Փետրվար 12, 2020 Warrior

ՄԱՍ 1 – ԻՆՉՊԵ՞Ս ԾՆՎԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ: ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՏԵՍԻԼՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Ժամանակ առ ժամանակ իմ բլոգում լուսանկարներ ու նյութեր եմ տեղադրում «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայության Զարգացման կենտրոնի մասին։ Այս անգամ ցանկանում եմ կիսվել, թե ինչ բացառիկ նշանակություն ունի մարդու բնավորությունը տեսիլքի իրականացման հարցում և՝  նչպե՞ս ծնվեց Զարգացման կենտրոնը, որտե՞ղ է նրա հիմքը, մինչև ո՞ւր են ձգվում նրա արմատները։

1996 թվական. Տիրոջը նվիրվելու կանչը

Աշխատում էի Հնագույն ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանն ինձ համար անհասանելի երազ էր։ Երբևէ չէի մտածի, որ Տերն ինձ հնարավորություն կտա Պետական համալսարանում ուսանելու տարիներին զուգահեռ աշխատել այնտեղ։ Փա՜ռք Աստծուն, Ամենակարողը անհնարինը հնարավոր է դարձնում։

Բանասիրության բաժինն ավարտելուց հետո համոզված էի, որ ամբողջ կյանքս նվիրելու եմ գիտությանը, ինչպես իմ ղեկավարը՝ պրն․ Բաբկեն Չուքասզյանն էր ասում, դառնալու եմ «Մատենադարանի գիտական սյուներից մեկը»: Աշխատանքին զուգահեռ՝ շուրջ հինգ տարի, կամավորական  հիմունքներով ղեկավարում էի «Գնացեք, տեսեք…» սոց․ ծառայությունը։ Մտածում էի, որ շուտով  կգտնվի մեկը, ով կստանձնի ծառայության պատասխանատվությունը, ու ես ամբողջությամբ կնվիրվեմ գիտությանը։

Սակայն մարդուն ստեղծող Աստված յուրաքանչյուրի համար ունի Իր կամքը՝ բարին, հաճելին, կատարյալը: Կարևորն այդ կամքը ճանաչելն է ու կատարելը, ինչն էլ իր հերթին կախված է այն բանից, թե որքան ես ճանաչում և վստահում Տիրոջը, որքանով ես պատրաստ հրաժարվելու քո հարմարավետ առօրյայից, ձեռքբերումներից կամ այն երազանքներից, որոնք իրականության շեմին են, ու մտնելու բոլորովին անհայտ տարածք, որն անհրապույր է թվում, նույնիսկ՝ վանող։

1996 թվականին Տերը հայտնեց Իր կատարյալ կամքը իմ հետագա կյանքի վերաբերյալ։ Համաձայն Նրա կամքի՝ ես պետք է թողնեի գիտական աշխատանքին նվիրվելու գործունեությունս, դուրս գայի Մատենադարանից ու ամբողջությամբ ծառայեի Իրեն՝ տվյալ պահին ղեկավարեի «Գնացեք, տեսեք…» սոց․ ծառայության աշխատանքը:

Ընտրության առաջ

Չորս ամիս շարունակ ողբում էի, աղոթում ու փաստերով փորձում համոզել Տիրոջը, որ դա անհնարին է։ Այդ ժամանակահատվածում գործազրկություն էր Հայաստանում, լույսն ընդամենը երկու ժամով էին տալիս, մինչդեռ Մատենադարանը ամերիկացի հովանավորների շնորհիվ ապահովված էր լույսով ու ջեռուցումով: Ես բարձր աշխատավարձ էի ստանում: Քանի որ ծնողներս արդեն թոշակառու էին, իսկ քույրերս՝ ուսանող, ընտանիքի ֆինանսական ծանրությունն իմ ուսերին էր։

Մի օր, երբ հերթական աղիողորմ աղոթքով Տիրոջը «համոզում էի», որ մնամ Մատենադարանում, Սուրբ Հոգին մեղմ խոսեց. «Ես քեզ չեմ պարտադրում»: Այդ ձայնի մեջ ոչ միայն մեղմություն կար, այլև ցավ, որն ասում էր․«Երանի՜ Ինձ վստահեիր»: Ես սթափվեցի և անմիջապես որոշում կայացրի թողնել Մատենադարանն ու ամբողջությամբ նվիրվել Տիրոջը ծառայելուն։

Տասնամյա Դավիթի խնամատարությունը

Նոր էի դուրս եկել աշխատանքից, ֆինանսական վիճակս դեռ կարգավորված չէր, երբ Տերը նորից խոսեց ինձ հետ։ Այս անգամ խոսքը վերաբերում էր մի երեխայի, ով ժամանակավորապես մեր տանն էր ապրում։ Մայրը մահացել էր: Մոտ մեկ ամիս էր, ինչ ես, մանկատնից մանկատուն ընկած, փորձում էի նրան ապահով ձեռքերի մեջ հանձնել, մինչև նրա հոր ու տատիկի սոցիալական վիճակը կբարելավվեր, և նրանք ի վիճակի կլինեին երեխայի մասին հոգալու: Տերն ուզում էր, որ այդ ընթացքում երեխան ինձ մոտ մնար, ապրեր մեր տանը։

Ծնողներիցս գաղտնի էի պահում Մատենադարանից դուրս գալս, իսկ հիմա՝ այս երեխան։ Փա՜ռք Աստծուն, որ ծնողներս թոշակի անցնելուց հետո ամառանոցում էին ապրում ու ամսվա մեջ մի քանի անգամ էին գալիս Երևան։ Այդ ժամանակ հայրս դեմ էր, որ մենք եկեղեցի հաճախեինք: Նա մտածում էր մեր կրթության ու ապագայի մասին, իսկ ես դուրս էի եկել Մատենադարանի խոստումնալից աշխատանքից ու զբաղվում էի սոցիալապես անապահով ընտանիքներով, ինչը չէի կարծում, թե նրան կերջանկացներ: Ստիպված գաղտնի պահեցինք նաև այն փաստը, որ մեր տանը տասնամյա տղա երեխա է ապրում։

Երեխայի անունը Դավիթ էր: Երբ ծնողներս գալիս էին մեզ տեսակցության, Դավիթն արագ մեր պատշգամբով անցնում էր հարևանի տուն։ Հարևանի հետ պայմանավորվելով՝ մեր ու նրանց պատշգամբն առանձնացրել էինք բարակ տախտակով։ Դավիթը խելացի երեխա էր, ամեն ինչ հասկանում էր: Ոչ մի փաստաթուղթ չունեի, որն ինձ իրավունք կտար ստանձնելու նրա խնամատարությունը և դեռ դպրոց ընդունելու նրան։ Թակել էի ամենատարբեր դպրոցների դռները. ոչ մի տնօրեն չէր ցանկանում ինձ լսել ու առանց լիարժեք փաստաթղթերի երեխային դպրոց ընդունել։ Պատմությունը կարճելու համար ասեմ, որ միայն Տիրոջ շնորհքով Դավիթն ապրեց մեր տանը և, ի վերջո, դպրոց հաճախեց: Մոտ հինգ տարի մերթ սարսափելի դժվար, մերթ երջանիկ ու պայծառ օրեր ունեցանք։ Այդ տարիներին ես ավելի խորությամբ հասկացա, որ երեխան, անկախ տարիքից, ունի կամք, ընտրության ցանկություն և իրավունք: Նա տիկնիկ չէ, որ երբ ուզես՝ քնեցնես, ինչպիսի հագուստ ուզես՝ հագցնես, ուր ուզես՝ տանես, առավել ևս  10-15 տարեկան հասակում, երբ պատանիների մոտ անցումային շրջան է՝ լի հույզերով, ըմբոստությամբ, անձը հաստատելու բուռն ցանկությամբ։ Դավիթը, Տիրոջ կամքով, որպես անհատականություն ձևավորվելու այդ ժամանակահատվածում ապրեց մեր տանը: Այնուհետև կյանքն այնպես դասավորվեց, որ ես մեկնեցի Ֆրանսիա՝ ուսումս շարունակելու, իսկ նա վերադարձավ իրենց տուն՝ օգնելու հորը և տատիկին, որոնք առողջական խնդիրներ ունեին:

Փողոցային երեխաների հետ աշխատելու սկիզբը

2000 թվականին, Տիրոջից ստացած տեսիլքի համաձայն, նախապատրաստական աշխատանքներ սկսեցինք փողոցում թափառող երեխաներին խնամքի տակ վերցնելու և, ընդհանրապես, երեխաների մուտքը մանկատուն կանխարգելելու ուղղությամբ։ Ծրագիրը կոչվում էր «Կողմնորոշում, կանխարգելում, խնամատարություն»: Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դեռևս չուներ համապատասխան օրենքներ՝ երեխային մանկատուն տանելու փոխարեն նրա հետ աշխատանք տանելու և խնամատար ընտանիքներ ստեղծելու վերաբերյալ։ Դեռևս չկար օրենքով սահմանված այն որոշումը, որ երեխան պետք է մեծանա ընտանեկան ջերմ մթնոլորտում, որ պետք է կանխարգելվի նրա մուտքը մանկատուն կամ գիշերօթիկ դպրոց, որոնք խեղում են երեխայի ներաշխարհը, խանգարում նրա անհատականության ձևավորմանը։ Ես հասկացա, որ Տերը Դավիթին ուղարկել էր մեր ընտանիք, նրան վստահել էր ինձ, որպեսզի ոչ միայն կանխարգելեր երեխայի մուտքը մանկատուն, այլև ինձ սովորեցներ երեխայի հոգեբանությունը, առավել ևս անցումային տարիքի նրբությունները։ Շատ հաճախ ծնողներն իրենց հարազատ երեխաների հետ դժվարանում են անցնել այդ բարդ ու կարևորագույն ժամանակահատվածը։ Դավիթի հետ անցկացրած տարիներն ինձ համար հավասարազոր են ակադեմիական կրթության։ Եվ ես երջանիկ եմ, որ այսօր նա հրաշալի ամուսին է, երեք երեխաների հայր, ունի լավ աշխատանք, երկու բնակարան, ավտոմեքենաներ։ Նրա ընտանիքի նյութական ապահովման գործում ես մեկ լումայի ներդրում անգամ չունեմ։ Թե՛ նա, թե՛ իր կինը լավ գիտեն, որ հարստություն տվողը Տերն է։ Եվ ամենակարևորը՝ Դավիթն այսօր Սոցիալական ծառայության մեջ իմ լավագույն օգնականներից է․ օրվա ցանկացած ժամի կարող եմ դիմել նրան՝ վստահ լինելով, որ գործը գերազանց կանի։

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00