Հոկտեմբեր 18, 2019 Warrior

ՏԵՍԻԼՔ: Ի՞ՆՉ Է ՏԵՍԻԼՔԸ: (ՄԱՍ  1.)

 ՏԵՍԻԼՔՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկանում եմ ներկայացնել իմ վկայությունը՝ Տիրոջ անսպառ սիրո,  հավատարմության, ուշացող կամ անհնարին թվացող տեսիլքի ճիշտ ժամանակին կատարվելու մասին:

1997 թվականի ամառն էր: «Կյանքի Խոսք» եկեղեցու ծառայողական թիմով մեկնել էինք Ծաղկաձոր` հանգստանալու: Տքնաջան աշխատանքից հետո դա բաղձալի տասնօրյա հանգիստ էր բոլորիս համար: Ավտոբուսից դեռ նոր էի իջել ու գնում էի՝ ինձ հատկացված սենյակի բանալին վերցնելու, երբ տեղեկացրին, որ հովիվն ինձ է փնտրում: Ճամպրուկս միջանցքում թողնելով`գնացի հովվի սենյակ: Առանց նախաբանի` նա ինձ մեկնեց մի գիրք ու ասաց, որ սկսում ենք անտուն-թափառականների ծրագիրը: Ես փորձեցի հիշեցնել հովվին, որ բոլորս էլ անտանելի հոգնած ենք, գոնե այս տասն օրը հանգստանանք, հետո Երևանում կխոսենք այդ մասին: Նա լսեց ինձ, բայց պատասխանեց. «Այս գիրքը կարդա´, շատ լավն է: Հետո, երբ անտուն-թափառականների ծրագիրն ավարտենք, կսկսենք մի նոր ծրագիր՝ փողոցում թափառող երեխաների համար»:

Գիրքը վերցրի ու գնացի՝ սենյակիս բանալին ստանալու: Ճամպրուկս թողեցի սենյակում, Աստվածաշունչն ու նոթատետրս վերցնելով` գնացի՝ աղոթքի համար հարմար տեղ փնտրելու: Հնարավորության սահմաններում հեռացա հանգստյան գոտուց. ինձ մի ամայի վայր էր պետք, որտեղ ոչ ոք չէր խանգարի: Ընդհանրապես, երբ հովիվը որևէ հանձնարարություն է տալիս, ես, թողնելով ցանկացած կարևոր գործ, առանձնանում եմ աղոթելու, որպեսզի Տիրոջից ստանամ այդ հանձնարարությունն իրականացնելու ճիշտ ճանապարհը: Իսկ սա առավել կարևոր էր, քան որևէ այլ հանձնարարություն: Սա մի նոր տեսիլք էր երկնքից՝ անտուն-թափառականների կյանքը փոխելու մասին: Հայաստանում այդ ժամանակ հարյուրավոր անտուն-թափառականներ կային, ովքեր ցերեկը աղբանոցում հաց էին փնտրում, իսկ գիշերը ապաստան էին գտնում մետրոյի փակ դռների մոտ, գետնանցումներում, Կոնսերվատորիայի շենքի ետնամասում, բարձրահարկ շենքերի տանիքներին… Նրանց թիվը գնալով մեծանում էր. քանի որ Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, Երևան էին եկել հեռավոր գյուղերից բազմաթիվ մարդիկ`աշխատանք գտնելու հույսով, իսկ Երևանում ապրողներից հարյուրավորներն էլ մեկնել էին արտերկիր`վաճառելով բնակարանները, սակայն ոմանք, հաջողության չհասնելով, վերադարձել ու հայտնվել էին փողոցում: Կար անտուն-թափառականների մի ստվար զանգված, որ փողոցում էր հայտնվել խրթին բնավորության և ոչ ճիշտ մտածելակերպի պատճառով:

Ես աղոթում էի ու խնդրում Տիրոջը, որ ինձ Խոսք տա և ուղղորդի՝ այդ տեսիլքն իրականացնելու: Փա¯ռք Տիրոջը, Նա չթողեց երկար մնամ այդ վայրում, տվեց Խոսք և ծրագիր՝ այդ Խոսքն իրականացված տեսնելու համար: Ծրագիրը կոչվելու էր «Աստվածային երրորդ ճանապարհ անտուն-թափառականների համար» և իրականացվելու էր երեք տարվա ընթացքում`սկսած 1998 թվականից:  Ծրագիրը կոչվելու էր «երրորդ ճանապարհ», քանի որ անտուն-թափառականն ունի երկու ճանապարհ՝ կա´մ վտանգներով լի կյանք և անժամանակ մահ, կա´մ անօթևան կյանք մինչև ծերություն: Տերը շնորհում էր երրորդ ճանապարհ` տալով բնակարան, աշխատանք, նոր կյանք սկսելու հնարավորություն: Դա էր փաստում Աստվածաշնչից իմ ստացած խոսքը. «Անապատը ջրերի լիճ է փոխում, և ծարավ երկիրը`ջրերի գնացք: Եվ այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հաստատում բնակվելու համար» (Սաղմ. 107. 35,36): Որևէ մեկն աստվածաշնչյան այս խոսքերը կարդալիս, հավանաբար, չի պատկերացնի, որ Տերն այս խոսքերով ինձ ասում էր՝ նրանք բնակարան են ունենալու: Տեսիլք ստանալը հենց սա է. Տերը տալիս է Խոսք, ու Սուրբ Հոգին մեկնաբանում է այդ Խոսքը, այնուհետև բացում է մեր հոգևոր աչքերը և ցույց տալիս ճանապարհը, թե ինչպես պետք է ընթանա ծրագիրը, որպեսզի վերջում իրականություն դառնա մեր ստացած Խոսքը (այս դեպքում`նրանք սեփական բնակարաններ ունենան, ու անապատային կյանքը վերածվի «ջրերի գնացքի»):

Սուրբ Հոգու առաջնորդությամբ ես արագ գրում էի ծրագրի իրականացման ընթացքը: Մենք մեկ տարի շարունակ այցելելու էինք անտուն-թափառականներին, հետազոտելու էինք նրանց վարքագիծը, իմանալու էինք անտուն դառնալու պատճառները, լսելու էինք իրենց կարծիքը մեր ծրագրի վերաբերյալ… Ծրագրի մեջ ներառելու էինք այն մարդկանց, ում Սուրբ Հոգին ցույց կտար: Առաջին փուլում ընդգրկվելու էր 16 մարդ: Ես, նյութը չծանրաբեռնեու համար, մանրամասնությունները չեմ գրում, ուղղակի ցանկանում եմ նշել, որ ծրագրի վերականգնման փուլը իրականացվելու էր Երևանում, որտեղ նրանք բուժզննման պետք է ենթարկվեին, անհրաժեշտության դեպքում`բուժվեին, բազմամասնագիտական թիմի`հոգեբանների, սոց. աշխատողների, աստվածապաշտ ուսուցիչների աջակցությամբ դուրս գային սթրեսային վիճակից: Երկրորդ փուլն անցկացվելու էր Թալինի շրջանի Ագարակ գյուղում: Այդտեղ նրանք զբաղվելու էին հողագործությամբ և անասնապահությամբ, վարժվելու էին կարգ ու կանոնին, աշխատանքային գրաֆիկին, ապրելու էին իրենց իսկ աշխատանքով: Երրորդ փուլում վերադառնալու էինք Երևան, նրանք սովորելու էին Աստվածաշնչյան դպրոցում, որպեսզի ավելի լավ ճանաչեին Տիրոջն ու Նրա կամքը`հետագայում փորձությունները շրջանցելու և աստվածահաճո կյանքով ապրելու համար: Այդ ընթացքում պետք է գտնեին համապատասխան աշխատանք և մեր կողմից ապահովվեին բնակարաններով:

Խոսքը և տեսիլքի իրականացման ընթացքը Տիրոջից ստանալուց հետո վերադարձա հյուրանոց: Հանգստյան օրերիս մեջ մտել էր մի անհանգստություն`որտեղի՞ց այդքան գումար՝ ծրագիրն իրականացնելու համար: Մի օր`գիշերվա կեսին, բարձրացել էի հյուրանոցի տանիք. շատերն էին բարձրանում այնտեղ՝ աստղազարդ երկնքով հիանալու համար: Այդ օրը երկնքում համարյա աստղ չկար: Շրջապատում խոր լռություն էր: Ես աղոթում էի ու Տիրոջից ճանապարհ խնդրում ծրագրի ֆինանսավորման համար: Սուրբ Հոգին ասաց. «Նայի´ր երկնքին: Մութ է, չէ՞: Ոչինչ չի երևում, նույնիսկ որևէ նշույլ չկա, որ մի քանի ժամից արևը դուրս է գալու, բայց դու գիտես, որ այն անպայման դուրս է գալու: Այդ ձևով էլ այսօր որևէ ճանապարհ չես տեսնում ֆինանսավորման համար, բայց Ես եմ ասում, որ ֆինանսավորելու եմ մինչև վերջ»: Ես խաղաղվեցի, քանի որ ճանաչում էի Խոստացողին:

Վերադարձանք Երևան: Շատ անսպասելի հրավեր ստացա Անգլիայից՝ անտուն-թափառականներին աջակցելու վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար: Հրավիրող կողմին ճանաչում էի, քանի որ նրանք արդեն մեկ անգամ ֆինանսավորել էին իմ ուսումը Լոնդոնում: Այս անգամ նույնպես բոլոր ծախսերն իրենք էին հոգալու, ինձ մնում էր միայն համաձայնություն տալ:

Դասընթացն ինձ համար առավել քան կարևոր էր: Միայն մի բան ինձ դուր չեկավ. նրանք սովորեցնում էին, որ եթե տասը անտուն-թափառականից մեկը փոխվի, պիտի երջանիկ լինենք ու համարենք ծրագիրը հաջողված: Ես մտածում էի, որ բոլորն էլ պիտի փոխվեն: Շատ էի միամիտ…

 Վերադարձա Երևան, և օգնականներիս հետ սկսեցինք հետազոտման փուլը: Շաբաթը մեկ անգամ`գիշերային ժամերին, այցելում էինք նրանց: Անտուն-թափառականների ամենամեծ խումբը հավաքվում էր Կոնսերվատորիայի շենքի ետնամասում: Խմբով նրանք ապահով էին զգում, քանի որ թափառող շներն ու ոստիկանները նրանց համար մեծ վտանգ էին ներկայացնում: Այդ այցելություններն ու զրույցները օգնում էին մեզ՝ հասկանալու նրանց մտածելակերպը, բնավորությունը: Ի զարմանս մեզ`ոչ բոլորն էին համաձայնում ընդգրկվելու մեր ծրագրի մեջ`ասելով. «Էս ազատ, անկախ կյանքը թողնեմ, գամ ձեր կանտրոլի տակ ապրե՞մ: Ուզում եք տուն տալ`տվեք, ձեզ ինչ, թե ես ոնց կապրեմ»:

Ծրագիրը սկսեցինք 1998 թ. հոկտեմբերին: Արդեն ցուցակը պատրաստ էր, թե ովքեր էին ընդգրկվելու ծրագրի մեջ: Համապատասխան բժիշկների հետ պայմանավորվել էինք նրանց բուժզննումն անցկացնելու համար: Անհրաժեշտ էր ֆինանս`տարածք վարձակալելու, սննդի, դեղորայքի, հագուստի և կոմունալ ծախսերի համար: Երբ առաջին փուլի ֆինանսական ծախսերի ցուցակն իմ ձեռքում էր, նույն գիշեր Սուրբ Հոգին ինձ արթնացրեց քնից: Նրա առաջնորդությամբ ես բացեցի Աստվածաշունչն ու կարդացի Նրա ցույց տված հատվածները: Անկեղծ ասած`սարսափեցի ու ասացի. «Տե´ր, հուսով եմ այս խոսքերը չեն վերաբերում մեր նոր սկսվող ծրագրին: Հավատում եմ, որ Դու այս ճանապարհով չես ֆինանսավորելու այդ ծրագիրը»: Նյութը չծանրաբեռնելու համար՝ ես չեմ գրում աստվածաշնչյան այդ խոսքերը, առավել ևս, որ պատրաստվում եմ գիրք գրելու «Տեսիլք և նրա իրականացումը» թեմայով, որտեղ ամեն բան մանրամասն կգրառեմ: Տերը ոչինչ չպատասխանեց, այլ տեսիլքով ցույց տվեց մի տարածք ու ասաց, որ իմ ստացած Խոսքի համաձայն՝ գնամ ու վարձակալման պայմանագիր կնքեմ այդ տարածքից 12 սենյակ վերցնելու համար:

Առավոտյան գնացի ու գտա այդ տարածքի համար պատասխանատու անձանց ու խնդրեցի ցույց տալ ներսը: Ներսը հենց այն էր, ինչ տեսել էի տեսիլքով. ինձ մնում էր միայն պայմանագիրը կնքել: Մեկ տարով վարձակալման պայմանագիրը կազմելիս ասացի, որ պարտավորվում ենք վարձավճարը տալու յուրաքանչյուր ամսվա վերջին: Այլ բան չէի էլ կարող առաջարկել, քանի որ այդ պահին բացարձակ ֆինանս չկար, կար միայն գիշերվա կեսին ստացած խոսքս, որի համաձայն՝ Տերը մեզ ամոթով չէր թողնելու: Հենց հաջորդ օրն արագ մաքրեցինք տարածքն ու բերեցինք անտուն-թափառականներին: Տերը հոգում էր հագուստի, սննդի, բժշկական ծախսերի մասին, բայց ամիսն արդեն ավարտվում էր և անհրաժեշտ էր նաև բավական խոշոր գումար՝ վարձավճարը տալու և կոմունալ բոլոր ծախսերը փակելու համար: Մեծ համարձակություն էր պահանջվում`մտնելու այդ շենք, դահլիճում հավաքելու արդեն նախկին անտուն-թափառականներին և ասելու. «Եկեք աղոթենք, որ Տերը ֆինանս տա հոսանքի վարձն այսօր փակելու համար, այլապես վաղն արդեն լույս չենք ունենա, իսկ եթե 2-3 օրից շենքի վարձը չվճարենք, դուք նորից դրսում կհայտնվեք»: Ինչպե՞ս կարող էի սա ասել, երբ նրանց ծրագրի մեջ ընդգրկելիս խոստացել էի, որ երեք տարի անց, եթե յուրաքանչյուրը դրսևորի իրեն հավուր պատշաճի, ինչպես նախապես կնքված մեր համաձայնագրի մեջ է նշված, ապա կստանա բնակարան: Հոսանքի ու վարձակալման համար վճարել չկարողացողը մի՞թե երեք տարի անց բնակարան կտա: Նրանք այնքան հոգևոր հասունություն չունեին, որ ասեի. «Հավատարիմ է Խոստացողը. ես ձեզ խոստացել եմ, որովհետև Տերն էլ ինձ է խոստացել»: Ինչևէ, այլընտրանք չունենալով`մտա շենք ու խնդրեցի, որ բոլորը հավաքվեն դահլիճում: Միայն ես էի աստվածապաշտ, մյուսները վերականգնման փուլն էին անցնում… Բոլորին առաջարկեցի, որ շրջան կազմած և միմյանց ձեռքից բռնած կանգնեն և ուշադիր լսեն՝ ինչ եմ ասում: Երբ շրջան կազմեցինք, նրանց ասացի. «Գիտեք, որ ես աստվածապաշտ եմ, ու այս գործը ձեռնարկել է եկեղեցին: Աստված միշտ հավատարիմ է եղել, և յուրաքանչյուր գործ, որը եկեղեցին ձեռնարկել է Աստծո ցանկությամբ, իրականացել է: Անկախ նրանից՝ դուք կայցելե՞ք եկեղեցի, թե՞ ոչ, ընտրությունը ձերն է, հիմա պիտի հավատաք, որ Աստված է ասել մեզ՝ այս գործը ձեռնարկենք: Մենք հավատացել ենք Նրան, հիմա դուք էլ պիտի հավատաք ու ինձ հետ աղոթեք: Միասին պիտի խնդրենք մեր Աստծուն, որ հոգա մեր բոլոր կարիքները, և օգնի՝ մարելու մեր հոսանքի և տարածքի վարձավճարները: Փա¯ռք Ամենակարողին, մարդիկ հավատացին և ինձ հետ աղոթեցին: Աղոթքը կարճ էր, բայց լի էր հավատքով: Ես դուրս եկա շենքից և գնացի ոչ հեռու գտնվող եկեղեցու գրասենյակ: Դեռ նոր էի մտել, երբ հովիվ Արթուրը, ինձ տեսնելով, ասաց. «Գա´յ, մտի´ր հաշվապահություն ու քեզ որքան գումար պետք է, ասա՝ դուրս գրեն»: 1991 թվականից, երբ հիմնվել է սոցիալական ծառայությունը, առ այսօր`շուրջ 28 տարի, հովիվն ինձ այլևս նման բան չի ասել: Եկեղեցում ամսվա սկզբին ենք հաշվապահությանը ներկայացնում մեզ անհրաժեշտ ծախսերը և ամսվա ընթացքում մաս-մաս ստանում ենք: Ես տարածքի վարձակալման գումարը և հոսանքի վարձը ամսվա սկզբին չէի ներկայացրել, քանի որ Տերն ինձ խոստացել էր, որ Ինքն անպայման կվճարի: Ինչպես նշեցի, այդ խոստումը Նա տվել էր, երբ գիշերն ինձ արթնացրել էր: Ես այդ գիշեր սարսափած էի, քանի որ Նա ասել էր՝  ծրագիրն սկսեմ, պայմանագիրը կնքեմ, իսկ ընթացքում Ինքը հավատարմությունը ցույց կտա: Սարսափած էի, քանի որ մտածում էի՝ իսկ եթե ինձ հետ խոսողը Տերը չէ՞… ի՞նչ եմ պատասխանելու տարածքի պատասխանատուներին, ինչպե՞ս եմ բացատրելու նախկին թափառականներին… Սակայն Սուրբ Հոգին օգնեց, որ համոզվեմ ու հավատքի քայլ անեմ: Դրանից ելնելով`անհրաժեշտ ծախսերը բյուջեում չէի ներկայացրել:

Փա¯ռք ամենակարող Աստծուն: Նա, հովվի հետ խոսելով, ինձ ցույց տվեց, որ այս գործը եկեղեցին սկսել է Իրենով, ու Ինքը հավատարիմ կլինի այնքան, որքան ես հավատարիմ կլինեմ Իրեն ու այս տեսիլին:

Հոսանքի գումարն անմիջապես ստացա եկեղեցու հաշվապահական սենյակից, իսկ երկու օր անց սոցիալական ծառայության հաշվեհամարին հայտնվեց այն գումարը, որը մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ էր «Աստվածային երրորդ ճանապարհ՝ անտուն-թափառականների համար» ծրագրին: Այնուհետև այդ խոշոր գումարն ուղարկողից նամակ ստացա, որ ներկայացնեմ ծրագիրն ամբողջությամբ, որպեսզի իրենք հետագայում վճարեն ամբողջ գումարը:

Այդ երեք տարվա ընթացքում բազում փորձություններ անցանք: 16 անտուն-թափառականներից ծրագրի ավարտին մնացին 7-ը, մեկն էլ ծերանոցում էր. նա նրանցից մեկի մայրն էր: Քանի որ զավակը փողոցում էր մնացել 8 տարի` մինչ մեզ հանդիպելը, ծեր մորը տարել էր ծերանոց: Մենք ժամանակ առ ժամանակ այցելում էինք նրան: Ծրագրի ամբողջ ընթացքում ավելի լավ էի հասկանում, թե ինչու էին Անգլիայում մեզ սովորեցնում՝ եթե 10-ից մեկն էլ փոխվի, ծրագիրը հաջողված համարեք: Այդ փորձությունների ժամանակ Ագարակ գյուղ եկած ամբողջ ծառայողական թիմը հեռացավ ծառայությունից: Երկուսը դուրս եկան հարգելի պատճառներով, բայց մյուսները, չդիմանալով դժվարություններին, լքեցին ծրագիրը: Շատերն էին ինձ հորդորում`թողնել սկսածս գործը, ասում էին. «Դրանք արժանի չեն, որ այդքան ժամանակ, ֆինանս, առողջություն փչացնես…»: Միայն Տերը գիտի, թե ծրագրի մեջ ընդգրկվածներից հատկապես երկուսի պատճառով քանի անգամ եմ ոստիկանությունում հայտնվել, որքան «թուք ու մուր» եմ կերել: Քանի որ ծրագրում ծառայող 12 հոգանոց թիմից միայն ես էի մնացել, Երևանից տեղափոխվեցի Ագարակ: Մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի ժամանակավորապես ապրել նրանց կողքին: Սոցիալական ծառայության մյուս ծրագրերը ևս ղեկավարում էի Ագարակից, իսկ ամսվա մեջ 1-2 անգամ գնում էի Երևան՝ ստուգելու արված գործերը:

Տերը հավատարիմ է, երբ դու էլ ես հավատարիմ: Տարի ու կես ապրեցի նրանց հետ: Չեմ կարող ասել` հեշտ էր, թեպետ լավ օրեր էլ ունեցանք: Մեծ, պտղատու ծառերով լի այգի ունեինք, նաև մի մեծ դաշտ ունեինք, որտեղ ցորեն ցանեցինք, հավեր, հնդկահավեր, խոզեր պահեցինք: Սուրբ Հոգու առաջնորդությամբ ղեկավարում էի այդ  բոլոր աշխատանքները: 2000 թվականին վերադարձանք Երևան, որպեսզի այդ մարդիկ սովորեին Աստվածաշնչյան դպրոցում և իրենց ինքնուրույն կյանքը հիմնեին Հիսուս Ժայռի վրա:

Ծրագրի ավարտին մնացել էր 5 ամիս, երբ սոցիալական ծառայության հաշվեհամարին հայտնվեց այնքան գումար, որն անհրաժեշտ էր 8 հոգու, այդ թվում՝ ծերանոցում բնակվողի համար բնակարաններ գնելու: Այդ երեք տարիների հետ կապված բոլոր թղթապանակներն ու փաստաթղթերը պահվում են «Կյանքի Խոսք» եկեղեցու արխիվում: Այդ տարիների մասին կարող են պատմել այն մարդիկ, ովքեր ընդգրկված են եղել ծրագրի մեջ թե´ որպես կամավորականներ, թե´ որպես նախկին անտուն-թափառականներ, որոնք այսօր մեր կողքին են:

Բոլորի համար բնակարաններ գնեցինք Երևանում: Ի դեպ, հենց իրենք էին որոշում և ընտրում, թե ինչպիսի տուն են ուզում և Երևանի որ հատվածում: Նրանցից մեկն ամուսնացավ մեր սոցիալական ծառայության կամավորականներից մեկի հետ, և այսօր երեք սքանչելի տղա ունեն:

Պողոս առաքյալն ասում է. «…. Ես անհնազանդ չեղա այն երկնային տեսիլքին….  Սրա համար հրեաներն ինձ տաճարում բռնելով՝ ուզում էին սպանել, բայց քանի որ Աստծուց ինձ օգնություն հասավ, ես մինչև այսօր կանգնած վկայում եմ փոքրին և մեծին….« (Գործք 26. 19-22):

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00