Չեմ դադարի կրկնելուց՝ զարմանահրաշ են Տիրոջ գործերը: Ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել ևս մեկ զարմանալի ու գեղեցիկ վկայություն, թե ինչպես է Տերը հոգում իր զավակների մասին:
Շարունակվում են «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայության կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքները: Մինչ վերանորոգումը Տերն ինձ խոստում էր տվել 23-րդ Սաղմոսի համաձայն. «Տերն է իմ հովիվը, ես կարոտություն չեմ ունենա…»: Այս խոստումը պատճառ դարձավ, որ համարձակորեն սկսենք միլիոնավոր դրամներ արժեցող վերանորոգման աշխատանքները: Տերը յուրաքանչյուր անգամ զարմանալի ու գեղեցիկ ձևով էր ֆինանսավորում: Այս անգամ ևս Նա մեզ զարմացրեց ու հիացրեց:
Անսպասելի նամակ ստացա. «Գայանե՛ ջան, ուզում ենք իրականացնել մեր սրտի ցանկությունը՝ զոհաբերել 1000 եվրո՝ գթության ծառայության մանկական ծրագրի համար: Իհարկե, մենք սա կարող էինք ծածուկ անել, բայց գիտենք, որ շատ կուրախանաք, երբ իմանաք, որ գումարը ձեր նախկին շահառուից է, ով արդեն հնարավորություն ունի նվիրաբերելու այլ երեխաների համար…»:
Նամակագիրը` Էմման, այն երեխաներից մեկն էր, ով 13 տարի առաջ ընդգրկված էր գթության ծրագրում: Նրա թույլտվությամբ ցանկանում եմ մի քանի դրվագ հիշել նրա անցյալի ու ներկայի կյանքից:
Էմման «Հույսի ավան» թաղամասում ապրող մի աղջնակ էր, որի հայրը բանտում էր, իսկ մայրը, լքելով վեց երեխաներին, հեռացել էր տնից: Երեխաներից հինգը ընդգրկված էին «Կյանքի Խոսք» եկեղեցու գթության ծառայությունում: Ծառայությունը ոչ միայն նյութական օգնություն էր ցուցաբերում, այլև բազմամասնագիտական թիմի` հոգեբանների, սոց. ծառայողների, մանկավարժների աջակցությամբ փորձում էր երեխաներին հանել սթրեսից, վերադարձնել բնականոն կյանքին ու վերականգնել կրթությունը հանրակրթական դպրոցում:
Հերթական տունայցերից մեկի ժամանակ գթություն ծառայության հոգեբանը դռան մոտ հանդիպում է երեխաների՝ բանտից դուրս եկած հորը, ով դանակը ձեռքին, ահասարսուռ կերպարանքով դուրս էր թռել տնից` կնոջը գտնելու և սպանելու նպատակով: Աղոթքով և մասնագիտական հմտությունն օգտագործելով` հոգեբանը կարողանում է համոզել նրան՝ տուն մտնելու, հանդարտվելու և կշռադատելու իրավիճակը: Հոգեբանի և երեխաների հոր երկարատև զրույցն ավարտվում է խաղաղությամբ: Զրույցի ընթացքում նա գիտակցում է, որ արյունահեղությունը, աններողամտությունն ու վրեժը կնոջ նկատմամբ ոչ միայն կավերեն իր ընտանիքը, այլև ընդմիշտ կդժբախտացնեն իր երեխաներին, իսկ ինքը նորից կհայտնվի բանտում: Հայրը նաև համաձայնում է գալ գթության ծառայության գրասենյակ ու մասնակցել Ծնողավարության դասընթացներին:
Հետաքրքիր է՝ երբ առաջին անգամ նա այցելել էր գրասենյակ, ապշած նայել էր ծաղիկներով զարդարված շքամուտքին, լայնարձակ ու գեղեցիկ կահավորված դահլիճին, ընդմիջման ընթացքում մատուցվող ճաշատեսակներին… Նա հուզվել էր ու հոգեբանին ասել, որ իրեն ՄԱՐԴ է զգում, շատ զգացված է, որ իր նման մեկը, ով իր կյանքի երկարատև տարիներն անցկացրել է բանտում, նման ընդունելության է արժանանում:
Իսկ ի՞նչ պատահեց Էմմայի մայրիկի կյանքում:
Տարիներ անցան: Գթության ծառայության հավատարիմ կամավորականներից մեկը` Գոռը, ամուսնության առաջարկություն արեց Էմմային: Նրանք ամուսնացան ու միասին էին ծառայում ծնողազուրկ ու սոցիալապես անապահով երեխաներին: Ցավոք, Էմմայի առաջին ու երկրորդ հղիություններն ընդհատվեցին վիժումով: Դա ինձ համար տարօրինակ էր, բայց ջանք էի անում չմիջամտել, մտածում էի՝ ինձ ճիշտ չեն հասկանա, առավել ևս, որ Էմման միշտ բժշկի հսկողության տակ էր: Բայց երբ երրորդ հղիությունը նույնպես ընդհատվեց վիժումով, առաջարկեցի հանդիպել ու զրուցել այդ հարցի շուրջ: Նրանց խնդրեցի առանձնանալ, աղոթել Տիրոջը ու Նրանից հարցնել, թե ինչն է պատճառը, որ իրենց երեխաները չեն ծնվում: Շնորհակալ եմ, որ նրանք ինձ ճիշտ հասկացան ու կատարեցին խորհուրդս: Փա˜ռք մեր Աստծուն՝ Իր որղորմության ու սիրո համար: Տերը նրանց առաջնորդել էր այցելելու Էմմայի մորը ու հաշտվելու նրա հետ: Մայրը, տարիներ առաջ հեռանալով տնից, ամուսնացել էր այլ տղամարդու հետ: Գոռն ու Էմման այցելում են նրանց: Էմման ներում է մորը, հաշտվում նրա հետ և երկար ու ձիգ տարիներից հետո նրան նորից մայր անվանում: Մայրը խոստովանում է, որ այնքան բարկացած է եղել ամուսնու, երեխաների, հատկապես` Էմմայի վրա, որ հռչակել է՝ Էմման մայր չդառնա, մինչև իրեն մամա չասի: Կարճ ժամանակ անց Էմման նորից հղիացավ: Փա˜ռք Աստծուն՝ հաջող ծնունդի ու առողջ երեխայի համար: Այսօր Գոռն ու Էմման ունեն երեք տղա: Տիեզերքն արարող Աստված փառավորվում է նրանց կյանքում և նրանց միջոցով: Տեղին է հիշել սաղմոսերգուի խոսքերը. «Որտեղի՞ց կգա իմ օգնությունը: Իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրս արավ» (Սաղմ. 121. 1,2): Իրոք, որ «Դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի, որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով`խոստմունքն ստանաք» (Եբր.10.35-36):