Աղոթք, որն ունի պատասխան
Բնական է, որ մարդն ունի խոչընդոտները հաղթահարելու բուռն ցանկություն։ Ցանկությունը լավ է, բայց անհրաժեշտ է կարողություն։ Փա՜ռք մեր Հիսուս Փրկչին, Ով խաչելությունից առաջ ասաց․ «Եվ Ես Հորը կաղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև չի տեսնում Նրան և ոչ էլ ճանաչում է Նրան, բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի» (Հովհ․ 14.16, 17)։ Ընդարձակ թարգմանությունում գրված է․ «Եվ Ես Հորը կաղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ (Խորհրդատու, Օգնական, Բարեխոս, Փաստաբան, Զորեղացնող, Հենարան), որ մնա ձեզ հետ հավիտյան»։ Հրաշալի է, երբ աստվածապաշտ մարդու հոգում բնակվում է Սուրբ Հոգին, Ով այս ամենն է։ Սուրբ Հոգին նաև մշտապես հաղթանակ պարգևողն է․ «Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհ․ 4.4)։
Ո՞վ է աշխարհի մեջ և ո՞վ է աշխարհի իշխանը։ Սատանան է աշխարհի մեջ, նա է աշխարհի իշխանը՝ մշտապես որոգայթներ լարողը, մարդու ոխերիմ թշնամին․ «Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետր․ 5.8)։ Բայց աստվածապաշտ մարդն ինչպե՞ս կարող է հաղթել սատանային, ինչպե՞ս կարող է դուրս գալ իր դեմ կառուցված որոգայթներից։
Բոլոր դեպքերում, երբ մարդը ցանկանում է հաղթահարել խոչընդոտները, կամ՝ խորհրդի կարիք ունի և ցանկանում է ճանաչել ճշմարտությունը, նա կարող է աղոթել Սուրբ Հոգու լեզուներով, ու Տերը Սուրբ Հոգու առաջնորդությամբ կուղղորդի նրան համապատասխան գործողության։ Մինչ բարդ իրավիճակներում հայտնվելը՝ մարդը պետք է նախապես ու մշտապես ունենա ամենօրյա աղոթքի կյանք, Սուրբ Հոգու լեզուներով աղոթք, Տիրոջ հետ ծածուկ սենյակում հանդիպում, Աստծո Խոսքի ընթերցում և այդ Խոսքին համապատասխան կյանք։ Ինչպես օլիմպիական մրցույթին մասնակցել ու հաղթել ցանկացող մարզիկն է նախապես մարզվում, ենթարկվում մարզչի հրահանգներին, նույնպես և հաղթական կյանքով ապրել ցանկացողը պետք է ենթարկվի Սուրբ Գրքի խոսքերին, իսկ այդ հարցում նրան մշտապես կօգնի Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը։ Առաջին հայացքից դա ընկալվում է որպես բարդ ու անհնարին աշխատանք, մինչդեռ Սուրբ Հոգու առաջնորդությամբ դա ոչ միայն հեշտ է, այլև հաճելի։
Մարդը Սուրբ Հոգու լեզուներով աղոթքով կարող է զարգացնել իր հավատքը․ «Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեք՝ Սուրբ Հոգով աղոթք անելով» (Հուդա 1.20)։ Սուրբ Հոգու աղոթքը նաև շինություն է տալիս մեր ներսի մարդուն, որ հաճելի լինենք Աստծուն. «Լեզվով խոսողը իր անձն է շինում ․․․․» (Ա Կորնթ․ 14.4): Օրինակ՝ մարդը կարող է աղոթել, որ Սուրբ Հոգու պտուղները հաստատվեն ու դրսևորվեն իր կյանքում։
Ես հաճախ եմ աղոթում Գաղատացիս 5.22-23 խոսքերի համաձայն, որտեղ գրված է Հոգու պտուղների մասին, խնդրում եմ Տիրոջը, որ Իր Հոգու պտուղները՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատքը, հեզությունը, ժուժկալությունը Սուրբ Հոգու ձեռքով ձևավորվեն իմ մեջ: Այնուհետև շարունակում եմ աղոթքս Սուրբ Հոգու լեզուներով։ Սա մարդու մշտական աղոթքներից մեկը պետք է լինի, քանի որ կյանքը լի է անօրինություններով, ու չաղոթելու դեպքում նա դուրս է մղվում Տիրոջ սուրբ ճանապարհներից։ Հետագայում՝ չվերականգնվելու դեպքում, Հոգու պտուղների բացակայությունը պարտադրում է նրան՝ ճաշակել պարտությունների դառնությունը։
Լինում են դեպքեր, երբ մարդը տեսնում է խնդիրը, տառապում է դրանից, սակայն չգիտի՝ ինչպես աղոթել։ Նման դեպքերում նա կարող է խոնարհվել Տիրոջ առջև ու անկեղծ ասել․ «Տե՛ր, Դու ես մարգարեն, Դու ես Ալֆան և Օմեգան, Դու ես սիրտ ու երիկամունք քննողը և գիտես՝ ինչպես լուծել իմ խնդիրը»։ Այնուհետև կարող է Սուրբ Հոգու լեզուներով աղոթել տվյալ հարցի լուծման համար, քանի որ Հռոմեացիս 8.26-27-ում գրված է․ «Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչի համար պիտի աղոթենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում, և սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է»։
Լինում են նաև դեպքեր, երբ մարդն անտեղյակ է տվյալ պահին իրեն կամ իր մտերիմներից մեկին սպառնացող վտանգի մասին, բայց Հոգին անհանգիստ է, ու Սուրբ Հոգու լեզուները, իր կամքից անկախ, հորդում են շուրթերից։ Պետք է շարունակել աղոթել այնքան, որքան Հոգին կաղոթի․ «Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ոք չի լսում, բայց Հոգով գաղտնիքներ է խոսում» (Ա Կորնթ․ 14.2):
Տարիներ առաջ էր, աշխատասենյակումս էի ու մինչ ինձ հետաքրքրող նյութն էի փնտրում, ակամայից սկսեցի աղոթել Սուրբ Հոգու լեզուներով։ Աղոթքը հորդում էր հեղեղի նման։ Ստիպված թողեցի գործս ու ծնկի եկա։ Մոտ քսան րոպե աղոթում էի, կարծես ինչ-որ ահարկու գործողության դեմ էի պայքարում։ Աղոթեցի այնքան, մինչև Հոգին հանդարտվեց։ Աշխատանքից հետո երբ տուն գնացի, իմացա, որ այն ժամանակահատվածում, երբ աղոթում էի, զինծառայության մեջ գտնվող երբայրս հրաշքով փրկվել էր մահից։
Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը ցույց է տալիս խնդրի լուծման ճանապարհը․ «Բայց երբ Նա՝ ճշմարտության Հոգին, կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, Իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի, այն կխոսի և գալու բաները կպատմի ձեզ» (Հովհ․ 16.13): Այդ խնդիրը կարող է լինել խիստ հոգևոր, կյանքի ու մահվան վերաբերող, բայց կարող է լինել նաև չափազանց կենցաղային։ Մարդն ամենաթանկն է Տիրոջ համար, ու Նա պատրաստ է օգնելու մարդուն ցանկացած հարցում։
Մի անգամ կարի մեքենայով զգեստ էի կարում։ Հանկարծ թելը կտրվեց։ Նորից թելեցի ու շարունակեցի կարել։ Թելը նորից կտրվեց։ Դա կրկնվեց մի քանի անգամ։ Ես ուսումնասիրում էի մեքենան և փորձում հասկանալ պատճառը։ Տեսնելով, որ ժամանակ եմ կորցնում՝ խոնարհվեցի Տիրոջ առաջ և աղոթեցի․ «Տե՛ր, Դու ամենագետ Աստված ես։ Խնդրում եմ՝ իմաստություն տուր՝ ինչպե՞ս վերացնեմ մեքենայի անսարքությունը»։ Շատ կարճ աղոթքից հետո ձեռքս մեկնեցի մեքենայի վրա գտնվող մի դետալի, որը մինչ այդ չէի նկատել: Դա պտտեցրի, և ամեն բան կարգավորվեց։
Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը մարդուն ցույց է տալիս, որ ինքն Աստծո տաճար է, քանի որ տիեզերքն ստեղծող Աստված, Ով անսկիզբ է և անվախճան, Ով հավիտենությունը պահում է Իր ձեռքերի մեջ, բնակվում է մարդու հոգում․ «Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճարն եք, և Աստծո Հոգին բնակվում է ձեզանում» (Ա Կորնթ․ 3.16):
Մի անգամ Սմիթ Վիգլզվորդին հարցնում են․ «Ո՞րն է գաղտնիքը, որ այսքան շատ հրաշքներ են կատարվում քո միջոցով»։ Նա պատասխանում է․ «Այն ամենը, ինչ ես անում եմ, սա է՝ միշտ հիշում եմ, որ Նա, Ով իմ մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է։ Այս Խոսքից ելնելով՝ համարձակվում եմ գործել»։
Սուրբ Հոգու լեզուներով խոսելու անհրաժեշտության և առավելության մասին ավելին իմանալու համար առաջարկում եմ կարդալ Քենեթ Հեգինի «Մկրտություն Սուրբ Հոգով» և «Քայլեր դեպի աղոթքի պատասխանը» գրքերը։
Շարունակելի