Ամբողջ Աստվածաշունչը վկայում է, որ մարդու հաջողությունը Աստծո հետ մշտական կապ ունենալու մեջ է:
Երկրորդ Մնացորդաց 14,15,16-րդ գլուխները պատմում են Ասա թագավորի մասին: Նրա կյանքի պատմությունը ցայտուն օրինակ է, որ լավ սկիզբը դեռևս հաջող ավարտի երաշխիքը չէ: «Ասան բարություն և ուղղություն արեց իր Տեր Աստծո աչքի առջև: Վերցրեց օտար սեղանները…. Եվ հրամայեց Հուդային, որ իրենց հայրերի Տեր Աստծուն խնդրեն և օրենքն ու պատվիրանները կատարեն» (Բ Մնաց. 14. 2-5):
Աստծո կամքը կատարելու շնորհիվ պատերազմները դադարեցին, Հուդայի երկիրը Տիրոջից հանգստություն ու խաղաղություն ստացավ: Ասան սկսեց պարսպապատ քաղաքներ կառուցել. «…. մենք խնդրեցինք, և Նա մեզ հանգստություն տվեց: Եվ շինեցին ու հաջողվեցին: Եվ Ասան Հուդայից վահան ու նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ և Բենիամինից ասպար կրող ու աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար. սրանք ամենքը քաջ զորավորներ էին» (Բ Մնաց. 14.7,8): Սակայն Ասայի հույսը ամուր պարիսպները, աշտարակներն ու զորքերը չէին: Փա՜ռք Աստծուն դրա համար, քանի որ միշտ ուժեղից ուժեղը կա։ Ասայի վրա է հարձակվում Եթովպացի Զարան. «Հազար անգամ հազար զորքով և երեք հարյուր կառքով դուրս եկավ նրանց վրա ու եկավ մինչև Մարեսա» (Բ Մնաց․14.9)։ Ասան աղաղակում է իր Տեր Աստծուն և ասում. «Ո՛վ Տեր, Քեզ համար մի բան չէ թե՛ շատին, թե՛ տկարին օգնելը: Մեզ օգնիր, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք Քեզ ենք ապավինել ու Քո անունով ենք եկել այս բազմության վրա» (Բ Մնաց. 14.11): Գրված է. «Եվ ընկան եթովպացիները, մինչև որ նրանցից կենդանի մնացող չեղավ….» (Բ Մնաց. 14.13):
Ասան գիտեր Տիրոջից գոհանալ ու Նրան զոհ մատուցել` ի նշան երախտիքի: «Եվ նրանք Երուսաղեմում հավաքվեցին Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսում և զոհ արին Տիրոջ համար…. Եվ ուխտ արին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն խնդրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով…. Եվ Տերը հանգստություն տվեց նրանց ամեն կողմից…. Եվ պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին» (Բ Մնաց. 15.10-19):
Քսան տարի շարունակ խաղաղություն էր տիրում երկրում: Ասայի թագավորության 36-րդ տարում Իսրայելի Բաասա թագավորը վտանգավոր պայմաններ ստեղծեց Հուդայի Ասա թագավորի համար` կառուցելով Ռաման: Վտանգավոր իրավիճակից խուսափելու համար Ասան դիմեց ասորիների Բենադադ թագավորի օգնությանը: Նա Բենադադին հիշեցրեց, որ իրենց հայրերի միջև միշտ դաշինք է եղել, և իրենք նույնպես դաշինք ունեն: Նա Տիրոջ տան գանձարանից ու իր գանձարանից ոսկի ու արծաթ ուղարկեց նրան՝ առաջարկելով քանդել Բաասա թագավորի հետ ունեցած դաշինքը: Բենադադը համաձայնեց։ Թվում էր, թե ամեն ինչ խաղաղ էր ու ճիշտ` վտանգը կանխվել էր, դեռ ավելին՝ Ասա թագավորը, վերցնելով Ռամայի քարերն ու փայտերը, երկու նոր քաղաք կառուցեց: «Եվ այն ժամանակ եկավ Անանի տեսանողը Հուդայի թագավոր Ասայի մոտ և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքն ազատվեց քո ձեռքից: Մի՞թե եթովպացիները և լիբիացիները խիստ շատ կառքերով ու ձիավորներով բազմաթիվ զորք չէին, բայց քանի որ դու Տիրոջն ապավինեցիր, նրանց քո ձեռքը մատնեց: Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտն ուղիղ է Իր հետ: Դու անմտություն արիր և սրանից հետո պատերազմներ ես ունենալու»: Եվ Ասան բարկացավ այն տեսանողի վրա ու նրան բանտարկեց…. ու ժողովրդից մի քանիսին հարստահարեց» (Բ Մնաց. 16.7-10):
Մարդը երբ դադարեցնում է իր ամենօրյա հաղորդակցությունը Տիրոջ հետ և մոռանում է, թե ով է իրեն զորացնողը, հպարտության ոգին կարծրացնում է նրա սիրտը, ու այն ամենը, ինչ նա կառուցել էր Տիրոջ առաջնորդությամբ, կորցնում է: Ասան իր թագավորության 39-րդ տարում հիվանդացավ, բայց կարծրացած սրտի պատճառով դարձյալ չդիմեց Աստծուն ու իր թագավորության 41-րդ տարում մահացավ: Ողբալի է, որ նա 36 տարի թագավորեց՝ ապավինելով Աստծուն ու բարիք ստանալով Նրանից, բայց հետո հաջողությունը վերագրեց իր խելքին ու դիվանագիտությանը… Հպարտությունը կուրացրեց նրա հոգևոր զգայարանները: Նա մարգարեի խոսքին հնազանդվելու փոխարեն, նրան բանտարկեց: Ասան չապաշխարեց այն մեղքի համար, որ Աստծուն թողած` ապավինել էր մարդուն՝ ասորիների Բենադադ թագավորին: Եվ ապաշխարություն չունենալու պատճառով դարձյալ հույսը դրեց մարդու՝ բժշկի վրա, երբ հիվանդացավ. «…. իր հիվանդությունում էլ չխնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց: Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության 41-րդ տարում» (Բ Մնաց. 16.12,13):
Լավ սկիզբը հաջող ավարտի երաշխիքը չէ: Տիրոջ հետ քայլելը, մշտապես Նրա Հոգով առաջնորդվելը ամենօրյա գործընթաց է: Տիրոջ հետ հաղորդակցությունը մարդուն պահում է խոնարհ դիրքում: Խոնարհությունը, հեզությունը, հնազանդությունը կյանքում հաջող ընթացքի ու բարի ավարտի երաշխիք են:
«Ձեզ վրա առե՛ք Իմ լուծը և Ինձանից սովորե՛ք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթ.11.29): Հիսուսն ասում է՝ Ինձանից սովորեք։ Նա Իրենից ոչինչ չէր անում. «Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց․ «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Որդին իրենից չի կարող ոչինչ անել, մինչև չտեսնի Հորն անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, Որդին էլ Նրա նման է անում» (Հովհ․ 5.19)։ Հաճախ հոգևոր ծառայողները իրենց վրա շատ մեծ բեռ են վերցնում։ Մտածում են, թե իրենց տարիների փորձառությունը, մարդկային իմաստությունը, հմտությունը կօգնեն ճիշտ ծառայելու Տիրոջը, մինչդեռ այդպես չէ։ Հեսուն ուներ զորք, պատերազմը կառավարող զինվորականներ, լրտեսներ, սակայն պարտության մատնվեց, քանի որ լսեց լրտեսներին։ Նա միշտ պետք է Տիրոջն ապավիներ, ինչպես Դավիթը, որ Աստծո սրտի համեմատ մարդ էր ու ամեն բան Տիրոջից էր հարցնում։ Պատերազմից առաջ փորձառություն ունեցող լրտեսները Հեսուին ասացին․ «Բոլոր ժողովուրդը թող չգնա, միայն երկու կամ երեք հազարի չափ թող գնան և Գային կզարկեն.․․․» (Հեսու 7.3)։ Այդ խորհրդին հետևելն ավարտվեց խայտառակ պարտությամբ։ Հեսուն երբ աղոթեց, Տերը հայտնեց պարտության պատճառը՝ զորաբանակից մեկը խախտել էր Տիրոջ պատվիրանը ու անեծք էր բերել զորքի վրա։ Երբ մեղքը բացահայտվեց և վերացվեց, Տերը պատվիրեց, որ Հեսուն վերցնի ամբողջ զորքը, ու նրան պատերազմելու ռազմավարություն տվեց։ Այս անգամ արդեն հաղթանակն ապահովված էր: Հեսուի լրտեսներն այս ամենը չէին կարող իմանալ: Նույնը կարող է տեղի ունենալ մեր օրերում՝ յուրաքանչյուրիս կյանքում։ Ահա թե ինչու է կարևոր Աստծո հետ մշտապես հաղորդություն ունենալը:
Շատերի համար առօրյա երևույթներ են սոցիալական ցանցերում կամ հեռուստացույցի առջև ժամանակ անցկացնելը, սուրճի սեղանի շուրջ ժամերով նստելը, հեռախոսով երկարատև զրուցելը։ Հավանաբար, նկատել եք, թե այդ ընթացքում ժամանակն ինչպես է թռչում։ Երբ այս մասին խոսում էի ընկերներիցս մեկի հետ, նա ասաց, որ այդպես կտրվում է առօրյա հոգսերից, նոր բաներ սովորում։ Համաձայն եմ, քանի որ ինքս էլ այդպես էի մտածում, մինչև մի օր Տերն ասաց. «Եթե դու թանկարժեք ադամանդ ունենայիր, կնետեի՞ր աղբամանի մեջ»։ Իհարկե, ես այդպիսի բան չէի անի։ Մինչդեռ որքա՜ն անգին ժամանակ ենք կորցնում՝ հուսադրելով մեզ, թե այդ ընթացքում հանգստանում ենք, ճաշակ ենք զարգացնում։ Ես դեմ չեմ հեռուստացույցին, սոցիալական ցանցերին կամ սուրճի սեղանի շուրջ զրույցներին, այլ դեմ եմ ժամանակը վատնելուն: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իզուր չէ ասված՝ «Ժամանակը ոսկի է»։ Տերը բազում ճանապարհներ ունի՝ յուրաքանչյուրիս հանգստություն, խաղաղություն ու գիտելիք պարգևելու։ Նա ցանկանում է, որ աստվածապաշտ մարդն իր կյանքի բոլոր օրերն ամբողջությամբ նվիրի Իրեն, լիարժեք Սուրբ Հոգու տաճար լինի։ Հիսուսը մտավ Երուսաղեմի տաճար և շուռ տվեց առևտրականների սեղաններն ու աղավնի ծախողների աթոռները։ «Եվ աղավնի ծախողներին ասաց․ «Դրանց հանե՛ք այստեղից, Իմ Հոր տունը առևտրի տուն մի՛ շինեք» (Հովհ․ 2.16)։ Մարդը հաճախ օրը բաժանում է մասերի՝ Աստվածաշունչ կարդալ, աղոթել, իսկ հետո զբաղվել անձնական գործերով։ Մինչդեռ Աստված ուզում է, որ մեր յուրաքանչյուր օրը ամբողջությամբ Իրեն վստահվի։ Երբ մեր օրը լիարժեք հանձնում ենք Նրան, Սուրբ Հոգին մեղմորեն առաջնորդում է մեզ: Հնարավոր է՝ Նրա առաջարկը այնքան էլ նախընտրելի չէ, բայց հնազանդվելը ճիշտ է։ Մի անգամ բլոգիս հերթական նյութը գրելիս Աստվածաշնչից խոսք էի փնտրում, երբ լսեցի Սուրբ Հոգու ձայնը․ «Հաղորդագրությո՛ւն ուղարկիր Արսենին, նա քեզ կօգնի, իսկ դու այս ընթացքում հանգստացի՛ր»։ Առանց հասկանալու, որ դա Սուրբ Հոգու ձայնն է, մտածեցի՝ ինքս կգտնեմ, ինչո՞ւ նրան անհանգստացնեմ։ Մոտ տասը րոպե փնտրում էի: Ի վերջո, հասկանալով, որ չեմ կարողանում գտնել, հաղորդագրություն ուղարկեցի Արսենին. նա հաճախ էր ինձ օգնում նմանատիպ հարցերում։ Մինչ նա կուղարկեր աստվածաշնչյան խոսքը, ես հասցրի սուրճ խմել և հանգստանալ։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեսա, որ Արսենի ուղարկած տարբերակն ավելի հարուստ ասելիք ուներ, քան իմ փնտրածը (ինչպես գիտենք, չորս ավետարանիչներից յուրաքանչյուրն իր ձևով է ներկայացնում միևնույն պատմությունը)։ Տիրոջ կամքը միշտ է «․․․․ բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմ․12.2)։ Ես չեմ առաջարկում ընտանեկան, կենցաղային բոլոր հարցերը կարգավորելիս մշտապես դիմել Սուրբ Հոգուն, այլ խոսում եմ միշտ Հոգու մեջ լինելու, Տիրոջ Խոսքը կատարելու մասին: Մարդը պետք է վարժվի Տիրոջ ձայնը լսելուն և հնազանդվելուն, որը ժամանակ է պահանջում: Նվիրում է պետք Խոսքը կարդալու և Տիրոջ հետ ծածուկ սենյակում հաղորդակցվելու համար։ Աստվածապաշտ մարդը Տիրոջ զավակն է, նաև՝ Տիրոջ ծառան․«Պողոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կանչված առաքյալ….» (Հռոմ․ 1.1)։ Երբ մարդու հաղորդակցությունը Տիրոջ հետ մշտատև է, Տերը նրան կհայտնի ապագան և ցույց կտա սպասվելիք վտանգներն ու դրանցից դուրս գալու ճանապարհները։ Աբրահամը Տիրոջ ծառան էր ու Նրա երկրպագուն: Սոդոմն ու Գոմորը կործանելուց առաջ Տերը նրան ասում է․ «Մի՞թե Ես Աբրահամից կծածկեմ ինչ որ անելու եմ» (Ծննդ․ 18.17)։
Իմ հաջորդ նյութում կշարունակեմ այս միտքը և կանդրադառնամ նաև մեկ այլ կարևոր թեմայի՝ մարգարեական խոսք ստանալուն և ճշտելուն՝ արդյո՞ք դա Տերն էր։