Փետրվար 4, 2016 Warrior

Ինչպե՞ս ազատվել վախից

Ես հիմա աշխատում եմ նոր գրքի վրա, որի թեման վախն է: 316NEWS-ին տված  հարցազրույցում ես պատմում եմ վախի հանդեպ իմ տարած հաղթանակի փորձառության մասին, անդրադառնում թաքնված ֆոբիաներին և բացահայտում ամենաաննկատ վախը, որին հակված են բացարձակապես բոլորը:

Ինչի՞ց եք Դուք այսօր վախենում:

Ողջ կյանքիս ընթացքում ստիպված եմ եղել բախվել տարատեսակ վախերի հետ, բայց  միշտ հաղթում էի դրանք: Ինչպե՞ս էի պայքարում: Լսում էի քարոզներ, որոնցում շատ կտրուկ կերպով խոսվում էր ինձ վախեցնող խնդիրների մասին: Բազմիցս լսում էի միևնույն քարոզը, այնուհետև աղոթքով ազատագրվում վախից:

Մի քանի ամիս առաջ ինձ բախտ վիճակվեց կրկին լինելու Փարիզում: Ես միշտ ցանկացել եմ ապակե վերելակով բարձրանալ Էյֆելյան աշտարակը, բայց բարձրության հանդեպ վախն արգելում էր ինձ: Այս անգամ որոշեցի հետևյալը. «Ինչ էլ որ լինի, ես պետք է դա անեմ. ես պետք է հաղթահարեմ իմ վախը»: Շունչս կտրվում էր, երբ վերելակն ավելի ու ավելի վեր էր բարձրանում, բայց իջնելով ներքև՝ ես մտածեցի. «Եվ սա այն էր, ինչից ես վախենո՞ւմ էի»: Այսօր ես ստիպում եմ ինձ հաղթահարել բարձրության հանդեպ վախը, բայց նաև աղոթում եմ վախից լիովին ազատագրվելու համար:

Ըստ Ձեզ՝ արդո՞ք վախը մարտահրավեր է: Կարո՞ղ է մարդը պայքարել վախի դեմ՝ առանց աղոթքի, գործելով վախին հակառակ:

Վերջին վախը, որ նկատեցի իմ մեջ, խորտակվելու վախն էր: Գիտակցելով, որ անհրաժեշտ է պայքարել դրա դեմ՝ ես սկսեցի լսել աշխարհահռչակ քարոզիչ Դերեկ Պրինսի քարոզները վախի մասին, այնուհետև աղոթեցի ազատագրման համար և գնացի լողավազան: Այդ օրը իմ մարզչին ասացի, որ լիովին ազատվել եմ վախից, և ցատկեցի 2մ խորությամբ ջրի մեջ: Դա  ռիսկ էր, բայց վախի հանդեպ հաղթանակն ինձ գերագույն հաճույք էր պատճառում:

Սակայն որոշ ժամանակ անց վախը վերադարձավ: Մի օր, երբ լողում էի լողավազանում, հանկարծ մի միտք ծագեց, որ կխորտակվեմ: Իսկույն հիշեցի իմ ծանոթի, ինչպես նաև   բալետի մի հայտնի արտիստի ջրահեղձ լինելու վերջին դեպքերի մասին և անմիջապես դուրս եկա ջրից: Ես հասկացա, որ կամքի ուժով վախից չես ազատվի. այդ զգացումը կարելի է հաղթահարել միայն Աստծո օգնությամբ:

Աստծո զորությունը դրսևորվում է խաղաղության մեջ: Որքան հաճախ էի մտածում վախից ազատվելու մասին, այնքան ավելի էր այդ զգացումն ինձ կլանում, բայց որքան շատ էի ընկղմվում Աստծո Խոսքի մեջ, այնքան ավելի արագ էի մոտենում հաղթանակին:

Արդյո՞ք վախը ծնվում է մարդու հետ, թե՞ ձեռք է բերվում կյանքի ընթացքում:

Մարդը ծնվում է անվախ, և դա ասում է Աստծո Խոսքը՝ Տիմոթեոսին ուղղված երկրորդ թղթի 1.7-ում. «Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սիրո և զգաստության»:

Վախը՝ անձ է, այդ իսկ պատճառով Աստվածաշնչում ասվում է՝ վախի հոգի: «Հոգի» ասելով՝ մենք հասկանում են անձ՝ առանց ֆիզիկական մարմնի, որը տեսնում և լսում է: Սատանան գիտի, թե որ վախը կարող է հաղթել այս կամ այն մարդուն. չէ՞ որ նա խավարի իշխանն է: Սատանան չի կարող կարդալ մարդու մտքերը, բայց կարող է պարտադրել իրենը: Նա բերում է այնպիսի մտքեր, որ մարդու կյանքում երբեք չեն եղել: Վախի հոգին կարող է թելադրել. «Այսպես մի՛ արա, այլ այնպես արա՛»: Նա փորձում է խանգարել, որ մարդը բարի գործեր չանի:

Ի՞նչ կասեք հոգևոր վախերի հանդեպ հոգևոր հաղթանակների մասին:

Ինձ համար օրինակ է ծառայում Հեսուն: Եթե նա որոշեր հետևել վախին, դա կվնասեր ոչ միայն իր կյանքը, այլև իր ժողովրդին, որին առաջնորդում էր Քանանի երկիր: Յուրաքանչյուր առաջնորդի վախը վնասում է ոչ միայն իր կոչմանը, այլև իրեն հետևող ժողովրդի համար Աստծո ծրագրին: Ես մի պատմություն կպատմեմ իմ կյանքից, երբ ստիպված էի լիովին վստահել Աստծուն՝ հակառակ բոլոր կասկածների և վախերի:

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում աշխատելը երազանք էր ինձ համար։ Հաճախ կանգնելով այդ լեգենդար շինության աստիճանների մոտ՝ ես մտածում էի. «Հետաքրքիր է՝ կգա՞ մի օր, երբ ես կմտնեմ այստեղ որպես աշխատակից»: Թեև ներսումս համոզված էի, որ այդ օրը երբեք չի գա, բայց իմ երազանքը գերբնական ձևով իրականացավ…

Երևանի Պետական Համալսարանի Բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի էի, երբ ինձ առաջարկեցին աշխատել Մատենադարանում: Ինձ վիճակվեց աշխատել լավագույն համակարգիչներից մեկով: Այդ ժամանակ Երևանում քչերը գիտեին այդ հրաշք տեխնիկայի մասին: Ես բավական բարձր աշխատավարձ էի ստանում, աշխատասենյակս ջեռուցվում էր և  շուրջօրյա լուսավորություն ուներ, ինչը այն ժամանակների համար ճոխություն էր համարվում: Մի խոսքով՝ ես աշխատանքային իդեալական պայմաններ ունեի: Աշխատում էի ատենախոսությանս վրա, ապրում էի ապահովված կյանքով, և հանկարծ Աստված ինձ ասում է. «Թո՛ղ այն ամենը, ինչ ունես: Նվիրվի՛ր Ինձ և գթության ծառայությանը»: Ես պետք է դուրս գայի «հարմարավետության գոտուց»:

Հե՞շտ էր նման որոշում կայացնելը:

Ո՛չ, ինձ համար շատ դժվար էր. ես 4 ամիս լաց եմ եղել: Մի օր հերթական անգամ նստել էի բազմոցին, լաց էի լինում և Աստծուն ասում. «Տե՛ր, Դու գիտես, որ հայրս թոշակառու է, մայրս չի աշխատում, քույրերիցս երկուսը սովորում են ճարտարապետական համալսարանում, մեկը՝ բժշկականում, իսկ մյուսները՝ դպրոցում, և այդ ամենի համար պետք է վճարել: Ամբողջ ֆինանսական բեռն իմ ուսերին է»: Ես այդ ժամանակ աշխատում էի նաև Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, և այնտեղից նույնպես պիտի դուրս գայի: Ուստի, Աստծուն ասում էի. «Շատերը կերազեին լինել իմ փոխարեն, աշխատել այնտեղ, որտեղ ես եմ աշխատում:  Դու իմ երազանքն ի կատար ածեցիր: Մի՞ թե հիմա ինձնից վերցնում ես այն, ինչ Ինքդ ես տվել»:

Եվ հանկարծ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Ես քեզ չեմ ստիպում»: Նրա ձայնի մեջ այնքան թախիծ և ափսոսանք կար, որ կարծես Նա ցանկանում էր ասել. «Միայն թե դու համաձայնեիր »: Եթե չլիներ այդ հնչերանգը, միգուցե ես ոչինչ էլ չձեռնարկեի՝ մտածելով, որ Նա ինձ չի ստիպում: Բայց դա որոշիչ դեր խաղաց: Ինքս ինձ ասացի. «Նույնիսկ եթե շատ վատ լինի ինձ համար, միևնույնն է, ես կթողնեմ ամեն ինչ, միայն թե Աստծուն չտխրեցնեմ»:

Իհարկե, քչերն ինձ հասկացան: Շատերը կարծում էին, թե ես փառք եմ փնտրում, քանի որ այն ժամանակ բոլոր բարեգործական կազմակերպությունները մեծ համբավ էին վայելում, և շատերի համար նմանօրինակ գործի մասնիկը լինելը հեղինակության հարց էր: Բայց ոչ ոք չէր էլ ենթադրում, որ ես ստիպված էի թողնել իմ հարմարավետ աշխատասենյակը և տեղափոխվել մի սենյակ, որտեղ կար միայն ալյուրի մի պատռված պարկ, ցեց, փլուզված պատեր  և ամսական 7 դոլարին համարժեք աշխատավարձ:  Ես արդեն մտածել էի բոլոր հնարավոր խնդիրների մասին և պատրաստ էի ամենավատ կյանքին, միայն աղոթում էի, որ Աստված ինձ հոգևոր ուժ տար՝ հաղթահարելու այդ ամենը:

Մատենադարանից հեռանալու լուրը երկու տարի գաղտնի էի պահում ծնողներիցս, բայց քույրերիս ամեն ինչ պատմեցի. «Հիմա մենք պետք է միասին աղոթենք: Աստված ինձ ասել է, որ թողնեմ աշխատանքս, ուրեմն Նա ծրագրեր ունի ոչ միայն ինձ, այլև ձեզ համար: Նա Իր կամքը կհայտնի յուրաքանչյուրիդ»: Ես գիտեի, որ Աստված իրենց ուսման հետ համատեղելի աշխատանք կտա:

Այն ժամանակ մեր երկրում գործազրկություն էր: Մարդիկ երազում էին 10-20 դոլար աշխատավարձով աշխատանք ունենալ, բայց մենք ավելիին  էինք հավատում, ուստի աղոթեցինք, որ Աստված մեզ 50 դոլարից բարձր վարձատրվող աշխատանք տար: Աղոթքից 10-12 օր անց նրանցից յուրաքանչյուրը գործազուրկ Հայաստանում բարձր վարձատրվող աշխատանք գտավ: Չի եղել մի օր, որ մենք ուշացնեինք մեր ուսման վարձերը կամ հայտնվեինք ֆինանսական կարիքի մեջ: Տերը հոգում էր ամեն ինչի մասին:

Բայց գիտե՞ք, այդ ամենը միանգամից չի եղել: Ես անցել եմ մերժվածության միջով. հայրս կտրականապես դեմ էր, որ մենք եկեղեցի հաճախեինք: Մի անգամ, երբ մեզ համար դժվար ժամանակներ էին, նա եկավ տուն և դեն նետեց ամբողջ սննդամթերքը՝ ասելով. «Թող ձեր Տերը ձեզ պահի»:  Մենք ոչինչ չունեինք, 4 ամիս շարունակ սնվում էինք սոխով ու հացով, իսկ հետո միայն հացով, բայց որոշ ժամանակ անց դա էլ վերջացավ: Հայրս հարևաններին զգուշացրել էր, որ մեզ պարտքով գումար չտային: Մինչ այդ՝ նա մեզ ապահովում էր ամեն ինչով. մենք երբեք ոչ մի բանի կարիք չէինք ունեցել: Բայց այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց: Մենք ապահովված կյանքից անցանք սոխ ու հացին, բայց մեզնից ոչ ոք երբեք չբողոքեց. մենք շնորհակալություն էինք հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեինք:

Բոլորն են վախենում: Բայց իզուր չէ, որ Սուրբ Գրքում 365 անգամ ասվում է. «Մի՛ վախեցիր»: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Աստված այդքան մեծ ուշադրություն դարձնում այդ հարցին:

Վախն ուղղված է մարդու կոչման դեմ: Եթե դուք վախենում եք ինչ-որ բանից, չեք կարող իրագործել Աստծո ծրագրերն ու նպատակները ձեր կյանքում: Հարկ է նշել, որ յուրաքանչյուրի կոչումն արտացոլվում է նաև այլ մարդկանց կյանքում:

Աստված Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր»: Տերը նրան չառաջարկեց «չվախենալ», այլ պահանջեց: Աստված գիտի՝ ինչ խոչընդոտ կարող է հանդիսանալ վախը, բայց սատանան նույնպես գիտի: Նա մարդուն շրջապատում է կեղծ հոգատարությամբ և, իբր նրա մասին հոգալով, ասում է. «Նման բան մի՛ արա. դա վտանգավոր է: Ես քեզ չեմ վախեցնում, այլ պարզապես նախազգուշացնում եմ վնասի մասին»: Բայց սատանան, ուղղակի, մարդուն ստի մեջ է պահում:

Իսկ կարո՞ղ է հովիվը, ունենալով որոշակի վախ, առաջնորդել իր հոտը:

Նայած թե ինչպիսի վախ… Եթե խոսքը Աստծուն չվստահելու վախի մասին է, ապա դա վտանգավոր է: Հովիվներն ամեն օր հաղթահարում են վախը, քանի որ Աստված իրենց տալիս է նպատակ և տեսիլք, ինչը, բնականաբար, կապված է մեծ վախի հետ: Այդպես էր նաև մեր եկեղեցու գթության ծառայության դեպքում, երբ Աստված խոսեց հովվի հետ՝ ասելով. «Դու պետք է հիմնես «Գնացեք, տեսեք…» ծառայությունը, իսկ դրա համար անհրաժեշտ գումարը կհավաքես եկեղեցու անդամներից»: Երբ հովիվը բոլորին կոչ արեց զոհաբերել ծառայության համար, դա մեծ ռիսկ էր և, հետևաբար, վախ, որովհետև այդ ժամանակ եկեղեցու անդամները վաճառում էին ամեն ինչ, որպեսզի կարողանային գոյատևել, օրերով հացի հերթ էին կանգնում: Սակայն նրանք գիտեին, որ այդ գործի հետևում Տերն էր կանգնած:

Մեր ծառայությունը բաղկացած է երեք փուլից՝ օգնություն, վերականգնում և զարգացում: Այն մարդը, ում մենք օգնում ենք, հետո վերակագնում է ստանում Աստծո մեջ՝ հաճախելով եկեղեցի, լսելով Աստծո Խոսքը, մասնակցելով սեմինարների և զորանալով հավատքի մեջ, ինչին էլ հաջորդում է զարգացումը:

 Ի՞նչ տարբերություն կա Աստծո հանդեպ վախի և Աստծո վախի միջև:

Ես լավ եմ պատկերացնում դժոխքը. դա մի սարսափելի վայր է, բայց եթե ես պետք է լինեմ դժոխքում Աստծո հետ, ապա ես դժոխքից չեմ վախենում: Ոմանք վախենում են Աստծուց՝ կարծելով, թե Ամենակարողն իրենց կպատժի սխալների համար, բայց ինձ համար Աստծո վախը նշանակում է՝ վախենալ Նրա ներկայությունը կորցնելուց: Երբ իմ կյանքում ինչ-որ բան այն չէ, ես գալիս եմ Աստծո մոտ և հարցնում. «Տե՛ր, ի՞նչն այնպես չեմ արել»: Եվ նման պահերին ես գիտակցում եմ, թե որքան ուժգին է Նա ինձ սիրում, որ ամեն ինչում խրատում է:

Կարո՞ղ եք թվարկել վախի մի քանի տեսակներ:

Գոյություն ունի Աստծուն վստահելու վախ, այսինքն՝ անհնազադնություն վախից դրդված: Մարդը կարող է լինել քրիստոնյա, բայց չհասնել այն ամենին, ինչ Աստված նախասահմանել է իր համար: Օրինակ՝ նա կարող է հրաժարվել միսիոներության նպատակով ինչ-որ երկիր գնալուց:

Գոյություն ունի նաև մի աննկատ վախ, որը զարգանալու վախն է: Կարծում եմ, որ   յուրաքանչյուր քրիստոնյա պետք է շատ զարգացած և կրթված լինի: Ովքե՞ր են զարգացած մարդիկ: Նրանք այն մարդիկ են, որոնք գրքեր են կարդում, ճանապարհորդում, շփվում տարբեր մարդկանց հետ, սովորում նոր բաներ: Ով քչով է բավարարվում և չի պայքարում շատի համար, նա չի գործում հավատքով և զրկվում է զարգանալու հնարավորությունից: Սա վերաբերում է յուրաքանչյուր քրիստոնյայի: Դու կարող ես ապրել մի երկրում և ճանապարհորդել միայն այդ երկրի ներսում, բայց դա շատ վտանգավոր է: Եթե դու ամեն տարի հանգստանում ես միևնույն վայրում, դադարում ես զարգանալուց:

Իմիջիայլոց, տագնապը, անհանգստությունը և բացասական վերապրումները վախի  նախնական փուլերն են:

Իսկ ինչպե՞ս կարելի է հաղթահարել վախը ամուսնության կամ դրա բացակայության հանդեպ:

Եթե տղան առաջնորդվում է սիրով, նրան չի խոչընդոտի ոչ  մի վախ և ոչ մի միտք այն մասին, որ նա ի վիճակի չի լինի պահելու իր ընտանիքը: Նա կվստահի Աստծուն: Որոշ տղաներ վախենում են ամուսնանալուց այնպիսի աղջիկների հետ, ովքեր ապահովված ընտանիքներից են՝ կարծելով, թե չեն կարողանա նրանց նույնքան լավ պահել: Սակայն սերը հաղթում է ամեն տեսակի վախ. եթե տղան սիրում է աղջկան, պետք է աղոթի, որ Տերը օգնի իրեն՝ գտնելու Աստծք սրտի համեմատ աշխատանք:

Ինչ վերաբերում է աղջիկներին, չամուսնանալու հանդեպ վախը սատանայից է: Յուրաքանչյուր աղջկա համար Աստված ունի բարի կամք: Բայց աղջիկը պետք է իմաստուն լինի և ընտրություն կատարելիս առաջնորդվի ոչ թե զգացմունքներով, այլ Աստծով: Իմ կարծիքով՝ Աստծուն պետք է հարցնել անձնական կյանքի մասին: Նա տեսնում է ապագան, գիտի ամեն բան, պարզապես պետք է հարցնել. «Ինչպիսի՞ն կլինի իմ ապագա կյանքը», այնուհետև հետևել Նրա կամքին: Նույնիսկ եթե Աստված ասի, որ դա քեզ կկործանի, պետք է հնազանդվել Նրան:

Միգուցե քեզ թվում է, որ եթե չամուսնանաս հենց այդ մարդու հետ, կմեռնես: Բայց ամենևին էլ այդպես չէ: Եթե քո ընտրության մեջ Աստծո միջամտությունը չլինի, հնարավոր է և ինքդ քեզ կործանես, և ամենևին էլ կարևոր չէ՝ այդ մարդը նորահավատ քրիստոնյա՞ է, թե՞ եկեղեցու հոգևոր ավագ: Դու կարող ես Աստծուն ազնվորեն ասել. «Ես խելագարվում եմ այդ մարդու համար, բայց Քո կամքն ամեն ինչից վեր է»:

Ձեր կարծիքով՝ ի՞նչն է վախի «հակաթույնը»:

Վախի հակաթույնն է Զորությունը, Սերը և Զգաստությունը, ինչպես որ գրվածէ Տիմոթեոսին ուղղված երկրորդ թղթի 1.7-ում. «Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սիրո և զգաստության»:

Եթե օգտագործենք Սուրբ Հոգու ուժն ու զորությունը, սիրենք և լինենք զգաստ, կհաղթենք սատանային և ցանկացած տեսակի վախ:

www.316news.org

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00