May 19, 2018 Warrior

ԲԱՐՁՐՅԱԼԻ ԾԱԾԿՈՑԻ ՏԱԿ ԲՆԱԿՎՈՂԻ ԱՂՈԹՔ

Համաձայն Աստվածաշունչ մատյանի` կան աղոթքի տարբեր տեսակներ: Ցանկանում եմ անդրադառնալ դրանցից երկուսին` աղոթք` ծածուկ սենյակում և Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողի աղոթք:

Աղոթք` ծածուկ սենյակում

 

Աստվածապաշտի աղոթքը ծածուկ սենյակում ներկայացված է Մատթեոս 6.6-ում. «Բայց դու, երբ աղոթք անես, մտի´ր քո սենյակը ու դուռը փակ աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկումն է, և քո Հայրը, որ ծածուկ տեղում տեսնում է, հայտնապես կպատասխանի»: Մարդը ծածուկ սենյակում տերերի Տիրոջ առաջ բացում է իր սիրտը: Աստծուն աղաղակելիս նա գտնվում է իրեն հուզող տարբեր խնդիրների կիզակետում. մի դեպքում դրանք վերաբերում են մարդկային հարաբերություններին, վիրավորանքին, մեկ այլ դեպքում`կենցաղին, ֆինանսին, երբեմն նաև կյանքի ու մահվան հարց կարող է լինել:  Մարդը սրտի մորմոքը թափում է Տիրոջ առաջ` սպասելով օգնության, երբեմն էլ ինքն է Աստծուն առաջարկում, թե Նա ինչպես վարվի տվյալ իրավիճակում` իրեն օգնելու համար: Ծածուկ սենյակում գտնվելով` նա դժվարանում է կտրվել երկրայինից, իր կարիքից, քանի որ իր աղաղակը հենց կարիքից է բխում: Սա նորմալ է, համապատասխանում  է Աստծո Խոսքին. «Եթե Իմ անունով մի բան խնդրեք, Ես կանեմ» (Հովհ.14.14): Եվ Տերը պատասխանում է կարիքին` ելնելով ոչ թե խղճահարությունից, այլ հավատքով արված աղոթք լսելուց. «Եվ առանց հավատքի անհնար է հաճո լինել Աստծուն, որովհետև Աստծուն մոտեցողը, պետք է հավատա, թե Նա կա և Իրեն խնդրողներին վարձահատույց է լինում» (Եբր. 11.6):

 

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողի աղոթք

 

Ցանկանում եմ կենտրոնանալ աղոթքի մյուս տեսակի վրա, որը կարելի է կոչել` Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողի աղոթք: Այս աղոթքը տեղի է ունենում Տիրոջ ծածկոցի տակ և ավելի շուտ խոնարհում է ու լռություն: Մարդը, կտրվելով երկրայինից, մուտք գործելով երկնային տիրույթ, լռում է ու սպասում Տիրոջ Խոսքին: Սա այն դեպքն է, երբ չես եկել հոգսերդ Նրան պատմելու, այլ եկել ես իմանալու, թե Տերն ինչ է ասում և որն է Նրա սրտի փափագը: Հիսուսն այսպես էր ապրում: Նրա մասին մարգարեն ասում է. «Եվ Նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է, ու Նա Իր աչքի տեսածով չի դատի և ոչ Իր ականջի լսածի պես կհանդիմանի, այլ արդարությամբ կդատի.…» (Եսայի 11.3-4):  Հիսուսն Ինքն էլ դա հաստատում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Որդին Իրենից ոչինչ չի կարող անել, մինչև չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, հենց Որդին էլ այդ բանը Նրա նման է անում» (Հովհ. 5.19): Մի բան է սա ասել, մեկ այլ բան է այսպես ապրել: Մովսեսը հանդիպում էր Տիրոջը, խոսում Նրա հետ բերնեբերան. «…. Իմ ծառա Մովսեսը, որ Իմ բոլոր տան մեջ հավատարիմ է, նրա հետ բերնեբերան եմ խոսում….» (Թվոց 12.6): Եղավ մի պահ, երբ նա Տիրոջից Խոսք ստացավ, բայց հայտնվելով մարդկանց միջավայրում`վարվեց մարմնի թելադրանքով: Աստված ասել էր`ժայռին խոսիր, և ջուր կբխի, բայց նա գավազանով հարվածեց, ինչպես մի անգամ արդեն արել էր, որի պատճառով ցույց չտվեց Տիրոջ փառքը և չմտավ Քանանի երկիր. «Որովհետև Իմ դեմ անհնազանդ եղաք Իսրայելի որդկանց մեջ`Սին անապատում` Կադեսի հակառակության ջրերի վրա…., ուրեմն այն երկիրը հեռվից կտեսնես, բայց այնտեղ չես մտնի….» (Բ Օրին. 32.51,52):

 

Մարդն ամենայն երկյուղածությամբ պետք է վերաբերվի Տիրոջից Խոսք ստանալու հանգամանքին ու այդ Խոսքը ճշգրտորեն կատարելու պահանջին: «Եվ եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրածը…. (Բ Օրին. 28.1), սա կատարելիս`օրհնված անձնավորություն կլինի, եթե`ոչ, ապա կկանգնի Աստծո դատաստանի առաջ. «Ուղիղի հետ ուղիղ ես և ծուռի հետ`ծուռ» (Սաղմ. 18.26):  

 

Հիսուսն ամբողջությամբ կենտրոնանում  էր Աստծո սրտինը տեսնելու և կատարելու վրա: Նա մարդկանցից չէր ամաչում, մարդկանց չէր հաճոյանում, միևնույն ժամանակ սիրում էր մարդուն, չէր ծաղրում ու չէր անարգում նրան: Նա խոսում էր այն, ինչ Հորից էր ստանում, և Հայրն Իր գործողություններով հաստատում էր, որ Հիսուսի յուրաքանչյուր խոսքը և գործը, իրոք, Իր ասածով է եղել: Քահանաները զարհուրում էին, փորձում էին վարկաբեկել Հիսուսի անունը և Նրա գործողությունները համարել Աստծո կամքին հակառակ: Նախանձը, կաղապարված մտածելակերպը թույլ չէին տալիս հասկանալ, որ, օրինակ, շաբաթ օրը կարելի է բարին գործել, որ շաբաթի տերն Աստված է, ու Հիսուսը գործում է` ենթարկվելով Տիրոջ կամքին. «Որովհետև մարդի Որդին շաբաթի էլ տերն է: …. Մի մարդ կար`ձեռքը չորացած: Նրան հարցրին, թե շաբաթ օրը կարելի՞ է  բժշկություն անել…. Եվ Նա ասաց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ մի ոչխար ունենա, և նա շաբաթ օրը ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի նրան և դուրս հանի: Ապա որքա՞ն առավել է մարդը ոչխարից: Ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել»: Այնուհետև ասաց այն մարդուն. «Ձեռքդ մեկնի´ր», Նա էլ մեկնեց, և ձեռքը բժշկվեց, ինչպես մյուսը» (Մատթ.12.8-13):  

 

Մարդը պետք է հետևի իր խոսքերին ու գործողություններին, որոնք արտաբերել և կատարել է Տիրոջ անունից: Եթե երբևէ հակասություն է տեսնում իր ասածի, արածի և իրականության միջև, անպայման պետք է կանգ առնի, չփորձի ինքն իրեն արդարացնել, այլ խոնարհվի Տիրոջ առաջ ու Նրանից առաջնորդություն ստանա: Ամենայն հավանականությամբ` նա սխալվել է`վերագրելով սեփական մտքերն ու գործողությունները Սուրբ Հոգուն: Գուցե նաև ճիշտ է լսել, բայց մարդկորեն է մեկնաբանել լսածը և հայտնվել է հակասությունների մեջ: Երբ Տերն է խոսում, Նրա շուրթերից դուրս եկածն անպայման կատարվում է անկախ իրավիճակներից: «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ. 24.35):

 

Ի՞նչ է կատարվում Բարձրյալի ծածկոցի տակ

 

Տիրոջ ծածկոցի տակ մարդը չի հիշում իր կյանքի փոթորիկները, այլ վայելում է Տիրոջ սրբությունը, բարությունը, սերը: Նա տեսնում է Տիրոջը նորովի, այնպիսին, ինչպիսին երբևէ չի պատկերացրել Նրան: Իզուր չէ, որ հավիտենության մեջ հրեշտակները երգում են Տիրոջը. «Սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես…» (Եսայի 6.3), և նրանց երկրպագությունը չի դադարում, քանի որ Նրան անվերջ նորովի են տեսնում:

 

Տիրոջ ներկայության մեջ մարդը ստանում է հանձնարարություններ, որոնք պետք է կատարի երկրի վրա, և եթե ամբողջությամբ կատարում է այնպես, ինչպես Տերն է ասել, տեսնում է այն, ինչ սաղմոսերգուն ասում է.

 

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում: Ես կասեմ իմ Տիրոջը. «Իմ ապավե´ն և իմ ամրո´ց, իմ Աստվա´ծ, որին ես հուսացած եմ»: Որովհետև Նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից: Նա կծածկի քեզ Իր փետուրներով, Նրա թևերի տակ ապահով կլինես, Նրա ճշմարտությունը ասպար է ու զրահ: Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրում: Հազար հոգի քո կողմից կընկնեն, և տասը հազար քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա: Միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես: Որովհետև Դու ես, Տե´ր, իմ հույսը: Դու Բարձրյալին քեզ ապավեն արիր. քեզ չար բան չի հասնի, և նեղություն չի մոտենա քո բնակարանին: Որովհետև Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում: Նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպչի: Առյուծների և իժերի վրա կգնաս, առյուծի կորյուններին ու վիշապին կոխ կտաս» (Սաղմ. 91.1-13):

 

Հիսուսին հալածում էին, ծաղրում, վարկաբեկում… Նա` անտարբեր այդ ամենին, կենտրոնացած էր Տիրոջ ասածը կատարելու վրա: Հիսուսը չէր արդարացնում Իրեն, ժամանակ չէր վատնում` բացատրելու Իր գործողությունների ճշմարիտ լինելը: Նա գիտեր, որ եթե մարդիկ տվյալ պահին չեն հավատում Իրեն, ապա կգա օրը, որ նրանք, կամա թե ակամա, կտեսնեն Իր գործողությունների աստվածաբուխ լինելը:

 

Հիսուսը երկխոսության մեջ էր մտնում մարդկանց հետ: Նրա մոտ են բերում շնության մեջ մեղադրվող կնոջը. «Վարդապե´տ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս: Օրենքում Մովսեսը պատվիրեց, որ այսպիսինները քարկոծվեն, հիմա Դու ի՞նչ ես ասում» (Հովհ. 8.4,5): Նա չի սաստում քարկոծողներին ու չի ասում. «Կա´նգ առեք, ապա ձե´զ նայեք, ինչպե՞ս եք համարձակվում նրան քարկոծել…»: Նրանց խստաբարո հարցին Նա առաջարկով է պատասխանում. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջ նա քար գցի նրա վրա»: Նրանք երբ սա լսեցին, իրենց խղճմտանքից հանդիմանվեցին, ու մեկը մյուսի ետևից  հեռանում էին:  Ատելությամբ ու ցասումով լի ամբոխին այս ձևով կարող է կանգնեցնել նա, ով Տիրոջ ծածկոցի տակ է բնակվում:

 

Տիրոջ ծածկոցի տակ բնակվողը, բայց ոչ այցելուն, պաշտպանված է բոլոր կողմերից: Այցելուն Տիրոջ ներկայության մեջ ստանում է հանձնարարություններ, բայց վերադառնալով առօրյա կյանքին`ապրում է այնպես, ինչպես աշխարհն է ապրում, մինչդեռ ծածկոցի տակ բնակվողը միշտ Տիրոջ ներկայությունն է վերապրում, և սուրբ երկյուղը նրան թույլ չի տալիս դուրս գալ Տիրոջ կամքից: Ծածկոցի տակ խնդիրներն ու կարիքները տեղ չունեն. այնտեղ միայն Տերն է Իր փառահեղությամբ և մարդը:

 

Երբ մարդը բնակվում է Տիրոջ ծածկոցի տակ, Տերն է պատերազմում նրա փոխարեն, Տերն է արդարացնում նրան, հաղթանակ պարգևում, քանի որ հետապնդողները չեն կարող հասնել Ծածկոցին. նրանք սահելով`վայր են գլորվում: Հիսուսին լեռը բարձրացրին, որ վայր նետեն այնտեղից, բայց Հայրը փրկեց Նրան. «Եվ վեր կացան, Նրան քաղաքից դուրս հանեցին և տարան Նրան մինչև այն սարի գլուխը, որի վրա իրենց քաղաքը շինված էր, որ բարձր տեղից վայր գցեն: Իսկ Նա նրանց միջով անցավ, գնաց: Եվ իջավ Կափառնայում`Գալիլեացիների քաղաքը, և շաբաթ օրը սովորեցնում էր նրանց» (Ղուկ. 4.29-31):

 

Հիսուսը եկել էր աստվածային ու համամարդկային նպատակով, և Նրա գործունեությունը, համաձայն Հոր կամքի, պետք է ծավալվեր Երուսաղեմի տարածքում ու հրեա ժողովրդի շրջանում. «Ես ուղարկվել եմ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մատթ. 15.24): Ոչ մի նենգամիտ քայլ, ոչ մի դավադրություն չկարողացան Հիսուսին հեռացնել Իր կոչումից ու այն տարածքից, որը նախապես որոշված էր Հոր կողմից Նրա ծառայության համար: Նա ապրեց, ծառայեց և Հորը փառավորեց այն հողի վրա և այն կոչման մեջ, որ Տերը կամեցել էր: «Ես եմ Աստված, և ուրիշը չկա…., որ պատմում եմ առաջուց վերջինը և այն, որ դեռ չի եղել, որ ասում եմ, թե Իմ խորհուրդը պիտի հաստատվի և անում եմ Իմ բոլոր ուզածը…. Ես խոսել եմ, կատարելու էլ եմ, Ես որոշել եմ`անելու էլ եմ….» (Եսայի 46.9-11):

 

Մարդու կոչումը տրված է համապատասխան եկեղեցու և աշխարհագրական տարածքի համար: Մարդը չի կարող թելադրել իրեն կոչում Տվողին, թե ինքը որ եկեղեցում և որ երկրում է ցանկանում իրականացնել Իր կոչումը: Եվ որևէ մեկը չի կարող արդարանալ, թե իրեն թույլ չտվեցին մտնել իր կոչման մեջ, նախանձեցին, թիկունքից հարվածեցին, զրպարտեցին… Ցավոք սրտի, այս երևույթները կան, բայց այս ամենից զերծ մնալու և Աստծո փառքը ցույց տալու համար պետք է միշտ բնակվել Բարձրյալի ծածկոցի տակ:

 

Հիսուսը հաղթեց և Նրանով կարող է հաղթել Նրան ապավինողը. «Որովհետև նա Ինձ ցանկացավ, ու Ես կփրկեմ նրան, Ես բարձր կանեմ նրան, որովհետև նա ճանաչում է Իմ անունը: Նա կկանչի Ինձ, ու Ես կլսեմ նրան: Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ: Կապրեցնեմ նրան ու փառավոր կանեմ նրան: Երկար օրերով կկշտացնեմ նրան ու Իմ փրկությունը ցույց կտամ նրան» (Սաղմ. 91.14-16):

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00