Ողջո՛ւյն, սիրելի՛ ընթերցող: Լրացավ բլոգի միջոցով մեր հաղորդակցման մեկ տարին: Ես կրկին ու կրկին ճաշակեցի Աստծո Ձայնին հնազանդվելու պտուղը: Տարիներ շարունակ Տերն ինձ առաջարկում էր անձնական բլոգ ստեղծել և Իր պատգամը տարածել նաև դրա միջոցով: Այդ մտքին դիմադրում էի այնքան ժամանակ, մինչև Նա հստակ ասաց. «Բացի՛ր բլոգը. դրա միջոցով կփոխվեն մարդկանց կյանքերը»:
Մեկ տարի շարունակ ամենայն զգուշությամբ իմ բլոգում գրառել եմ բացառապես այն, ինչ Տերն է խոսել: Տարեսկզբին Սուրբ Հոգին շեշտեց, որ բլոգը լինելու է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հայերեն բլոգ ստեղծելը հասկանալի էր ինձ համար, ռուսերենը՝ կասկածելի. մտածում էի, որ ռուսերեն քարոզողները շատ-շատ են, բացի դրանից, Ռուսաստանում ապրող ոչ մի ռուս ընկեր չունեմ: Ինչ վերաբերում է անգլերեն բլոգին, համոզված էի, որ այն ոչ ոք չի կարդա:
Տերը փառահեղ է: Առաջին նամակը, որ ստացա որպես շնորհավորանք, քաջալերանք և հիացմունք, անգլերեն էր՝ Տեխասի նահանգից: Այնուհետև տեղատարափ անձրևի նման թափվեցին նամակները ԱՄՆ-ի այն նահանգներից, որտեղ ոչ մի ծանոթ ու բարեկամ չունեմ: Արձագանքներ ստացա նաև Եվրոպայից, Հնդկաստանից, Անգլիայից, Սուդանից… Նամակագիրների մեջ հայ ազգին պատկանող նույնիսկ մեկ անձնավորություն չկար: Ես համոզվեցի, որ Տիրոջ Խոսքը զորավոր է՝ կյանքեր փոխելու նաև բլոգի միջոցով, թեկուզ այդ բլոգը ստեղծվել է շատերի համար անհայտ Հայաստանում: Բնականաբար, Զորությունը, կյանքեր փոխելու Ընդունակությունը բլոգում գրառումներ անողի մեջ չէ. Զորությունը Տիրոջ Խոսքի և այն Ընդունելու մեջ է:
Խորին շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, որ ժամանակ եք հատկացրել, կարդացել, դիտել, լսել իմ բլոգում տեղադրված նյութերը, երբեմն նաև արձագանքել ու դրանք կիսել ձեր ընկերների հետ:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ բլոգում սպասվում են բարեփոխումներ՝ նոր ձևավորում, նոր թեմաներ, նոր ծրագրեր: Ինչ վերաբերում է այն թեմաներին, որոնք նախկինում ներկայացվել են և դեռ շարունակելի են, անպայման կշարունակվեն: Առայժմ նոր նյութերի բացակայությունը բացատրվում է նրանով, որ աշխատանքներ են տարվում դրանց վրա և կարճ ժամանակ հետո կներկայացվեն ձեզ:
Շնորհակալություն տերերի Տիրոջը, կյանքերը Փոխողին, որ հնարավորություն տվեց հաղորդակցվելու ձեզ հետ:
Սիրով ու ակնածանքով՝ Գայանե Հակոբյան