Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսի սիրտ ու հավատք ուներ Աբրահամը, երբ աղոթեց Աբիմելեքի կնոջ և աղախինների համար, որպեսզի Տերը բժշկի նրանց, և նրանք երեխաներ ունենան:
Մինչ այդ, Աբիմելեքը ցանկացել էր ամուսնանալ Աբրահամի կնոջ՝ Սարրայի հետ, ու Աստված պատժել էր նրան`զրկելով երեխա ունենալու հնարավորությունից: «Եվ Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին և նրա կնոջն ու աղախիններին, ու նրանք ծնում էին» (Ծննդ. 20.17):
Աբրահամն այդ ժամանակ երեխա չուներ և իննսունինը տարեկան էր. «Աբրահամն ու Սարրան ծերացած էին և օրերն անցկացրած, և Սարրայի համար դադարել էր կանանց պես գնալը» (Ծննդ. 18.11): Նրանք երեխա չունեին, բայց ունեին խոստում, որ ոչ միայն երեխա կունենան, այլև անհամար սերունդ. «Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «….Նա, որ քո մեջքից դուրս կգա, նա կլինի քո ժառանգը»: Եվ Նա դուրս հանեց նրան և ասաց. «Դեպի երկինք նայիր ու աստղերը հաշվիր, եթե կարող ես դրանք հաշվել. այդպես կլինի քո սերունդը»» (Ծննդ. 15.5,6):
Աբրահամը հավատում էր իրեն խոստում տվող Աստծուն, այդ պատճառով աղոթեց, ու Աբիմելեքի գերդաստանը բժշկություն ստացավ, այնուհետև ծնվեց իր «խոստմունքի որդին»՝ Իսահակը. «Եվ Եհովան այցելություն արեց Սարրային, ինչպես որ ասել էր: Եվ Սարրան հղիացավ ու մի որդի ծնեց Աբրահամի ծերության հասակում, այն որոշյալ ժամանակին, որ ասել էր նրան» (Ծննդ. 21.1,2):
Բոլոր մարդիկ ունեն հավատք, ճիշտ այնպես, ինչպես ունեն աչքեր, քիթ, բերան, մկաններ, սակայն Աստծո տված հավատքը զարգացնել է պետք, զարգացնել այնպես, ինչպես զարգացնում են մարմնի մկանները: Մկանները զարգանում են հետևողականորեն մարմնամարզություն անելու շնորհիվ: Հավատքը նույնպես զարգանում է հետևողական ջանքերի շնորհիվ: Այսինքն` պետք է միշտ կարդալ Աստվածաշունչը, կատարել Աստծո Խոսքը: Մարդը Խոսքը կատարելով` ցույց է տալիս, որ հավատում է դրան: Եվ Խոսքը հետևողականորեն կատարելը նրա մեջ զարգացնում է հավատք: Հավատքն ունի պտուղ, որը խոստման իրականացումն է:
«Հավատքը լսելուց է, լսելը՝ Աստծո Խոսքից» (Հռոմ. 10.17): Մարդը յուրաքանչյուր իրավիճակի համար հատուկ Խոսք պետք է ստանա: Այդ Խոսքը «խառնվում է» անլուծելի թվացող իրավիճակին ու տալիս է խոստացված արդյունքը: Աբրահամն Աստծուց Խոսք ստացավ, որ կունենա զավակ ու աստղերի չափ անհամար սերունդ: Նա հավատարիմ համարեց Խոստացողին և ստացավ «խոստմունքի որդուն»:
Անլուծելի թվացող իրավիճակից մինչև խնդրի լուծումը`Աստծուց ստացած Խոսքի իրականացումը, կա մի ճանապարհ, որը պետք է անցնել Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
Յուրաքանչյուր մարդ, ով վստահում է Տիրոջը, համբերություն դրսևորում և տվյալ իրավիճակում անհրաժեշտ Աստծո կամքը կատարում, ստանում է խոստումը. «Ուրեմն, դեն մի´ գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի, որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով`խոստմունքն ստանաք» (Եբր. 10.35,36):
Մարդը պետք է ջանք անի, որ հույսը չմեռնի, դրսևորի առողջ միտք`հավատքով ու երկայնամտությամբ լի. «Փափագում եմ, որ ամեն մեկը նույն ջանքը ցույց տա, որ հույսը հաստատ մնա մինչև վերջ, որ հիվանդամիտ չլինեք, այլ նմանվեք հավատքով և երկայնամտությունով խոստմունքները ժառանգողներին» (Եբր. 6.11,12):
Վկայություն իմ կյանքից
2017 թվականի մայիսին Տերն Իրեն բնորոշ գերբնական ձևով «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայությանը տարածք տվեց, որն ունի 16 մասնագիտացված սենյակներ, պարի, թատրոնի, սեմինարների սրահ, բուֆետ, խոհանոց և մառան: (Մեկ այլ վկայության մեջ անպայման կանդրադառնամ, թե դա ինչ տարածք էր ու ինչպես պատահեց, որ Տերը դա տվեց Սոցիալական ծառայությանը): Եթե հետևում եք իմ նյութերին, տեղյակ կլինեք, որ խոհանոցի տանիքի կառուցումը գերբնական ձևով իրականացավ (դրա մասին գրել էի «Չարիքը կարող է դառնալ բարիք, եթե…» վերնագրով նյութում): Հիմա ցանկանում եմ վկայել, թե Տերն ինչ հրաշալի ձևով ֆինանսավորեց նաև խոհանոցի ներսի վերանորոգումը, որի համար անհրաժեշտ էր 2000 դոլար:
Այս տարվա օգոստոսին Ստեփանավանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովվի մեքենայով ես ու օգնականս վերադառնում էինք Վրաստանից: Ճանապարհին խոսում էինք ամենատարբեր թեմաներից, ու հանկարծ իմ մեջ հարց առաջացավ, թե որքան գումար է անհրաժեշտ Ստեփանավանի եկեղեցու շենքի առաջինից երրորդ հարկ բարձրացող աստիճանը կառուցելու համար: Աստիճանի շտապ կառուցումն անհրաժեշտ էր, քանի որ Սոցիալական ծառայությունը գտնվում էր շենքի երրորդ հարկում, որտեղ շուրջ 45 սոցիալապես անապահով և ծնողազուրկ երեխաներ շաբաթը երեք անգամ պետք է ոչ միայն սնվեին, այլև հանրակրթական դպրոցի դասերը պատրաստեին ու բազմամասնագիտական թիմի աջակցությամբ զարգացնեին իրենց նախասիրություններն ու տաղանդները: Հովիվն ասաց, որ աստիճանների բազրիքն արդեն պատվիրել են դարբնոցում, իսկ քարերի համար անհրաժեշտ է 80.000 դրամ: Այդ պահին ինձ մոտ կար 85.000 դրամ, որը նախատեսել էի օգտագործել Երևանի «Գնացեք, տեսեք…» Սոցիալական ծառայության բուֆետի վերանորոգման համար: Սակայն մտածեցի, որ ճիշտ կլինի այդ գումարը փոխանցել Ստեփանավանի եկեղեցուն: Եվ այդպես էլ արեցի: Ես վստահ էի, որ Տերը մեզ կօրհնի, և մեր բուֆետի համար անհրաժեշտ գումարը՝ 2000 դոլարը, անպայման ինչ-որ տեղից մեզ կհասնի: Հիշեցի, որ երբ Տերը այդ հսկայական տարածքը չնորոգված վիճակում տվեց Երևանի «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայությանը, նաև խոստում տվեց ինձ. «Տերն է իմ հովիվը, ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա…» (Սաղմ. 23): Ու այդ օրից սկսած՝ շինարարությունը գերբնական ձևով ֆինանսավորվել է, և վերանորոգել ենք տարածքի 80%-ը: Այսպիսով, երբ Վրաստան-Հայաստան սահմանը հատեցինք, Ստեփանավանի հովիվը զանգահարեց իրենց գրասենյակ ու ասաց, որ աստիճանների քարերը պատվիրեն, քանի որ համապատասխան գումարն արդեն կա:
Հաջորդ օրը գնացի աշխատանքի: Առաջնային գործերից մեկը մեր բուֆետի վերանորոգումն էր: Հաշվապահը տեղեկացրեց, որ սոց. ծառայության հաշվեհամարը դատարկ է: Դա սարսափելի չէր, քանի որ ճանաչում էի ԽՈՍՏԱՑՈՂԻՆ և գիտեի, որ ՆԱ ՀԱՎԱՏԱՐԻՄ է ու ՍՈՒՏ ՉԻ ԽՈՍՈՒՄ. «…. Անկարելի է, որ Աստված սուտ խոսի» (Եբր. 6.18): Շինարարության ղեկավարին խնդրեցի շտապ սկսել գործը, քանի որ քսանմեկ օրից այդ բուֆետում պետք է կերակրեինք երեխաներին: Նրան ասացի, որ գումար չկա, բայց մինչ նրանք կնախապատրաստեն պատերը ներկելու համար, Տերը ցույց կտա ԻՐ ՍԵՐՆ ու ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ:
Աստված ունի որոշված ժամանակ ամեն ինչի համար. «….և Սարրան հղիացավ ու մի որդի ծնեց Աբրահամին իր ծերությունում, այն ՈՐՈՇՅԱԼ ժամանակին, որ ասել էր նրան» (Ծննդ. 21.2): Պատերը դեռ չէին հասցրել մաքրել հին ներկից, երբ ընկերուհիներիցս մեկն ինձ նամակ ուղարկեց: Նա գրում էր, որ Սուրբ Հոգին իրեն առաջնորդում է ֆինանսական զոհաբերություն կատարել Երևանի «Գնացեք, տեսեք…» սոց. ծառայության շենքի վերանորոգման համար: Ես երջանիկ էի: Բայց երբ նրանից ստացա երկրորդ նամակը, մի փոքր անհանգստացա: Նա գրում էր, որ պետք է աղոթի, որպեսզի Սուրբ Հոգուց հստակ առաջնորդություն ստանա, թե այդ մեծ շինարարության մեջ կոնկրետ ո՞ր սենյակի համար պետք է զոհաբերություն կատարի: Ես այնպես էի ուզում նրան պատասխանել, որ կարիք չկա աղոթելու, քանի որ արդեն հստակ գիտեմ, թե այդ գումարը ինչի համար ենք օգտագործելու: Ուզում էի նրան տեղյակ պահել, որ խոհանոցի վերանորոգումն առաջին տեղում է, քսանմեկ օրից ծնողազուրկ երեխաներն այնտեղ պետք է ճաշեն… Բայց փառք Աստծուն, որ երկայնամիտ գտնվեցի, վստահեցի Տիրոջն ու ընկերուհուս գրեցի, որ վարվի այնպես, ինչպես ճիշտ է համարում: Հաջորդ օրն աստվածապաշտ ընկերուհիս գրեց, որ Տերն իրեն առաջնորդել է զոհաբերել Սոց. ծառայության խոհանոցի վերանորոգման համար, և 2000 դոլարի փոխարեն 2500 դոլար է ուղարկում:
Մեր ԱՍՏՎԱԾ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է, ԱՅԼԵՎ ԱՌԱՏԱՁԵՌՆ: Կարևորը Խոսքը պահելն է. «….հիվանդամիտ չլինեք, այլ նմանվեք հավատքով և երկայնամտությունով խոստմունքները ժառանգողներին» (Եբր. 6.12):