Հոկտեմբեր 18, 2019 Warrior

ՏԵՍԻԼՔ: Ի՞ՆՉ Է ՏԵՍԻԼՔԸ: (ՄԱՍ  2.)

ՏԵՍԻԼՔՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Տեսիլքը հոգևոր երևույթ է, որն Աստված ցույց է տալիս մարդուն` նրա կյանքը նպատակային դարձնելու ու այդ նպատակի իրականացման հաջող ընթացքը ապահովելու համար: Տեսիլքը կարելի է տեսնել ինչպես բաց` ֆիզիկական աչքերով, նույնպես և փակ աչքերով, որի դեպքում մարդու հոգևոր տեսողությունն է գործում: Տիեզերքն ստեղծող ու կառավարող Աստված տեսիլք է հաղորդում Իրեն ճանաչող և ընդունող ղեկավարի դիրք ստանձնած անձանց, Իրեն ծառայող հոգևորականներին, որպեսզի մարդկությունն Իր կամքի համեմատ կյանք ունենա, քանի որ Տիրոջ կամքն է «բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմ. 12. 2):

Տերը կարող է տեսիլք ցույց տալ յուրաքանչյուրին, բայց ոչ բոլորն են պատրաստ ընդունելու և շարժվելու այդ տեսիլքով: Լինում են նաև մարդիկ, ովքեր մտածում են, թե իրենց իմաստությունը, կյանքի փորձառությունը, գեղագիտական ընկալումները բավական են, որպեսզի ճիշտ կառավարեն երկիրը կամ Եկեղեցին: Սողոմոն իմաստունը նույնպես հայտնվեց նմանատիպ որոգայթում: Նրա իմաստության համբավը տարածվել էր շրջակա ազգերի մեջ: Նա, իրոք, իմաստուն էր. մարդիկ հիանում էին նրա՝ ճիշտ դատավճիռ կայացնելու որոշումներով, զմայլվում էին նրա ստեղծածով (Գ Թագ. 10. 3-5),  սակայն կյանքի վերջին տարիներին Սողոմոնը գրում է. «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է» (Ժող. 12.8): Ինչո՞ւ է նա այսքան հիասթափված: Յուրաքանչյուրն է հիասթափվում կյանքից` անկախ հարստության քանակից, համբավից, վայելած փառքից, եթե այն կառուցվել է իր ԵՍ-ի թելադրանքով: Սողոմոնը, ապավինելով իր իմաստությանը, չբարեհաճեց հարցնել իրեն իմաստություն պարգևած Տիրոջ կամքը: Փառք Տիրոջը, որ կյանքի  մայրամուտին 300 հարճ և 700 կին ունեցած թագավորը հասկանում է, որ «սուտ է վայելչությունը, և ունայն` գեղեցկությունը. այն կինը, որ վախենում է Տիրոջից, նա կգովվի» (Առակ. 31.30): Սողոմոնը ոչ միայն հասկանում է, այլև հիշեցնում է մարդկանց հետևյալ ճշմարտությունը. «…. Գնա´ քո սրտի ճանապարհով և աչքերիդ նայվածքով և իմացի´ր, որ սրանց ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու» (Ժող. 11.9):

Դավիթ թագավորը, ով «Աստծո սրտի համեմատ մարդ» էր համարվում, դարձյալ գայթակղություն ունեցավ ինքնուրույն որոշելու, թե ինչպես պետք է Աստծո տապանակը տեղափոխել: Նրան թվում էր, թե մեծ պատիվ է մատուցում Տիրոջը` հանձնարարելով, որ տապանակի համար նոր սայլ պատրաստեն: Երեսուն հազար երևելի մարդկանցով, դափով, ծնծղաներով, քնարներով, տավիղներով ու պարով Դավիթը Աբինադաբի տնից բերում է Աստծո տապանակը, սակայն ճանապարհին «Ոզան ձեռքը մեկնեց Աստծո տապանակին և բռնեց նրան, որովհետև եզները ծռել էին նրան: Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված զարկեց նրան այնտեղ այս հանցանքի համար, և նա մեռավ նույն տեղը` Աստծո տապանակի մոտ» (Բ Թագ. 6. 6,7): Դավիթը սարսափած՝ տապանակը տանում է Գեթացի Աբդեդոմի տուն: Ամիսներ անց Դավիթը, Տիրոջ խոսքին հնազանդվելով, տեղ է պատրաստում տապանակի համար և Տիրոջ հանձնարարած ձևով այն տեղափոխում է. «Ոչ ոք վեր չառնի Աստծո տապանակը՝ բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրանց ընտրեց, որ կրեն Աստծո տապանակը և նրան ծառայեն հավիտյան»…. Եվ Դավիթը կանչեց Սադովկ և Աբիաթար քահանաներին…. և նրանց ասաց. «….Սրբե´ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որ Իսրայելի Տեր Աստծո տապանակը վեր տանեք նրա համար իմ պատրաստած տեղը: Որովհետև սկզբում ձեր չլինելու համար մեր Տեր Աստվածը մեզ հարվածեց, որովհետև Նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է» (Ա Մնաց. 15. 2, 11-13):

Կարող են լինել դեպքեր, երբ Տիրոջից ստացած տեսիլքն անհրաժեշտ է միառժամանակ գաղտնի պահել, քանի որ ժամանակից շուտ այդ մասին խոսելը կարող է խանգարել, դժվարություններ ստեղծել  դրա իրականացման համար: Հիսուս Քրիստոսը խաչելությունից առաջ Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ սար բարձրացավ: Այնտեղ Նա կերպարանափոխվեց. «….Նրա երեսը փայլեց, ինչպես արեգակը, ու Նրա հանդերձները լույսի պես սպիտակ եղան: Եվ ահա, երևացին Մովսեսն ու Եղիան, որ Նրա հետ խոսում էին: ….Մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա, և ահա, մի ձայն եղավ այն ամպից, որ ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանել եմ, Նրան լսեք»: ….Երբ նրանք սարից իջնում էին, Հիսուսը պատվիրեց. «Ոչ ոքի չպատմեք այդ տեսիլքը, մինչև որ մարդի Որդին մեռելների միջից հարություն առնի»» (Մատթ. 17. 1-9): Աշակերտները, եթե պատմեին, անշուշտ, Փրկչի խաչելության հետ կապված խոչընդոտներ կստեղծեին:

Տերը, երբ տեսիլք է ցույց տալիս, ոտքի է հանում համապատասխան մարդկանց: «Կեսարիայում մի մարդ կար՝ Կոռնելիոս անունով…. Նա օրվա իններորդ ժամին տեսիլքով տեսավ Աստծո հրեշտակին, որ, մտնելով նրա մոտ, ասում էր նրան՝ Կոռնելիո´ս: Ն ա էլ, նրան տեսնելով, շատ վախեցավ ու ասաց. «Ի՞նչ է, Տե´ր»: Եվ նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու ողորմությունները վեր ելան Աստծո առաջ` հիշատակի համար: Եվ հիմա մարդի´կ ուղարկիր Հոպպե ու կանչի´ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում: Նա հյուր է կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովի մոտ է. նա կասի քեզ՝ ինչ պետք է անել» (Գործք 10. 1-8): «Եվ հետևյալ օրը , երբ…. Պետրոսը վեր ելավ կտուրը՝ վեց ժամի մոտերքը աղոթք անելու, սովեց ու կամենում էր ճաշել: Ե վ նրանք կերակուր պատրաստելիս մտքի հափշտակություն եղավ նրա վրա, և տեսավ երկինքը բացված և մի մեծ կտավի պես անոթ՝ չորս ծայրից կապած, իջավ երկրի վրա…. Եվ երբ Պետրոսը զարմացած էր, թե ինչ է նշանակում այս տեսիլքը, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, Սիմոնի տունը որոնելով, դռան մոտ կանգնեցին ու հարցրին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այստե՞ղ է հյուր: Եվ դեռ Պետրսը այն տեսիլքի համար միտք էր անում, Հոգին նրան ասաց. «Ահա, երեք մարդ քեզ են որոնում, վե´ր կաց, իջի´ր և գնա´ նրանց հետ առանց խղճմտանքի, որովհետև Ես եմ ուղարկել նրանց» (Գործք 10. 9-20):

Գործք առաքելոց 10-րդ գլուխն ամբողջությամբ ներկայացնում է, թե ինչպես Տերը տեսիլքով խոսեց թե՛ Կոռնելիոսի և թե՛ Պետրոսի հետ, որպեսզի հայտնի Իր ցանկությունը Հիսուս Քրիստոսի փրկության լուրը հեթանոսներին հասցնելու վերաբերյալ: Սա ցնցող իրադարձություն էր թե՛ աշակերտների, թե՛ հեթանոսների համար:

Մեղքի պատճառով Տիրոջ տեսիլքը կարող է անհասկանալի դառնալ այն մարդկանց համար, ովքեր երբեմնի տեսիլք տեսնողներ ու մեկնաբանողներ էին. «Ապշե´ք և զարմացե´ք…. Նրանք հարբած են, բայց ոչ գինով, նրանք դանդաղում են, բայց ոչ ցքիից, որովհետև Տերը ձեզ վրա թմրության հոգի է թափել և կապել է ձեր աչքերը, մարգարեներին և ձեր գլխավորներին, որ տեսիլք էին տեսնում, քողարկել է: Եվ ամեն մի տեսիլքը ձեզ համար պիտի լինի կնքված գրքի խոսքերի պես, որ կտան գրագետին ու կասեն` կարդա´ սա, ու նա կասի` չեմ կարող, որովհետև կնքված է» (Եսայի 29. 9-11):

Տերը կարող է տեսիլքն ընդհանրապես կտրել երկրից, եկեղեցուց, մարդկանց կյանքից` չարության, անհնազանդության և այլ մեղքերի պատճառով. «Թշվառություն թշվառության վրա է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու, և նրանք տեսիլք պետք է որոնեն մարգարեից, և օրենքը պիտի կորչի քահանայից, և խորհուրդը` ծերերից: Թագավորը սուգ պիտի անի, իշխանը ապշություն պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան: Նրանց ընթացքի համեմատ պիտի անեմ նրանց և նրանց դատաստաններով պիտի դատեմ նրանց, և նրանք կիմանան, որ Ես եմ Տերը» (Եզեկ. 7. 26,27):

Յուրաքանչյուր մարդ պետք է խիստ զգույշ լինի, քանի որ կան մարդիկ, ովքեր սուտ տեսիլքներով ցանկանում են աստվածային տեսիլքով շարժվող մարդկանց շեղել ճիշտ ճանապարհից: Յուրաքանչյուր տեսիլքի հիմքում Աստծո կամքն արտահայտող խոսք պետք է լինի: «Նրանք դատարկ տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, որ ասում են. «Տերն է ասում», թեև Տերը նրանց չի ուղարկել, և հույս են տալիս, թե խոսքը պիտի կատարվի» (Եզեկիել 13.6):

Տիրոջից տրված տեսիլքն անպայման կատարվում է Նրա որոշած ժամանակահատվածում. «…. Գրի´ր տեսիլքը և նշանակի´ր տախտակների վրա, որպեսզի վազի նրան կարդացողը: Որովհետև տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է և շտապում է վախճանին և չի ստի. եթե ուշանա էլ, սպասի´ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և ետ չի մնա» (Ամբակում 2. 2,3):

ՄԱՍ 1- ում ներկայացրել եմ իմ վկայությունը՝ Տիրոջ անսպառ սիրո,  հավատարմության, ուշացող կամ անհնարին թվացող տեսիլքի ճիշտ ժամանակին կատարվելու մասին:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00