Դեկտեմբեր 18, 2022 Warrior

ԻՆՉՈՒ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՉԿԱ

Չգիտեմ` ում կյանքում ինչպես, բայց իմ կյանքում կան մարդիկ, որոնց երկար տարիներ չեմ տեսնում, բայց երբ անսպասելի հանդիպում եմ, տխրում եմ։ Տխրում եմ, քանի որ առաջընթաց չունեն. արտաքինն ասես խամրած լինի, խոսքը՝ զուրկ իմաստից, կատակներն անցյալ դարի 90-ական թվականներն են հիշեցնում։ Կան նաև մարդիկ, որոնց հաճախ եմ հանդիպում, բայց միևնույն տպավորությունն եմ ստանում թե՛ արտաքինի, թե՛ մտածելակերպի առումով: Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ նրանց կյանքում զարգացում չկա։ Ցավալին այն է, որ այդ մարդկանցից շատերը տարիներ շարունակ եկեղեցի են հաճախում, քարոզներ լսում, աղոթում, նույնիսկ ծառայում են Աստծուն։ Նույն մտածելակերպը, նույն վախերը, նույն հագուստն ու կոշիկը, նույն նեղ անձնական խնդիրները։ Մի՞թե Աստված Իր Որդուն զոհաբերեց մարդկության համար, որ այսպիսի արդյունք ստանար։ Այս հարցն ինձ այնքան մտահոգեց, որ պատճառ դարձավ ուսումնասիրելու և դրա մասին գրելու։ Պատճառները տարբեր են, բայց կան մի քանիսը, որոնք ընդհանուր են բոլորի համար։ Անդրադառնամ այդ ընդհանուր պատճառներին, որպեսզի ճանաչենք դրանք և շրջանցենք, իսկ եթե արդեն դրանցից մի քանիսն առկա են մեր կյանքում, ջանք անենք ու վերացնենք։

Աստվածապաշտ մարդու կյանքը ճահճանում է Տիրոջ հետ հաղորդակցվելուն հավուր պատշաճի ժամանակ չտրամադրելուց։ Յուրաքանչյուր գործողություն եթե իրականացվում է ժամանակավոր դադարներով, չի կարող արդյունք տալ։ Աստվածաշունչ կարդալը, հայտնություններ ստանալը և Աստծո Խոսքին համապատասխան ապրելը ամենօրյա ջանք պահանջող աշխատանք է։ Աղոթքները պետք է լինեն հարատև՝ ամեն օր։ Աղոթքը երկխոսություն է՝ մարդը խոսում է, Տերը պատասխանում է, կամ՝ Տերն առաջնորդում է մարդուն ծածուկ սենյակում հանդիպման: Մարդը հնազանդվում է, առանձնանում է միջավայրից, միտքն ազատում է հաճելի ու տհաճ պատկերներից և սպասում Տիրոջ Հոգուն։ Երբեմն մարդը ֆիզիկապես առանձնանում է, նրան ոչ ոք չի խանգարում, բայց մտքերի հեղեղը թույլ չի տալիս հաղորդակցվել Տիրոջ հետ, լսել Նրան, ճանաչել Նրա կամքը կոնկրետ խնդրի լուծման համար։ Եվ նա, առանց Տիրոջ կամքը ճանաչելու, ասում է իր հերթական աղոթքը ու դուրս գալիս սենյակից։ Նա չի պատկերացնում, որ ասելը և աղոթելը տարբեր հասկացություններ են։ Օրերն անցնում են, նմանատիպ աղոթքներն արվում են ամեն օր կամ  ընդհատումներով, սակայն արդյունքն ուշանում է։ Մինչդեռ, յուրաքանչյուր խնդրի համար աղոթելիս նախ Տիրոջից պետք է Խոսք ստանալ․ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմ․ 119.105)։ Տիրոջից տրված խոսքը լուսավորում է մարդու գործողության ճանապարհը։ Հեսուն Տիրոջից խոստում ուներ․ «Բոլոր տեղերը, որ դնեք ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ․․․․» (Հեսու 1.3): Սակայն Գայի քաղաքը գրավելիս դառը պարտություն ճաշակեցին։ Հեսուն խոնարհվեց Աստծո առջև ու հարցրեց պատճառը։ Տերը չուշացրեց պատասխանը։ Նա հայտնեց, որ բանակում մեղք կա, և օգնեց բացահայտելու այդ մեղքը։ Մեղավորին դուրս հանեցին բանակից, սակայն դա դեռ ամենը չէր։ Տերը հայտնեց նաև, որ Հեսուն պատերազմի մեջ է մտել ոչ թե Իր առաջնորդությամբ, այլ իր խորհրդատուների՝ զորավարների, որոնք գործել են աչքի տեսածով։ Հրաշալի է խորհրդատուներ, գործին լավատեղյակ մասնագետներ ունենալը, բայց նրանք ևս պետք է ճանաչեն Տիրոջ կամքը տվյալ իրավիճակի համար, որպեսզի հաջողության հասնեն։ Տերը նոր մարտավարություն տվեց Հեսուին, որի ճշգրիտ իրականացումը հաղթանակ պարգևեց բանակին և Իսրայելի ժողովրդին։ Կան մարդիկ, որոնք արդարանում են, թե չեն լսում Տիրոջ ձայնը, այդ պատճառով կա՛մ չեն աղոթում, կա՛մ յուրաքանչյուր խնդրի լուծման համար դիմում են տարբեր մարդկանց։ Մարդը չի կարող հաջողության հասնել առանց Տիրոջ ձայնը ճանաչելու: Ո՛չ միշտ կլինեն մարդիկ, որոնք կհամաձայնեն աղոթել մեկի համար, ով չի ցանկանում գին վճարել ու ճանաչել Իրեն ստեղծող Տիրոջ ձայնը։

Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ երբ աղոթում է, իրեն լսում է անձամբ իր համար խաչված Հիսուսը՝ Նա, Ով միակ միջնորդն է աղոթողի և Հոր միջև։ «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ խնդրեք Հորից Իմ անունով, կտա ձեզ։ Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով։ Խնդրե՛ք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհ․ 16.23, 24): Անհրաժեշտ է Աստվածաշունչը կարդալ և ապրել Խոսքի համաձայն․ «Եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները ․․․․ բոլոր օրհնությունները կգան ու քեզ կհասնեն․․․․»: Երկրորդ Օրինաց 28.1-14-ում թվարկվում են բոլոր օրհնությունները: Մարդու մեջ երբ ձևավորվում է Սուրբ Հոգու պտուղը, հեշտ է լինում հնազանդվել Խոսքին ու կատարել։ «Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն․․․․» (Գաղատ․ 5.22, 23): Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը նույնպես օգնում է, որ մեր ներսի մարդը կերտվի Տիրոջը հաճելի դառնալու համար․ «Լեզվով խոսողը իր անձն է շինում․․․․» (Ա Կորնթ․ 14.4)։ Յուրաքանչյուր խելացի անձնավորություն, երբ ցանկանում է տուն կառուցել ու վայելել իր տունը, ճիշտ հաշվարկ է կատարում թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով: Նա հաշվի է առնում յուրաքանչյուր խոչընդոտ, դրա վերացման ուղիներն է գտնում, գիտակցում է, որ որակյալ արդյունք ունենալու համար չպետք է ջանք խնայել: Առավել ևս, երբ աստվածապաշտ մարդն է ցանկանում կառուցել իր երկրային կյանքը, իսկ հավիտենական կյանքն անցկացնել Հիսուս Փրկչի հետ։

Յուրաքանչյուր մարդ Հիսուս Փրկչի՝ Գողգոթյան խաչի գնով իրեն տրված հաղթական կյանքն ունենալու համար նախ պետք է փոխի իր մտածելակերպը, ճանաչի՝ ով է ինքը Հիսուս Քրիստոսով, վստահի Աստծուն և հավատա Նրա Խոսքին, որն ասում է․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը։ Եվ դուք կկանչեք Ինձ ու կգնաք աղոթք կանեք դեպի Ինձ, և Ես կլսեմ ձեզ, և դուք Ինձ կորոնեք ու կգտնեք, որովհետև Ինձ կխնդրեք ձեր ամբողջ սրտով» (Երեմ․ 29.11-13)։

Իհարկե, սատանան քնած չէ, նա մարդու ոխերիմ թշնամին է․ «Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետր. 5.8)։ Հիսուս Փրկիչը հրաշալի գիտեր դա, այդ պատճառով ասում էր․ «Ահա իշխանությունը տվեցի ձեզ՝ ոտնակոխ անելու օձերին և կարիճներին և թշնամու բոլոր զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի» (Ղուկ. 10.19): Յուրաքանչյուրը պետք է ճանաչի Հիսուս Քրիստոսով իրեն տրված իշխանությունը, որպեսզի վայելի Խաչի զորությամբ իրեն շնորհված հաղթական կյանքը։ Խորհուրդ եմ տալիս կարդալ Ք․ Հեգինի «Հավատացյալի իշխանությունը» գիրքը։

Մարդուն երջանկություն է պարգևում Տիրոջից իր համար նախասահմանված կոչման մեջ լինելը։ Յուրաքանչյուր մարդ Երկիր մոլորակի վրա ապրելու ընթացքում պետք է ճանաչի իր կոչումը։ Կյանքի որակը փոխելու համար մարդուն մեծ հնարավորություններ են տրված Տիրոջից։ Մարդն ինքը պետք է որոշի զարգացումից զարգացում քայլել։ Այդ զարգացումը սկսվում է մտածելակերպի փոփոխությունից, իսկ մտածելակերպը փոխվում է Տիրոջ հետ հանդիպումից․ «Մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանաքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ  քննեք, թե ինչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմ․ 12.2)։ Այս ամենն իրականացնելը բացարձակ բարդ չէ, հակառակը՝ հաճելի է։ Մարդը, երբ գիտակցում է, որ Աստծո Խոսքը կատարելով հնազանդվում է Նրան, Ով Իր միածին Որդուն չի խնայել, խաչի մահ է տվել, որ սատանայական գործերն ու ծրագրերը խաթարված լինեն իր կյանքում, երբ հասկանում է, որ իր Բարեխոսը միակ հավատարիմն է, միակ անխարդախը, միակը, որ հավիտենական սիրով է իրեն սիրում ու գնահատում, երջանկությունից ցնծալով է առանձնանում ծածուկ սենյակում Նրա հետ հանդիպելու։

Մի անգամ, երբ Աստվածաշնչից բավական շատ գլուխներ էի կարդացել՝ թե՛ Հին ուխտից, թե՛ Նոր կտակարանից, ծածուկ սենյակում աղոթել էի, ստացել  խնդրանքիս պատասխանը, որոշեցի մի քիչ այլ բանով զբաղվել՝ «YouTube»-ում հետաքրքրիր էջեր փնտրել։ Հավանաբար, շատերին է ծանոթ յութուբյան էջեր թերթելու, սոցիալական ցանցերում այս կամ այն նկարով կամ գրառումով հրապուրվելու փաստը, ինչն աննկատելի ժամանակ է գողանում մարդուց։ Հանկարծ լսեցի Սուրբ Հոգու հարցը․ «Ադամանդի փոշին դու կթափեի՞ր»։ Հարցն անակնկալ էր: Ես պատասխանեցի․ «Ո՛չ», որովհետև գիտեի, որ նույնիսկ փոշուց հրաշալի քարեր են պատրաստում տարբեր զարդերի համար։ Սուրբ Հոգին բացատրեց, որ ամեն վայրկյանը նման է ադամանդի փոշու. մարդը, սուզվելով այս կամ այն էջի մեջ, հեռուստացույցի առջև ժամանակ անցկացնելով, սուրճի սեղանների շուրջ աննպատակ զրուցելով, իր համար անտեսանելի ձևով աղբն է թափում ադամանդի փոշին։ Ինչպես այդ փոշին կարելի է հավաքել և բավական արժեքավոր զարդ ստանալ, այնպես էլ Տիրոջից մարդուն շնորհված ժամանակը կարելի է ճիշտ կառավարել և կյանքում արժեքավոր ձեռքբերումներ ունենալ։ Տերն է մարդուն ստեղծել և հրաշալի գիտի նրան տրված հնարավորությունները, այդ պատճառով ցանկանում է, որ մարդը ժամանակի գիտություն ունենա, ինչպես ունեին Իսաքարի որդիները․ «Եվ Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտություն ունեին ․․․․» (Ա Մնացորդ․ 12.32):

Թեման ամբողջությամբ ընկալելու և արդյունք ստանալու համար առաջարկում եմ նաև կարդալ և լսել ներքոհիշյալ քարոզներն ու գրքերը:

Քենեթ Հեգին, «Հավատացյալի իշխանությունը»

Քենեթ Հեգին, «Ինչպես լսել Սուրբ Հոգու ձայնը»

gayaneblog.org բլոգից (մուտքը՝ GOOGL- ով)՝

Գայանե Հակոբյան, «Կոչում»

Գայանե Հակոբյան, «Ժամանակի կառավարում»

Գայանե Հակոբյան, «Ովքեր են լսում Տիրոջ ձայնը»

Գայանե Հակոբյան, «Հավատացյալին տրված իշխանությունը»

 

 

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00