Դեկտեմբեր 23, 2015 Warrior

ՄԻ՛ ՔՆԻՐ ՂԵԿԻՆ

Երբևէ մտածե՞լ  ես՝  ի՞նչ կպատահի քեզ, եթե գտնվես մի մեքենայի մեջ, որը անցնում է խորդուբորդ ճանապարհով ու անդունդի եզրով, իսկ վարորդը շատ հոգնած լինելու պատճառով քնել է: Կամ՝ պատկերացրու մեկ այլ իրավիճակ. այդ խորդուբորդ ճանապարհով ու անդունդի եզրով անցնող մեքենայի ղեկին դու ես: Դու չես քնել ողջ գիշեր, հոգնած ես ու տկար, բայց դո՛ւ պիտի վարես մեքենան,  որովհետև ոչ ոք չի կարող վարել այն: Դու նստում ես, երկու ձեռքով բռնում ղեկը, գիտակցում, որ պիտի հասնես մինչև նշանակետը: Ու հանկարծ… քնում ես… Դու պատկերացնո՞ւմ ես անդունդից գահավիժող մեքենան… Պատկերացնո՞ւմ ես քեզ այդ մեքենայի մեջ…:

Ես սարսափ ֆիլմից հատված չեմ ներկայացնում: Անդունդից գահավիժող մեքենան ինձ երևաց տեսիլքով: Այդ տեսիլքն այնքան իրական էր, որ զգում էի մեքենայի գլորվող, քարերին բախվող, դեպի անդունդ գահավիժող ընթացքը: Հետո տեսիլքն անհետացավ: Մինչ սարսափած մտածում էի, որ դա, միգուցե, երեկոյան հեռուստատեսությամբ ցուցադրվող ինչ-որ հաղորդման արդյունք է, հստակ լսեցի մի հրաման՝ ՄԻ՛ ՔՆԻՐ ՂԵԿԻՆ:

Զարմացած շուրջս նայեցի: Տանը մենակ էի, ոչ ոք չկար: Սկսեցի աղոթել, հասկացա, որ տեսիլքը երկնային է: Տերը շարունակեց խոսել. «Շատերը գիտեն, թե որքան վտանգավոր է թե՛ վարորդի, և թե՛ մեքենայի մեջ գտնվողների վիճակը, երբ վարորդը քնում է ղեկին: Սակայն շատ քչերն են պատկերացնում, որ իրենք գտնվում են իրենց կյանքի ղեկին, և  պետք է մի՛շտ արթուն լինել.  «Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս և որոնում է, թե ում կուլ տա» , (Ա Պետր. 5.8):

Անդունդի եզրով անցնող վարորդը կարող է քնել ընդամենը 1-2, գուցե՝ 4-5 րոպե, բայց որքան անդառնալի կարող է լինել այդ րոպեների ընթացքում պատահածը: Շատ քրիստոնյաներ «քնած են» ոչ միայն օրերով ու շաբաթներով, այլև տարիներով: Եվ ողբերգությունն այն է, որ իրենց քնած վիճակի պատճառով ոչ միայն իրենք են կանգնած կործանման եզրին, այլև իրենց պատասխանատվության տակ գտնվողները:

Նրանք ո՛չ իրենց համար են աղոթում, ո՛չ էլ, առավել ևս, իրենց երեխաների, ամուսինների, օր օրի կուտակվող խնդիրների համար: Նրանք մտածում են, որ մի օր լավ կլինի, ապրում են մի օր լավը տեսնելու հույսով՝ առանց գիտակցելու, որ այդ լավը ունենալու համար պետք է միշտ արթուն լինել ու համագործակցել Տիրոջ հետ:

Չեն պատկերացնում, որ այդ քնած վիճակը անդունդ է տանում և՛ իրենց, և՛ իրենց պատասխանատվության տակ գտնվողներին, իսկ խնդիրները մոլախոտի նման արագ աճում են ու խեղդում նրանց երբեմնի երազանքներն ու հույսերը: Գնա՛, թա՛փ տուր նրանց, ցնցի՛ր, աղաղակի՛ր ՝ մարդի՛կ, մի՛ քնեք ձեր կյանքի ղեկին. անդունդ եք գլորվում»:

 

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00