April 22, 2019 Warrior

ՏԻՐՈՋ ԿԱՄՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Անսպասելի հեռախոսազանգ ստացա «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայության Զարգացման կենտրոնի ղեկավար Գեղեցիկ Սահակյանից: Նա տագնապալից ձայնով տեղեկացրեց, որ կենտրոն հաճախող երեխաներից հինգին ցանկանում են տանել մանկատուն, իսկ նրանց ծնողներին զրկել ծնողական իրավունքից: Եվ վատթարն այն էր, որ երեխաներին, համաձայն նրանց ծրագրի, միմյանցից բաժանելու էին, որպեսզի տեղավորեին տարբեր մանկատներում:

Ես տեղյակ էի, որ երեխաներն ապրում էին սոսկալի պայմաններում: Մենք փոքրիշատե բարելավել էինք նրանց բնակարանային պայմանները՝ մտածելով, որ շուտով կավարտենք մեր սոցիալական ծառայության շենքի վերանորոգման աշխատանքներն ու ամբողջությամբ կկենտրոնանանք նրանց տան կառուցման վրա: Բայց այդ լուրն այնքան ցնցող էր, որ շտապ պետք էր ճիշտ որոշում կայացնել: Անհնար էր թույլ տալ, որ երեխաներին բաժանեն, առավել ևս` մանկատուն տանեն: Մեր ծառայության տեսիլքն է`կանխարգելել երեխայի մուտքը մանկատուն և ստեղծել ընտանեկան ջերմ մթնոլորտ՝ երեխայի զարգացման համար: Մի պահ մտածեցի դադարեցնել սոցիալական ծառայության շենքի վերանորոգումը և ամբողջ գումարը տրամադրել այդ երեխաների բնակարանային պայմանների բարելավմանը:

Կանգնած էի մեծ խնդրի առջև: Այդ պահին հիմնովին քանդված էր սոցիալական ծառայության 100 քմ սրահը. այն անհրաժեշտ էր շտապ կառուցել, քանի որ սոցիալական ծառայության ամբողջ թիմը, զարգացման կենտրոնի 45 երեխաները, սահմանափակ կարողություն ունեցողների ծառայության շահառուներն ու կամավորականներն անհամբեր սպասում էին այդ տարածքի կառուցմանը: Դրա համար խոշոր գումար էր պետք: Ոչ պակաս խոշոր գումար էր պետք նաև երեխաների բնակարանային պայմանների բարելավման համար: Նրանք ունեին երկհարկանի տուն և բնակվում էին այդ տան առաջին հարկում, որը նկուղ էր`փոքր սենյակներով, հողե հատակով, բացարձակ զուրկ սանիտարահիգիենիկ պայմաններից: Երկրորդ հարկը կիսակառույց էր. ունեին խոհանոցի, պատշգամբի, հյուրասենյակի, երկու ննջասենյակի,  բաղնիքի ու զուգարանի համար նախատեսված տարածք: Սակայն երկրորդ հարկի այդ ամբողջ տարածքը չուներ առաստաղ,  բնականաբար նաև`տանիք: Այսքան մանրամասն եմ ներկայացնում, որպեսզի պատկերացնեք, թե ինչ խոշոր գումար էր անհրաժեշտ այդ տուն կոչվածը բնակելի դարձնելու համար: Գիտակցում էի, որ ճիշտ որոշում կարող եմ կայացնել միայն Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Առավել ևս, որ մեր շինարարության համար առանձին բյուջե ու կանխիկ գումար երբևէ չի եղել ու այդ պահին էլ չկար: Չկար հույսի շող, որ մեկնումեկը նվիրատվություն կուղարկի:

Ակնթարթորեն ծնվեց միտք`շարունակել սոցիալական ծառայության 100 քմ տարածքի կառուցումը և միաժամանակ ձեռնամուխ լինել երեխաների տան շինարարությանը:  Չունենալ անգամ 1000 դրամ շինարարության համար ու ձեռնամուխ լինել այդ պատասխանատու գործին` նշանակում էր քայլել ջրի վրայով:

ԱՍՏԾՈՒՆ ՃԻՇՏ ծառայելու համար նշանակություն չունի, թե որտեղ ես դու և ուր ես ցանկանում գնալ: ԱՍՏԾՈՒՆ ՃԻՇՏ ծառայելու համար պետք է տեսնես, թե որտեղ է ՀԻՍՈՒՍԸ, կանգնես ՆՐԱ կողքին ու առաջնորդվես ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ:

Հիսուսն ինձ առաջնորդում էր քայլելու ջրի վրայով: Ես դուրս եկա հարմարավետության տարածքից ու կանգնեցի ջրի վրա`Հիսուսի կողքին:

Փա˜ռք, փա˜ռք, փա˜ռք, բյուրավո˜ր փառքեր մեր գերբնական Աստծուն՝ Իր շնորհքի ու սիրո համար: Նա ոչ միայն հզոր թիմ բարձրացրեց իմ կողքին, այլև գերբնական ձևով ֆինանսներ մատակարարեց, ու երկու ամիս անց կառուցվեց և´ սոցիալական ծառայության սրահը, և´ այդ երեխաների տունը՝ առաստաղը, տանիքը, սան. հանգույցը, ննջասենյակները, հյուրասենյակը, խոհանոցը:

Այս երկրի վրա հզոր է միաբանության ուժը, հզոր է եկեղեցու դերը: Շնորհակալություն «Կյանքի Խոսք» եկեղեցու անդամներին, ովքեր օգնեցին կահավորելու այդ երեխաների բնակարանը: Շնորհակալություն սոցիալական ծառայության թիմին, բոլոր կամավորականներին, շինարարության ղեկավարին ու բոլոր շինարարներին, ովքեր անձնվեր աշխատանքով իրականացրին Տիրոջ կամքն այս երկրի վրա:

 Ձեզ եմ ներկայացնում Շիրոյանների բնակարանի լուսանկարները` նախկինում ու հիմա:

Նախկինում

Հիմա

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00