Դեկտեմբեր 5, 2018 Warrior

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՁԸ ՎԱՐԺԵՑՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ

Մեր թվարկության առաջին դարում Պողոս առաքյալը գրում էր Տիմոթեոսին. «Անձդ վարժեցրու աստվածապաշտության» (Ա Տիմոթ. 4.7): Տիմոթեոսն այդ ժամանակաշրջանի ամենամեծ եկեղեցու հովիվն էր, բնականաբար, շփվում էր հազարավոր մարդկանց հետ, բախվում բազում խնդիրների: Պողոս առաքյալը նրան ինքնախղճահարման կամ մխիթարության խոսքեր չէր ասում, այլ հստակ պատվիրան էր տալիս. «Անձդ վարժեցրու աստվածապաշտության»: Մեր օրերում յուրաքանչյուրը, ով ուզում է պահպանել մտքի և հոգու խաղաղությունը, հավասարակշռությունը, անձի սրբությունը, ով ցանկանում է պտղաբեր և արդյունավետ կյանք ունենալ, պետք է հետևի այս խորհրդին: Ցավոք, շատերը ջանք չեն խնայում, որ փոխեն դիմացինին: Մտածում են, թե կյանքը որքան խաղաղ ու հրաշալի կլիներ, եթե փոխվեր այս կամ այն մարդը: Քչերն են մտածում, որ իրե´նք պետք է փոխվեն: Պողոս առաքյալը, կյանքի հարուստ փորձ ունենալով, Տիմոթեոսին մղում էր իր իսկ անձը վարժեցնելու աստվածապաշտության, որպեսզի դիմագրավեր ամեն փորձություն, դժվարություն, չտառապեր, այլ Տիրոջ հետ սիրո և հաղթական կյանքի բերկրանքը վայելեր:

 

Քննենք «Անձդ վարժեցրու աստվածապաշտության» նախադասությունը՝ համաձայն հունարեն բնագրի: Gumnadzօ հունարեն բառը թարգմանաբար նշանակում է վարժեցնել: Համաձայն այդ ժամանակաշրջանի՝ վարժեցնել բառն ուներ «հանել հագուստը գիմնաստիկայի համար» նշանակությունը: Այդ բառն առաջացել է gumnos – մերկ բառից (այդ բառից է առաջացել գիմնաստիկա անունը): Պողոս առաքյալի ժամանակաշրջանում gumnadzo–ն վերաբերում էր միայն պրոֆեսիոնալ մարզիկներին: Տիմոթեոսը հիանալի էր հասկանում՝ ինչ նկատի ուներ առաքյալը: Պրոֆեսիոնալ մարզիկները մասնակցում էին միայն բռնցքամարտ, մարտ առանց կանոնների և pankration մարզաձևերի մրցույթներին (ներկայացված նյութը խորությամբ հասկանալու և այս մարզաձևերին ծանոթանալու համար առաջարկում եմ իմ բլոգում կարդալ նոյեմբերի 24-ի՝ «Հոգևոր պատերազմն իրական է» վերնագրով նյութը): Մարզիկներին բացարձակ ազատություն էր պետք, այդ պատճառով նրանք մենամարտի էին դուրս գալիս մերկ, որպեսզի իրենց ոչինչ չխանգարեր, և հակառակորդը չկառչեր իրենց հագուստից ու տապալեր գետնին: Այդ մարտական արվեստն այնքան դաժան էր, որ պայքարն ավարտվում էր միայն ռինգում մարզիկներից մեկի մահով: Ռինգ դուրս եկողներից յուրաքանչյուրը հասկանում էր, որ դա ոչ թե կյանքի, այլ մահի խնդիր էր, այդ պատճառով մարզվում էին անպատմելի ծանր պայմաններում և օրնիբուն: Նրանք մարզվում էին՝ մարմինը ոչ միայն մարտին նախապատրաստելու, այլև կոփելու համար, քանի որ մարտը տեղի էր ունենում ամռանը, բավական շոգ եղանակին: Նրանք պատրաստվում էին պայքարին` մարզումներն անցկացնելով սատիկ շոգ դահլիճում, իսկ դժոխային ցավին դիմագրավելու համար խնդրում էին մարզչին կամ մարզիկներին՝ սաստիկ ուժեղ ու դաժան հարվածներ հասցնել իրենց մարմնի տարբեր մասերին: Նրանք կոփում էին մարմինն ու բնավորությունը, որպեսզի իրական պայքարի ժամանակ ռինգից դուրս չգային: Մարզումերին մասնակցում էին ոգևորությամբ, եռանդով, չէ՞ որ այդ սոսկալի դժվարությունների հաղթահարումն էր նրանց հաղթանակ ու կյանք պարգևում ռինգում:

 

Պողոս առաքյալն այս պատվիրանով ցանկանում էր Տիմոթեոսին սովորեցնել, որ չվախենա ու չխուսափի դժվարություններից, մարդկային փոխհարաբերություններից, քանի որ դրանց շնորհիվ է ձևավորվում աստվածահաճո բնավորությունը մարդու ներսում: Երբեք չմտածի, որ կարևորագույն ու դժվար հանձնարարությունները կարող է իրականացնել հեշտ ձևով: Առաքյալը գիտեր, որ եթե Տիմոթեոսը ճիշտ մոտեցում ցուցաբերի իրավիճակին, ոչ միայն չի տառապի, այլև կկոփվի:

 

Սա շատ կարևոր հարց է, քանի որ միայն ճշմարիտ աստվածապաշտությունը կօգնի դրսևորելու ճիշտ վերաբերմունք մարդկային բոլոր հարաբերություններում և հաղթանակ կպարգևի յուրաքանչյուր անելանելի իրավիճակում: Մարդուն ստեղծող Աստված հրաշալի գիտեր, որ նա ինքնուրույն չի կարող դիմագրավել սատանայի հարձակումներին, և որքան էլ կամքի մեծ ուժ դրսևորի, չի կարող միշտ հաղթել մարմնի ցանկություններին: Այդ պատճառով Նա Սուրբ Հոգին ուղարկեց, և այսօր աղոթքի միջոցով կարող է փոխվել ցանկացած իրավիճակ ու ցանկացած բնավորություն, միայն թե մարդը ցանկանա ու ենթարկվի Սուրբ Հոգու առաջնորդությանը: Սուրբ Հոգով աղոթողը կառուցում է իր անձը. «…. Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև, թե ինչ բանի համար ինչպես պիտի աղոթենք, չգիտենք, բայց Հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում» (Հռոմ. 8.26): Մարդը պետք է թույլ տա, որ Սուրբ Հոգին իշխի իր մարմնին ու շնչին, որոշի ճիշտն ու սխալը: Մարդիկ հիմնականում առաջնորդվում են աչքի տեսածով, ականջի լսածով ու սրտի խորամանկ ցանկություններով: Իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես են այս կամ այն անձի վերաբերյալ պատկեր հյուսում սատանայի թելադրանքով կամ իրենց իսկ շնչի ու մարմնի առաջնորդությամբ, և հավատալով այդ պատկերին` դրսևորում, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունք: Լինում են նաև դեպքեր, երբ, իրոք, դիմացինը սխալ է գործում, իր բնավորությամբ ավիրում է գեղեցիկը, ոչնչացնում ճիշտը: Ինչպե՞ս վարվել: Դարձյալ Սուրբ Հոգու աղոթքով ներսի մարդու մեջ պետք է զարգացնել Հոգու պտուղները. «Բայց Հոգու պտուղն է` սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. սրանց դեմ օրենք չկա» (Գաղատ. 5. 22,23): Միայն Հոգու պտուղների դրսևորմամբ կարելի է փոխել իրավիճակը: Նույնիսկ եթե տվյալ մարդը չփոխվի, միևնույնն է, աղոթողը` Հոգու պտուղներ դրսևորողը, կկերտվի ու կդառնա Աստծուն հաճելի մարդ, կվարժվի աստվածապաշտության:

 

Մարդու մեջ Հոգու պտուղները մեկ օրում չեն ձևավորվում, դա հարատև աշխատանք է պահանջում: Մարդն ինչպես ժամանակ է տրամադրում լվացվելուն, լոգանք ընդունելուն, սանիտարահիգիենիկ պայմաններին հետևելուն, նույն ձևով անհրաժեշտություն պետք է զգա կառուցելու իր ներսի մարդը` համաձայն Սուրբ Հոգու պտուղների:

 

Ես ջանք եմ անում, որ ամեն օր 40 րոպե կամ 1 ժամ անձնական աղոթք ունենամ: Աղոթքի ընթացքում բավական ժամանակ եմ տրամադրում Սուրբ Հոգու լեզուներով աղոթքին, որպեսզի իմ առօրյա կյանքում Հոգու պտուղները դրսևորվեն: Փառք եմ տալիս Աստծուն, որ Նա ոչ միայն օգնում է մարզվելու աստվածապաշտության մեջ, այլև բացահայտ հեռու է պահում վեճ ու կռիվ փնտրող մարդկանցից: Ծառայության բերումով շփվում եմ ամենատարբեր խավի ու բնավորության տեր մարդկանց հետ ու բազմիցս նկատել եմ, որ անկախ նրանից՝ մարդը Աստծո՞ւն է ծառայում, թե՞ ոչ, ունևո՞ր է, թե՞ անտուն թափառական, սատանայի կամ իր իսկ մարմնի ու շնչի թելադրանքով իր կամքն է ուզում հաստատել իմ կյանքում ու ծառայությունում: Միայն Աստծո շնորհքն ու ողորմությունն են ինձ ետ պահում բախումից, միայն Հոգու պտուղների դրսևորումն է օգնում՝ խնդրին ճիշտ լուծում տալու: Հոգու պտուղների դրսևորման համար կատարյալ հնազանդություն է պահանջվում:

 

Վերջին ամիսների ընթացքում, երբ առավոտյան աղոթում եմ ու շնորհակալություն եմ հայտնում Աստծուն՝ բարի լույսի, Իր ողորմությունների ու շնորհքի համար, նաև խնդրում եմ, որ իմ ողջ օրվա ընթացքում կատարվի ԻՐ ԿԱՏԱՐՅԱԼ կամքը: Բառացի ասում եմ. «Տե´ր, թող այսօրվա ընթացքում իմ կյանքում կատարվի ՄԻԱՅՆ Քո կատարյալ կամքը ողորմությանդ ու շնորհքիդ չափով»: Ինչո՞ւ եմ շեշտում՝ «ողորմությանդ ու շնորհքիդ չափով», որովհետև, ինչպես բոլորը, նույնպես և ես կարող եմ անգիտակցաբար այնպիսի մտքեր ունենալ կամ գործողություններ ձեռնարկել, որ Տիրոջ կատարյալ կամքին հակառակ լինեն, և պատժի արժանի լինեմ, իսկ Խոսքն ասում է՝Աստված ուղղի հետ ուղիղ է, ծուռի հետ` ծուռ (Սաղմ. 18.26):

 

Մի օր Սուրբ Հոգին, ինձ հիշեցրեց մի անձնավորության մասին, ով խոչընդոտում էր իմ ծառայությանը, և հստակ ասաց. «Իմ կատարյալ կամքն է, որ այս մարդու մասին ոչ մի վատ խոսք չասես»: Ես ապշած էի, քանի որ պատրաստվում էի այդ մարդու բոլոր գործողությունների մասին տեղյակ պահել համապատասխան անձանց, որպեսզի հավուր պատշաճի վերաբերմունք ցուցաբերեին նրա նկատմամբ: Ինձ համար դժվար էր համակերպվել այդ ԽՈՍՔԻՆ, քանի որ հնազանդվելով Տիրոջ ասածին` ես պետք է շարունակեի ապրել այդ մարդու ստեղծած խոչընդոտների մեջ, ժամանակս վատնել այն գործերի վրա, որոնք ամենևին ինձ չէին վերաբերում: Ամենագետ Տերը, հասկանալով մտքերս, ասաց. «Իմ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՄՔԸ քո կյանքում իրականացնելու համար ՔՈ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԹՅԱՆ կարիքն ունեմ»: Ես ցնցված էի. հեշտ է ամեն բան գցել Տիրոջ վրա, մտածել, որ Նա ամենակարող է և եթե ուզի, կարող է միշտ բարին գործել մեր ամենօրյա կյանքում: Մինչդեռ` ՏԻԵԶԵՐՔՆ ԱՐԱՐՈՂ ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ:

 

Ծնկի իջա ՆՐԱ առջև ու ասացի. «Տե´ր, որքա՜ն երջանիկ եմ, որ սովորեցնում ես, ուղղում, առաջնորդում: Օգնի´ր ինձ, որ կատարեմ Քո կատարյալ կամքը ու Քեզ չվշտացնեմ»: Խոստացա Տիրոջը այդ մարդու հասցեին վատ խոսք չարտաբերել որևէ մեկի մոտ: Անկեղծ ասած՝ մտածում էի, թե Տերն այդ մարդու հետ նույնպես խոսել է, ու նա արդեն կփոխի իր գործելաոճը: Ամիսներ անցան: Ոչ մի փոփոխություն չտեսա նրա բնավորության ու աշխատելաոճի մեջ: Փոխարենը` փոխվեց իմ բնավորությունն ու կյանքը, նախ՝ սովորեցի այդ մարդուն հարգել: Աստվածապաշտ մարդու համար սիրելը, կարծում եմ, հեշտ է: Համենայն դեպս` ինձ համար դա խնդիր չէ, քանի որ Տիրոջ պատվիրանն է, և ՆՐԱՆ սիրելով՝ սիրում ենք նաև մարդուն: Դժվարը՝ մարդու դրական կողմերը տեսնելը, գնահատելն ու հարգելն է: Որոշ ժամանակ անց խոշոր ֆինանսական և նյութական այլ օրհնություններ ստացա այն ծառայությունների դիմաց, որոնք արել էի այդ մարդու փոխարեն: Եվ, ամենակարևորը, Տերն իմաստություն տվեց գործելաոճս փոխելու, որպեսզի այլևս բախումներ ու նյարդեր կեղեքող փոխհարաբերություններ չլինեն մեր միջև:

 

Փա՜ռք մեր Աստծուն, որ բոլոր մարդիկ Նրա առջև հավասար են. Նրա սերն անսպառ է ու ճանապարհ է ցույց տալիս՝ ինչպես վարժեցնել անձը աստվածապաշտության:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00