Մարտ 17, 2020 Warrior

ՄԱՍ 4 – ԻՆՉՊԵ՞Ս ԾՆՎԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ: ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՏԵՍԻԼՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Այս ուղերձը հասցեագրում եմ այն մարդկանց, ովքեր Տիրոջից տեսիլք կամ խոստում են ունեցել իրենց ծառայության կամ անձնական կյանքի վերաբերյալ, սակայն դա ոչ միայն չի իրականացել, այլև իրավիճակն ավելի է վատացել։

1992 թվականին մի երազ տեսա: Ակնառու էր, որ դա մարգարեական էր։ Չեմ հիշում՝ որ ամիսն էր, բայց երազն այնքան թարմ է հիշողությանս մեջ, կարծես այսօր եմ տեսել։ Դիմացս եռահարկ շենք էր: Շուրջբոլորը խավար էր, շենքում լույս չկար, թվում էր՝ այն դատարկ է: Ես ցանկանում էի մտնել ներս, սակայն արգելքներ կային։ Ջանք գործադրելով՝ հաղթահարեցի արգելքներն ու մտա շենք։ Բարձրացա երկրորդ հարկ: Հանկարծ ամբողջ շենքի լույսերը վառվեցին: Իմ առջև մեծ սրահ էր, որը լի էր տարբեր տարիքի երեխաներով։ Բոլոր երեխաները ցնցոտիներով էին, մրոտ երեսներով, սովալլուկ դեմքերով։ Չգիտեմ որտեղից իմ ձեռքում հացով լի մի կողով հայտնվեց։ Ես սկեցի այդ հացը բաժանել դեպի ինձ վազող երեխաներին։ Նրանք գոռում էին․ «Գայանեն եկա՜վ, լու՜յս բերեց, հա՜ց բերեց»: Այդ երազը պատմեցի մեր եկեղեցու հովվին: Նա իրեն բնորոշ հանգիստ ձայնով ասաց․ «Դե, որ տեսել ես, ուրեմն կլինի»:

Այդ ժամանակ եկեղեցին չուներ սեփական տարածք։ Եկեղեցական ծառայությունների և գրասենյակային աշխատանքների համար պարբերաբար տարածքներ էինք վարձակալում։

90-ական թվականների վերջին, երբ գործազրկության, քաղաքական և սոցիալական խնդիրների պատճառով շատերը լքում էին հայրենիքը, Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցին իր զոհաբերություններով մի կիսակառույց շենք գնեց: Եկեղեցու անդամները ոգևորությամբ լծվեցին շենքի շինարարության գործին`նվիրաբերելով ինչ ունեին՝ ֆինանսներ, ոսկեղեն: Մի մարդ նույնիսկ իր մեքենան զոհաբերեց, մյուսը վաճառեց իր հողատարածքն ու տունը և գումարի զգալի մասը նվիրաբերեց շենքի կառուցմանը։

Որոշ ժամանակ այնտեղ եկեղեցական հավաքույթներ անցկացվեցին: Հետո, երբ եկեղեցին մեծացավ, այդ շենքը վերածվեց գրասենյակի, իսկ եկեղեցական հավաքույթների համար նոր շենք կառուցվեց։

1992 թվականին, երբ մարգարեական երազը տեսա, գթության ծառայությունն ուներ վարձակալված երկու սենյակ, որտեղ իրականացվում էին սոցիալական աշխատանքները: Կար նաև խոհանոց, որտեղ պահածոներ էինք պատրաստում, միրգ ու բանջարեղեն չորացնում։ Սակայն այդ տարածքը շատ փոքր էր, քանի որ Ղարաբաղյան պատերազմի, Սպիտակի երկրաշարժի, երկրի շրջափակման ու գործազրկության պատճառով կարիքավորները չափազանց շատ էին։ Մինչ ես մտածում էի, որ ահա այդ մարգարեական երազը կիրականանա, սեփական շենք ունենալու երազանքն ավելի անիրականալի էր դառնում։ Գտնվեցին մարդիկ, ովքեր բավականաչափ ֆինանսներ տրամադրեցին, որպեսզի գթություն ծառայության համար անհրաժեշտ տարածքը գնենք։ Սակայն յուրաքանչյուր անգամ Սուրբ Հոգին առաջնորդում էր այդ ֆինանսները զոհաբերելու եկեղեցու գրասենյակի կառուցմանը։ Հնազանդվելով Նրան՝ այդպես էլ անում էի: Եկեղեցում գործող բոլոր ծառայություններն ունեցան իրենց սենյակները, բայց սոցիալական ծառայությունը դեռևս «դեգերում» էր վարձակալված տարածքներում և ոչ այնքան նպաստավոր շենքային պայմաններում: Ոստիկաններն էլ ժամանակ առ ժամանակ գալիս էին ու փաստաթղթեր պահանջում՝ ով էք, ինչ իրավունքով եք այս տարածքն օգտագործում։ Երբ տեսնում էին, որ կերակրում ենք սոցիալապես անապահով ու ծնողազուրկ երեխաներին, աջակցում ենք դասապատրաստման հարցում, օգնում ենք սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց, միայնակ ծերերին, զարմանում էին: «Կյանքի Խոսք» եկեղեցու անվան շուրջ այնքան զրպարտանքներ էին հյուսվել, որ իրենք էլ չէին հավատում իրենց աչքերի տեսածին: Միայն Տերը գիտի, թե քանի անգամ եմ հայտնվել ոստիկանությունում․․․ Դա դեռ ոչինչ, ավելի վատն այն էր, որ վարձակալված տարածքի մոտակայքում ապրող երեխաները, իմանալով, թե ինչ նպատակով ենք այնտեղ հավաքվում, ծաղրում էին մեր երեխաներին: Լինում էին դեպքեր, երբ միզում էին մուտքի դռան մոտ, կեղտոտում : Մեր ծառայողներն արագ մաքրում էին, որպեսզի երեխաները չտեսնեն։ Ժամանակ առ ժամանակ միջոցառումներ անցկացնելու համար իմ ընկերներից 2-3 ժամով տարածք էի խնդրում, բայց ոչ մի անգամ խնդրանքս չէր  բավարարվում հարգելի պատճառներով։

2015 թվականի կեսին եկեղեցուն պատկանող շենքերից մեկում սոցիալական ծառայությանը ժամանակավոր տրամադրվեց մի ընդարձակ խոհանոց և յոթը սենյակ: Սա մեղմացրեց վիճակն այնքանով, որ հալածանքները դադարեցին, սակայն սենյակները կիսաքանդ էին ու անհարմար։ Հովիվը խոստացել էր, որ այդ նույն շենքի առաջին հարկն ամբողջությամբ կվերանորոգեն ու կհատկացնեն սոցիալական ծառայությանը։ Ես ուրախ էի դրա համար, բայց նաև գիտեի, որ այդ տարածքը բավարար չէր սոց․ ծառայության աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար։ Եկավ պահը, երբ մեզ խնդրեցին ազատել այդ տարածքը։ Ես արդեն չէի մտածում տեսածս երազի մասին, քանի որ 2000 թվականից սկսած տարեցտարի ավելի ու ավելի մեծ աշխատանքներ էինք իրականացնում բռնության ենթարկվող, սոցիալապես անապահով, փողոցում թափառող և  ծնողազուրկ երեխաներին օգնելու ուղղությամբ։ Ես մտածում էի, թե այդ երազն արդեն կատարվել է, թեև ոչ եռահարկ շենքի 2-րդ հարկում, ինչպես երազումս էի տեսել:

Այսպիսով, մի քանի օր անց պետք է հանձնեինք հինգ սենյակները, իսկ մեզ խոստացված առաջին հարկի վերանորոգմանը դեռ պետք է սպասեինք։ Մեզ մնում էր նորից վերադառնալ «վարձով ապրելու» տհաճ կենսակերպին։ Ես այնքան էի հոգնել։ Հոգնել էի ոչ միայն տարածքից տարածք տեղափոխվելուց, ոստիկանների այցելություններից, միջավայրի մարդկանց ոչ բարեհամբույր վերաբերմունքից, այլև այդ վարձակալված տարածքներն անվերջ վերանորոգելուց։ Երախտապարտ եմ իմ օգնականներին, որ առանց բողոքելու վերանորոգում էին, մաքրում, կահավորում ու հիասքանչ պայմաններ ստեղծում, որպեսզի երեխաներն իրենց լավ զգան։ Բայց հոգնել էի, շատ էի հոգնել ու այլևս չէի ուզում վերադառնալ այդ կյանքին։

Հանկարծ հասկացա, որ իմ Տիրոջը՝ տիեզերքն ստեղծող Աստծուն, երբևէ չեմ հարցրել, թե ինչու սոցիալական ծառայության գրասենյակի հարցը այդպես էլ չի լուծվում։ 2017 թվականի մայիսի 21-ի առավոտյան ծոմով խոնարհվեցի իմ Աստծո առջև և կոտրված սրտով սկսեցի աղոթել․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քեզնից, որ իմ անձնական կյանքում ապահովված եմ ու ամբողջությամբ բավարարված, ինչ ուզել եմ՝ տվել ես՝ բնակարաններ, մեքենաներ, անմոռանալի արձակուրդներ իմ երազած երկրներում, բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն աշխարհի այն ուսումնական հաստատություններում, որոնք շատերի համար միայն երազանք են։ Թվարկում էի այն ամենը, ինչ ստացել էի Տիրոջից՝ թե՛ հոգևոր, թե՛ նյութական բարիքները, ու երախտագիտությունս էի հայտնում Նրան։ Հետո հարցրի, թե ինչն է պատճառը, որ սոցիալական ծառայությունը դեռևս չունի իր տարածքը։ «Տե՛ր, ես Քոնն եմ, «Գնացե՛ք, տեսե՛ք ․․․»  ծառայությունը Քեզանով է ստեղծվել ու զարգացել, Քո տված տեսիլն ենք իրականացրել։ Այսքան կամավորական ծառայողներ միայն Դու կարող ես տալ։ Ծնողազուրկ երեխաները, կարիքավորները, սրտով կոտրվածները Քոնն են․․․ Ինչո՞ւ համապատասխան տարածք չես հատկացնում այդ մարդկանց խնդիրները Քո սրտի ուզած ձևով լուծելու համար»: Հարցերի հեղեղը շարունակվում էր, իսկ Տերը լուռ էր։ Մտածեցի՝ միգուցե ինչ-որ տեղ սխալ եմ գործել։ Հիշեցի, որ մի քանի անգամ ինձ գումար էին տվել, որպեսզի գթության ծառայության համար համապատասխան տարածք գնեմ, սակայն դա զոհաբերել էի եկեղեցու գրասենյակի կառուցմանը՝ համոզված լինելով, որ Տերն այդպես է ուզում։ Սկսեցի ներողություն խնդրել Տիրոջից, որ սխալ տնտես եմ եղել ու իմ պատճառով մի ամբողջ ծառայություն զրկվել է իրեն հասանելիք տարածքից։ Ողբում էի ու ապաշխարում։ Տիրոջը հիշեցնում էի այն բոլոր հալածանքները, որ ստացել էինք ոստիկաններից, հարևաններից, թվարկում էի այն պահերը, երբ իմ ընկերներից 2-3 ժամով տարածք էի խնդրում, բայց չէի ստանում։ Հետո Տիրոջը խնդրեցի, որ ի սեր ծնողազուրկ երեխաների՝ մնայուն տարածք հատկացնի նրանց։

Երեկոն մոտենում էր։ Հանկարծ Սուրբ Հոգին խոսեց․ «Դե՛ն նետիր ինքնախղճահարման զգեստը»:  Հոգևոր աչքերս հանկարծ բացվեցին ու պարզ տեսա, որ Տերը ամեն ինչից տեղյակ է, և ես չպետք է ինքնախղճահարության մեջ մնամ։ Նա է առաջնորդել, որ բոլոր ֆինանսները զոհաբերվեն եկեղեցու գրասենյակի շինարարությանը, ես ամենևին սխալ տնտես չեմ եղել:

Այնքա՜ն երջանիկ էի։ Սուրբ Հոգին նորից խոսեց։ Նա ցանկանում էր, որ քննեի սիրտս՝ արդյո՞ք դառնություն ու վիրավորանք կար իմ սրտում, հատկապես ընկերներիս նկատմամբ, ովքեր մերժել էին ինձ: Ես հասկացա, թե որքան վիրավորված եմ: Տիրոջից իմ ներսի մարդու համար բժշկություն էի խնդրում։ Փա՜ռք Աստծուն Նրա ողորմության և առատ շնորհքի համար։ Աղոթքի ընթացքում զգում էի, թե ինչպես է բուժվում սիրտս։ Սուրբ Հոգին խոսում էր ու խոսում։ Ես ամեն ինչ գրի էի առնում։

Գրելու ընթացքում հասկացա, որ հաջորդ օրը Տերը սոցիալական ծառայությանը հիմնական տարածք է տալու։ Եվ ոչ միայն տարածք, այլև ֆինանսներ, որպեսզի այդ տարածքը կառուցվի և  համապատասխանի մեր ծառայության պահանջներին։ Իմ ամենավառ երազանքի մեջ անգամ չէի կարող պատկերացնել, թե դա ինչ տարածք է, բայց համոզված էի, որ հենց հաջորդ օրն ենք դա ստանալու։ Արագ գրի առա այն ամենը, ինչ Սուրբ Հոգին էր ասել, և գրածս ուղարկեցի մեր ծառայողին`Դավիթին, որպեսզի տեղադրի բլոգիս մեջ: Ես նրան ասացի. «Վաղը սոցիալական ծառայությունը ունենալու է իր տարածքը։ Խնդրում եմ, սա տեղադրիր բլոգիս մեջ, որպեսզի հետագայում հարց չառաջանա, թե այդ տարածքը ով է մեզ տվել։ Դա մեզ խոստացել է որբի ու տնանկի հզոր Տերը՝ կենդանի Աստված»:

Հաջորդ առավոտյան այդ տարածքը ստացանք։

Հաջորդ՝ 5-րդ մասում հանգամանալից կպատմեմ այդ մասին, բայց մինչ դա, խնդրում եմ, որ կարդաք նաև «Հաղթանակ պարգևող սեր» վերնագրով իմ հոդվածը (2017 թ. մայիսի 22), որտեղ գրված է այն ամենը, ինչ Տերը խոսեց այդ երեկո:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00