Փետրվար 28, 2020 Warrior

ՄԱՍ 3 – ԻՆՉՊԵ՞Ս ԾՆՎԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ: ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՏԵՍԻԼՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Մինչ կպատմեմ, թե ինչպես պատահեց, որ «Գնացեք, տեսեք․․․» սոցիալական ծառայությունը շուրջ 20 տարի վարձակալված տարածքներում «դեգերելուց» հետո գտավ Տիրոջից խոստացված իր հանգրվանը, անհրաժեշտ համարեցի ներկայացնել ևս մեկ ֆիլմ: 16 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որտեղ վեց երեխաներից երեքը մեր նախաձեռնությամբ ժամանակավոր տեղափոխվեցին խնամատար ընտանիքներ։

 2003 թվականն էր։ Խնամատար ընտանիք հասկացությունը շատերին անծանոթ էր։ Մարդիկ  հակված էին ծնողազուրկ, բռնության ենթարկվող կամ փողոցում թափառող երեխաներին հանձնել մանկատուն։ Համարյա ոչ ոք չէր մտածում, որ կարող է իր տան դռները բացել և այդ երեխաներից գոնե մեկին ընդունել իր հարկի տակ։ ՀՀ սահմանադրությունն էլ այդ մասին դեռևս հստակ օրենքներ չէր սահմանել, ինչն ավելի էր բարդացնում վիճակը։

Դեռևս 1997 թվականին, երբ հովիվ Արթուր Սիմոնյանն ինձ հետ խոսեց անտուն թափառականներին օգնելու ծրագրի մասին, նաև նշեց, որ մեր հաջորդ ծրագիրը պետք է ուղղված լինի փողոցում թափառող երեխաների խնամատարությանը։ Այս մասին արդեն գրել եմ իմ բլոգում («Տեսիլք: Ի՞նչ է տեսիլքը», մաս 1, 2019 թ. հոկտեմբերի 18)։

Բարեհաջող ավարտելով անտուն թափառականներին օգնելու ծրագիրը՝ ձեռնամուխ եղանք նոր ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր՝ օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին և կանխարգելել նրանց մուտքը մանկատուն։

Ցավոք, այդպիսի երեխաները շատ-շատ էին։ Մինչ գործնական քայլերին անցնելը` Տերը հնարավորություն ստեղծեց, որպեսզի մեկնեմ Ամստերդամ ու համապատասխան տեղեկություններ և կրթություն ստանամ խնամատար ընտանիքներ ստեղծելու, երեխայի ձայնը լսելի դարձնելու և նրա մուտքը մանկատուն կանխարգելելու վերաբերյալ։ Վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ եղա ծրագրի իրականացմանը։ Հայտարարության համաձայն գտանք ընտանիքներ, որոնք պատրաստ էին երեխաների մուտքը մանկատուն կանխարգելելու համար բացելու իրենց դռները և ջերմ ընտանեկան պայմաններում խնամելու և դաստիարակելու անօգնական երեխաներին։

Շատ կարևոր էր՝ երեխային տալ կողմնորոշվելու հնարավորություն. իմանալ՝ արդյո՞ք նա համաձայն է ժամանակավոր ապրելու խնամատար ընտանիքում, մինչ մեր ծառայության բազմամասնագիտական թիմը աշխատանք կտանի նրա կենսաբանական ծնողների հետ։ Նմանատիպ ընտանիքներում հայրը հիմնականում բացակայում էր. նա կա՛մ մահացած էր, կա՛մ մեկնել էր արտերկիր ու նոր ընտանիք ստեղծել՝ չմտածելով իր երեխաներին ֆինանսապես ապահովելու մասին։

 Մեր ծառայության տեսիլքն էր՝ պայմաններ ստեղծել, որպեսզի երեխան մեծանար ընտանեկան ջերմ մթնոլորտում, միաժամանակ աշխատանք տանել կենսաբանական ծնողների հետ, որպեսզի որոշ ժամանակ անց, երբ երեխան խնամատար ընտանիքից տեղափոխվեր կենսաբանական ծնողների մոտ, շարունակեր ապրել նորմալ պայմաններում։ Ընթերցողին չծանրաբեռնելու համար չեմ ցանկանում խորանալ նեղ մասնագիտական հարցերի մեջ, պարզապես ուզում եմ նշել, որ այդ խնամատար ընտանիքները որևէ շահ չէին հետապնդում: Ավելին ասեմ՝ ունենալով երեխաներ՝ նրանք համաձայնեցին առանց ֆինանսական աջակցության իրենց հարկի տակ ընդունելու օտար և անօգնական երեխաներին։ Այս ֆիլմը պատմում է հենց այդ խնամատար ընտանիքներից երեքի մասին։

Հ․Գ․  Հաջորդ մասում կպատմեմ, թե ինչպես Տիրոջ խոստման համաձայն Սոցիալական ծառայությունը գերբնական ձևով ստացավ իր տարածքը, և ինչ մեծ նշանակություն ունեցավ մարդկային բնավորությունը այդ հարցում։

Տեսնել: РУССКИЙ

0:00
0:00