Վերջերս իմ բլոգում՝ «Փոխի’ր կյանքդ» բաժնում, տեղադրել էի մի նյութ «Կրո՞ն, թե՞ աստվածապաշտություն» վերնագրով (2019 թ. մայիսի 27), որտեղ, համեմատելով Խաղաղ օվկիանոսը և նրա կողքին գտնվող առվակը, խոսում էի աստվածապաշտության և կրոնի մասին: Ինչպես ցույց են տալիս մարդկային կյանքի իրավիճակները, սա շատերի համար անծանոթ թեմա է, որից և բխում են շատ ու շատ դժբախտություններ:
Կրոն նշանակում է հավատք, դավանանք, պաշտամունք: Աստվածաշնչում խոսվում է Աստծո առջև սուրբ և անարատ կրոնասիրության մասին, որն արտահայտվում է սուրբ կյանքով, մարդկանց հանդեպ սիրով և հոգատարությամբ: Հակոբոս 1.26,27-ում գրված է. «Եթե ձեզանից մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չսանձի, այլ իր սիրտը խաբի, այդ մարդու կրոնասիրությունը զուր է: Սուրբ և անարատ կրոնասիրությունը Աստծո և Հոր առաջ սա է` որբերին և այրիներին այցելել նրանց նեղության մեջ և իր անձն աշխարհից անարատ պահել»: Ահա թե ինչու հաճախ ասում են, որ քրիստոնեությունը կրոն չէ, այլ ապրելակերպ:
Կրոն բառը վերբերում է նաև այլ հավատալիքներին ու դավանանքներին: Մուսուլմանությունը, բուդդայականությունը, հուդայականությունը, հեթանոսությունը, տարբեր աստվածների ու ոգիների պաշտամունքը կրոններ են` մուսուլմանական կրոն, հեթանոսական կրոն և այլն: Սա է պատճառը, որ կրոնը և ճշմարիտ աստվածապաշտությունը պետք է տարբերել: Մեռած կամ առարկայացված աստվածների նկատմամբ հավատքը և պաշտամունքը կրոն է, տիեզերքն ստեղծող, անսկիզբ ու անվերջ Հայր Աստծո, խաչված և հարություն առած Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու նկատմամբ հավատքն ու պաշտամունքը` ճշմարիտ կրոնասիրություն կամ աստվածապաշտություն:
Ցավն այն է, որ քրիստոնեությունը նույնպես կարող է դառնալ կրոն, եթե չլինի անձնական շփում, հարատև հաղորդակցություն մարդու և Աստծո միջև: Շատ դեպքերում մարդը հավատում է, որ Աստված գոյություն ունի, Հիսուս Քրիստոսը խաչվել և հարություն է առել, սակայն նրա հավատքը չի զարգանում, որ նա կարողանա վերցնել այն ամենը, ինչ իրեն է պատկանում Հիսուս Փրկչի խաչելության ու հարության շնորհիվ:
Լինում են նաև դեպքեր, երբ մարդը կանգնում է սրբապատկերների առաջ ու վաղուց մահացած սրբերին՝ Պետրոս ու Պողոս առաքյալներին, սուրբ Վարդան զորավարին, սուրբ Սարգսին և այլոց, խնդրում է օգնել իրեն՝ չիմանալով կամ մոռանալով, որ մարդու և Աստծո միջև միակ միջնորդը, միակ դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ դուռը. եթե մեկն Ինձանով մտնի, կապրի….» (Հովհ. 10.9), «Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում» (Հովհ. 14.13):
Աստվածապաշտությունը աներկբա հավատքն է առ այն, որ Հիսուս Քրիստոսը մարդու միակ փրկիչն է, քանի որ Նա խաչվել է մարդու համար, հարություն է առել, հաղթել է մահին և պարտության է մատնել սատանայի այն բոլոր ծրագրերն ու գործողությունները, որ ունի մարդու դեմ:
Եթե մարդիկ հասկանան, որ Տերը հարություն է առել ու Նրա հարության զորությունը կարող է փոխել յուրաքանչյուրի կյանքն արմատապես, եթե միայն հավատան և անեն այն, ինչ Աստծո Խոսքն է ասում, կժառանգեն այն օրհնությունները, որոնք գրված են Աստվածաշունչ մատյանում.
«Գիտեք մեր տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ Նա, որ հարուստ էր, որ դուք Նրա աղքատությունով հարստանաք» (Բ Կորնթ. 8.9):
«Եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները…. քեզ բոլոր ազգերից գերազանց կանի: Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես: Դու քաղաքի մեջ օրհնյալ ու դաշտի մեջ օրհնյալ կլինես: Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը և քո երկրի պտուղը…. Աստված քո առաջ ջարդել կտա քո վրա եկող թշնամիներին. նրանք քո դեմ մեկ ճանապարհով դուրս կգան, բայց քո առաջից յոթ ճանապարհով կփախչեն…. Եհովան օրհնություն կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո ամեն ձեռնարկած գործերում…. Եթե Նրա հրամանները պահես և Նրա ճանապարհներով գնաս ….» (Երկր. Օրին. 28. 1-14):
Զուր է մեր կրոնասիրությունը, եթե մենք աստվածապաշտության կերպարանք ունենք, բայց Աստծո զորությունն ուրացած ենք: Որքա¯ն քրիստոնյաներ կան եկեղեցի հաճախող, քարոզներ լսող, որոնք շարունակում են մնալ աղքատ, հիվանդ, պարտքի լծի տակ, վախի ճիրաններում, որոնք հաջողություն չունեն իրենց ձեռնարկած գործերում, հիասթափված են և ապրում են պարտված կյանքով: Մեր հավատքն ու պաշտամունքը պետք է արտահայտվեն Տիրոջ հետ հարատև շփումով, Խոսքը կարդալով և կատարելով, ոչ միայն երկրպագության երգեր երգելով, այլև առօրյա գործողություններով, որոնք փառավորում են Տիրոջը: Երբ մարդու կյանքում լինում է կենդանի շփում հարություն առած Աստծո՝ Հիսուս Փրկչի հետ, լինում են նաև այն խոստմունքները, որոնք գրված են Աստվածաշնչում: