April 11, 2022 Warrior

ԻՆՉՊԵՍ ՍՏՈՒԳԵԼ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉ ԱՆԵԼ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ՀԱՄԱՐ

Իմ նախորդ նյութում՝ «Ո՞ւմ հետ ես ընկերություն անում» վերնագրով, խոստացել էի անդրադառնալ մարգարեություններին, Տիրոջ ձայնը լսելուն և ստուգելուն՝ արդյո՞ք տվյալ իրավիճակի վերաբերյալ խոսքը Տիրոջից է ուղարկված։

Յուրաքանչյուր խոսք, որ Տերը հայտնում է մարդուն, ճշգրտորեն համապատասխանում է Աստվածաշնչին։ Օրինակ՝ Հին ուխտում բազմիցս հանդիպում ենք Հիսուս Փրկչի ծննդյան և առաքելության մասին մարգարեական խոսքերի։ Նոր կտակարանում հստակ ներկայացված է յուրաքանչյուր մարգարեական խոսքի ճշգրիտ իրականացումը։

Համապատասխան օրինակներ Հին և Նոր Ուխտից

«Ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի և նրա անունը կկոչի Էմմանուէլ» (Եսայի մարգ․ 7.14, Հին ուխտ):

«Տիրոջ հրեշտակը երազում երևաց նրան ու ասաց․ «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի կծնի, ու Նրա անունը Հիսուս կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից»: Եվ այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի միջոցով Տիրոջից ասվածը, որ ասում է․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի և նրա անունը Էմմանուէլ կկոչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ»» (Մատթ. 1.20-23, Նոր կտակարան)։

Մեկ այլ օրինակ՝ «Եվ դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա Ինձ համար Նա, որ իշխան լինի Իսրայելին….» (Միքիա մարգ․ 5.2, Հին ուխտ)։

«Եվ նա (Հերովդեսը) բոլոր քահանայապետներին ու դպիրներին ժողովելով՝ հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Նրան ասացին՝ Հրեաստանի Բեթլեհեմում….» (Մատթ․ 2.4, 5, Նոր կտակարան)։

«Եվ այն օրերում հրաման դուրս եկավ Օգոստոս կայսրից, որ բոլոր աշխարհում մարդահամար անցկացվի: Սա առաջին աշխարհագիրը եղավ Կյուրենի՝ Սիրիայի կուսակալության ժամանակ, և ամեն մեկը գնում էր գրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը: Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տանից ու ազգից էր, որ գրվի իր նշանած Մարիամի հետ, որը հղի էր» (Ղուկ․ 2.1-5, Նոր կտակարան):

Եվս մեկ օրինակ՝ «….Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն» (Ովսէ մարգ․ 11.1, Հին ուխտ)։

«Տիրոջ հրեշտակը երևաց երազում Հովսեփին և ասաց․  «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային և Նրա մորը ու փախի՛ր Եգիպտոս»: ….և այնտեղ էր մինչև Հերովդեսի վախճանը, որ կատարվի Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն»» (Մատթ․ 2.13-15, Նոր կտակարան):

Մարգարեության իրականացման գործում կարևոր է մարգարեությունը ստացողի դերը

Սամարիայում երեք տարի երաշտ էր ու սով։ Տերն Իր մարգարեին՝ Եղիային, ասում է․ «Գնա՛, երևա՛ Աքաաբին, ու Ես անձրև պիտի տամ երկրի երեսին» (Գ Թագ․ 18.1)։ «Եվ Եղիան ասաց Աքաաբին․ «Վե՛ր գնա, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի սաստիկ ձայն կա….»։ Տիրոջից ստացած խոսքը Աքաաբին փոխանցելուց հետո Եղիան բարձրանում է Կարմեղոս լեռը՝ աղոթելու, այնուհետև դիմում է  իր պատանուն․ «Գնա նայի՛ր դեպի ծովակողմը»։ Պատանին նայում է ու ասում՝ ոչ մի բան չկա։ Եղիան ասում է. «Դարձյա՛լ գնա», ու այդպես յոթ անգամ։ «Եվ յոթերորդ անգամ ասաց․ «Ահա մի փոքր ամպ՝ մարդու ձեռքի չափ, բարձրանում է ծովի կողմից»։ Եվ նա ասաց․ «Գնա ասա՛ Աքաաբին․ «Լծի՛ր կառքդ ու իջի՛ր, որ անձրևը քեզ չբռնի»։ Եվ մինչև այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և մեծ անձրև եղավ» (Գ Թագ․ 18.41-45):

Տերը միշտ կատարում է Իր Խոսքը, պարզապես, մարդն էլ պետք է կատարի այն, ինչ Տերն է ուզում։ Տիրոջ և մարդու միջև պետք է լինի հաղորդակցություն. մարդը պետք է ճանաչի Սուրբ Հոգու ձայնը ու կատարի ճիշտ և ճիշտ Նրա ուզածով։ Եղիան եթե աղոթեր մեկ անգամ ու սպասեր անձրևին, ոչինչ չէր լինի։ Աղոթելիս նա հասկանում էր՝ ինչ պետք է անել, և նրա գործողությունները նպատակաուղղված էին դառնում։ Տերը միշտ տարբեր ձևերով է գործում, այդ պատճառով մարդու և Տիրոջ միջև մտերմությունը մշտատև ու զարգացող պետք է լինի։

Յուրաքանչյուր մարդ, եթե Տիրոջից խոսք է ստացել, բայց դա չի կատարվել, չպետք է հիասթափվի՝ մտածելով, թե Տերն անհավատարիմ է։ Անհրաժեշտ է ստուգել՝ արդյո՞ք այդ խոսքը Աստվածաշնչից է։ Հնարավոր է, որ դա, իրոք, Սուրբ Գրքից լինի, բայց Տիրոջից ուղարկված չլինի։ Շատ կարևոր է, որ   յուրաքանչյուր աստվածապաշտ անձնավորություն զանազանի Տիրոջ ձայնը, սրանում վարժվի, Տիրոջ ուզած կյանքով ապրի։ Մարդը չի կարող միշտ խնդրել այս կամ այն քարոզչին կամ եկեղեցական ծառայողին՝ աղոթել իր համար. նա հոգևոր աճ պետք է ունենա, զարգացում, Տիրոջ հետ մտերմություն, որպեսզի իրեն հուզող հարցերի պատասխաններն անձամբ ստանա Տիրոջից։ Տերը սպասում է այդ մտերմությանը։

Սուրբ Հոգու ձայնը լսելու և Նրանով առաջնորդվելու հարցում ինձ օգնել է Քենեթ Հեգինի «Ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգով» գիրքը։ Ես սկսեցի զանազանել Տիրոջ ձայնը ու բազում հրաշքներ տեսա իմ կյանքում։ Հետագայում Սուրբ Հոգու առաջնորդությամբ գրեցի «Ովքեր են լսում Տիրոջ ձայնը» գիրքը, որտեղ ոչ միայն ներկայացնում եմ, թե Տերը ինչ ճանապարհներ է ընտրում Իր Խոսքը մարդուն հասանելի դարձնելու համար, այլև համապատասխան օրինակներ եմ բերում։

Կարևոր իրադարձություն իմ կյանքից

1992 թվականին, երբ առաջին քայլերն էի կատարում «Գնացե՛ք, տեսե՛ք» սոցիալական ծառայության ղեկավարման գործում, աղոթեցի Տիրոջն ու խնդրեցի ճանապարհ բացել, որպեսզի համապատասխան կրթություն ստանամ։ Իհարկե, Սուրբ Հոգին իմ առաջին Ուսուցիչն է ու Նրա առաջնորդությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր իրավիճակում, բայց մասնագիտական կրթությունը նույնպես կարևոր է և անհրաժեշտ։ Տիրոջից խոսք ստացա․ «Հույսիդ խարիսխները նետի՛ր Երկինք, Անգլիայից քեզ օգնություն կգա»։ Մինչև այդ Անգլիայում երբևէ չէի եղել ու որևէ ծանոթ չունեի։ Նույնիսկ չգիտեի, որ Նոր կտակարանում գրված է «հույսի խարսխի» մասին։ Ընկերներիցս մեկին հարցրի՝ արդյո՞ք այդ արտահայտությունն Աստվածաշնչից է: Նա հաստատեց ու կարդաց Պողոս առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթի 6-րդ գլուխը, որտեղ խոսվում է հույսը պինդ բռնելու և նրանով խոստումները ժառանգելու մասին. «….ապավինելով բռնեցինք մեր առջև դրված հույսը, որը հաստատ ու անշարժ խարիսխի նման է մեր անձի համար….» (Եբր 6.18, 19)։ Սքանչելի՜ էր: Աստծո Խոսքն ասում էր, որ հույսը պետք է բռնել, դա հաստատ ու անշարժ խարսխի նման է: Ես հասկացա, որ իմ սպասումը պետք է լիներ Երկնքից՝ Տիրոջից։ Իմ հույսն առ Աստված, իրոք, խարսխի նման ամուր էր։ Կարճ ժամանակ անց Անգլիայից եկած մի անձնավորություն Տիրոջ առաջնորդությամբ հայտնվեց իմ կյանքում ու հնարավորություն ստեղծեց մասնագիտական կրթություն ստանալու Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեցարիայում։ Սակայն մինչև նրան հանդիպելը իմ կյանքում չափազանց կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Ինձ հրավիրեցին սոցիալական աշխատանքի կազմակերպմանն ու կառավարմանը վերաբերող սեմինարների, որոնք տարին 2 անգամ տեղի էին ունենում Երևանում: Դրանք կազմակերպում էին ԱՄՆ-ից ու Եվրոպայից եկած մասնագետները։ Երեք տարի շարունակ մասնակցեցի այդ սեմինարներին՝ մտածելով, որ, ի պատասխան աղոթքիս, Տիրոջից դուռ էր բացվել ինձ համար։ Յուրաքանչյուր սեմինարից հետո կազմակերպիչներից մեկը՝ Գայ Քալվերթ Լի անունով, միշտ լրացուցիչ հանդիպում էր ունենում ինձ հետ ու հարցեր էր տալիս ծառայությանս վերաբերյալ։ Սկզբում սիրով էի պատասխանում նրա հարցերին, բայց նկատելով, որ ամեն անգամ՝ երեք տարի շարունակ, նա նույն հարցերն է տալիս, իսկ ես, բնականաբար, նույն պատասխանները, զայրացա և որոշեցի այլևս նրա հետ չհանդիպել: Նա չէր ներկայացնում իր ծրագրերը և գործունեությունը. ես գիտեի միայն, որ նա սեմինարի կազմակերպիչներից մեկն էր: Երեք տարի անց նա նորից եկավ Հայաստան և առաջարկեց հանդիպել։ Որոշեցի այս անգամ նրա հարցերին այնպես պատասխանել, որ նա այլևս ինձ հետ հանդիպելու ցանկություն անգամ չունենա։ Այնպիսի տպավորություն էր, որ նա հիշողության խնդիր ուներ, բացի այդ կորցնում էր այն գրառումները, որոնք կատարում էր մեր զրույցների ընթացքում։ Երբ հանդիպեցինք, և ես մտքումս ամենակոպիտ արտահայտություններն էի ընտրում նրան պատասխանելու համար, Սուրբ Հոգին մեղմ ասաց․ «Եղի՛ր բարեհամբույր ու պատասխանի՛ր բոլոր հարցերին»։ Ապշեցի, բայց հնազանդվեցի։ Նա նորից բացեց իր համակարգիչը և նորից նույն հարցերը տվեց։ Հնազանդվելով Տիրոջը՝ բարեհամբույր պատասխանեցի բոլոր հարցերին։ Համարյա մեկ ժամ ընթացող մեր զրույցն ավարտվեց, սիրալիր բաժանվեցինք։ Հուսով էի, որ նրան այլևս չեմ տեսնի, քանի որ սեմինարներն արդեն ավարտվել էին, և մենք ստացել էինք այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին սոցիալական ծառայության կազմակերպման ու կառավարման գործում։ Մեկ տարի անց Անգլիայից հրավեր ստացա՝ Լոնդոնում ավելի խորացված ու բարձրակարգ կրթություն ստանալու համար։ Հրավիրողը Գայ Քալվերթ Լին էր։ Հետագայում նրա կազմակերպության ֆինանսավորմամբ կրթությունս շարունակեցի Ֆրանսիայում ու Շվեցարիայում։ Լոնդոնում երբ հանդիպեցինք, և ծանոթացա նրա կնոջ ու աղջկա հետ, իմացա, որ նրանք աստվածապաշտ մարդիկ են, ու նա Տիրոջից առաջնորդվելով է իմ ուսման համար լայն դռներ բացել իմ առջև։ Ամեն տարի Հայաստանում ինձ հետ հանդիպելով ու նույն հարցերը տալով՝ նա համոզվել է, որ իմ ծրագրերն ու տեսիլքը Երկնքից են, այդ պատճառով միշտ նույն պատասխաններն եմ տվել, հավատարիմ եմ եղել Տիրոջից ստացածին։ Ի՞նչ կլիներ, եթե մեր վերջին հանդիպման ժամանակ չլսեի Սուրբ Հոգու ձայնը կամ՝ լսեի, բայց չհնազանդվեի։

 «….Ես եմ Աստված, և ուրիշը չկա…. և Ինձ պես մեկը չկա, որ պատմում եմ սկզբից վերջը և նախապես այն, ինչ դեռ չի եղել, որ ասում եմ, թե Իմ խորհուրդը պիտի հաստատվի, ու անում եմ Իմ բոլոր ուզածը…. Ես խոսել եմ, կատարելու էլ եմ, Ես որոշել եմ, անելու էլ եմ» (Եսայի 46.8-11)։ Տերը միշտ է հավատարիմ։

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00