Նոյեմբեր 16, 2021 Warrior

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐԻ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ

Ահա լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին։ Ի՞նչ ապրումներ ունենք, ի՞նչ ենք արել այս ժամանակահատվածում և ի՞նչ ենք պատրաստվում անել մոտ ու հեռավոր ապագայում, որպեսզի այն այլևս չկրկնվի։

 

Շրջում եմ Երևանում, լինում եմ մարզկենտրոններում ու գյուղերում, եղել եմ արտերկրում։ Շատ-շատերի հետ եմ զրուցել՝ թե՛ հայերի, թե՛ այլազգիների։ Ամենատարբեր կարծիքներն ու եզրահանգումներն եմ լսել։

 

Հազարավոր զոհերից ու դաժան պարտությունից հետո ամբողջ ազգը, բացառությամբ նվազագույն թվով մարդկանց, խոր սթրեսի, ողբի, հիասթափության անդունդում էր։ Անկախ նրանից՝ զոհ կամ գերության մեջ հայտնված զավակ ունեինք, թե ոչ, անհայտ կորած, վիրավոր, անդամահատված զինվոր ունեինք, թե ոչ, ազգովի տառապում էինք, աղոթում էինք: Մեկի գերին վերադառնում էր, ամիսներ շարունակ կոմայի մեջ գտնվող զինվորը աչքերը բացում էր՝ ցնծության բերկրանքն էինք ապրում ու նորից արտասվում, բայց այս անգամ՝ երջանկությունից։

 

Օրերն ու ամիսներն անցան, տարին լրացավ։ Ոմանք ապրում են՝ ցավը սրտում, ոմանք՝ գոյատևում, զարմանալիորեն՝ կան մարդիկ, որոնք այնպես են ապրում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Մինչդեռ զարհուրելին է եղել, ու եթե այս անգամ էլ չարթնանանք, նոր զոհեր կունենանք, անգին մարդկանց կորուստներ, մեր երկիրը, հայրենիքը կկորցնենք ու կտարրալուծվենք այլ ազգերի մեջ, ինչպես եղեռնից հետո բազմասփյուռ հայության մի մասի կյանքում տեղի ունեցավ ու շարունակում է տեղի ունենալ օտար երկրներում ապրող մեր ազգակիցների սերունդների կյանքում։

 

Զարհուրելի ժամանակներ են։ Պատերազմ, հազարավոր զոհեր, որոնց մեջ գերակշռողը երիտասարդ սերունդն էր։ Մոլորակին սպառնացող պարտադիր պատվաստում, որը տարբեր մեկնաբանություններ ունի։ Ոմանք մտածում են, թե համաճարակ է, ու նորմալ երևույթ է պարտադիր պատվաստումը՝ մոռանալով, որ ոչ վաղ անցյալում պարտադիր էր պատվաստումների փորձարկումները կենդանիների վրա․․․ Ոմանք մտածում են՝ բիզնես է. ինչպես բոլոր իշխանությունների օրոք տուժել է ժողովուրդը, այս անգամ նույնպես տուժում են, ուղղակի մոլորակի մակարդակով է դա իրականացվում։ Առավել հեռատեսները խոսում են կեղծ հակաքրիստոսի կամ Հիսուս Փրկչի արհեստածին գալուստի նախպատրաստման մասին, ոմանք էլ հավատում են, որ շուտով կլինի Հիսուս Փրկչի երկրորդ գալուստը․․․ Կարծիքները որքան էլ բազմազան լինեն, ակնհայտ է, որ դիվային աշխարհը փորձում է նորից ոտքի կանգնել՝ հուսալով, որ այս անգամ կկարողանա ոչնչացնել Աստծո պատկերով ու կերպարանքով ստեղծված մարդուն, նրան կզրկի բանականությունից և Աստծուց շնորհված ազատ կամքի դրսևորումից։

 

Նմանատիպ խառնիճաղանջ ժամանակներ էին Հայաստանի համար 1915 թվականի կազմակերպված եղեռնից առաջ ու հետո, որը տվեց 1,5 մլն զոհ, օտար երկրների ճանապարհը բռնած հայություն, սգավորներով ու որբերով լի արևելյան Հայաստան, հանձնված հողեր, որտեղ այսօր զբոսաշրջիկի կարգավիճակով ենք այցելում։ Դեռ նոր էր երկիրն ուղղել ողնաշարը, դեռ նոր էր դարերն ի վեր կորցրած պետականությունը վերականգնել, երբ կոմունիստական անաստված բռնապետությունը ներխուժեց և առաջին հերթին փակեց եկեղեցիները: Փորձեց մարդու հայացքը պոկել Աստծուց, լայնածավալ քարոզչությամբ համոզել, որ Լենին պապին է փրկությունը․․․ Մինչդեռ ողջ հայությունը պիտի հայացքն ուղղեր Տիրոջը և Նրանից իմանար, թե ինչու է Աստծուց իրեն տրված երկիրն այսպես ոտնակոխ լինում հարևան ազգերից, մասնատվում ու կորցնում իր ազգի սերուցքը։ Իհարկե, կոմունիստական անաստված իշխանությունը միայն Հայաստանում չհաստատվեց, և ոչ էլ այս համաճարակն ու պատվաստումն է միայն հայ ազգին պարտադրվում, բայց տարօրինակ զուգադիպությամբ թե՛ եղեռնը, թե՛ այս 44-օրյա պատերազմը (ոչ միայն մեծաքանակ զոհեր, ազգի սերուցքի վերացում, այլև հողերի կորուստ) կազմակերպվել էին թուրքի ձեռքով։ Դիվային աշխարհում հաշվարկված է յուրաքանչյուր քայլ։ Թող ամեն երկիր և ազգություն մտահոգված լինի իրեն բաժին հասած պատուհասով, խոնարհվի միակ Աստծո առջև, որ արարել է այս տիեզերքը ու հավիտենությունն ափերի մեջ է պահում:

 

Ես ցանկանում եմ կենտրոնանալ հայ ազգի ու Հայոց երկրի վրա։ 1,5 մլն զոհերի կսկիծն ու կորցրած հողերի ողբը, սպանդից փախած մարդկանց ու որբերի հոգսը խանգարում էին հային հայացքն ուղղել Աստծուն, խոնարհվել Նրա առջև ու հասկանալ, թե մինչև ե՛րբ Հայաստանը կռվախնձոր պիտի լինի հարևան ազգերի ձեռքերում, ինչո՛ւ պիտի միշտ լինի կոտորվողի ու կորցնողի դիրքում։ Ոմանք գուցե ինձ հիշեցնեն մեր ազգի հաղթանակները․․․ Հիշեցնելու կարիք չկա, անհնարին է մոռանալ դրանք։ Եկեք, վերջապես, մեր Տիրոջից պատասխան ստանանք, թե ինչո՛ւ ենք կոտորվում, ինչո՛ւ ենք կորցնում: Ի վերջո, Հիսուս Փրկչին Աստված ընդունած առաջին պետությունն ենք, քրիստոնյա ազգ ենք։ Ոչ թե բողոքելով, տրտնջալով պատասխան հայցենք տերերի Տիրոջից, այլ խոնարհ սրտով, պատրաստ լինելով սխալը ճանաչել, ապաշխարել ու շտկել։ Մեր կյանքում ունենք Աստվածաշունչը, որտեղ հստակ ցույց է տրված, թե Տերն ինչ պատգամ է տալիս ու որքանով է պահում Իր Խոսքը։ Նա սեր է, ողորմությունը Նրա հավիտյան է, բայց Խոսքն ասում է․ «Իստակի հետ իստակ ես և ծուռի հետ՝ ծուռ» (Սաղմ․ 18.26), «Մաքուրի հետ մաքուր ես և ծուռի հետ ծռվում ես» (2 Թագ․ 22.27)։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ տարածվեց պատերազմի լուրը, սարսռացի: 2016-ի քառօրյա պատերազմի վերքերը դեռ չէին բուժվել, ու նորից՝ պատերազմ։ Կարծում էի, թե սա էլ մի քանի օր կտևի, ինչպես, հավանաբար, շատերն էին կարծում։ Դեռ չսպիացած վերքերն ու նոր կորստի ցավը ստիպեցին առանձնանալ, ծոմով ու աղոթքով Տիրոջից հարցնել՝ մի՞թե շատ չէ այսքան ցավ տեսած քրիստոնյա ազգի համար այս նոր պատերազմը։ Դեռ չէի պատկերացնում, թե դա ինչ արհավիրք էր իր մեջ թաքցրել։ Միամտաբար համոզված էի, թե հաղթելու ենք, ուղղակի ողբում էի նոր սպասվող զոհերի համար։ Աստվածաշունչը ձեռքիս՝ աղաղակում էի Աստծուն, որ Խոսք տա, պատասխանի, թե ինչու այս պատերազմն սկսվեց։ Իմ աղաղակի մեջ բողոք չկար, ես ուղղակի ուզում էի իմանալ՝ Աստված, լինելով համբերատար, մեզ համբերությո՞ւն է սովորեցնում,  ցանկանում է, որ սովորենք դիվային ծրագրերը մեր կյանքից քանդե՞լ, թե՞ ինչ-որ բան սխալ ենք արել ու չենք էլ գիտակցում։ Երեկոյան հասկացա, որ իմ ողբն ու սուգը շարունակական են լինելու։ Մի փոքր խմբով մեկուսացանք ու շարունակեցինք ծոմով, աղերսանքով խոնարհվել տերերի Տիրոջ առջև։ Մինչ ինքնակոչ մարգարեները, հեռուստատեսությունը, մամուլը, սոցիալական ցանցերը, փողոցների պաստառները ազդարարում էին. «Հաղթելու ենք», Տերը հակառակն էր ցույց տալիս ու բացատրում պատճառները։ Պատերազմի առաջին օրն իսկ Խոսք տվեց Երեմիայի մարգարեությունից։ Խոսքը սարսափելի էր այնքան, որ չեմ ուզում գրել։ Դա վերաբերում էր զոհերին ու պարտությանը։ Մտածեցի, թե շփոթությունը, սթրեսը խանգարում են, որ Տիրոջը լսեմ։ Երկրորդ ու երրորդ օրերին, երբ շարունակվեցին պարտության ու մեծաքանակ զոհերի մասին Աստվածաշնչից ստացած Խոսքերը, զանգահարեցի ընկերուհուս՝ Տիրոջ լավագույն ծառայողներից մեկին: Առանց ներկայացնելու մեր հոգեվիճակը՝ փորձեցի իմանալ՝ Աստված ի՞նչ է ցույց տվել իրեն մեր երկրի վերաբերյալ, արդյո՞ք նա Աստվածաշնչից Խոսք է ստացել կամ տեսիլք է տեսել աղոթքի ժամանակ։ Ցնցվեցի, սարսափեցի, երբ ասաց, որ Երեմիայի մարգարեությունից է Խոսք ստացել, ու պատմեց մի տեսիլքի մասին, որը նոյեմբերի 9-ին կատարվեց։

 

Սկսվեցին «քուրձ ու մոխրի» օրերը։ Տեղս չէի գտնում։ Ժամանակ առ ժամանակ հանդիպում էի ընկերներիս, աստվածապաշտ մարդկանց, որոնք ոգևորված աղաղակում էին՝ հաղթելու ենք։ Ոչ ոք չէր ուզում մեզ լսել։ Մի քանի անգամ հավաքեցի սոցիալական ծառայության թիմին: Հույս ունեի, որ իրենք կլսեն. չէ՞ որ, ի վերջո, ծառայության բերումով՝ իրենց ղեկավարն եմ։ Որքա՜ն դժվար էր նրանց համար լսել իմ շուրթերից դուրս եկած դառը խոսքերը. բոլորն ազդարարում են, որ հաղթելու ենք, իսկ ես ոչ միայն պարտության մասին եմ խոսում, այլև այն պատճառների, որոնք մեր՝ քրիստոնյա համարվող, բայց Քրիստոսի պատգամները չպահող ազգին կործանման են տանում։ Ստորև ներկայացնում եմ այն, ինչ Տերը խոսեց ու ցույց տվեց այդ օրերին։ Ոմանք կասեն․ «Իսկ ինչո՞ւ այդ մասին պատերազմի օրերին չէիր ասում»։ Փորձում էի ասել։ Սոցիալական ծառայության թիմին մի քանի անգամ եմ ասել, նրանք կարող են վկայել։ Ֆեյսբուքում Աստվածաշնչից խոսք տեղադրեցի։ «Իմաստուններն ու մարգարեները» ոչ միայն ինձ էին անարգում, այլև նրանց, ովքեր հավատքի նշույլ էին ցուցաբերում իմ խոսքերի հանդեպ։ Իմ պարտքն եմ համարում գրել այս մասին՝ հուսալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք Սուրբ Հոգու առաջնորդությամբ կկատարեն Տիրոջ կամքը։

Հայաստան երկրի հոգևոր պարիսպները քանդված են։ Դա է պատճառը, որ օտար աստվածներին խոնարհվողները, սատանայապաշտները, կախարդներն իրենց լայնածավալ գործունեությունն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում՝ գաղտնի կամ բացահայտ։ Այնքան բացահայտ, որ կախարդներին հեռուստատեսային հաղորդում ու ժամ են տրամադրում։ Մեծաքանակ դիտորդներ ապահովելու համար կախարդների հյուրերը հայտնի մարդիկ են՝ դերասաններ, երգիչներ․․․ Սատանայապաշտները, քողարկված հայրենասիրությամբ ու ազգապաշտությամբ, կործանման են տանում թե՛ երկիրը, թե՛ ազգին։ Իրենց քրիստոնյա համարող հայ մարդկանցից շատերն Աստվածաշունչը չեն կարդացել, Աստծո տասը պատվիրանները չգիտեն, իսկ եթե մեկ-երկու պատվիրանի մասին լսել են, ուղղակի մնում են լսողի դերում ու շարունակում են իրենց սրտի փափագն իրականացնել։ Ես շատ աստվածապաշտների գիտեմ, աղոթողների, որոնք համոզված են, որ իրենց գործը հիանալի են արել ու անում և ամենևին մեղք չունեն Հայաստանի երեկվա ու այսօրվա ողբալի վիճակի համար։ Աստված՝ դատավոր։ Լավոդիկեի, Եփեսոսի ու Հայտնության գրքի 2-րդ ու 3-րդ գլուխների եկեղեցիների հովիվներն ու ծառայողներն էլ էին մտածում, թե իրենց եկեղեցիներում ամեն ինչ լավ է, իրենք ճիշտ են ծառայում Տիրոջը, բայց արդյո՞ք այդպես էր։ Ես չեմ անարգում այն մեծ գործը, որ անձնվիրաբար իրականացնում են եկեղեցական ծառայողները, բայց արդյո՞ք դա այն ամենն է, որ Տերը սպասում է մեզանից։ Արդյո՞ք մեզ չի վերաբերում Եբր․12.4 խոսքը․ «Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չենք կանգնել մեղքին»: Արդյո՞ք Հայաստան երկրի ղեկավարների համար Աստծո Խոսքի համաձայն ենք աղոթել․ «Արդ աղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար, թագավորների ու ամեն իշխանավորների համար, որ խաղաղ ու հանդարտ կյանք վարենք բոլոր աստվածապաշտությունով ու սրբությունով, որովհետև սա բարի և ընդունելի է մեր փրկիչ Աստծո առջև, որ կամենում է, որ ամեն մարդ փրկվի ու ճշմարտության գիտությունը ճանաչի», 1.Տիմոթ․2.1-4:

 

Նէեմիայի հորդորով Իսրայելի ժողովուրդը երբ բարձրացնում էր Երուսաղեմի պարիսպը, շատ երևելի իշխաններ մասնակցություն չունեցան. «Եվ նրանց մոտ նորոգեցին Թեկուացիք, բայց նրանց երևելիները իրենց վզերը չտվին իրենց Տիրոջը ծառայելուն» (Նէեմ․ 3.5)։ Նէեմիան Երուսաղեմի պարսպի վերականգման համար հայտնվեց ճիշտ տեղում այն ժամանակ, երբ Երուսաղեմի տաճարը կառուցվել էր, Եզրասը եկել էր՝ հետը բերելով Տիրոջ տան անոթները, որոնք հրեա ազգի մեղքով՝ պատերազմի ժամանակ առևանգվել էին թշնամու կողմից։ Եզրասը իմանալով ազգի մեղքը՝ ողբում է ու ապաշխարում. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ ու չեմ համարձակվում երեսս դեպի Քեզ բարձրացնել․․․․, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, ու մեր հանցանքը մեծ է մինչև երկինքը։ Մեր հայրերի օրերից ի վեր մենք մեծ մեղքի մեջ ենք մինչև այսօր։ Եվ մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորներն ու մեր քահանաները մատնվեցինք երկիրների թագավորների, սուրի, գերության, հափշտակության ու սևերեսության ձեռքը, ինչպես որ այսօր կա» (Եզրաս 9.6,7)։

 

Գերությունից վերադարձածները նույնպես գիտակցում են իրենց մեղքերը և ապաշխարում։ Ապաշխարությունը գործողությամբ ցույց տալու համար հատուկ օր են որոշում. «․․․․այդ գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս ենք հանցավոր այդ բանում․․․․, ով որ օտար կին է առել, թող որոշյալ ժամանակում գա․․․․ » (Եզրաս 10.13, 14)։ 

 

Սիրտ ու երիկամունք քննող Աստված, տեսնելով մարդկանց սրտի դիրքն ու անկեղծ ապաշխարությունը, ուղարկում է Նէեմիային։ Այսօր հայոց ազգի ու երկրի բարօրությունը տեսնելու համար Հիսուս Քրիստոսին Աստված ընդունող բոլոր հայկական եկեղեցիներն անհրաժեշտություն ունեն վերանայելու իրենց գործողությունները և Տիրոջ առջև անկեղծ լինելու՝ արդյո՞ք իրականացնում են այն տեսիլը, որ Տերն է տվել, և արդյո՞ք իրականացնում են այնպես, ինչպես Տերն է ուզում։

 

Նոյը տապան էր կառուցում Տիրոջ հրամանով։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կպատահեր, եթե նա այդ հրամանը ստանար ու ինքը որոշեր, թե ինչպիսի տապան է կառուցելու և ինչպես է կառուցելու։ Առավել ևս այն դեպքում, երբ նա մինչև այդ ո՛չ անձրև էր տեսել, ո՛չ հեղեղ։ Ոմանք ասում են, թե Աստված Նոյի հետ երկու անգամ խոսեց․ առաջին անգամ հանձնարարեց, որ տապանը կառուցի, իսկ երկրորդ անգամ պատվիրեց, որ իր ընտանիքով ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներից զույգ-զույգ վերցնելով՝ տապանը մտնի։ Ի՜նչ միամտություն։ Աստված էր ուղղորդում Նոյին յուրաքանչյուր դետալի ընտրության ու կառուցման գործում։ Սա անվիճելի փաստ է։ Անհրաժեշտ է, որ իրենց եկեղեցական գործունեությունը, տեսիլի իրականացման ընթացքը քննեն ոչ միայն Հայաստանի եկեղեցիների ծառայողական թիմը, այլև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայկական եկեղեցիները, քանի որ հարցը վերաբերում է հայ ազգին ու Հայաստան երկրին։ Դեռ որքա՞ն պետք է հեռանանք Աստծո տեսիլն Իր ուզած ձևով իրականացնելուց կամ՝ որքա՞ն պետք է շոյենք մեղքը ու հումանիզմից ելնելով՝ մերժենք աստվածաշնչյան պատգամը. «Բայց հերձվածող մարդուց, որ առաջին ու երկրորդ անգամ խրատել ես, հեռու մնա՝ գիտենալով, որ այդպիսին ծռված է և մեղք է գործում՝ իր անձը դատապարտելով» (Տիտ. 3.10)։ Որքա՞ն պետք է քարոզները կառուցենք աչքի տեսածից ու ականջի լսածից ելնելով, մինչդեռ Հիսուսի մասին մարգարեն ասում է․ «Նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է, ու Նա Իր աչքի տեսածի պես չի դատի և ոչ էլ Իր ականջի լսածի պես կհանդիմանի» (Ես․ 11.3)։ Մեկ այլ բացթողում ևս․ քիչ չեն այն եկեղեցիները, որոնք չունեն աղոթքի ծառայություն։ Եկեղեցիներում բոլորն են աղոթում, բայց ինչպես որ կան փառաբանության ծառայություն, գթության ծառայություն, մանկապատանեկան ծառայություն և այլն, նույն ձևով պետք է լինի աղոթքի ծառայություն, որտեղ ճշմարիտ մարգարեները Տիրոջ կամքը կհայտնեն ու կուղղորդեն ժողովրդին Աստծո սրտի, տեսիլի համեմատ ճիշտ աղոթքներ բարձրացնելու։ Այնտեղ կծառայեն աղոթքադպրոցում ճիշտ ուսում ստացած, խոնարհ ու Տիրոջով հաղթանակներ տեսած մարդիկ։ Կքննվեն մարգարեությունները։ Ոչ ոքի չեմ ուզում դատել, դրա իրավունքն էլ չունեմ, բայց արդյո՞ք այս պատերազմում հաղթանակ խոստացող «մարգարեները» հասկացել են, որ Սուրբ Հոգով չեն առաջնորդվել։ Սխալները չշտկելու դեպքում, բնականաբար, ոչինչ էլ չի փոխվի։ Իմաստուն խոսք կա․ «Այսօր եթե անում ես այն, ինչ անում էիր երեկ, կյանքումդ փոփոխություն չի լինի»։ Այս բոլորը վերանայելն ու շտկելը մեր երկրի հոգևոր պարիսպների բարձրացման բաղկացուցիչ մասն են։  

 

Նէեմիան երբ վերականգնում էր պարիսպը, ոչ միայն թշնամին էր խանգարում, այլև հրեաներն էին գալիս ու հետ կանչում կառուցողներին։ Խորհուրդ են հրավիրում ու ցանկանում են սպանել նրանց, ովքեր համարձակվել են պարիսպը վերականգնել: Սակայն Նեէմիան իմանում է այդ մասին ու հանձնարարում է, որ բեռնակիրները զենքն իրենց վրա կապած աշխատեն ու երբ փողի ձայնը լսեն, անմիջապես գան ու միանան պարսպի պահպանությունն անողներին։ Նրանք գիշեր-ցերեկ կառուցում էին։ Քնելիս հագուստները չէին հանում։ Տերը տեսնելով նրանց եռանդը, նվիրվածությունը պարսպի կառուցման հարցում՝ ցրում է թշնամու խորհուրդները։ Պարիսպը կառուցում են ու անցնում դռների փեղկերն ամրացնելուն։ Նորից հայտնվում են թշնամիններն ու սկսում զրպարտել ու վախեցնել, հանդիպման են հրավիրում Նէեմիային։ Նէեմիան հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ մեծ գործով է զբաղված։ Նա աղոթում է Աստծուն․ «․․․․Որովհետև նրանք մեզ վախեցնում էին՝ ասելով, որ նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, ու չի կատարվի, բայց Դու, Ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը» (Նէեմ․ 6.9): Այնուհետև Նովադիա մարգարեուհին է հայտնվում և այլ մարգարեներ, ու փորձում են պարտադրել Նէեմիային հետ կանգնել սկսած գործից։ Նէեմիան ոչ ոքի չի լսում, այլ հայացքը Տիրոջից չկտրելով՝ անխափան իրականացնում է Նրանից ստացած տեսիլը․ «Եվ պարիսպը լրացավ իլուլի 25-ին՝ 52 օրվա մեջ։ Եվ երբ մեր բոլոր թշնամիները լսեցին, վախեցան մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը և շատ ցածացան իրենց աչքի առաջ, երբ տեսան, որ մեր Աստծուց եղավ այս բոլորը» (Նէեմ․ 6. 15,16): Աստված հավատարիմ էր Իր Խոսքին: Շատ կարևոր է, որ Նէեմիան ու նրա թիմը նույնպես հավատարիմ մնացին Տիրոջը: Անկախ դժվարություններից, վարձկան «մարգարեների» հոխորտանքից, թշնամու հզոր թվալուց՝ նրանք ապավինեցին Աստծուն և իրենց գործողություններով ապացուցեցին, որ հավատում ու վստահում են միայն երկնային Արքային։

 

Պարիսպը վերականգնելը բավական չէ։ Ինչպես ասում են․ «Հաղթելը լավ է, բայց առավել կարևոր է այդ հաղթանակը պահպանելն ու զարգանալը»։ Եզրասն ու Նէեմիան նախապես որոշված օրը հրապարակ են կանչում ողջ ազգին, բերում են Օրենքի գիրքը․ «․․․․ժողովվեցին Իսրայելի որդիքը՝ ծոմով, քուրձերով ու իրենց վրա՝ հող։ Եվ ջոկվեցին Իսրայելի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից ու կանգնած խոստովանում էին իրենց մեղքերն ու իրենց հայրերի անօրենությունները․․․․, խոստովանում էին ու երկրպագում իրենց Տեր Աստծուն» (Նէեմ․ 9.1-3)։ Եզրասը կարդում է: Բացատրողներ են նշանակում, որոնք մեկնաբանում են կարդացածը, սովորեցնում Տիրոջ կամքը ճանաչել ու կատարել։ Ժողովուրդը հրապարակավ խոստովանում է իր մեղքը և ապաշխարում։ Ապաշխարությունը ցույց է տալիս գործողությամբ։

 

Նէեմիան երկիրը կառավարելու աստվածային ճանապարհներ է մշակում ու իրականացնում։ Երբ ամեն ինչ կարգավորված էր, նա վերադառնում է թագավորի մոտ՝ իր խոստման համաձայն։ Նրա բացակայության ժամանակ խախտվում են որոշված օրենքները, երկրի կառավարումը խարխլվում է։ Նէեմիան նորից է գալիս։ Թագավորը նրան իշխան է կարգում Իսրայելի վրա։ Նէեմիան իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապրել աստվածահաճո կյանքով։

 

Եզրասի ու Նէեմիայի գրքերը ապացույցն են նրա, որ ամեն ինչի հիմքը ապաշխարությունն է և Աստծո խոսքն ամբողջությամբ կատարող եկեղեցու գործունեությունը։

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00