April 10, 2019 Warrior

ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂ ՈՐՈՇՈՒՄ

2002 թվականի դեկտեմբերի 26-ն էր: Այն բացառիկ տարիներից էր, երբ Երևանում ջերմաստիճանը հասնում էր -20°C-ի: «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայության կամավորականները «Ռոբոտների հանրակացարան» կոչված շենքում էին: Դա երբեմնի հանրակացարան էր, որն արդեն կիսաքանդ էր, ու անտուն մարդիկ, տարածքը յուրովի բաժանելով միմյանց միջև, փորձել էին իրենց համար բնակարան հիշեցնող հարմարություններ ստեղծել: Համարյա բոլոր բնակիչները ծայրահեղ աղքատ էին: Այդ կիսաքանդ կառույցը գտնվում էր Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի տարածքում, որտեղից մեր ծառայությանը հասցեագրված նամակ էինք ստացել` այդ տարածքում բնակվող երեխաներին օգնություն տրամադրելու խնդրանքով: «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայությունը մեծ միջոցառում էր կազմակերպել Նոր տարվա կապակցությամբ, և մեր կամավորականները, բնակարանից բնակարան անցնելով, երեխաներին հրավիրում էին այդ տոնակատարությանը: Թակելով հերթական դուռը` նրանք արձագանք չեն ստանում, բայց քանի որ դուռը  կիսաբաց էր,  ներս են մտնում: Մտնելով սենյակ` նրանք տեսնում են զգեստապահարանը շուռ եկած ու դրա տակ ընկած անօգնական երեխաների: Մեծ դժվարությամբ բարձրացնում են պահարանը ու փրկում երեխաներին:

Երեխաները սառած էին, սոված, նվաղած… Մեր կամավորականներն անմիջապես զանգում են ինձ`որպես ծառայության ղեկավարի, որպեսզի կողմնորոշվեն իրենց հետագա գործողություններում: Ես նրանց եմ փոխանցում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի հեռախոսահամարն ու շտապում օգնության: Փա˜ռք Աստծուն, թաղապետարանի աշխատակիցը ոստիկանների հետ կարճ ժամանակ անց հասնում է դեպքի վայր:

Պարզվում է, որ երեխաների մայրը հինգ օր առաջ վիճել էր ամուսնու հետ ու երեք մանկահասակ երեխաներին թողնելով նրա հույսին՝ հեռացել էր տնից: Հայրը, տանը թողնելով երեխաներին, որոնցից փոքրը 11 ամսական էր, մեծը` 8 տարեկան, դուրս էր եկել տնից` բացատրելով, թե գնում է նրանց մորը փնտրելու: Երեխաները, երկար սպասելով ծնողներին, սառը տան մեջ ուտելու բան գտնելու հույսով սկսել են բացել-փակել պահարանի դռներն ու դարակները: Պահարանն անսպասելի շուռ է եկել նրանց վրա: Երեքն էլ հայտնվել են պահարանի տակ: Սկզբում գոռացել են, օգնության կանչել, հետո այլևս ուժ չեն ունեցել աղաղակելու:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի 26.12.2002 թ-ի Որոշում թ. 69-ի համաձայն՝ սովահար ու ցրտահարված երեխաներից մեկին տեղափոխում են մանկատուն, իսկ երկուսին`8 տարեկան Անիին ու 11 ամսական Մանուշակին, հանձնում են «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայության խնամքին`մինչև երեխաների ծնողների հայտնաբերումը:

Իմ կողմից համարձակություն և մեծ պատասխանատվություն էր երկու երեխաներին ծառայության խնամքի տակ վերցնելը, քանի որ 11 ամսական Մանուշակը մահամերձ էր: Մինչ իմ համաձայնությունն ստանալը ու փոքրիկին մեր ծառայության խնամքին հանձնելը՝ ոչ մի մանկատուն ու երեխաների հարցերով զբաղվող կազմակերպություն չէր համաձայնել նրան ընդունել: Մանուշակի ձեռքերն ու ոտքերը կապտած էին և սարսափելի ուռած, նա անքան անուժ էր, որ կաթը չէր կարողանում կուլ տալ:

Դեպքի վայրում գտնվող մարդիկ, լսելով իմ որոշման մասին, զանգում էին ինձ ու համոզում, որ նման քայլի չգնամ, քանի որ երեխան հենց ավտոմեքենայի մեջ կմահանա, և ես խնդիրների առջև կկանգնեմ: Նրանք չէին պատկերացնում, որ ես ինքս էլ չէի համաձայնի, եթե մարդկորեն կշռադատեի իրավիճակը: Երջանկությունն այն էր, որ այդ պահին չէի կարող առաջնորդվել վախ ներշնչող իրավիճակի թելադրանքով: Ինձ առաջնորդում էր երեխայի կյանքի ու մահվան խնդիրը, ես համոզված էի, որ եթե երեխային վերցնեմ, Աստված հրաշք կանի`երեխան կապրի: Զանգեցի սոցիալական ծառայության թիմի մյուս անդամներին ու խնդրեցի՝ միանան մեր աղոթքներին, որպեսզի Մանուշակն ապրի ու ամբողջությամբ ապաքինվի:

Փա˜ռք Աստծուն, երեխան թեկուզ դանդաղ, բայց՝ ապաքինվում էր: Երեք օր անց նա արդեն կարողանում էր ապուր ուտել, բայց ձեռքերն ու ոտքերը դեռևս սարսափելի այտուցված էին, նույնիսկ ոտնատակերն էին ուռած. ոչ թե հարթ էին, այլ կլոր: Կոր էին նաև երեխայի ոտքերը: Թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ կային: Երեխային երկարատև բուժում և մերսումներ էին անհրաժեշտ: Ես զանգեցի մեր եկեղեցու անդամներից մեկին`Հովհաննեսին, ով միշտ պատմում էր, որ իր տատիկը փորձառու բուժքույր էր և բազմաթիվ երեխաների էր փրկել մահից: Փա˜ռք մեր Աստծուն և շնորհակալություն Արփենիկ տատիկին, Հովհաննեսին ու նրա ընտանիքի բոլոր անդամներին, որ համաձայնեցին Մանուշակին տեղափոխելու իրենց տուն և լրջորեն զբաղվելու նրա բուժումով: Շուրջ երկու ամիս, բուժմանը զուգահեռ, Արփենիկ տատը օրական մի քանի անգամ մերսումներ էր կատարում: Երկու ամիս անց ուղղվեցին երեխայի ոտքերը, իսկ ոտնատակերը բնական տեսք ստացան: Նա սկսեց քայլել:

Հայտնաբերվեցին ծնողները, ովքեր այնքան էլ անհանգստացած չէին իրենց երեխաների ներկայով, առավել ևս`ապագայով: Անին վերադարձավ ծնողների մոտ, իսկ Մանուշակը շարունակեց ապրել Հովհաննեսենց տանը: Մայրն իմ հորդորով երկու անգամ այցելեց երեխային, հետո, ցավոք սրտի, անհետացավ: Հովհաննեսն ու Աիդան, որ  երեք երեխա ունեին, նշանանակվեցին խնամակալներ Մանուշակ Գրիգորյանի նկատմամբ:

Ինչո՞ւ գրեցի այս պատմությունը: Պատճառը մեկն է`քա´յլ անենք, ձե´ռք մեկնենք, եսասեր չլինե´նք: Մեր գործողությունները շատ ժամանակ կարող են ճակատագրական լինել թե´ մեզ համար, թե´ դիմացինի: Ես չգիտեմ, թե արդյո՞ք երեխաները կփրկվեին, առավել ևս`Մանուշակը կապրեր, եթե սոցիալական ծառայողները դուռը թակեին ու պատասխան չստանալով`հեռանային: Ի՞նչ կլիներ, եթե ես վախի  թելադրանքով կշռադատեի ու հրաժարվեի երեխաներին վերցնելուց: Ի՞նչ կլիներ, եթե Արփենիկ տատը պատճառաբաներ, թե ծեր է ու անկարող է օրը մի քանի անգամ մերսելու երեխայի ոտքերը: Ի՞նչ կլիներ, եթե Հովհաննեսն ու Աիդան մտածեին, թե իրենց համար դժվար է նույնիսկ սեփական երեք երեխաներին պահելը, էլ ուր մնաց Մանուշակին, ու դեռ Աստված գիտի` նա կապաքինվի՞, թե՞ ոչ: Ի՞նչ կլիներ, եթե Հովհաննեսի երեխաները թույլ չտային, որ Մանուշակն ապրեր իրենց փոքր տանը…

Փա˜ռք Աստծուն, որ այս պատմության մեջ ներգրավված մարդկանցից ոչ ոք չմերժեց Մանուշակի կերպարանքով հայտնված Աստծուն. «Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ այս Իմ փոքր եղբայրներից մեկին արիք`Ինձ արիք» (Մատթ. 25.40): Փա˜ռք Աստծուն, որ այս մարդկանցից յուրաքանչյուրը, իսկ հետագայում նաև այլ բարեսիրտ մարդիկ մասնակից եղան, որ կերտվի Մանուշակի ապագան, որ երեխան համարձակ մտնի նոր կյանք: Նա արդեն 18 տարեկան է, երազանքներ ունի ու հավատում է, որ դրանք պիտի իրականանան:

[/vc_column][/vc_row]

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00