Դեկտեմբեր 14, 2021 Warrior

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՅՆՔԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՈԼՈՐԻՍ         

«Ապաշխարել» նշանակում է «ճանաչել մեղքը, զղջալ, ետ կանգնել այդ ճանապարհից ու այլևս չկրկնել»։

Դարերն ի վեր ընթացող մարդկային ու տարածքային կորուստները վաղուց պետք է անհանգստացնեին հայ հոգևորականին` անկախ նրա եկեղեցական պատկանելությունից, և  ծնկի բերեին` ապաշխարության համար։ Հիսուսը երբ Բարի լուրն էր տարածում ու հրաշքներ գործում, աշակերտներն անհանգստացած դիմում են Նրան․ ««Վարդապե՛տ, մեկին տեսանք, որ Քո անունով դևեր էր հանում ու մեր հետևից չէր գալիս, ու մենք արգելեցինք նրան, որովհետև մեր հետևից չէր գալիս»։ Հիսուսն էլ ասաց․ «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ Իմ անունով զորություն գործի ու կարողանա շուտով հայհոյել Ինձ։ Որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է»» (Մարկ․ 9.37, 38)։ Կորուստների համար անհանգստանալու, «քուրձ ու մոխիր» հագած ապաշխարելու փոխարեն հոգևորականները պառակտվել են։ Պետք է համախմբված դիվային աշխարհի դեմ պատերազմեին, բայց միմյանց դեմ են պատերազմել ու շարունակել են կորցնել։ Ողբերգությունն այն է, որ սա դեռևս շարունակվում է։ Ըստ ասացվածքի՝ խելացին ուրիշների սխալների վրա է սովորում, անխելքն՝ իր։ Պատմությունն ու դաժան կորուստները ապացույցն են նրա, որ մենք խելացի չենք, բայց, փաստորեն, անխելք էլ չենք. գոնե մեր սխալների վրա կսովորեինք։ Ո՞վ ենք մենք։ «․․․․Դու նրանց ծեծեցիր, բայց նրանք չցավեցին, Դու նրանց վերջացրիր, բայց չեն ուզում խրատ առնել, նրանք իրենց երեսը ապառաժից պինդ են դարձրել, չեն ուզում ետ դառնալ։ Բայց ես մտածեցի. «Միայն աղքատներն են սրանք, տգետ են ու չգիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծո իրավունքը։ Ես գնամ մեծերի մոտ ու նրանց հետ խոսեմ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհները, իրենց Աստծո իրավունքը, բայց նրանք էլ ամենքը լուծը կոտրել են, կապերը կտրատել են»» (Երեմ․ 5.3-5)։ Ահա ով ենք մենք․ Տիրոջ լուծը կոտրած, կապը կտրած, ինչպես ասում են՝ սանձարձակ մարդիկ։ Սա ե՛ս չեմ ասում, սա Աստծո Խո՛սքն է ասում։ Եկեք դեմքով կանգնենք դեպի Աստված, եկեք խոնարհվենք Նրա սրբության ու վեհափառության առջև ու ազգովի ապաշխարենք։ Այսօր առավել, քան երբևէ մենք Տիրոջ կարիքն ունենք։ Ոչ թե կործանման, ազգովի ոչնչացման վախից խոնարհվենք Տիրոջ առջև, այլ Նրան անարգելու, հավուր պատշաճի չպատվելու երկյուղից։ ««Տղան իր հորը կմեծարի, ու ծառան՝ իր տիրոջը, եթե Ես էլ Հայր եմ, ո՞ւր է Իմ մեծարանքը, և եթե Տեր եմ Ես, ո՞ւր է Իմ երկյուղը, ո՛վ Իմ անունը անարգող քահանաներ»,- ասում է ձեզ Զորաց Տերը․․․․» (Մաղ․ 1.6): Վերջերս լսեցի, որ կան Բարձրյալին աղոթողներ, որոնք ոչ միայն համոզված են, որ Տիրոջը հավուր պատշաճի են ծառայել ու ազգի այս ողբերգության մեջ իրենց մեղքի բաժինը չունեն, այլև այս օրհասական օրերին աղաղակում են․ «Տե՛ր, այնպես արա, որ հզոր պետությունները ռազմական ու դիվանագիտական միջամտություն ցուցաբերեն մեր ազգին։ Այնպես արա, որ աշխարհի զենք արդյունաբերող հզոր պետություններն օգնեն մեզ»։ Մեղա՜, Տե՛ր, մեղա՜, մեղա՜։ Սիրելի՛ աղոթողներ, չե՞ք մտածում, որ Տիրոջ հրաշագործ ձեռքին ապավինելու փոխարեն փորձում եք Նրան ուղղորդել Հայաստանը զինելու, ձեր գործողությամբ Տիրոջ բարկությունն եք բորբոքում։ Իսկ եթե Տերը պատասխանի ձեր աղոթքին՝ հզոր պետությունների միջոցով զինի մեր բանակը գերժամանակակից զինամթերքով ու թույլ տա, որ մի նոր պատերազմ սկսվի, ու այդ պատերազմը նոր զոհեր պարգևի հենց մեզ․․․ Իսրայելի ժողովուրդն անապատում 40 տարի ապրեց, նրանց հագուստն ու կոշիկը չմաշվեցին, նրանք երկնային մանանայով էին սնվում, բայց երբ հերթական անգամ անարգեցին Տիրոջը՝ ասելով, թե արդյոք Եհովան կարող է իրենց միս տալ այդ անապատում, Տերը նորից ցույց տվեց Իր զորությունը․ «Եվ Եհովայի կողմից մի հողմ բարձրացավ ու ծովի կողմից լորամարգիներ բերեց բանակի վրա ․․․․ և ժողովուրդը վեր կացավ ու ամբողջ օրն ու ամբողջ գիշերը և մյուս օրը լորամարգիներ ժողովեց ․․․․ դեռ միսը իրենց ատամների վրա էր, տակավին չծամված, որ Եհովայի բարկությունը ժողովրդի վրա բորբոքվեց ու խիստ մեծ հարվածով զարկեց նրանց» (Թվոց 11.31-33)։

 

Հոգևոր կուրությունը թույլ չի տալիս ճանաչել ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԻՐՈ ԱՍՏԾՈՒՆ, որը ոչ մեկի մահը չի ուզում: Նա ասում է․ «Որովհետև մեր պատերազմն արյունի ու մարմնի հետ չէ, այլ իշխանությունների ու պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների, որ երկնավորների մեջ են» (Եփես․ 6.12)։

 

Այսօր մենք ազգովի պիտի ապաշխարենք։ Իմ նախորդ նյութերում խոսել եմ Հայաստանի հոգևոր պարիսպների վերականգման, անձնական կյանքում գործած մեղքերը ճանաչելու և ապաշխարելու մասին։ Հոգևոր պարիսպների վերականգման մասին խոսելիս նշել էի, որ Եզրասի և Նէեմիայի գրքերի համաձայն նախ Աստծո տունը՝ եկեղեցին, պիտի վերականգնվի։ Ինչպիսի՞ բացթողումներ ունենք։ Ես կխոսեմ այն մասին, ինչը գիտակցել եմ։ Համոզված եմ, որ կլինեն Սուրբ Հոգով առաջնորդվող մարդիկ, որոնք լրացումներ կանեն։

 

Նախ՝ յուրաքանչյուր եկեղեցի, որը Հիսուս Քրիստոսին ճանաչում է Աստված և ընդունում է Տեր ու Փրկիչ, պիտի տեսիլք ունենա Սուրբ Հոգուց ու հավատարիմ լինի դրա իրագործմանը։ Եկեղեցիներում պիտի ծնվեն աղոթքածառայություններ, ինչպես ծնվում են փառաբանության, միսիոներության, գթության և այլ ծառայություններ։ Ծառայության մեջ պետք է ընդգրկվեն աղոթքադպրոցում կրթված, Սուրբ Հոգով օծված մարդիկ, որոնք խոնարհ են և անձնական կյանքում Հիսուսով հաղթանակներ ունեն։ Եկեղեցիներում պետք է գործեն աստվածաշնչյան հիմքի վրա կառուցված դպրոցներ տարբեր ծառայությունների համար՝ միսիոներության, փառաբանության, սոցիալական ծառայության, մանուկների ու պատանիների դաստիարակության ու կրթության և այլն։ Տերն այս մեծ տեսիլը տալիս է եկեղեցիների հովիվներին, որոնք դա իրականացնում են հավատարիմ ծառայողների հետ։ Պարզապես, հովիվները պետք է ամբողջ հոգով փափագեն ու Սուրբ Հոգու առաջնորդությամբ հիմնեն այդ դպրոցները։ Անհնազանդության դեպքում եկեղեցու մարդկանց մոլորության մեջ կգցեն։ Եկեղեցիներում պետք է սովորեցնեն Սուրբ Հոգու պարգևների և ծառայության պարգևների մասին։ Աստծո Եկեղեցին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է, երկրի վրա պիտի իրականացնի Տիրոջ կամքը, ինչպես Հիսուս Փրկիչն Իր երկրային կյանքում ոչինչ Իրենից չէր անում․ «․․․․Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Որդին Իրենից կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ Նա անում է, հենց Որդին էլ այն բանը Նրա նման է անում» (Հովհ․ 5.19)։

 

Համոզված եմ, որ կլինեն եկեղեցական ծառայողներ, որոնց կթվա, թե իրենք այս ամենն ունեն և ծառայում են Աստծո սրտի ուզածով։ Սիրելինե՛րս, եկեք աղոթենք, որ Տերը բացի մեր հոգևոր աչքերը, ու տեսնենք այնպես, ինչպես Հայրն է տեսնում։ Ես չեմ անարգում որևէ մեկի երկար տարիների անձնվեր ծառայություններն ու զոհաբերությունները, ուղղակի ցանկանում եմ, որ արթնանանք ու Սուրբ Հոգու օգնությամբ հասկանանք՝ արդյո՞ք այդ բոլորը Տիրոջ ուզածով ենք արել, քանի որ մեր ազգի ու երկրի այսօրվա վիճակն այլ պատկեր է ցույց տալիս։ 

 

Մի փոքր անդրադարձ՝ ազգովի գործած մեղքերին, որոնցից մենք՝ հոգևորներս, անմասն չենք մեր անտարբերության պատճառով։ Գուցե նաև աղոթել ենք դրանց դեմ, բայց չենք պայքարել արյուն թափելու չափ․ «Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չենք կանգնել մեղքին» (Եբր․ 12.4)։

 

Հայաստան երկրի հոգևոր դռները լայն բացել ենք օտար աստվածների առջև։ Երևանում նույնիսկ երեխաների զարգացման կենտրոններ կան, որտեղ յոգայի դասընթացներ են անցկացվում։ Հելոուինը համատարած տոն է դարձել։ Սատանայապաշտության ջատագովները հայրենիքի պահպանման ու ազգի զարգացման անվան տակ ավերում են երկիրը։ Կախարդների համար Հայաստանը «բարգավաճ» հող է համարվում։ Հայաստանում ապրողների ու Հայաստանից ընդմիշտ հեռացողների մի մասը գիտակցաբար կամ անգիտակցաբար անեծք է հռչակում․ «Սա երկիր չի դառնա», «Հայի նման դավաճան, նախանձ, օտարամոլ ազգ չկա», գիտակցաբար մյուս հռչակումները չեմ գրում։ Կամա թե ակամա ազգը մանկասպան է դարձել․ արհեստական վիժեցումով սպանում են մոր արգանդում ապրող աղջիկ երեխաներին ու ծնում արու զավակներին։ Ըմբոստանում ենք Աստծո դեմ՝ ես տղա եմ ուզում․․․ Կան նաև ծնողներ, որոնց համար սեռը նշանակություն չունի, արհեստական վիժեցումով վերջ են տալիս այն երեխայի կյանքին, որին, ըստ իրենց, հնարավորություն չունեն պահելու։ Այլասեռվածությունը փորձում է լայնացնել իր վրանները․ սեռափոխությունն ու հոմոսեքսուալիզմը հաստատուն քայլերով առաջ են շարժվում։

 

Աստված մեզ սուրբ երկիր էր տվել, սահմաններ էր գծել, Նա գիտեր՝ ովքեր են մեր հարևանները, այդ պատճառով պատվիրաններ էր տվել․ «Եթե քո Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները ․․․․ քո Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից գերազանց կանի ․․․․ քո առջև ջարդել կտա քեզ վրա բարձրացող թշնամիներիդ ․․․․ եթե քո Աստծո հրամանները պահես ու Նրա ճանապարհներով գնաս ․․․․ երկրի ամեն ժողովուրդները կտեսնեն, որ Իր անունը կոչված է քեզ վրա ու քեզանից կվախենան» (2 Օրինաց 28.1, 7-10)։

 

Եկեք այլևս չխստացնենք մեր սրտերն ու պարանոցները։ Եկեք խոնարհվենք այն Աստծո առջև, որը գողգոթյան խաչի զորությամբ, իր արյան գնով, մահով ու հարությամբ փրկել է մեզ ամեն անեծքից, թշվառությունից ու կորուստներից։ «Տիրոջ ողորմությունը հավիտենից մինչև հավիտյանս Իրենից վախեցողների վրա է, և Նրա արդարությունը՝ որդկանց որդիների վրա, Նրա ուխտը պահողների վրա և նրանց վրա, ովքեր հիշում են Նրա պատվիրանները, դրանք կատարելու համար» Սաղմ․103.17-18:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00