Մարդը ոչ միայն պիտի ճանաչի սատանայի ռազմավարությունը, նրա գործողության նպատակակետը, այլև պիտի շատ լավ իմանա Աստծո Խոսքը: «Սրա համար Աստծո սպառազինությունն առեք…., և Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է» (Եփես. 6.13-17):
Ղուկաս 4-րդ գլխում գրված է, որ Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգուց տարվում է անապատ և սատանայից փորձվում: Քանի որ Նա հրաշալի տիրապետում էր Խոսքին, հետևաբար Խոսքով քանդում է սատանայի որոգայթները: Սատանան նույն ձևով՝ Խոսքով, կարող է մոտենալ ցանկացած մարդու, բայց մարդը՝ Սուրբ Հոգուց առաջնորդված, պիտի Խոսքով հակահարված տա և ոչնչացնի նրա ծրագրերը:
Մի օրինակ բերեմ իմ կյանքից: Ես դեռևս 15-16 տարեկան հասակից տառապում էի սուր գլխացավերից: Տարիներ շարունակ դիմում էի բժիշկներին, բայց ոչ մի լուծում չէին առաջարկում, պարզապես, դեղորայքային բուժում էին նշանակում, որն իմ առողջական վիճակի մեջ որևէ էական փոփոխություն չէր բերում:
Տարիներ անցան: Ես ամբողջ կյանքս նվիրեցի Աստծուն ծառայելուն: Ծառայում էի գիշեր-ցերեկ՝ բառիս բուն իմաստով: Գլխացավերս գնալով հաճախակի դարձան և տարիների ընթացքում վերածվեցին ամենօրյա սուր, անտանելի ցավերի: Բժիշկների խորհրդով՝ ամեն օր սրսկվում էի, երկու ժամ քնում, որից հետո ցավը լիովին վերանում էր, և ես անցնում էի իմ գործերին: Հաջորդ օրն այդ ամենը կրկնվում էր: Առավոտյան սոսկալի գլխացավերը, սրսկումները, պարտադիր երկու ժամ քունը կյանքիս անբաժանելի մասն էին դարձել: Ես աղոթում էի, բայց ոչ մի արդյունք: Հետո դադարեցրի աղոթքը՝ մտածելով, որ ծառայում եմ տերերի Տիրոջը, Ով սիրտ ու երիկամներ քննող է, և գիտի իմ նվիրվածությունն ու երկյուղն Իր նկատմամբ, ուստի մի օր ինձ հրաշքով կբժշկի: Մոտավորապես երեսուն տարի տառապում էի: Իհարկե, այդ «տառապել» ասվածը աստիճանաբար մտավ իմ կյանք. սկզբում ցավերն ամսվա մեջ 2-3 անգամ էին, հետո՝ 4-5 անգամ, մինչև ամենօրյա ուղեկցի կարգավիճակ ստացան: Քանի որ Հայաստանում բժշկական հետազոտություններն արդյունք չտվեցին, մեկնեցի Բրյուսել: Ստանալով բոլոր անհրաժեշտ հետազոտությունների պատասխանների փաթեթը՝ ես սրտատրոփ սպասում էի հետազոտության փուլը ղեկավարող բժշկի եզրակացությանը: Նա ինձ չէր ճանաչում և չգիտեր իմ աշխատանքի բնույթը: Պարզապես, հետազոտության արդյունքների հիման վրա հայտնեց իր եզրակացությունը, ըստ որի՝ իմ կյանքին որևէ վտանգ չէր սպառնում, բայց ես պետք է փոխեի իմ դեղորայքային բուժումը և պարտադիր անցնեի այլ աշխատանքի: Նա նույնիսկ չհարցրեց, թե տվյալ պահին ինչ աշխատանք եմ կատարում, ուղղակի նշեց գլխի հետ կապված մի քանի հիվանդության անուն և շեշտեց, որ ամբողջությամբ պիտի փոխեմ աշխատանքիս բնույթը:
Վերադարձա Հայաստան: Սուր գլխացավերի առումով կյանքիս ռիթմի մեջ որևէ փոփոխություն չկար. համաձայն բժշկի՝ փոփոխություն կլիներ աշխատանքիս բնույթը փոխելուց հետո:
Անցավ երևի մեկ շաբաթ: Մի օր՝ գիշերվա կեսին, նորից գլխացավ սկսվեց, այնուհետև ցավը տարածվեց դեպի ողնաշարս և, աստիճանաբար, ողջ մարմինս: Ես մի կերպ նստեցի անկողնուս մեջ: Սկսեցի Սուրբ Հոգով աղոթել: Այդ աղոթքը նման էր մրմնջոցի: Ցավը սոսկալի էր: Անպատմելի տանջանքով հագնվեցի ու կանգնեցի անկողնուս մոտ: Մրմնջալով շարունակում էի աղոթել: Հավաքելով ուժերս՝ Հիսուս Քրիստոսի անունով դիմեցի սատանային ու հայտարարեցի. «Այն ծառայությունը, որ ես անում եմ, իմ կոչումն է երկնքից: Տերերի Տերն է նախասահմանել, որ Իրեն ծառայեմ այդ բնագավառում, օգնեմ որբերին, հիվանդներին, կարիքավորներին, բռնության ենթարկվող երեխաներին ու կանանց: Ես չեմ հրաժարվի այդ ծառայությունից, քանի որ դա ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ՝ Աստծուց որոշված կոչում: Եվ քանի որ այս սոսկալի ցավերն ինձ տառապանք են պատճառում ու նաև խանգարում իմ Տիրոջը լիարժեք ծառայելուն, նշանակում է, սատանա՛, դու, կամա թե ակամա, պետք է հեռանաս իմ կյանքից»: Ես շարունակեցի աղոթել ու սատանային հիշեցնել Գողգոթյան Խաչի զորությամբ ինձ պատկանող բժշկության մասին: Անընդհատ կրկնում էի. «Գողգոթյան Խաչի զորության, Հիսուս Քրիստոսի վերքերի շնորհիվ ես բժշկված եմ: Հիսուս Փրկիչը խաչի վրա գին է վճարել, որպեսզի ես չտառապեմ: Ես հավատում եմ Խաչի զորությանը, Հիսուս Քրիստոսի թափված արյանը»: Որքան շատ էի աղոթում, այնքան ցավերը սոսկալի էին դառնում: Լեզուս այնպես էր այտուցվել, որ հազիվ էի արտաբերում խոսքերը, սակայն շարունակում էի հայտարարել. «Սատանա՛, իմ այս տառապանքի հեղինակը դու ես: Հովհաննես 10.10-ում գրված է. «Գողը (սատանան) գալիս է, որ գողանա, սպանի ու կորցնի …», դու իշխանություն չունես մխրճվել կյանքիս մեջ՝ գողանալ առողջությունս, կորցնել երջանկությունս ու սպանել կոչումս: Իմ տերը Հիսուս Փրկիչն է, Ով Գողգոթայի վրա արդեն ինձ հաղթանակ է պարգևել կյանքիս բոլոր բնագավառների համար»: Հանկարծ մտքումս Աստվածաշնչից հայտնի տողեր հնչեցին. «Թեև թզենին չծաղկի, և որթերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան…., ես Տիրոջով պիտի ցնծամ, իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ» (Ամբակում 3.17,18): Ես մի պահ կարկամեցի: Մի՞թե սա Աստծուց է: Մտքերը հեղեղի նման հորդեցին. մի՞թե դու Աստծուն ծառայում ես, որպեսզի քեզ համար լավ լինի: Տե՛ս, Աստծո Խոսքն է ասում, որ դու միշտ պիտի ուրախ լինես՝ թեկուզ հիվանդ լինես, կերակուր չունենաս … Մտքերը չէին դադարում: Սկսեցի հիշել, թե առաքյալներն ինչպես են ձերբակալվել, ինչ հարվածների են ենթարկվել. իմ գլխացավերն ի՞նչ են, մի՞թե կարելի է համեմատել առաքյալների կրածի հետ: Ես մի քանի րոպե ենթարկվեցի այդ մտքերին ու մի պահ, նույնիսկ, որոշեցի հաշտվել այդ ցավերի հետ՝ մտածելով, որ երեսուն տարի դիմացել եմ, էլի կդիմանամ՝ ի սեր իմ Աստծո: Սակայն հետո հիշեցի Եսայի 53-րդ գլուխը, որտեղ խոսվում է Հիսուս Քրիստոսի վերքերով ինձ հասանելիք բժշկության մասին, և սթափվեցի: Շարունակեցի իմ հայտարարությունները Աստծո սիրո, ողորմության, Հիսուս Քրիստոսի Խաչի վերաբերյալ: Ավելի ու ավելի խորանալով իմ հայտարարությունների մեջ՝ ասացի. «Սատանա՛, քանի որ դու լիովին պարտված ես ու փորձում ես Աստվածաշնչի խոսքերով խաբել ինձ, իմացի՛ր՝ ես այլևս ոչ մի շտապ օգնության մեքենա չեմ կանչի, չեմ սրսկվի, և այս դեղերը իմ տանը չեն մնա»: Այս ասելով՝ ես կոտրեցի բոլոր դեղերը ու սրսկիչների հետ աղբամանը նետեցի: Այնուհետև սկսեցի կանչել Հիսուս Քրիստոսի անունը և սոսկալի ցավերի մեջ երկրպագել Նրան ու կրկնել. «Հիսուս Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ»: Չեմ կարող ասել, թե իմ պայքարը, աղոթքը, հռչակումները, երկրպագությունը որքան տևեցին՝ քառասուն րոպե՞, թե՞ մեկ ժամ …
Հանկարծ անպատմելի խաղաղություն իջավ ինձ վրա: Այդ խաղաղությունն ամբողջությամբ պարուրեց ինձ, ու միանգամից գլխիս ցավն անցավ. ամբողջ մարմինս կարծես դուրս եկավ կեղեքիչ ցավի ճիրաններից: Մարմինս շատ վաղուց նման կատարյալ բժշկված վիճակում չէր եղել: Ես արդեն մոռացել էի, թե ինչպիսին է կյանքը՝ առանց գլխացավի, չէի էլ պատկերացնում այդ երանությունը: Այդ օրը Հիսուս Քրիստոսի Խաչի զորությամբ ինձ պատկանող բժշկությունը դրսևորվեց իմ կյանքում:
Իմ բժշկությունից անցել է հինգ տարի: Իհարկե, սատանան 2-3 անգամ փորձեց կրկնել այդ հիվանդությունն իմ կյանքում. ես մի քանի րոպե գլխացավեր զգացի, բայց անմիջապես սաստեցի սատանային՝ Հիսուս Քրիստոսի անունով, ու հրամայեցի, որ այլևս չփորձի խլել իմ ժամանակը, քանի որ ես պարապ չեմ և չեմ կարող նույնիսկ մի քանի րոպե դրամադրել՝ իրեն կյանքիցս դուրս վռնդելու համար:
Կան դեպքեր, երբ մե՛նք պետք է վճռական ոտքի կանգնենք ու տիրանանք այն հաղթանակին, որ սատանան փորձում է գողանալ մեզնից, ու դեռ խաբել, որ դիմանանք, համբերենք, հաշտվենք եղած խնդրի հետ: Մենք պետք է լավ իմանանք Աստծո Խոսքը, և ցանկացած պահի համար Սուրբ Հոգին համապատասխան Խոսք կտա. պարզապես, մենք պետք է առաջնորդվենք Նրանով: