Հունիս 14, 2017 Warrior

ԼԱՎ ՍԿԻԶԲԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՋՈՂ ԱՎԱՐՏԻ ԵՐԱՇԽԻՔԸ ՉԷ

Մարդկանց մեծամասնությունն ունի մի առանձնահատուկ բնավորություն. նեղության մեջ աղաղակում են Աստծուն, օգնություն հայցում Զորավորից, բայց անցնում են օրեր, տարիներ, նրանք հաստատվում են, կայանում իրենց գործում, կյանքում ու մոռանում, որ այդ հաջողությունն իրենց տրվել էր Աստծուն ապավինելու շնորհիվ:

Կա մի ժողովրդական ասացվածք. «Լավ սկիզբը գործի կեսն է»: Հրաշալի խոսք է, բայց չմոռանանք, որ լավ սկիզբը դեռևս հաջող ավարտի երաշխիքը չէ:

Աստված երկիրն արարելիս մտածել էր Իր ու մարդու մշտական հաղորդակցության մասին: «Եվ Եհովա Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակ պարտեզում ման էր գալիս» (Ծննդ. 3. 8): Այս տողերը խոսում են այն մասին, որ Ադամն ու Եվան Եդեմական պարտեզում հաղորդակցվում էին Աստծո հետ: Նույնիսկ, երբ մարդն իր անհնազանդության պատճառով վտարվեց Եդեմական պարտեզից, Տերը մարդու իսկ բարօրության համար ուղարկեց Իր Խոսքը մարգարեների միջոցով, այնուհետև Աստվածաշունչն ու Սուրբ Հոգին դարձան մարդու հաջողակ կյանքն ապահովող ուղեցույցը: Ցավոք սրտի, մարդը մոռանում է, որ Աստված այս երկրի վրա ամեն բան այնպես է արարել, որ մարդն իր իսկ անվտանգության համար մշտապես պետք է Տիրոջ հետ հաղորդակցության մեջ լինի: Ամբողջ Աստվածաշունչը վկայում է, որ մարդու հաջողությունն Աստծո հետ մշտական կապ ունենալու մեջ է:

Երկրորդ Մնացորդաց 14,15,16-րդ գլուխները պատմում են Ասա թագավորի մասին: Սա մի ցայտուն պատմություն է, որն ասում է. «Լավ սկիզբը դեռևս հաջող ավարտի երաշխիքը չէ»:

«Ասան բարություն և ուղղություն արեց իր Տեր Աստծո աչքի առաջ: Վերցրեց օտար սեղանները…. Եվ հրամայեց Հուդային, որ իրենց հայրերի Տեր Աստծուն խնդրեն և օրենքն ու պատվիրանները կատարեն» (Բ Մնաց. 14. 2-5):

Աստծո կամքը կատարելու շնորհիվ պատերազմները դադարեցին, երկիրը Տիրոջից հանգստություն ու խաղաղություն ստացավ: Ասան սկսեց պարսպապատ քաղաքներ կառուցել. «Մենք խնդրեցինք, ու Նա մեզ հանգստություն տվեց. և շինեցին ու հաջողվեցին: Եվ Ասան Հուդայից վահան ու նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ և Բենիամինից ասպար կրող ու աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար. սրանք ամենքը քաջ զորավորներ էին» (Բ Մնաց. 14.7,8): Բայց Ասայի հույսը ամուր պարիսպները, աշտարակներն ու զորքերը չէին: Երբ թշնամին հարձակվեց. «Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն և ասաց. «Ո՛վ Տեր, Քեզ համար մի բան չէ թե՛ շատին, թե՛ տկարին օգնելը: Մեզ օգնի՛ր, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք Քեզ ենք ապավինել ու Քո անունով ենք եկել այս բազմության վրա»: ….և ընկան եթովպացիները, մինչև որ նրանցից կենդանի մնացող չեղավ» (Բ Մնաց. 14. 11-13):

Ասան գիտեր Տիրոջից գոհանալ ու Նրան զոհ մատուցել`ի նշան երախտիքի: «Եվ նրանք Երուսաղեմում հավաքվեցին Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսում և զոհ արին Տիրոջ համար…. Եվ ուխտ արին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն խնդրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով…. Եվ Տերը հանգստություն տվեց նրանց ամեն կողմից…. Եվ պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին» (Բ Մնաց. 15.10-19):

Քսան տարի շարունակ խաղաղություն էր տիրում երկրում: Ասայի թագավորության 36-րդ տարում Իսրայելի Բաասա թագավորը վտանգավոր պայմաններ ստեղծեց Հուդայի Ասա թագավորի համար`կառուցելով Ռաման: Վտանգավոր իրավիճակից խուսափելու համար Ասան դիմեց Ասորիների Բենադադ թագավորին, ով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան: Թվում էր, թե ամեն ինչ խաղաղ էր ու ճիշտ` վտանգը կանխարգելվել էր, դեռ ավելին`Ասան, վերցնելով Ռամայի քարերն ու փայտերը, երկու նոր քաղաք կառուցեց: «Եվ այն ժամանակ եկավ Անանի տեսանողը Հուդայի թագավոր Ասայի մոտ և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և  չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքն ազատվեց քո ձեռքից: Մի՞թե եթովպացիք ու լիբիացիք խիստ շատ կառքերով և ձիավորներով բազմաթիվ զորք չէին, բայց քանի որ դու Տիրոջն ապավինեցիր, նրանց քո ձեռքը մատնեց: Տիրոջ աչքերը դիտում են ողջ երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտն ուղիղ է Իր հետ: Դու անմտություն արիր և սրանից հետո պատերազմներ ես ունենալու»: Եվ Ասան բարկացավ տեսանողի վրա ու նրան բանտարկեց…. ու ժողովրդից մի քանիսին հարստահարեց» (Բ Մնաց. 16.7-10):

Մարդը, երբ դադարեցնում է իր ամենօրյա հաղորդակցությունը Տիրոջ հետ, երբ մոռանում է, թե ով է իրեն զորացնողը, հպարտության ոգին քարացնում է նրա սիրտը, իսկ այն ամենը, ինչ նա կառուցել էր Տիրոջ առաջնորդությամբ՝ կորցնում է: Ասան իր թագավորության 39-րդ տարում հիվանդանում է, բայց կարծրացած սրտի պատճառով դարձյալ չի դիմում Աստծուն ու իր թագավորության 41-րդ տարում մեռնում է: Ողբալի է, նա 36 տարի թագավորեց՝ Աստծուն ապավինելով ու Նրանից բարիք ստանալով, բայց հետո հաջողությունը վերագրեց իր մտքին ու դիվանագիտությանը… Հպարտությունը կուրացրեց հոգևոր զգայարանները: Մարգարեի խոսքին հնազանդվելու փոխարեն, նրան փակեց բանտում: Ասան չապաշխարեց այն մեղքի համար, որ Աստծուն թողած` ապավինեց մարդուն`Ասորիների Բենադադ թագավորին: Եվ ապաշխարություն չունենալու պատճառով դարձյալ հույսը դրեց մարդու`բժշկի վրա. «….իր հիվանդությունում էլ չխնդրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց: Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության 41-րդ տարում» (Բ Մնաց. 16.12,13):

Տերը վերջնական որոշումը թողնում է մարդուն: Նա ողորմառատ է ու բազմագութ: Ի տարբերություն Ասայի, ով ամեն ինչ Աստծո երկյուղով սկսեց, բայց կյանքի վերջում հպարտության մեջ ընկղմվեց, Ռոբովամը և նրա իշխանները վտանգի պահին առաջնորդվեցին Աստծո մարգարեի խոսքերով ու ապաշխարեցին. «Այսպես է ասում Տերը. «Դուք Ինձ թողեցիք, Ես էլ ձեզ թողեցի Սիսակի ձեռքին»: Եվ խոնարհվեցին Իսրայելի իշխանները և թագավորը և ասացին. «Տերն արդար է»: Եվ երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, ասաց. «Նրանք խոնարհվեցին, Ես նրանց չեմ կորցնի և նրանց շուտով ազատություն կտամ….»» (Բ Մնաց. 12.6,7):

Լավ սկիզբը հաջող ավարտի երաշխիքը չէ: Տիրոջ հետ քայլելը, մշտապես Նրա Հոգով առաջնորդվելը ամենօրյա գործընթաց է: Տիրոջ հետ հաղորդակցությունը մարդուն պահում է խոնարհ դիրքում: Խոնարհությունը, հեզությունը, հնազանդությունը կյանքում հաջող ընթացքի ու բարի ավարտի երաշխիք են:

«Ձեզ վրա առե՛ք Իմ լուծը և Ինձանից սովորե՛ք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»  (Մատթ.11.29):

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00