Հոկտեմբեր 12, 2022 Warrior

ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 «Ես եմ Եհովան՝ քո Աստվածը, ․․․․ բացի   Ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ոչ վերը՝ երկնքում կամ ցածը՝ երկրի վրա կամ երկրի տակ եղած ջրերում՝ մեկ բանի նմանությամբ։ Նրանց չերկրպագես ու չպաշտես ․․․․ Ես կողորմեմ  նրանց, որ սիրում են Ինձ ու պատվիրանքներս պահում», Ելից 20.1-6։

 

Դարեր շարունակ Հայաստանը եղել է կռվախնձոր ամենատարբեր երկրների միջև։ Հպարտորեն ասում ենք, որ այդ երկրներից շատերն արդեն չկան, բայց Հայաստանը կա և նույնիսկ անկախ պետություն է։ Փա՜ռք մեր Աստծուն Իր ողորմության համար, քանի որ միայն Նրա ողորմության շնորհիվ է դա, թեպետ ոմանք ցանկանում են Հայաստանի գոյությունը և անկախությունը վերագրել իրենց։ Աստծո փառքը գողանալ ցանկացողները ի՞նչ են մտածում այսօրվա Հայաստանի ողորմելի վիճակի մասին։ Ոմանց ինքնասիրությունը գուցե խոցվի իմ այս խոսքերից, բայց ցանկանում եմ բոլորին՝ աստվածապաշտ հայրենասերներին և օտար աստվածներին կամ չաստվածներին խոնարհվողներին ներգրավել այս հարցի քննարկման ու եզրահանգման գալու մեջ։ Հայ ազգի իրականությունն այն է, որ նույնիսկ 21-րդ դարում շարունակում է կրկնել մեծ բանաստեղծի հետևյալ խոսքերը․

 «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան,

Հազար դարում հազիվ դարձավ Մարդասպան,

Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»:

Հովհ․ Թումանյան, 1918 թ․

 

Դիվային ծրագրերն իրականացնող այդ Մարդակերը շարունակում է արյունահեղությունը արդեն զարգացած ռազմատեխնիկայով, նա չի խնայում նույնիսկ իր ազգի զինվորներին, անտարբեր է իր ազգակից սգավոր մայրերի ողբին, գրավում է նորանոր տարածքներ, հոխորտալով հռչակում է իր ծրագրերը, իսկ մենք՝ զոհի կարգավիճակում գտնվող հայերս, արդյո՞ք փոխվել ենք։ Անհիշելի ժամանակներից՝ դարեր շարունակ, ազգերի մեջ բարեկամ ենք փնտրում` չհասկանալով, որ յուրաքանչյուր պետություն իր շահն է փնտրում։ Բազում անգամ մարդկային անգին և անվերադարձ կորուստներ ենք ունեցել, ոչ թե հողատարածք, այլ հայրենիք ենք կորցրել։ Հայացքներս ողորմած Աստծուն ուղղելու, Նրա կամքը ճանաչելու և կատարելու փոխարեն նորից մեզ անարգողներին ենք դիմում և օգնություն ակնկալում։ Մտածում ենք՝ նրանք են աշխարհի տերերը, նրանք են ազգերի բախտը որոշողները, մինչդեռ տիեզերքը ստեղծող Աստված ասում է․ «Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և Նրա օծյալի դեմ․ «Կոտրենք նրանց կապանքները ու նրանց պարանները դեն նետենք մեզանից»։ Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։ Այն ժամանակ Նա կխոսի նրանց հետ Իր բարկությունով և Իր սրտմտությունով կշփոթեցնի նրանց» (Սաղմոս 2.1-5): Որտե՞ղ են Լենկ Թեմուրը, Չինգիզ Խանը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նապոլեոն Բոնապարտը, Վլադիմիր Լենինը, Ադոլֆ Հիտլերը ․․․ Կենդանի Աստծուն հակառակվողները և աշխարհին տիրել ցանկացողները։

Չխրատվելով կյանքի տված դասերից՝ օտար երկրների օտար աստվածներին ենք մտցրել մեր երկիր, մեր ընտանիք։ Ո՞ր օտար աստծուն չենք մեծարել քրիստոնյա համարվողներս, բայց Աստվածաշունչը տան մեջ որպես զարդ պահողներս։ Չենք կարդում Աստծո Խոսքը, որը ճրագ է մեր ոտքերի համար․ «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105): Չենք կարդում ու,  բնականաբար, չենք էլ կատարում։ Գողգոթյան խաչի վրա մահացած ու Սուրբ Հոգու զորությամբ հարություն առած Հիսուս Փրկչի նվիրած փրկությունը ընդունելու փոխարեն չինական աստվածներին ենք ընդունում՝ մկան ու առնետի տարի, վիշապի ու հրեղեն ձիու տարի, կույսի ու կշեռքի տարի ․․․ սրանցից ենք երջանկություն ակնկալում, խելագարվե՞լ ենք։ Շատերն արդեն Բուդդայի փիլիսոփայության մեջ են խորացել և նույնիսկ էլիտար համարվող  մանկապարտեզներում յոգայի դասեր են հրամցնում մատաղ սերնդին։ Երիտասարդներն իրենց խաղաղությունը մեդիտացիայի մեջ են գտնում։ Հեթանոսներն ու արևապաշտները փորձում են ոչնչացնել քրիստոնեության հիմքերը։ Մանկապղծությանը փորձում են նոր անուն տալ «երեխաների սիրուց հրապուրված», սեռափոխությունը համարել օրինաչափ ապրելակերպ․․․ Չգիտեմ՝ Սոդոմ-Գոմորում այսքան մեղք կա՞ր։ Հայր Աստված ասում է․ «….Ինչպես որ դուք թողեցիք Ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, այնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում» (Երեմիա 5.19)։

Մեռած աստվածներին կամ չաստվածներին երկրպագողներն ավելի երկյուղ ու հավատք ունեն, քան կենդանի Աստծուն դավանողները։ 2022 թ-ի սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին նորից հարձակվեց, ու նորից հարյուրավոր զոհեր ունեցանք ու գերեվարվածներ, մի պատմություն լսեցի Վարդենիսի կողմից հարձակման վերաբերյալ։ Ականատեսներն ասում են, որ երբ ադրբեջանական հրոսակները հայոց հողը տրորելով առաջ էին գալիս, ժամանակ առ ժամանակ ծնկի էին իջնում ու ձեռքերը վերև պարզած գոհություն էին հղում իրենց ալլահին, որը հնարավորություն էր ստեղծել իրենց առաջ ընթանալու և տարածքները գրավելու համար։

Աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած հայերս այդպես էլ կրոնի մակարդակից չբարձացանք ու քրիստոնեությունը կենդանի հավատք չդարձրինք, ովքեր էլ որ կենդանի հավատք դարձրին ու դրանով են ապրում, կրոնավորների կողմից աղանդավոր հռչակվեցին։ Սիրելի՛ ազգ, մի՞թե չեք տեսնում, որ Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Կոմիտասը և կենդանի հավատք ունեցողներից շատերը խորապես հալածված են եղել նույն կրոնավորների կողմից, մի՞թե հայոց պատմությանն անտեղյակ եք։ Ցավոք սրտի, կրոնավորներ կարող են լինել բոլոր եկեղեցիներում՝ առաքելական, մկրտական, ավետարանական ․․․ Սա կախված է սրտի դիրքից, Սուրբ Երրորդությանը ճանաչողությունից:

«Ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին» (Երեմիա 5.25): Սուրբ Երրորդությունն ընդունող եկեղեցիների սիրելի՛ հովիվներ, ծառայողներ, կենդանի Աստծուն պաշտողներ, ցանկանում եմ հիշեցնել բոլորիս, որ Եկեղեցու գլուխը Հիսուս Փրկիչն է. «Ամեն բան հնազանդեցրեց Նրա ոտքերի տակ ու Նրան գլուխ դրեց եկեղեցուն՝ բոլոր բաների վրա, որ է Նրա մարմինը ․․․․» (Եփես․ 1.22, 23)։ Նա այսօր մեր Բարեխոսն է Հոր առջև, Եկեղեցին Նրա մարմինն է. գլուխն ու մարմինը չեն կարող առանձին գործել։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը՝ որպես եկեղեցու անդամ, պետք է խոնարհվի Աստծո առջև և բարեխոսի մեր ազգի համար։ Հայոց հողի վրա արված կախարդություններն ու կռապաշտությունը մոլորեցրել են շատերին, նրանց միտքը դիվային կապանքների մեջ է, էլ ո՞վ, եթե ոչ արթուն եկեղեցիները պետք է բարեխոսեն ու քանդեն դիվային կապանքները՝ նրանց մտքի ու աչքերի կապանքները։ Սիրելինե՛րս, էլ ո՞վ, եթե ոչ եկեղեցու ծառայողները պետք է ապաշխարեն իրենց չարածի և այս մարդկանց մեղքերի համար։ Ցավոք, ծառայողների նմանատիպ աղոթքներ եմ լսում․ «Տե՛ր, ների՛ր ազգիս մեղքերը․․․»։ Սիրելինե՛րս, Դանիելը, Եզրասը, Նէեմիան և այլ բարեխոսներ իրենց իսկ անունից էին մեղա գալիս Տիրոջ առջև․ «Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ․․․․շեղվեցինք Քո պատվիրաններից և իրավունքներից, ․․․․ Քոնն է, Տե՛ր, արդարությունը, և մերը՝ երեսի ամոթը․․․․» (Դանիել 9.5-7)։ Նրանք իրենց չէին առանձնացնում ժողովրդից։ Ի՞նչ իրավունքով ենք մեզ առանձնացնում մեր ազգից, երբ Տիրոջ սրտի ուզածով չենք պայքարել մեղքի դեմ․ «Տակավին մինչև արյուն թափելու չափ հակառակ չեք կանգնել մեղքին» (Եբր․ 12.4)։ Քանի՞ անգամ ենք ծոմերով, քուրձ ու մոխիրով եկել մեր Աստծո առջև։ Մեզնից ո՞վ է Եզրասի նման աղոթել․ «Երեկոյան զոհին վեր կացա իմ տառապանքից և իմ պատառոտված հանդերձով ու վերարկույով ծնկի եկա ու ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստվածը և ասացի․ «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի Քեզ բարձրացնել, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան․․․․»» (Եզրաս 9. 5, 6): Ո՞վ է Նէեմիայի նման անձնուրաց լծվել Հայաստանի հոգևոր պարիսպների վերականգմանը։ Հիշեցնեմ, որ եթե Եզրաս չունենանք, Նէեմիա էլ չենք ունենա։ Աստվածաշունչն ունի Իր հերթականությունը։ Առաջարկում եմ նորից կարդալ Եզրասի և Նէեմիայի գրքերը։

Եկեղեցին բարեխոսելու համար է, կրթելու, դաստիարակելու, հոգ տանելու, սեր սփռելու, և ոչ թե մատ թափ տալու, քննադատելու, քանի որ Նա Հիսուսի մարմինն է։ Հիսուսն ասում է․ «Դուք մարմնի համեմատ եք դատում, Ես չեմ դատում ոչ մեկին․․․․» (Հովհ․ 8.16)։ Եկեղեցու ծառայողն առանց քննադատելու պետք է զգուշացնի նաև, որ մարդը, եթե Խոսքը չկատարի, անհնազանդ լինի Աստծուն, կդատապարտվի․ «Բայց եթե քո Եհովա Աստծո խոսքին չլսես և չպահես ու չանես Նրա բոլոր պատվիրանները․․․․ այն ժամանակ քեզ վրա կգան այս անեծքները․․․․ Եհովան քեզ քո թշնամիների առաջ ջարդել կտա․․․․ երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես․․․․ և քո մարմինը երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կերակուր կլինի….»  (Երկրորդ Օրինաց 28.25, 26)։ 

Աստված երբ Գեդեոնին կանչեց իր ազգը օտարի լծից ազատելու, առաջին  հերթին պատվիրեց կործանել օտար աստծո սեղանը և Իր համար զոհասեղան պատրաստել ․ «Եվ Տերը նրան ասաց․ «Առ քո հոր զվարակը և յոթ տարեկան երկրորդ զվարակը և քո հոր ունեցած Բահաղի սեղանը քանդիր ու նրա վրայի Աստարովթը կտրիր ու քո Տեր Աստծո համար մի սեղան շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, ու երկրորդ զվարակն առ ու քո կտրած Աստարովթի փայտերով ողջակեզ արա»» (Դատ․ 6.25, 26)։ Հնազանդվելով Տիրոջը՝ Գեդեոնը անհավանական հաղթանակ ունեցավ։

Հայոց հողի վրա քանի դեռ գոյություն ունեն դևերին և օտար աստվածներին մատուցվող ծիսակատարությունները, երկիրը թաթախված կլինի մեր զավակների արյունով, քանի որ կռապաշտությունը փակում է Տիրոջ ողորմած ձեռքի ճանապարհը։ Հայր Աստված ասում է․ «….Ինչպես որ դուք թողեցիք Ինձ և օտար աստվածներին պաշտեցիք ձեր երկրում, այնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում» (Երեմիա 5.19)։

Տերը խոստում ունի Իրեն վստահողների համար․ ««․․․․ նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ արված բոլոր պղծությունների համար»: Եվ մյուսներին ասաց․ «Գնացեք նրա հետևից քաղաքի միջով ու զարկեք, ձեր աչքերը չխնայեն, ու չողորմեք ծերին,   երիտասարդին ու կույսին, երեխային ու կանանցը, սպանեք, փչացրեք, բայց ում վրա որ նշան լինի, նրան մի՛ մոտեցեք և Իմ սրբարանից սկսեք ․․․․ »» (Եզեկիել 9.4-6)։ Իմ փափագն է, որ մեր բարեխոսություններն այնպես քանդեն դիվային կապանքներն ու ծրագրերը, որ մեր երկիրը ոչ միայն պահպանվի, այլև ընդարձակվի իր կորցրած հողերի վերադարձով, որովհետև դրանք դատարկ հողեր չեն, այլ Հայրենիք, որ Տիրոջից տրվել է մեր ազգին։ Եվ այդ Հայրենիքը վերադարձվի Տիրոջ Ձեռքով, ու ոչ թե նոր արյուահեղությամբ։ Աստվածաշունչը լի է գերբնական ձևով տրված հաղթանակների պատմություններով, պարզապես Տիրոջը վստահել, հնազանդվել ու երկրպագել է պետք։ «Հիսուս Քրիստոսը  նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր․ 13.8)։

Մեր անգործությունը կամ մեղքի դեմ արյուն թափելու չափ չպայքարելը նորանոր կորուստներ ու սահմռկեցուցիչ ցավեր կբերեն։   

 

0:00
0:00