ հանել և ուր է հասցրել, ինչի մասին նույնիսկ երազել չէի կարող: Փառաբանությունն անզուսպ հեղեղի նման հորդում էր իմ ներսից: Ես հալվել էի Աստծո ներկայության մեջ: «Հիմա գնա քնելու: Առավոտյան Ես կտամ այդ ամբողջ գումարը»: Նայեցի ժամացույցին, ժամը 5:50 էր: Իմ ամբողջ կյանքում առաջին անգամ 1ժամ 50 րոպե անընդմեջ երկրպագել էի Տիրոջը: Արդյունքը ցնցող էր. այդ երկրպագությունն առաջին հերթին ինձ էր պետք: Այն հնարավորություն ստեղծեց ի մի բերելու իմ ամբողջ կյանքի անելանելի իրավիճակները, իրավիճակներ, որոնք գերեզմանին ավելի մոտ էին, քան կյանքին: Հնարավորություն ստեղծեց պարզ գիտակցելու, որ հավատարիմների Հավատարիմը, հզորների Հզորը միայն հավիտենությունը ափերի մեջ պահող Աստվածն է: Իսկ խոստացված գումարը երջանկություն պարգևող անակնկալ էր ինձ համար:

Առավոտյան շատ շուտ արթնացա ու զանգեցի այն մարդկանց, ովքեր ժամը 8.30-ին պիտի գումար բերեին գրասենյակ: Բոլորին տեղեկացրի, որ գումարն արդեն ունեմ, և շնորհակալություն հայտնեցի օգնության ձեռք մեկնելու համար: Հագնվեցի ու գնացի գրասենյակ: Ինձ համար հետաքրքիր էր, թե Տերը ինչպես պիտի տար այդ գումարը: Հենց գրասենյակում հանդիպեցի իմ վաղեմի ծանոթներից մեկին, բարևեցինք, թեթև զրույցի բռնվեցինք, այնուհետև նա շատ հանգիստ ինձ մեկնեց ծրարը, որի մեջ այդ գումարն էր: Ես նրա հետ չէի ժամադրվել, նրա հետ մտերիմ չէի, ավելին՝ նա սովորական աշխատավարձով ապրող մարդ էր: Ես իմ երախտագիտության խոսքն ասացի ու վերցրի ծրարը՝ համոզված լինելով, որ այնտեղ է ինձ անհրաժեշտ գումարը: Այդ մարդը չիմացավ, թե ես ինչպիսի գիշեր եմ ունեցել: Անկեղծ ասած, ես էլ իրենից չիմացա, թե ինչպես էր այդ գումարով այդ ժամին հայտնվել իմ աշխատավայրում: Որպես աստվածապաշտ մարդիկ՝ երկուսս էլ համոզված էինք, որ Սուրբ Հոգին է մեզ առաջնորդել: Բոլո՜ր, բոլո՜ր, բոլո՜ր փառքերն Աստծունն են: «Ոմանք կառքերով, ոմանք ձիերով են պարծենում, բայց մենք մեր Տեր Աստծո անունն ենք հիշում » (Սաղմ. 20.7):

Տերն է որոշում՝ ե՞րբ, ի՞նչ, ինչպե՞ս … ամեն ինչ Նա գիտի: Գողգոթյան Խաչի վրա են մարդ արարածի բոլոր խնդիրները: Այդ խնդիրների լուծումները Հիսուս Քրիստոսի արյան զորությամբ մեզ են պատկանում: Պարզապես, յուրաքանչյուրը պիտի վստահի տերերի Տիրոջը և Նրան դիմի ցանկացած իրավիճակում: Որպես պատասխան՝ Տերը նրան կառաջնորդի, թե ինչ անել, ինչպես և երբ: Լուծումները շատ են, բայց յուրաքանչյուր խնդիր իր լուծման կոնկրետ ճանապարհն ունի: Իմ պարագայում Տիրոջ ողորմությունն այնքան մեծ էր, որ թույլ չտվեց մտնել պարտքի լծի տակ: Նա որոշեց, որ երկրպագեմ Իրեն գիշերվա կեսին … ճանաչեմ Իրեն որպես ամենահավատարիմ …

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00