Խոնարհություն, հնազանդություն նշանակում է սեփական կամքը ենթարկել ուրիշի կամքին: Այս թեմայում անդրադառնալու եմ խոնարհ ու հեզ բնավորությանը և Աստծուն ու Նրա Խոսքին հնազանդվելուն։ Հիսուսն ասում է․ «Ինձնի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ․ 11.29)։ Իհարկե, մարդը պետք է Հիսուսից սովորի, քանի որ հաճախ շփոթություն է առաջանում․ ոմանք, վախից դրդված, հնազանդվում են դիվային հոգով բռնված մարդկանց ու մտածում են, թե Տիրոջ կամքն են կատարում։ Լինում են նաև դեպքեր, երբ կուրորեն ենթարկվում են հեղինակություն ունեցող մեկին, ով իր խոսքով և գործողությամբ մարդկանց մշտապես իր հսկողության տակ է պահում ու շեղում է աստվածաշնչյան ճշմարտությունից։ Հիսուսը Հայր Աստծուն էր ենթարկվում․ «Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց․ «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Որդին Իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, Որդին էլ Նրա նման է անում» (Հովհ․ 5.19)։ Հիսուսը, Հորը ենթարկվելով, չէր հանդուրժում դևերին, նաև՝ առևտուրը տաճարում. Նա շուռ էր տալիս առևտուր անողների սեղաններն ու աղավնի ծախողների աթոռները․ «Եվ Հիսուսը մտավ Աստծո տաճարը և դուրս հանեց տաճարի մեջ բոլոր ծախողներին ու առնողներին և փող փոխողների սեղաններն ու աղավնի ծախողների աթոռները կործանեց» (Մատթ․ 21.12)։ Մարդը երբ խոնարհվի Աստծուն ու սովորի Հիսուս Փրկչից, կիմանա, թե ինչպես վարվի յուրաքանչյուր իրավիճակում, նաև այն դեպքում, երբ որևէ մեկը, առաջնորդվելով սատանայի թելադրանքով, փորձում է իր հսկողության տակ պահել դիմացինին՝ հոխորտալով, որ նա, որպես աստվածապաշտ մարդ, պետք է հնազանդվի իր խոսքին։
Խոնարհվել Աստծուն, հնազանդվել Նրան նշանակում է մեծարել Տիրոջը՝ թույլ տալով, որ Նրա կամքը կատարվի։ «Տիրոջ կամքն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմ․ 12.2): Առաջին հայացքից՝ այդ կամքը կարող է անհրապույր և նույնիսկ վտանգավոր թվալ մարդու համար։ Պատկերացնենք Մարիամի ու Հովսեփի վիճակը, երբ Մարիամը, լինելով հղի, փողոցից փողոց էր անցնում, հյուրատնից հյուրատուն և մերժում ստանալով՝ ի վերջո ծննդաբերում է գոմում։ Ծնվում է մարդկության Փրկիչը, որը տիեզերքի արարման ժամանակ ճարտարապետ էր Հոր մոտ․ «Այն ժամանակ Ես Նրա մոտ ճարտարապետ էի….» (Առակ․ 8.30)։
Աստված բարձր է գնահատում խոնարհությունն ու հնազանդությունը։ Խոսքն ասում է․ «Խոնարհության ու Տիրոջ երկյուղի վարձքն է հարստություն, պատիվ ու կյանք» (Առակ. 22.4): Հիսուսը, որ Աստված է, մարդկության փրկության համար Հոր կամքը կատարելով՝ երկիր եկավ մարդու կերպարանքով, մեծարեց Հորը, Իր բոլոր գործողություններով ցույց տվեց Նրա կամքը և վերջում «Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև խաչի մահ» (Փիլիպ․ 2.8): Մահից հետո Սուրբ Հոգու ամենակարող զորությամբ Հիսուս Փրկիչը հարություն առավ և նստեց Հոր աջ կողմը, ու Հայր Աստված «….ամեն բան հնազանդեցրեց Նրա ոտքերի տակ ու Նրան գլուխ դրեց եկեղեցուն, ….որ է Նրա մարմինը….» (Եփես․ 1.20-23):
Մարդու կյանքում էլ լինում են իրավիճակներ, երբ նա մահանում է իր համար, նրա ես-ը գամվում է խաչին, ու նա կատարում է Տիրոջ կամքը։ Տերը տեսնում է և հատուցում է Իր Խոսքը սեփական անձից վեր դասող մարդուն:
90-ական թվականների սկզբին Աստծո տված հնարավորությունների շնորհիվ սովորում էի Երևանի պետական համալսարանում ու միաժամանակ աշխատում Երևանի հնագույն ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ընտրել էի գիտական թեզիս թեման ու համոզված էի, որ համալսարանն ավարտելուց հետո ամբողջությամբ նվիրվելու եմ գիտությանը։ Այդ ամենին զուգահեռ՝ հինգ տարի շարունակ կամավորական հիմունքներով ղեկավարում էի «Կյանքի Խոսք» եկեղեցու սոցիալական ծառայությունը։ Մտածում էի, որ ծառայության ղեկավարումը կհանձնեմ մեկին, ով համապատասխան կանչ ունի Տիրոջից, իսկ ես ամբողջությամբ կնվիրվեմ գիտական աշխատանքին։ Այդ ընթացքում ամեն օր աղոթում էի համաձայն Եփեսացիս 1.17,18 խոսքերի, որ լուսավորվեն հոգուս աչքերը ու ճանաչեմ Աստծուց ինձ տրված կոչումը։ Ո՛չ ես, ո՛չ իմ ղեկավարը կասկած չունեինք, որ ապագայում լինելու եմ իմ սիրելի Մատենադարանի գիտաշխատողներից մեկը։ Հետագայում հասկացա, որ Սուրբ Հոգին էր առաջնորդում աղոթելու Եփեսացիս 1.17,18 խոսքերի համաձայն, որպեսզի ճիշտ հասկանամ իմ կոչումը և ընկալեմ, թե ինչո՛ւ եմ եկել այս աշխարհ, Աստված ի՛նչ տեսիլք ունի ինձ համար։ Մի օր շատ անսպասելի Սուրբ Հոգին մեղմ ձայնով ասաց․ «Դո՛ւրս արի Մատենադարանից, ամբողջությամբ նվիրվի՛ր Ինձ»։ Ես հասկացա, որ Աստված ցանկանում է՝ զոհեմ այն ամենը, ինչ ձեռք էի բերել Իր շնորհիվ, ու մտնեմ ինձ համար անհայտ մի դաշտ, առավել ևս՝ անցանկալի տարածք՝ սոցիալական ծառայություն՝ ավելին անելու համար։ Իհարկե, հինգ տարի շարունակ սիրով ծառայել էի մարդկանց, անշահախնդիր օգնել էի հնարավորությանս սահմաններում ու այդ սահմաններից դուրս։ Միայն Աստված գիտեր, թե ինչ փոթորիկներով էի անցել։ Հավանաբար, չորս ամիս շարունակ, հիմա հստակ չեմ հիշում, խնդրում էի Աստծուն, որ փոխի Իր առաջարկը, հիմնավոր փաստեր էի բերում՝ Նրան համոզելու համար։ Մի օր, երբ հերթական աղաչանքով Տիրոջն էի դիմում, Սուրբ Հոգին ասաց․ «Ես քեզ չեմ պարտադրում»։ Այդ խոսքը ցանկալի էր ինձ համար, բայց ձայնի հնչերանգի մեջ այնքան մեծ ցավ կար, որն ասում էր․ «Երանի համաձայնես ու թողնես ամեն ինչ»։ Այդ ցավն այնքան մեծ էր, որքան իմ սերը Նրա նկատմամբ, ու ես ասացի․ «Թողնում եմ ամեն ինչ»։
Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում իմ կյանքին, հասկանում եմ հնազանդության ուժը։ Աշխատանքից դուրս գալուց չորս ամիս անց մեծ փոփոխություններ տեղի ունեցան Մատենադարանում՝ ընդհուպ փակվեց այն բաժինը, որտեղ աշխատում էի։ Չեմ կարող ասել, որ փոփոխությունները վատն էին, ամենևին։ Պարզապես, իմ Մատենադարանն այլևս իմ «կապույտ երազի» հաստատությունը չէր։ Ի՞նչ եղավ հետո իմ կյանքում և ծառայությունում։ Իմ ամենագունեղ երազներում ու երազանքներում չէի պատկերացնի այն ամենը, ինչ Տերն անում է, և հավատում եմ, որ անելու է այնքան ժամանակ, որքան Իրեն հավատարիմ ու հնազանդ կլինեմ։ Նա Ինձ հետ է միշտ, նույնիսկ երբ անգիտակցաբար թողնում եմ Նրա ձեռքն ու վազում շնչիս ցանկության հետևից: Նա հայացքը սևեռուն վրաս է պահում, ողորմած ձեռքով պաշտպանում է սատանայի մահացու որոգայթներից, սիրո կապերով Իր մոտ է քաշում։ Իմ կյանքում կատարված հրաշքների մասին գրել եմ գրքերիս ու հոդվածներիս մեջ, պատմել եմ հարցազրույցներիս ու քարոզներիս ընթացքում։
Անհրաժեշտ է յուրաքանչյուր իրավիճակի համար խոսք ստանալ Տիրոջից և կատարել՝ հանձնվելու, ձեռքերը վայր դնելու փոխարեն։ Աստված երբ խոսք է տալիս, նաև հնարավորություններ է ստեղծում դրա իրականացման համար։ Պետք է տառացիորեն հետևել այդ խոսքին ու ամբողջությամբ իրականացնել։ Հեսուն, պատերազմի դուրս գալով Գայի քաղաքի դեմ, Տիրոջից խոսք ստացավ, որ ոչնչացնի ամբողջ ավարը, ոչ միայն ինքը, այլև բանակում գտնվողներից որևէ մեկը ոչինչ չվերցնի։ Նա խոստում ուներ Տիրոջից․ «Որտեղ ձեր ոտքերը դնեք, ձեզ պիտի տամ»։ Այդ խոստումը չկատարվեց, քանի որ բանակում մեկն անհնազանդ եղավ ու ձեռքը մեկնեց ավարին։ Հեսու 7, 8-րդ գլուխները ներկայացնում են այդ պատմությունը։ Անհնազանդությունը պարտություն է ծնում։ Հեսուն իր բանակով հաղթեց միայն ապաշխարությունից ու Տիրոջից ստացած խոսքին հնազանդվելուց հետո։ Սավուղի անհնազանդությունը պատճառ դարձավ, որ Աստված նրա վրայից պատռի թագավորական զգեստը, այսինքն՝ թագավորությունը վերցրեց նրա ձեռքից (1 Թագ․ 13.13,14)։ Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմական պարտեզից ու անիծվեցին անհնազանդության պատճառով (Ծննդ. 3)։
Յուրաքանչյուր մարդ կարող է փորձության ենթարկվել իր ընտանիքի անդամի, վերադասի կամ շրջապատի մարդկանցից որևէ մեկի կողմից։ Նրան կարող են պարտադրել կատարել որևէ գործողություն, որը հաճելի չէ Աստծուն, թեպետ առաջին հայացքից թվում է, թե Տիրոջ կամքի կատարման համար է արվում։ Տարիներ առաջ՝ 90-ական թվականներին, երբ Հայաստանը շրջափակման մեջ էր, ու շատ քչերն աշխատանք ունեին, եկեղեցում իմ ծառայության ղեկավարը հանձնարարեց, որ ամեն օր՝ ժամը 10-ին, համախմբվենք և աղոթենք Հայաստանի համար։ Այդ խմբում միայն ես աշխատանք ունեի և առաջարկեցի աղոթքի ծառայությունն անցկացնել ոչ թե աշխատանքային ժամերին, այլ ժամը 18-ից հետո։ Սկզբում չհամաձայնեցին, նույնիսկ ինձ անհնազանդ համարեցին, բայց հետո ամեն բան հարթվեց, երբ բացատրեցի, որ իմ արարքն անհնազանդություն չէ, դեռ ավելին՝ իրենք պետք է հնազանդվեն Աստծո խոսքին և աղոթեն, որ համապատասխան աշխատանք ունենան, քանի որ Հիսուսն ասում է․ «Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով, խնդրե՛ք ու կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհ․ 16.24)։ Ի՞նչ կլիներ, եթե ես կուրորեն հնազանդվեի։
Ամփոփիչ հարցեր․
- Ինչպե՞ս հնազանդվել Տիրոջը։
- Սիրելով։
- Ինչպե՞ս սիրել։
- Ճանաչելով, մտերմանալով։
- Ինչպե՞ս մտերմանալ։
- Ծածուկ սենյակում աղոթքի կյանք ունենալով։ Սուրբ Հոգու լեզուներով աղոթելով ու ներսի մարդուն կառուցելով․ «Լեզվով խոսողը իր անձն է շինում, իսկ մարգարեացողը եկեղեցին է շինում» ( Ա Կորնթ. 14.4)։ Սուրբ Հոգու ձայնը լսել սովորելով (առաջարկվող գրականություն՝ Քենեթ Հեգին, «Ինչպես լսել Սուրբ Հոգու ձայնը», Գայանե Հակոբյան, «Ովքեր են լսում Տիրոջ ձայնը»)։