April 4, 2017 Warrior

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍ 7. ԱՂՈԹՔ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝  ԱՂՈԹՔԻ  ՊԱՏԱՍԽԱՆԸ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ

ՄԱՍ 7.  ԱՂՈԹՔ՝  ՀԱՄԱՁԱՅՆ  ԻՐԱՎԻՃԱԿԻ

Մարդու կյանքում յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է համապատասխան աղոթք: Քենեթ Հեգինը գրում է, որ ինչպես յուրաքանչյուր մարզաձև պահանջում է համապատասխան մոտեցում, այնպես էլ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է համապատասխան աղոթք: Օրինակ՝ հոկեյի մականով չի կարելի ֆուտբոլ խաղալ: Նմանապես՝ մեկ աղոթքաձևով, առավել ևս՝ մեկ աղոթքի ընթացքում չի կարելի մի քանի հարցերի պատասխան ակնկալել: Ժամանակ առ ժամանակ այսպիսի աղոթքներ եմ լսում. «Տե՛ր, օրհնի՛ր մեր երկիրը: Տե՛ր, փոխի՛ր մեր հարկային համակարգը: Տե՛ր, այնպես արա, որ ընտանիքներում խաղաղություն լինի, ու ամուսինները չբաժանվեն: Տե՛ր, պահպանի՛ր մեր սահմանները, թո՛ղ պատերազմ չլինի: Տե՛ր, այնպես արա, որ մեր երկրում գործազրկություն չլինի: Տե՛ր, վերացրո՛ւ աղքատությունը: Ամեն»: Նմանատիպ աղոթքներն արվում են մեկ շնչով՝ րոպեների ընթացքում՝ տարիներ շարունակ: Ու աղոթողները զարմանում են, թե ինչու Աստված չի պատասխանում իրենց աղաղակներին: Ինչո՞ւ որևէ լավ փոփոխություն լինելու փոխարեն՝ իրավիճակը վատանում է: Պատճառը՝ գիտություն չունենալն է, Աստծո Խոսքը չկատարելը:

Նախ՝ յուրաքանչյուր աղոթք՝ ուղղված Հայր Աստծուն, պետք է լինի Հիսուս Քրիստոսի անունով:

 «Եվ այն օրը ոչինչ չեք հարցնի Ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ Հորից խնդրեք Իմ անունով՝ կտա ձեզ: Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով, խնդրե՛ք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհ. 16.23,24):

Հիսուս Փրկիչն այս մասին խոսում է Իր խաչելությունից առաջ: Խաչի վրա տարած հաղթանակի շնորհիվ՝ Նա այժմ նստած է Հոր կողքին և բարեխոսում է յուրաքանչյուր աղոթողի համար:

Մարդը, երբ աղոթում է Հիսուս Քրիստոսի անունով, պետք է համոզված լինի, որ այդ անունն իշխանություն ունի՝ ամեն անհնարինը հնարավոր դարձնելու.  «Եվ Հիսուսը մոտ գալով՝ ասաց. «Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրում….» (Մատթ. 28.18): «Ահա, իշխանությունը տվի ձեզ՝ կոխրճել օձերին ու կարիճներին և թշնամու ամբողջ զորությանը, և ձեզ ոչինչ չի վնասի» (Ղուկ. 10.19):

Խաչելությունից և մեռելներից հարություն առնելուց հետո, երբ Հիսուսը հայտնվում է աշակերտներին, դարձյալ խոսում է Իր անունն օգտագործելու և արդյունք տեսնելու մասին. «Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն. Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն: Օձեր վեր կառնեն և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, ու նրանք կառողջանան: Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց, Աստծո աջ կողմը նստեց: Նրանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, և Տերը գործակցում էր նրանց և խոսքը հաստատում էր այն նշաններով, որ հետևում էին» (Մարկ. 16.17-19):

Հովհաննեսն ու Պետրոսը, տեսնելով տաճարի մոտ նստած անդամալույծին, ասում են. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ. Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունով վե՛ր կաց ու քայլի՛ր»: Եվ աջ ձեռքից բռնեց ու վեր կացրեց նրան, և շուտով հաստատվեցին նրա ոտքերը: Վեր թռավ, կանգնեց ու ման էր գալիս: Նրանց հետ մտավ տաճարը՝ ման գալով ու վազելով և Աստծուն օրհնելով: Ամբողջ ժողովուրդը տեսավ նրան, որ ման էր գալիս և Աստծուն օրհնում էր: Եվ մարդիկ ճանաչում էին նրան, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ ողորմության համար, և լցվեցին երկյուղով ու զարմանքով այն եղածի համար» (Գործք. 3.6-10):  

Յուրաքանչյուր աղոթք՝ ուղղված Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, պիտի հավատքով արվի: «Բայց առանց հավատքի՝ անհնարին է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն խնդրողներին վարձահատույց  կլինի» (Եբր. 11.6):

Աղոթողը պետք է հստակ պատկերացնի, որ Հորը դիմելիս նա ոչ թե անհույս աղերսողի, աղաղակողի դերում է, այլ մի մարդու, ում Տերը Հիսուս Քրիստոսն է, Ով Գողգոթյան խաչի վրա տարած հաղթանակով պարտության է մատնել սատանային: Եվ նա հաղթանակ տարած Հիսուս Քրիստոսի անունով դուրս է եկել պարտված սատանայի դեմ, ով անօրինաբար փորձում է դժբախտության մեջ պահել իրեն՝ աղոթողին: «Որովհետև մեր պատերազմն արյան ու մարմնի հետ չէ, այլ իշխանությունների, տերությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Սրա համար Աստծո սպառազինությունը հագե՛ք, որ կարողանաք հակառակ կանգնել չարության օրը …» (Եփես. 6.12,13): 

Յուրաքանչյուր աստվածապաշտ պետք է լավատեղյակ լինի Աստծո սպառազինությանը, որը ներկայացված է Եփեսացիներին ուղղված թղթի 6. 14-18-ում: Այս սպառազինությունն ունեցող մարդը երբեք ցանկացած իրավիճակում նույն լալահառաչ աղոթքը չի բարձրացնի. «Տե՜ր, օգնիր…»:  Նմանատիպ աղոթքներն անարգում են Հիսուս Քրիստոսի խաչի վրա տարած հաղթանակը և մարդուն զրկում հնարավորությունից՝ վայելելու այդ հաղթանակի արդյունքները:

Աղոթողի խնդրանքը պետք է համապատասխանի Աստվածաշնչի խոսքերին: Տերը հավատարիմ է և կատարում է Իր Խոսքը. «Մի՛ կարծեք, թե Ես եկա օրենքը կամ մարգարեությունները քանդելու. Ես չեկա քանդելու, այլ՝ կատարելու: Ճշմարիտ ասում եմ ձեզ, մինչև երկինքն ու երկիրն անցնեն, օրենքից մի կետ կամ մի պստիկ նշանագիր չի անցնի, մինչև որ բոլորը կատարվեն» (Մատթ. 5.17,18):  «Եվ փրկության սաղավարտն առեք և Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է» (Եփես. 6.17): Ոչ ոք չի կարող աղոթել. «Տե՛ր, գնում եմ բանկը կողոպտելու, ոստիկաններն էլ եթե փորձեն ինձ ձերբակալել՝ կսպանեմ: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ»: Դիտավորյալ կոպիտ օրինակ եմ բերել, որպեսզի որոշ մարդկանց համար հասկանալի լինի Աստծո Խոսքի համաձայն արված աղոթքի և մարմնի ցանկության թելադրանքով արված աղոթքի տարբերությունը:

Աղոթողը պետք է առաջնորդվի Սուրբ Հոգով, որպեսզի աղոթի տվյալ իրավիճակին համապատասխան, Աստծո սրտի ուզած ձևով: «Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգո՛վ և սրանում հսկե՛ք բոլոր հարատևությամբ….» (Եփես. 6.18): «Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում, և սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սուրբերի համար (Հռոմ. 8.26,27):

Յուրաքանչյուր իրավիճակի համար առանձին աղոթք է անհրաժեշտ՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Երբեք, երբեք, երբեք չի կարելի մի աղոթքի մեջ ընդգրկել սահմանների պաշտպանության, ընտանեկան խնդիրների, ամուսինների հարաբերությունների, ֆինանսական խնդիրների, աշխատանք գտնելու և գործազրկության վերացման վերաբերյալ աղոթքները: Նաև՝ պետք է հստակ առաջնորդվել Սուրբ Հոգով և գիտակցել, թե տվյալ պարագայում ինչպես պետք է աղոթել՝ բարեխոսե՞լ, թե՞ հավատացյալին տրված իշխանությամբ աղոթել, Տիրոջը փառաբանել ու երկրպագե՞լ, թե՞ համաձայնության աղոթք անել:

Տարիներ առաջ մի անսպասելի դեպքի պատճառով ինձ խոշոր գումար էր հարկավոր: Գումարն այնքան մեծ էր, ու դեպքն՝ անսպասելի, որ նույնիսկ չմտածեցի աղոթել ու Տիրոջից օգնություն խնդրել: Անմիջապես զանգահարեցի ընկերներիս ու խնդրեցի, որ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում օգնի՝ ասելով, որ անպայման կվերադարձնեմ իրենց գումարները: Այնուհետև հանգիստ խղճով գնացի քնելու: Գիշերվա մի պահի արթնացա: Սկզբում չմտածեցի, որ Տերն է արթնացրել, ու Սուրբ Հոգին պետք է խոսի: Փորձեցի քնել, որովհետև առավոտյան շուտ պետք է ընկերներիցս վերցնեի գումարը և անհրաժեշտ գործով զբաղվեի: Փա՛ռք մեր Աստծուն, որ Նա հաշվի չի նստում մեր մտահոգությունների հետ, այլ, երկայնամիտ լինելով, փորձում է մեզ ներքաշել Իր աստվածային հնարավորությունների մեջ: Տերն սկսեց խոսել Սուրբ Հոգու միջոցով և ինձ մտորել տվեց, թե երբ և ինչպես եմ վերադարձնելու այդ գումարներն ընկերներիս: Ես մի պահ կարկամել էի, քանի որ, հաշվի առնելով իմ աշխատավարձը, այդ մեծ գումարը վերադարձնելն ինձ համար անպատմելի ծանր կլիներ: Ենթարկվելով Սուրբ Հոգու հորդորին՝ վեր կացա, հագնվեցի ու դուրս եկա ննջասենյակից: Սկսեցի աղոթել: Հասկանում էի, որ Սուրբ Հոգին ինչ-որ բան պետք է ասի, և դա վերաբերելու է ֆինանսական խնդրիս: Շարունակեցի աղոթել, այնուհետև, ենթարկվելով Սուրբ Հոգու առաջնորդությանը, սկսեցի փառաբանել: Ինձ համար դժվար էր այդքան երկար փառաբանելը, մարմինս վարժված չէր դրան: Փորձեցի Տիրոջը «համոզել», որ իմ միակ ոսկե մատանին կզոհաբերեմ, միայն թե շուտ ավարտեմ աղոթքը և գնամ քնելու: Մտածում էի, որ Տերը բարի է ու, զոհս գնահատելով, կօգնի ֆինանսական խնդիրներս լուծելու: Բայց Տերն առավել է, քան՝ բարի: Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ թողեցի Տիրոջը նյութական զոհաբերություններ անելու առաջարկություններս և շարունակեցի փառաբանել: Փառաբանության ընթացքում Տերը ցույց տվեց, թե որքան անելանելի վիճակներից է ինձ հանել. Նա ցույց էր տալիս Իր փառահեղությունը, որի առջև արժեզրկվում էր ամեն նյութական խնդիր: Բավական ժամանակ Տիրոջը փառաբանելուց ու երկրպագելուց հետո Սուրբ Հոգին նորից խոսեց՝ ասելով, որ առավոտյան ես այդ ամբողջ գումարը կստանամ Իր ճանապարհով՝ որպես օրհնություն և ոչ թե՝ անեծք՝ պարտքի տեսքով: Աչքերս բացելով՝ նայեցի ժամացույցին. կյանքումս առաջին անգամ Տիրոջը երկրպագել էի  մեկ ժամ հիսուն րոպե: Դա կամավոր չէի որոշել ու արել, այլ՝ Սուրբ Հոգուն հնազանդվելով: Հնազանդությունն ունի հիասքանչ պտուղ. այդ երկրպագության ժամանակ վայելեցի Տիրոջ ներկայությունը, վերհիշեցի անցած ճանապարհս, Տիրոջ ողորմությունները, և այդ ամենի հետ մեկտեղ լուծվեց ինձ անհանգստացնող խնդիրը՝ աստվածային ճանապարհով: Առավոտյան Տիրոջը բնորոշ հրաշք ձևով ստացա այդ գումարը՝ ազատվելով պարտք վերցնելու և վերադարձնելու ծանր բեռից:

Միմիայն աղոթելով և Սուրբ Հոգուն ենթարկվելով է որոշվում, թե տվյալ իրավիճակում ինչպիսի աղոթք է անհրաժեշտ: Խնդիրը որքան էլ օրհասական լինի, միևնույնն է, Տիրոջը ապավինել, Նրա Սուրբ Հոգով առաջնորդվել է պետք: Իրավիճակների թելադրանքը և Սուրբ Հոգու ասածը տարբերվում են:

Երիքովը գրավելիս՝ Նավեի որդի Հեսուն նույնպես օրհասական խնդրի առջև էր կանգնած: Ելնելով իրավիճակից՝ նա ոչ թե զորքին զինեց ու զորավարժությունների տարավ, այլ, Տիրոջը հնազանդվելով, վեց օր շարունակ պտտվեցին քաղաքի պարիսպների շուրջ: Նրանց ուղեկցում էին քահանաները՝ Ուխտի տապանակով ու Հոբելյան փողերով հանդերձ: Յոթերորդ օրը՝ Տիրոջ խոսքի համաձայն, նրանք յոթ անգամ պտտվեցին քաղաքի շուրջ և աղաղակեցին. «Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս, …. պարիսպները վայր ընկան, և ժողովուրդը մտավ քաղաքը, ու Երիքովն առան» (Հեսու 6.20):

Տերը միշտ է հավատարիմ, պարզապես, Նրա կամքը ճանաչել ու հնազանդվել է պետք:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00