Արթուն միտք ունեցողը տեսնում է մոլորակի բնակչությանը սպառնացող վտանգը։ Պլանավորված պատվաստումը պարտադրվում է մոլորակի մարդկանց։ Արհեստական համաճարակ ստեղծողները շարունակում են իրենց դիվային ծրագիրը՝ փուլ առ փուլ, կազմակերպված պատվաստելով մոլորակի բնակչությանը, որով աստիճանաբար կործանման են տանում մարդկությանը։ Նրանք դեմ են դուրս եկել տիեզերքն ստեղծող և հավիտենությունը ափերի մեջ պահող Աստծուն։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս նման անօրինություն Երկիր մոլորակի վրա։ Տերը թույլ է տալիս, որովհետև մարդն իր գործողություններով քանդել է իր անձնական կյանքի, իր երկրի, իր մոլորակի «պարիսպները»։ Ոմանք ասում են, որ Աստվածաշունչը խոսում է համաճարակների, սովերի, պատերազմների մասին։ Բայց Խոսքում ասվում է, որ դրանք տեղ-տեղ կլինեն, և ոչ թե ամբողջ մոլորակի վրա միանգամից համաճարակ կլինի։ Սա խոսում է այս համաճարակի արհեստածին լինելու մասին։ Ինչո՞ւ են մեր մոլորակի պարիսպները քանդվել։ Պատճառն այն է, որ մարդկության մի մասը հոժար կամքով ընդունել կամ հաշտվել է կախարդությունների, այլասեռվածության, օտար աստվածների պաշտամունքի և Աստծուն տհաճ այլ գարշելի երևույթների հետ։ Բնակչության մի մասն էլ իր անտարբերությամբ ու լռությամբ է մասնակից դարձել սատանայապաշտության այս գործողություններին։
Այսօր հոգով արթնանալու, տիեզերքն ստեղծող Աստծուն դեմքով կանգնելու ժամանակն է։ Գործած մեղքերի համար ողբալու և ապաշխարելու ժամանակն է։ Ոչ ոք արդարանալու և այլոց մեղադրելու իրավունք չունի։ Բոլորս ենք մեղավոր մեր անձնական կյանքի, երկրի, մոլորակի պարիսպների քանդման համար։ Պետք է յուրաքանչյուրս ապաշխարենք, համախմբվենք ու Տիրոջից փրկություն սպասենք։ Ճշմարիտ ապաշխարության դեպքում Տիրոջ ողորմությունը կտեսնենք ու Նրա փրկությունը կճաշակենք։ Եթե մեր գործողությունները ճիշտ լինեն, կտեսնենք սաղմոսերգուի խոսքերի իրականացումը մեր կյանքում․ «Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ ու Նրա օծյալի դեմ, թե՝ կոտրենք նրանց կապանքներն ու դեն գցենք նրանց չվանները մեզանից։ Երկնքում Բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։ Այն ժամանակ նրանց հետ կխոսի Իր բարկությունով և Իր սրտմտությունով կշփոթեցնի նրանց» (Սաղմ․ 2.1-5)։ Ապաշխարությունից հետո պարիսպները բարձրացնելու ժամանակը կգա։ Սովորենք Նէեմիայից, որ 52 օրվա ընթացքում կարողացավ կազմակերպել և առաջնորդել Երուսաղեմի պարիսպների կառուցումը։ Ահա կետ առ կետ նրա գործողություններն ու հաղթանակին հասնելու ճանապարհը:
ՆԷԵՄԻԱՅԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆ ՆԷԵՄԻԱՅԻ ԳՐՔԻ
- Նէեմիան հնազանդվեց ու գնաց գերության։
- Նա չմոռացավ իր երկիրն ու տունը։
- Սրտացավություն ու հետաքրքրություն ուներ իր երկրի հանդեպ։
- Խոր ցավ ապրեց, երբ իմացավ երկրի վիճակը՝ «Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ մնացին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, Երուսաղեմի պարիսպները՝ քանդված, և նրա դռները կրակով այրված են»: Եվ երբ որ ես այս խոսքերը լսեցի, նստեցի ու լացեցի և սուգ արի մի քանի օր, ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծո առջև» (1.3, 4 խ.): Ցավը, կսկիծը դրսևորվեցին լացով, օրեր տևող սգով, աղոթքով ու ծոմով։
- Նէեմիան գիտակցեց իր ազգի ողբերգության պատճառը: Նա մեղավորներ չէր փնտրում, նա փոփոխություն ու ելք էր փնտրում։ Խոր զղջումով աղաղակում էր Աստծուն։ Ապաշխարելիս իրեն չէր առանձնացնում. «Ո՛վ Տեր, երկնքի՛ Աստված, մե՛ծ և ահե՛ղ Աստված…. Քեզ դեմ մեղանչեցինք, ե՛ս էլ, իմ հոր տո՛ւնն էլ մեղանչել ենք: Իրավ հանցավոր ենք Քո դեմ և չենք պահել այն պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ Դու պատվիրեցիր….» (1.5-11 խ.): Ջ․ Մաքսվելին գրում է․ «Նէեմիան լացում էր ոչ թե իր համար, այլ այն ժողովրդի, ովքեր Երուսաղեմում էին։ Այդ ժամանակ երևաց ելքը»։
- Աղաղակից հետո նրա սրտում դեռևս ցավ կար։ Այդ ցավն այնքան խորն էր, որ տպվել էր դեմքին, երբ ծառայում էր թագավորին՝ «Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է երեսդ տրտում, քանի որ դու հիվանդ չես, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սրտի ցավ….»» (2.2 խ.):
- Նէեմիան լավ ծառայող էր: Նա թագավորի մատռվակն էր։ Անկեղծ էր ու համարձակ։ Խելացի խնդրանքով հանդես եկավ՝ «Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ նամակներ տրվեն՝ Գետի այն կողմի իշխաններին ուղղված, որ ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան: Եվ մի նամակ՝ թագավորական պարտեզի տեսուչ Ասափին ուղղված, որ ինձ փայտ տա Աստծո տան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ»: Եվ թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծո բարի ձեռքն ինձ վրա էր» (2.7, 8 խ.):
- Նէեմիան համոզված էր, որ Աստծո ձեռքն իր վրա է, և Աստված նրա միակ հույսն էր։
- Նէեմիան համարձակ էր ու գաղտնապահ՝ «Եվ ես վեր կացա գիշերը և մի քիչ մարդիկ ինձ հետ և ոչ մի մարդու չպատմեցի, թե Աստված ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմին անեմ….» (2.12-16 խ.): Նա ճիշտ ժամանակին հայտնեց իր ծրագիրը։
- Նէեմիան վստահեց Աստծուն։ Նա իր երազանքը, իր գործունեությունը իրականացնելու համար հնարավորություն ստացավ այնտեղից, որտեղ այդ պահին գտնվում էր։ Նէեմիան ընդամենը մատռվակ էր, բայց դարձավ Երուսաղեմը վերականգնող։ «Տերը չի փնտրում շնորհալիներին ու դարձնում հավատարիմ։ Տերը փնտրում է հավատարիմներին ու դարձնում շնորհալի»,- ասել է Տիրոջ ծառաներից մեկը։ Թագավորը Նէեմիային ազատ արձակեց որոշակի ժամանակով՝ «…. Եվ հաճելի եղավ թագավորի առջև, որ ինձ ուղարկի, և ես նրան ժամանակ որոշեցի» (2.6, 7 խ.): Հետագայում թագավորը նրան իշխան կարգեց Իսրայելի վրա (5.14 խ.)։
- Նէեմիան հստակ ծրագիր ուներ։ Այդ ծրագիրը ճիշտ ժամանակին ներկայացրեց հրեաներին, քահանաներին, ազնվականներին՝ «…. և հրեաներին, քահանաներին, ազնվականներին, ոստիկաններին ու մյուս գործը կատարողներին մինչև այդ ժամանակ չէի իմացրել…. Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծո ձեռքը ինձ վրա բարի է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր, և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»: Եվ իրենց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար» (2.16-18 խ.):
- Նէեմիան ականջը չկախեց ծաղր անողներին լսելուն։ Նա մեծ գործով էր զբաղված։
- Երուսաղեմի պարսպի կառուցմանը շատերը մասնակցեցին, բայց գտնվեցին մի քանի երևելիներ, որ հրաժարվեցին՝ «Բայց նրանց երևելիները իրենց վզերը չտվին իրենց Տիրոջ ծառայությանը» (3.5 խ.):
- Նէեմիան սիրում էր ոչ միայն իր երկիրը, այլև ժողովրդին։ Աղքատների աղաղակը լսելով՝ նա հավաքեց ազնվականներին և քահանաներին ու ճիշտ ներկայացնելով իրավիճակը՝ խնդրեց, որ ոչ միայն ետ տան աղքատներից վերցրածը ու ներեն պարտքերը, այլև իրենց ունեցվածքի հարյուրից մեկը տան չունևորներին։
- Նէեմիան չօգտվեց իշխանական առավելություններից ու մյուս իշխաններին էլ նույնը պատվիրեց, մինչև կարգավորվի ժողովրդի վիճակը։ Նա Տիրոջը խնդրեց, որ հաշվի առնի այդ փաստը իրեն հիշելիս՝ «Այն օրից, որ ինձ հրամայեց թագավորը, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին, տասներկու տարի ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք…. որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի վրա» (5.14-19 խ.):
- Բամբասանք, չարախոսություն, սպառնալիք, սուտ մարգարեություն․․․ ոչինչ չկարողացավ Նէեմիային սասանել, նա երբեք Աստծուց իրեն տրված դիրքից չիջավ։
- Քաղաքի համար պահապաններ որոշվեցին։ Նէեմիան ապրում էր իրական կյանքով, չէր ասում՝ «Աստված կպահի»: Նա գնահատում էր և՛ ֆիզիկական կյանքը՝ իր դրսևորումներով, և՛ հոգևոր կյանքը։
- Ազգահամար է անցկացվում, նվիրատվություններ են հավաքվում։
- Ժողովուրդը հրապարակորեն ապաշխարում է։ Ընտանիքները քանդվում են նախկին մեղքերի պատճառով՝ շատերը ամուսնացել էին օտարազգի կանանց հետ, նույնիսկ ոմանք երեխաներ ունեին։ Օտարազգի կանայք և նրանցից ծնված երեխաները դուրս են գալիս Իսրայելից։ Սրբություն է տիրում։ Սրբության մեջ՝ երկրպագություն Տիրոջը՝ «…. Եվ ջոկվեցին Իսրայելի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից և կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրենությունները…. և երկրպագություն էին անում իրենց Տեր Աստծուն» (9.1-3 խ.): Հիշում են Աստծո արած բոլոր հրաշքներն ու փառավորում Նրան։
- Ուխտում են կատարել Տիրոջ օրենքները, իրենց աղջիկներին օտար ազգերի չտալ և օտարազգի կին չբերել, ժամանակին տալ տասանորդը, ընծան, երախայրիները, հոգ տանել ղևտացիների մասին, Տիրոջ տունը չթողնել։
- Կարգ են սահմանում՝ ով պիտի թողնի իր կալվածքն ու բնակվի Երուսաղեմում, և ովքեր պիտի բնակվեն այլ քաղաքներում ու գյուղերում։
- Մինչ Նէեմիան բացակայում էր քաղաքից, նորից անկարգություններ են լինում։ Ճիշտ ղեկավարի ներկայությունն ու անհրաժեշտությունը միշտ կա։ Տիրոջ տան այն սենյակը, որն առանձնացված էր տասանորդի, հացի նվերի, կնդրուկի և անոթների համար, դատարկվում է ու տրվում Տուբիային, քանի որ նա տաճարի այդ սենյակի վերակացուի բարեկամն էր։ Նէեմիան վռնդում է Տուբիային, և ամեն ինչ վերականգնվում է։ Ղևտացիները ետ են վերադառնում։ Խիստ հսկվում է շաբաթը պահելը։ Նէեմիան պարիսպների մոտ իր ծառայողներին է կանգնեցնում, որպեսզի շաբաթ օրը ոչ մի ապրանք քաղաք չմտնի։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ