Նոյեմբեր 24, 2018 Warrior

ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐԱԿԱՆ Է

Ես ամեն օր կարդում եմ Ռիկ Ռեյների «Թանկարժեք ճշմարտություններ հունարեն լեզվից» գիրքը: Այն ինձ գրավել է նրանով, որ կազմված է 365 գլխից` յուրաքանչյուր օրվա համար մեկ գլուխ, ու յուրաքանչյուր գլխում մեկնաբանվում է Նոր կտակարանից մեկ խոսք`հիմնվելով բնագրի`հունարենի վրա: Գերազանց տիրապետելով հունարենին`հեղինակն առավել խորությամբ է մեկնաբանում Խոսքը: Այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի Խոսք`ցույց տալու համար սատանայի ով լինելը: Մարդիկ, եթե միայն պատկերացնեին սատանայի ճշմարիտ էությունը, նրա անսահման ատելությունը մարդու նկատմամբ, այլ վերաբերմունք կցուցաբերեին իրենց ամենօրյա կյանքին: Զուր չէ, որ Խոսքն ասում է. «Արթո´ւն եղեք, հսկո´ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին`սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս և որոնում, թե որին կուլ տա» (Ա Պետր. 5.8): Ոսոխ նշանակում է արյունարբու`արյունով արբեցող, անխիղճ, դաժան:

 

Պողոս առաքյալը գրում է Եփեսոսի եկեղեցուն. «…. մեր պատերազմն արյունի և մարմնի հետ չէ….» (Եփես. 6.12): Հունարենում pale – պատերազմ բառը թարգմանվում է նաև պայքար, ձեռնամարտ: Pale բառից էր առաջացել Պալաստրան, որն ահռելի մեծությամբ դահլիճ էր, որտեղ մարզվում, կատարելագործվում էին ամենաուժեղ, ամենահամարձակ մարզիկները՝ ահասարսուռ սպորտային մրցույթներին մասնակցելու համար: Հունաստանի գրեթե բոլոր քաղաքներն ունեին Պալաստրա: Մրցույթներն անցկացվում էին հիմնականում երեք մարզաձևից՝ բռնցքամարտ, մարտ առանց կանոնների և pankrat: Առաջին դարում, երբ Պողոս առաքյալը գրում էր այս խոսքը, վերոհիշյալ մարզաձևերն ավելի դաժան պայմաններում էին անցկացվում: Առաքյալի խոսքը հասկանալու համար համառոտ ներկայացնեմ Հին Հունաստանում անցկացվող այս մարզաձևերը:

 

Բռնցքամարտ – Սա դաժան մարզաձև էր: Մարզիկները ռինգ էին դուրս գալիս սաղավարտով`գլուխը պաշտպանելու համար, սակայն նրանք այնպիսի ձեռնոցներ էին հագնում, որոնք ծածկված էին մետաղական լարերով ու սրածայր երկաթներով: Հարվածելիս այդ մետաղալարերն ու երկաթե ատամիկները մաշկահան էին անում հակառակորդին: Հարվածները սարսափելի ուժգին էին ու մահացու: Պայքարն ընթանում էր առանց ընդմիջման`մինչև մարզիկներից մեկի պարտությունը կամ մահը հենց ռինգում: Հին հունական արվեստի գործերում պատկերված էին այդ մարզիկները. այդ նկարներին անհնար էր նայել, քանի որ մարդու մարմնից արյունոտ մսի կտորներ էին կախված, նրանք առանց քթի էին կամ՝ առանց ականջի:

 

Մարտ առանց կանոնների – Այս մարտի ժամանակ ոչ ոք չէր ցանկանում լքել ասպարեզը որպես պարտված, այդ պատճառով պայքարը շարունակվում էր մինչև մահ: Մարտը չուներ կանոններ, ամեն հրեշավոր գործողություն թույլատրելի էր. կարող էին խեղդել հակառակորդին, կոտրել կողերը, մարմնի տարբեր հատվածները, հանել աչքերը …

 

Pankrat – pan հունարենից թարգմանաբար նշանակում է ամբողջը,   kratos`ուժ, այսինքն`ամբողջ ուժով: Սա նույնպես անմարդկային, գազանաբար տարվող մարտատեսակ էր: Թույլատրելի էր հրեշավոր գործողություններ իրականացնել հակառակորդի մարմնի ցանկացած հատվածի նկատմամբ: Հին գրություններից մեկում հիշատակվում է. «Եթե ասեն, որ ձեր որդին մահացել է ռինգում՝ հավատացեք, իսկ եթե ասեն`պարտվել է ու դուրս է եկել ռինգից`չհավատաք»: Ինչո՞ւ: Քանի որ Pankrat-ը ամենադաժան մարզաձևն էր. ռինգ մտածներից յուրաքանչյուրը տենչում էր դիմացինի մահը, ու ոչ մի դաժանության առաջ չէր կանգնում դա իրականացնելու համար:

 

Առաջին դարում յուրաքանչյուրը պատերազմ`pale, բառը լսելիս պատկերացնում էր պայքարի այս երեք տեսակները: Հետաքրքիր է, որ Պողոս առաքյալն իր ասելիքը հասկանալի դարձնելու համար հենց այդ բառն է օգտագործել` ցանկանալով ցույց տալ, թե սատանան, դիվային ուժերը ինչ ատելությամբ են առաջնորդվում մարդուն ոչնչացնելու համար: Օգտագործելով այդ բառը՝ նա ցանկացել է նաև ընդգծել, որ հոգևոր պատերազմը կարող է լինել անպատմելի լարված ու դաժան:

 

Հենվելով հունարեն բնագրի վրա՝ կարելի է ասել. «Մեր պատերազմը, մեր գերլարված, խելահեղ, անընդմեջ պայքարը մարմնի ու արյան դեմ չէ»: Շարունակենք Պողոս առաքյալի միտքը. «…. այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնքի տակ են» (Եփես. 6.12): Ո՞ւմ մասին է խոսքը: Ովքե՞ր են այս աշխարհակալները, չար հոգիները: Նորից անդրադառնանք հունարենից թարգմանությանը: Arcbas հունարեն բառը թարգմանվում է իշխանություն. հին ժամանակներում այն կառավարման ամենաբարձր աստիճանն էր: Հաշվի առնելով թարգմանությունը՝ հասկանում ենք, որ սատանայի թագավորությունը ղեկավարում է դևերի խումբը, որը գրավում է ամենաբարձր դիրքը դեռևս հին ժամանակներից՝ հնարավոր է Լուցիֆերի անկումից հետո: Սատանայի թագավորությունում կառավարման երկրորդ աստիճանը կոչվում է exousia` նույնպես իշխանություն, բայց՝ մեկ այլ իշխանավորի կողմից լիազորված: Ավելի ցածր աստիճանի վրա գտնվող այս դիվային հոգիներին սատանան տալիս է իշխանություն՝ իրականացնելու ցանկացած դաժանություն: Երրորդը խավարի աշխարհակալներն են, հունարենում`kosmokrateros (kosmos`կանոնակարգված,  kratos` անսանձ ուժ): Kosmokrateros բառը ամբողջությամբ թարգմանվում է՝ կատաղի, անսանձ ուժ, որը կարգավորված, կազմակերպված է որևէ նպատակ իրականացնելու համար: Այս բառը ներկայացնում է զինվորական ճամբար, որտեղ մարզում են երիտասարդ զինվորներին, որպեսզի հզոր բանակ ունենան: Մարզում են նրանց մարմինները և վարժեցնում կարգուկանոնի: Արդյունքում՝ ստանում են կազմակերպված, հզոր բանակ: Ինչո՞ւ է Պողոսն այս բառն օգտագործում խավարի իշխանությունը ներկայացնելու համար. որովհետև սատանան որոշում ունի՝ հնարավորության սահմաններում մարդուն պատճառել ամենամեծ ցավն ու դառնությունը: Նա ստեղծել ու ղեկավարում է այդ բանակը՝ հենց այդ նպատակն իրականացնելու համար: Սատանան տալիս է տարբեր հրամաններ ու հանձնարարություններ և ուղարկում է՝ դրանք իրականացնելու: Ինչպես զինվորին են սովորեցնում սպանել հակառակորդին, նույն ձևով սատանան է սովորեցնում իր բանակին՝ ոչնչացնել մարդուն: Սատանան հանձնարարություններ կատարելու է ուղարկում նաև երկնքի տակ գտնվող ուժերին, հունարենում՝ poneros (վատ, ստոր, արատավոր, անմաքուր, զզվելի ուժեր): Սա նշանակում է, որ սատանայի նպատակն է մարդուն դարձնել արատավոր, զզվելի, չար:

 

Սատանան այս բոլոր հոգևոր ուժերը կենտրոնացնում է մարդու դեմ, մինչդեռ մարդու ներսում ապրող Սուրբ Հոգին ավելի հզոր է, քան այս բոլոր ուժերը միասին. «Դուք Աստծուց եք, որդյակնե´ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհ. 4.4):

 

Բայց որքանո՞վ է մարդը սա պատկերացնում և անցնում գործողության: Շատերը, ցավոք, խորությամբ չեն պատկերացնում, որ այս արյունարբու թշնամին`սատանան, գիշեր-ցերեկ անդադար ծրագրեր է մտածում և իրականացնում յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Մարդկանց մեծամասնությունը չի էլ գիտակցում, որ ռինգում է. նրանք ուղղակի թմրած վիճակում են: Մի՞թե թմրության հոգին չի պարուրել մարդկային այն մեծ բազմությանը, ովքեր ժամեր շարունակ նստած են հեռուստաէկրանի առջև ու սնվում են անմիտ, երբեմն նույնիսկ վտանգավոր`սուտ, կռիվ, թշնամանք, շնություն տարածող հաղորդումներով: Նույնը վերաբերում է այն մարդկանց, ովքեր համակարգչի առջև նստած կամ հեռախոսը ձեռքներին՝ թերթում են ինտերնետային այնպիսի էջեր, որոնք բթացնում են հոգևոր զգայարանները, քայքայում ստեղծագործ միտքը: Ժամանակ է անցնում, գալիս են լուրջ խնդիրներ ամուսնական հարաբերություններում, երեխաների դաստիարակության, ֆինանսի, առողջության կամ այլ բնագավառներում, և այլևս անկարող են դիմագրավելու: Թմրած կյանքը վերածվում է ռինգի, կյանքի ու մահի պայքարի, որտեղ հաղթելու համար այլևս ուժ չունեն: Այս նույն խնդիրները ծագում են նաև այն մարդկանց կյանքում, ովքեր գիշեր-ցերեկ «ծառայում» են Աստծուն: Նրանք Աստծուն այնպես են ծառայում, որ ժամանակ չունեն Աստվածաշունչ կարդալու կամ աղոթելու, որպեսզի Տիրոջ կամքը հարցնեն այս կամ այն խնդիրը լուծելու համար: Մոռանում են, որ Հիսուսը Իրենից ոչինչ չէր անում, ինչպես գրված է. «Որդին չի կարող Իրենից ոչինչ անել, մինչև չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ-որ Նա անում է, Որդին էլ Նրա նման է անում» (Հովհ. 5.19): Սատանայի ծրագրերը մարդու նկատմամբ դաժան են, փորձառությունը՝ մեծ՝ նույնիսկ աստվածապաշտներին մոլորեցնելու հարցում: Աստվածաշնչում ներկայացված է, թե ինչպիսի հզորներ շեղվեցին ճշմարիտ ճանապարհից: Ցավոք, մեր օրերում նույնպես քիչ չեն աստվածաշնչյան ճանապարհից շեղված երբեմնի երևելիները: Այս ամենի պատճառը միտքը, դատողությունը կամա թե ակամա սատանայի ձեռքը հանձնելն է, աստվածաշնչյան պատվիրաններից շեղվելը, Սուրբ Հոգու ձայնով չառաջնորդվելը ու սատանայի որոգայթներին թեթև նայելը: Դեմասը մեկ օրում աշխարհը չսիրեց: Աշխարհի նկատմամբ սերը օր օրի առաջացավ նրա կյանքում, հետո այնքան մեծացավ, որ նրան բաժանեց Պողոս առաքյալից, եկեղեցուց, Աստծուց. «….Դեմասը թողեց ինձ և այս աշխարհը սիրեց ու գնաց Թեսաղոնիկե….» (Բ Տիմոթ. 4.9):  Սամփսոնը խայտառակ պարտության ու ծաղրանքի միանգամից չարժանացավ: Նա փառահեղ օրեր ուներ, բայց ինչպե՞ս էր անցկացնում այդ օրերը: Աստծուց կոչում ուներ, բայց կոչումն իրականացնելու փոխարեն մարմնի ձայնին էր ենթարկվում: Նա չէր հասկանում, որ հոգևոր աշխարհում սատանան ամբողջ ուժը կենտրոնացրել է իր վրա ու խեղդում է իրեն մարմնի ցանկությունների մեջ, որպեսզի հետո ծաղրի ու սպանի. «Եվ փղշտացիները Սամփսոնին բռնեցին ու աչքերը հանեցին ու նրան տարան Գազա, ոտնակապերով կապեցին, ու նա աղում էր…. և երբ նրանց սիրտն ուրախ էր, ասացին. «Սամփսոնին կանչե´ք բանտից, որ մեր առաջ պար գա….»» (Դատ. 16.21,25):

 

Այս աշխարհում ոչ մի նոր բան չկա: Ինչպես եղել է հազարամյակներ առաջ, առաքյալների ժամանակներում, նույնը նաև հիմա է: Մարդու միակ փրկությունը Սուրբ Հոգու ամենակարող զորությամբ սեփական անձը աստվածապաշտության վարժեցնելն է:

Հ.Գ.

Շուտով, օգտվելով Ռիկ Ռեյների վերոհիշյալ գրքից, իմ բլոգում կներկայացնեմ «Ինչպես անձը աստվածապաշտության վարժեցնել» նյութը:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00