Հոկտեմբեր 21, 2022 Warrior

ՕԾՈՒԹՅՈՒՆ

Օծությունը քրիստոնյայի կյանքում կարևորագույն գործոն է։ Այդ մասին խոսվում է Աստվածաշնչում։ Քրիստոնյայի կյանքում օծությունը դրսևորվում է երեք ձևով, և այն պետք է աճի ու թարմանա։ Մարդը, երբ Հիսուս Քրիստոսին ընդունում է իր կյանքի Տեր ու Փրկիչ, ստանում է աստվածապաշտի օծություն՝ «Եվ դուք օծություն ունեք այն Սուրբից և ամեն բան գիտեք» (Ա Հովհ․ 2.20)։ «Եվ այն օծությունը, որ դուք Նրանից ընդունեցիք, բնակվում է ձեզանում, ու դուք կարիք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ է և սուտ չէ, և ինչպես Նա սովորեցրեց ձեզ, մնացեք նրանում» (Ա Հովհ․ 2.27, 28): Աստվածապաշտի օծությունն օգնում է հայտնություններ ստանալ Աստծո Խոսքից ու կիրառել ամենօրյա կյանքում։ Այս օծության շնորհիվ իրականացվում է մեր Փրկչի պատգամը․ «Գնացե՛ք ամբողջ աշխարհով, Ավետարա՛նը քարոզեք ամեն արարածի: ….Նրանք, որ հավատացին, այս նշանները կտեսնեն՝ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, ու նրանք կառողջանան» (Մարկ․ 16.15-18):  Այո՛ և ամե՛ն այս խոսքին, բայց սա չի նշանակում, որ հավատացյալն այլևս կարիք չունի որևէ բան սովորելու այլ հավատացյալից՝ ընկերոջից, հովվից, այլ քարոզիչներից։ Մարդը միշտ է սովորում, պարզապես պետք է արթուն լինի, օծության թարմ յուղի մեջ ապրի, որպեսզի չխաբվի ու չմոլորվի:

 

Երկրորդ օծությունը քրիստոնյան ստանում է ծառայության մեջ մտնելիս՝ ծառայողի օծություն, քահանայական օծություն։ Այս օծությունը սովորեցնում է, ուղղորդում է քրիստոնյային ծառայության ընթացքում կատարել Աստծո կամքը։

 

Երեսուն տարուց ավելի ղեկավարելով եկեղեցու սոցիալական ծառայությունը՝ իրականացվող յուրաքանչյուր ծրագրի տեսիլքը ստացել եմ իմ հովվից, իսկ դրա իրագործման ճանապարհը՝ Սուրբ Հոգուց։ Ներկայացնեմ այդ ծրագրերից մեկը՝ խոսքս հասկանալի դարձնելու համար։ 1997 թվականի օգոստոսն էր։ Հովիվ Արթուրն ինձ ասաց, որ պետք է օգնենք Հայաստանի անտուն թափառականներին։ Այդ ժամանակ Երևանի փողոցներն ու ճամփեզրերը լի էին ծայրահեղ աղքատ, հիվանդ, գարշահոտ մարդկանցով։ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը անմխիթար էր։ Որոշ եկեղեցիներ ու բարի մարդիկ, հնարավորության սահմաններում, սնունդ էին բաժանում նկուղներում, գետնանցումներում գիշերող անտուններին։ Նրանց վիճակն անպատմելի վատ էր և անելանելի։ Թափառականներն ունեին երկու ճանապարհ․ անմարդկային կյանքով ապրել մինչև մահ կամ ինքնասպանությամբ ընդհատել կյանքը։ Հովվից ստանալով նոր ծրագրի տեսիլքը՝ առանձնացա աղոթելու համար։ Միայն Աստված կարող էր ցույց տալ անտուն-թափառականներին օգնելու Իր ճանապարհը, քանի որ հովիվն այդ տեսիլքը ստացել էր Տիրոջից։ Սուրբ Հոգին խոսում էր, ես գրում էի։ Ծրագիրը կոչվելու էր «Աստվածային երրորդ ճանապարհ անտուն թափառականների համար»։ Համառոտ ներկայացնեմ ստացածս. «Ծրագրում ընդգրկված անտուն մարդիկ ունեն երրորդ ճանապարհ, որը նրանց առջև կբացի Եկեղեցին գթության ծառայության թիմի միջոցով։ Գթության ծառայողների անձնվեր աշխատանքի և անտուն թափառականների հոժար կամքի միջոցով կփոխվի յուրաքանչյուրի մտածելակերպը, կյանքը: Նրանք կաշխատեն, կկահավորեն այն բնակարանները, որ ձեր միջոցով կտամ նրանց»։ Այս Խոսքը հաստատելու համար Տերը Աստվածաշնչից տվեց հետևյալ խոսքերը․ «Անապատը ջրերի լիճ է փոխում, և ծարավ երկիրը՝ ջրերի գնացք։ Այնտեղ բնակեցնում է սովածներին, ու նրանք քաղաք են հաստատում բնակվելու համար» (Սաղմ․ 107․ 35, 36)։ Տեսիլքն իրագործվելու էր երեք տարվա ընթացքում։ Ծրագրում ընդգրկվեց 16 անտուն թափառական։ Երեք տարվա աշխատանքի ընթացքում նրանցից ութի կյանքում իրականացավ աստվածային տեսիլքը։ Հոգսերով, տագնապներով, հիասթափություններով ու երջանիկ օրերով լի տարիներ էին։ Որքան էլ զարմանալի էր, այդ 16-ի մեջ եղան թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, որոնք 5 տարուց ավելի դրսում էին ապրել թե՛ ձմռան ցրտին, թե՛ ամռան տապին,  բայց նախընտրեցին վերադառնալ նախկին կյանքին։ Նրանք ապրում էին իրենց հորինած փիլիսոփայությամբ․ «Մենք քամու նման ազատ ենք, ձեր կարգուկանոնը կապանքներ է դնում մեր ոտքերին»։ Եղան նաև մարդիկ, որոնք ցանկանում էին շարունակել իրենց նախկին կյանքը՝ թափառել փողոցներում, սնվել աղբամաններից, բայց ապրել մեր նվիրած բնակարաններում։ Նրանք չէին հանդուրժում գթության ծառայության կողմից առաջարկվող սոցիալ-հոգեբանական աշխատանքը։ Հրաժարվում էին աշխատելուց։ Միայն ութը դուրս եկան իրենց «հարմարավետության գոտուց», փոխեցին իրենց մտածելակերպը ու 2001 թ-ին հաստատվեցին իրենց նոր բնակարաններում։ Այդ բնակարաններն այսուհետ նրանց սեփականությունն էին։ Աստված երրորդ ճանապարհ ուներ այդ մարդկանցից յուրաքանչյուրի համար, ու դա իրականացրեց Իր օծյալների միջոցով։ Ով մինչև վերջ հավատարիմ եղավ Աստծո տեսիլքին ու մնաց օծության մեջ, տեսավ Տիրոջից ստացած Խոսքի իրականացումը։

 

Երրորդ օծությունը թագավորական օծությունն է։ Այդ օծությունը իշխանություն ունի հոգևոր աշխարհում դիվային գործողությունները քանդելու, սատանայական ծրագրերի իրականացմանը խանգարելու և այդ ծրագրերն արգելելու։ Օծությունը որքան շատ է, արդյունքն այնքան մեծ է։ Եղիսեն կրկնակի օծություն խնդրեց. «․․․․Եղիան ասաց Եղիսեին․ «Խնդրիր՝ ինչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզ հետ եմ»։ Եվ Եղիսեն ասաց․ «Թող քո Հոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»»  (4 Թագ․ 2.9): Եղիսեն ստացավ իր խնդրածը ու կրկնակի շատ հրաշքներ կատարեց, քան Եղիան։ Իհարկե, յուրաքանչյուր անգամ պետք է համապատասխան գին վճարվի։

 

Հիսուս Փրկիչը օծված էր Տիրոջից․ «Տեր Եհովայի Հոգին Ինձ վրա է։ Տերն օծել է Ինձ։ Նա ուղարկել է Ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու․․․» (Եսայի 61.1)։

 

Օծությունը հեշտ չի տրվում, բայց համբերողները առատ վարձատրվում են Երկնային Հորից։ Նա, ում սիրտը լի է անափ սիրով առ Աստված, վայելում է հաղթանակի բերկրանքն ու Տիրոջից ստացած վարձքը։ Հիսուսը Հորից օծություն ստանալուց առաջ թողեց երկնային փառքը, մարդկային կերպարանք ստացավ ու որպես հարյուր տոկոսով մարդ ծառայեց երկրի վրա: Նա խաչի մահով ավարտեց Իր միսիան, Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ ու նստեց Հոր աջ կողմը։ Նրան տրվեց ամբողջ իշխանությունը երկրի վրա ու երկնքում․ «․․․․ամեն բան հնազանդեցրեց Նրա ոտքերի տակ ու Նրան գլուխ դրեց եկեղեցուն՝ բոլոր բաների վրա, որ է Նրա մարմինը․․․․» (Եփես․ 1.22, 23)։ Օծություն ստանալու համար մարդը նույնպես պետք է դուրս գա իր հարմարավետությունից, պիտի կատարի ոչ թե իր մարմնի ցանկությունը, այլ Տիրոջ խոսքը։

 

1990-ական թվականներին աշխատում էի Մատենադարանում ու իմ ապագան տեսնում էի գիտության ասպարեզում։ Եկեղեցի այցելում էի միայն կիրակի օրերին ու յուրաքանչյուր անգամ տուն վերադառնալիս մտածում էի, որ այլևս այնտեղ ոտք չեմ դնի։ Ինձ թվում էր, թե դա ժամանակի վատնում է, ցանկության դեպքում տանն էլ կարող եմ Աստվածաշունչ կարդալ և աղոթել։ Բացի այդ՝ եկեղեցու ծառայողներից մի քանիսին տանել չէի կարողանում, և դա ուներ իր «հիմնավոր» պատճառները։ Մի անգամ Սուրբ Հոգին ասաց, որ աղոթեմ Արթուրի համար, որը այն ժամանակ հովվի օգնական էր, ու աստվածային սեր տածեմ նրա նկատմամբ։ Ես ապշած էի. ինչո՞ւ հենց Արթուրի համար։ Ես ոչ միայն նրան էի ատում, այլև ծառայողներից ևս մի քանիսին։ Քանի որ Տիրոջը շատ էի սիրում և ուզում էի Նրան հնազանդվել, սկսեցի աղոթել, որ Տերն օգնի ինձ ազատվել ատելությունից։ Որքան աղոթում էի, այնքան շատ էի հասկանում, որ դա անհնար է։ Արթուրի մասին այնքան բամբասանք էի լսել ու հավատացել, որ խնդրեցի Տիրոջը՝ փոխել Իր առաջարկը։ Աստված անդրդվելի էր։ Տիրոջը հնազանդվելու, Նրան չվշտացնելու ցանկությունս այնքան մեծ էր, որ բացեցի Կորնթացիներին ուղղված առաջին նամակը ու բարձրաձայն կարդացի 13-րդ գլխում աստվածային սերը բնութագրող տողերը։ Կարդում էի ու ասում․ «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզվով խոսեմ, բայց սեր չունենամ Արթուրի նկատմամբ, ձայն հանող պղնձի նման եմ․․․․ իմ սերն Արթուրի նկատմամբ երկայնամիտ է, չի գրգռվում, իրենը չի փնտրում, չարը չի մտածում․․․․»։ Ամբողջ գլուխը կարդում էի օրը մի քանի անգամ։ Դա ինձ համար շատ դժվար էր, բայց Տիրոջ նկատմամբ ունեցած սերս անսահման էր։ Այդ սերն օգնեց ինձ դուրս գալ իմ նախապաշարումներից, հարմարավետության գոտուց ու հնազանդվել։ Մեկ-երկու օրից համոզվեցի, որ հովիվ Արթուրի նկատմամբ ոչ մի ատելություն չկա իմ մեջ, նույնիսկ նրա քարոզներից հայտնություններ եմ ստանում։ Դա հաճելի էր, բայց որքան սքանչելի էր, երբ հասկացա, որ այն ամենը, ինչ լսել էի նրա մասին, լոկ բամբասանք էր ու զրպարտանք։ Փա՜ռք Տիրոջը, որ իմ մտքերը հնազանդվեցին Նրա կամքին։ Այդ ժամանակ չէի էլ հավատա, որ նա դառնալու է իմ հովիվը։ Երեսուն տարուց ավելի ծառայում ենք Տիրոջը, փառավորում Նրա անունը, Աստծո արքայությունն իջեցնում մարդկանց կյանքերում։

 

Տերն օծում է արդարությունը սիրողներին և անօրենությունը ատողներին․ «Դու սիրում ես արդարությունը և ատում ես անօրենությունը, դրա համար քո Աստվածը օծեց քեզ ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղմ․ 45.7)։ Չի ասում՝ չսիրեցիր, այլ՝ ատեցիր։ Չսիրողը ավելի պասիվ է իր գործողություններում, նա պարզապես չի սիրում, իսկ ատողը պայքարում է, քանդում ատելության գործերը․․․  «Բայց իմ եղջյուրը կբարձրացնես ինչպես միեղջերուինը. ես օծված եմ նոր յուղով» (Սաղմ․ 92.10)։ Աստված նոր յուղով օծելիս ընդլայնում է նաև գործունեության սահմանները։

 

Ի՞նչ է պատահում նրանց կյանքում, ովքեր կոչում ունեն, բայց չեն ցանկանում հնազանդվել Աստծուն՝ դուրս գալ իրենց հարմարավետություից։ «Հանգիստ էր Մովաբն իր մանկությունից վեր ու հանդարտ մնացել էր իր մրուրի վրա: Նա չթափվեց ամանից աման և գերության չգնաց։ Դրա համար նրա համը մնաց իրանում, ու հոտը չփոխվեց։ Ուրեմն օրեր են գալիս, ասում է Տերը, որ Ես նրա համար փոխադրողներ կուղարկեմ, ու նրանք կփոխադրեն նրան ու նրա ամանները կդատարկեն ու նրա տիկերը կպատառոտեն» (Երեմ․ 48.11, 12): Տերը քանդում է նրանց հարմարավետությունն ու տալիս թշնամիների ձեռքը։

 

Օծությունը չի գործում անհնազանդության դեպքում։ Սամսոնը օծված էր, բայց այդ օծությունը փորձեց ծառայեցնել իր մարմնի ցանկություններին, այդ պատճառով նրա աչքերը կուրացրին ու նրան ծաղր ու ծանակի ենթարկեցին։ Դատավորաց գիրքը գրում է այդ մասին։

 

Դավիթ թագավորն օծված էր Աստծուց և Նրա սրտի համեմատ էր ապրում: Նա աղոթում էր․ «Պահիր ինձ ինչպես աչքի բիբ ու Քո թևերի շուքի տակ ծածկիր ինձ» (Սաղմ․ 17.8): Տերը լսեց նրա աղոթքը ու նրան պահպանեց բյուրավոր փորձություններից, հանեց մահվան շուքի ձորից։  «Դու իմ առաջ սեղան ես պատրաստում թշնամիներիս դիմաց, Դու իմ գլուխը օծում ես յուղով․․․․» (Սաղմ․ 23.5):

 

Դավիթն այնուհետև գրում է․ «Հիմա իմացա, որ Տերը փրկում է Իր օծյալին ու լսում է նրան Իր սուրբ երկնքից․․․․» (Սաղմ․ 20.6): Տիեզերքն Արարողն ու հավիտենությունը ափերի մեջ Պահողը շռայլ է Իր օծյալների նկատմամբ։

 

 

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00