Դեկտեմբեր 24, 2017 Warrior

ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

«Եվ ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած է, ու ձեռքերը թուլացած են, և նրան կվախեցնեմ, ու նրա հետ եղող ողջ ժողովուրդը կփախչի….» (Բ Թագավ. 17. 2):

«Հիշի´ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը…. քո ետևից եկող բոլոր տկարներին կոտորեց, երբ դու հոգնած ու աշխատած էիր, և Աստծուց չվախեցավ» (Երկր. Օրին. 25. 17,18):

«Եվ Նա, ժողովրդին տեսնելով, գթաց նրանց, որովհետև հոգնած էին ու ցիրուցան եղած` հովիվ չունեցող գառների նման» (Մատթ. 9. 36):

Աստվածաշնչյան այս մեջբերումներից ցանկանում եմ առանձնացնել «հոգնած» բառը: Բառ, որը բնորոշում է երկարատև աշխատանքից, գործողություններից կամ ապրումներից թուլացած վիճակ: Այս վիճակն ավերում է մարդուն`պարտության մատնում, ցիրուցան անում` անորոշության մեջ գցում, սպանում:

          Հոգնած մարդը ոչ միայն անկարող է ֆիզիկապես շարժվելու, որևէ գործողություն հաջողությամբ ավարտին հասցնելու, այլև մտածելու, ճիշտ որոշում կայացնելու:

Չեմ կարծում, թե գտնվի մեկը, ում անծանոթ լինի այս զգացումը: Հոգնածությունը կարող է տարբեր երանգներ ու պատճառներ ունենալ: Երկարատև հոգնած վիճակը կարող է հասցնել ընկճախտի (դեպրեսիա): Օրինակ` մարդը կարող է հոգնել աշխատանքային ժամերին առանց հանգստի, գերուշադրություն պահանջող գործ կատարելուց, հոգնել, երբ ստիպված է անքուն գիշերներ անցկացնել երեխայի հետ, իսկ ցերեկային ժամերին ոչ միայն հոգալ երեխայի կարիքները, այլև լուծել կենցաղային խնդիրները, հոգնել ֆիզիկական աշխատանքից, մղձավանջային ու փոթորկալից օրերից, դիվային հարձակումներից, այն աղոթքներից, որտեղ չկա Տիրոջը մեծարում, Աստծուն վայել ձևով երկրպագություն, խոնարհում, Նրա կատարյալ կամքը ճանաչելու ձգտում, այլ միայն պահանջներ կամ լացակումած աղերսանք`Տե՛ր, տուր, տուր, տուր…

Մեր երկնային Հայրը յուրաքանչյուր պատճառահետևանքային հոգնածության համար ունի ելք. Հիսուս Փրկիչն ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է, ու բեռը` թեթև» (Մատթ. 11. 28-30):

Սովորենք մեր Աստծուց: Մեր երկնային Հայրը տիեզերքն արարելիս յոթերորդ օրը հանգստացավ. «…. և Աստված յոթերորդ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից» (Ծննդ. 2. 2): Տերը Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդին փոխանցեց Տասը պատվիրանները, որոնցից մեկը վերաբերում էր հանգստին. «Վեց օր պիտի գործես և յոթերորդ օրը հանգստանաս, վարուցանքին ու հունձքին հանգստանաս» (Ելից 34. 21):

Չեմ կարծում, թե այս երկրի վրա գտնվի մի անձնավորություն, ով այնքան ծանրաբեռնված առօրյա ունենա, որքան Հիսուս Քրիստոսն Իր երկրային կյանքի ընթացքում: Չմոռանանք, որ այդ ժամանակահատվածում Նա հարյուր տոկոսով մարդ էր: Հիսուսը հստակ գիտեր Իր անելիքը`առաքյալներ բարձրացնել, աշակերտներ նախապատրաստել, մարդկանց հասցնել Բարի լուրը, նրանց ցույց տալ Հայր Աստծո կամքը`բժշկել, ազատագրել, կերակրել, Գողգոթյան խաչով մարդուն հաշտեցնել Աստծո հետ և Իր անվան զորությամբ իշխանություն ունենալ սատանայի վրա: Այս և այլ գործերին զուգահեռ`հալածանքներ կրել, հետապնդումներ, զրպարտանքներ, մահվան սպառնալիքներ. «….Նրան քաղաքից դուրս հանեցին և  տարան…. սարի գլուխը, որ բարձր տեղից վայր գցեն: Իսկ Նա նրանց միջով անցավ, գնաց» (Ղուկ. 4. 29,30): Ինչո՞ւ Հիսուսը չէր հոգնում: Գաղտնիքն այն է, որ Նա ամեն ինչ անում էր այնպես, ինչպես Հայրն էր կամենում. «…. Որդին Իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի Հորը`անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, Որդին էլ Նրա նման է անում» (Հովհ. 5. 19), «Ես Ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես եմ դատում, և Իմ դատաստանն արդար է, որովհետև Իմ կամքը չեմ որոնում, այլ Ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհ. 5. 30):

Երբ մարդն ամեն բան անում է այնպես, ինչպես Աստված է ուզում, առիթ չի լինում սխալն ուղղելու, տառապելու: Տիեզերքն արարող Աստված մարդուն ստեղծելիս նկատի էր ունեցել նրա հետ մշտական փոխհարաբերություն ունենալը:  Ծննդոց 1. 26-րդ խոսքի համաձայն`«Աստված ասաց. «Մեր պատկերով և մեր  նմանությամբ մարդ ստեղծենք….»: Այստեղ պատկեր բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է նմանություն, օրինակ, արտացոլում, ձև, իսկ նմանություն բառը`ստվեր:

Նշանակում է` մարդն Աստծո նմանությամբ ստեղծվեց, և նա Աստծո ստվերն է: Ստվերն ինքնին ոչինչ չի կարող անել: Այն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ «իր թիկունքում» ֆիզիկական մարմին է լինում: Տիրոջ կատարյալ կամքն է, որ մարդը մշտապես հաղորդակցվի Իր հետ, որպեսզի սատանայի որոգայթների մեջ չհայտնվի:

Հիսուս Փրկիչը միշտ ժամանակ էր հատկացնում` Տիրոջ հետ առանձնանալու, Նրա հետ հաղորդակցվելու և Նրանից ստանալու այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Իրեն. «Երբ ժողովրդին արձակեց, բարձրացավ սարը` առանձին աղոթելու: Եվ երբ իրիկուն եղավ, միայն Ինքն էր այնտեղ» (Մատթ. 14. 23):

 Հետևելով մարդու կյանքին`կհամոզվենք, որ նա ֆիզիկական կամ մտավոր աշխատանքից հոգնածությունը կարող է հեշտությամբ թոթափել պառկել-հանգստանալով, քնելով, հաճելի միջավայրում ժամանակ անցկացնելով: Ցավոք սրտի, բավական բարդ է հանգիստ գտնել, երբ մշտապես փոթորիկներ են, ծուղակներ, զրպարտանքներ, դավաճանություններ, վեճեր… այս ամենին մարդը կարող է դիմադրել միայն այն դեպքում, երբ նրա ներսի մարդը Սուրբ Հոգու ձեռքով է կառուցված, այսինքն`նրա մեջ հասունացած են Հոգու պտուղները. «Հոգու պտուղն է`սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այսպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատ. 5. 22,23):

Աշակերտների հետ զրուցելիս Հիսուսը օրինակներ էր բերում առօրյա կյանքից, բնությունից: Տերն այնպես է արարել այս երկիրը, որ մարդը, նայելով իրեն շրջապատող աշխարհին, սովորի այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն: Դիտարկենք սպիտակագլուխ արծվի կյանքից մի օրինակ: 

Մի շատ հետաքրքիր փաստ կա: Արծվի արագությունը մեկ ժամում 50 մղոն է /մղոնը 1670 մետր է/: Քամու առկայության դեպքում արծիվը կարող է երեք անգամ ավելի մեծ արագություն զարգացնել, այսինքն`մեկ ժամում 150 մղոն: Ի դեպ, ընդհանրապես կարևոր չէ, թե որ ուղղությամբ է փչում քամին: Արծվի զարմանալի հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա կարողանում է ոչ միայն թռչել հանդիպակաց քամու ժամանակ, այլև գետնից բարձրանալ հենց հանդիպակաց քամու հոսանքով /ոչ թե համընթաց, այլ հանդիպակաց, որը քշում է մյուս թռչուններին.: Արծիվը կարողանում է իր թևերն ու պոչը այնպիսի անկյան տակ թեքել, որ հանդիպակաց քամու հոսանքները նրան ուժեղ ազդակ են հաղորդում թռիչքի համար: Որքան ուժեղ է քամին, այնքան ուգին ու կտրուկ է արծվի թռիչքը: Արծիվներն ընդունակ են թռչելու մրրիկի, փոթորկի ժամանակ: Նրանք չեն վախենում, որովհետև սովորել են օգտագործել հանդիպակաց քամու ուժը:

Փոթորկի ժամանակ արծիվը, ճեղքելով արգելքները, ավելի վեր է սավառնում, այնքան վեր, որ փոթորիկը մնում է ներքևում: Արգելքները և փոթորկի հարվածները ճեղքելիս արծվի փետուրները վնասվում են, բայց դա նրան չի վախեցնում, քանի որ գալիս է մի օր, երբ նրա կյանքը նորոգվում է. «Կշտացնում է քո սիրտը բարությունով, և քո մանկությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմ. 103. 5): Ինչի՞ շնորհիվ է արծիվը նման վարք ցուցաբերում: Իհարկե, Աստծուց իրեն տրված ընդունակությունների շնորհիվ: Նույն ձևով էլ Սուրբ Հոգու շնորհիվ մարդուն վերականգնվելու հնարավորություններ են ընձեռվում. Սուրբ Հոգու պտուղներն ու Նրա ամենակարող զորությունը, որ Հիսուս Փրկչին հարություն տվեց մեռելներից, օգնում են հաղթահարելու ամեն դիմադրություն և հոգնածություն:

Շատ կարևոր է ունենալ ժամանակի գիտություն և իմաստություն`կարևոր գործը կարևորագույնից զանազանելու համար: Ինչպես ասում են. «Ամեն շտապ թվացող գործ դեռևս կարևոր գործ չէ»: Երբ Ղազարոսը մահամերձ էր, մարդիկ Հիսուսից պահանջում էին շտապ գնալ ու բժշկել: Հիսուսը Տիրոջն էր ենթարկվում և  բոլորովին այլ գործով էր զբաղված. «…. Ղազարոսը հիվանդ էր: Նրա քույրերը մարդ ուղարկեցին Նրա մոտ և ասացին. «Տե´ր, ահա նա, որին Դու սիրում ես, հիվանդացել է»….  Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին: Եվ երբ լսեց, թե նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, ուր որ էր, ապա դրանից հետո ասաց աշակերտներին. «Եկեք դարձյալ գնանք Հրեաստան»» (Հովհ. 11. 2-6): Եթե Հիսուսը ենթարկվեր մարդկանց պահանջին, Տիրոջ փառքը չէր հայտնվի: Շտապ համարվող գործերն են, որ թափվում են մարդու գլխին և նրան զրկում կարևորագույն գործով զբաղվելուց, դեռ ավելին`ուժասպառ են անում ու հոգեկան բավարարում չեն բերում:

Լինում են նաև դեպքեր, երբ մարդը ճիշտ ժամանակին ճիշտ գործ է ձեռնարկում, բայց կորցնում է ժամանակի գիտությունը. այն պահին, երբ պետք է գործին ընդմիջում տա ու հանգստանա, շարունակում է աշխատել: Արդյունքում` լարվածություն, գերհոգնածություն… Ամեն բան չափի մեջ է գեղեցիկ: Աստված ավազը ծովին սահման է դրել. «Երբ ծովի համար դնում էր նրա կանոնը, որ ջրերն իրենց եզերքից դուրս չանցնեն….» (Առակ. 8. 29): Պատկերացնենք, թե չքնաղ ծովը կամ օվկիանոսը ինչպիսի ավերումներ կպատճառեին մարդկությանը, եթե Տերը սահման չդներ նրանց համար: Երբ խախտվում են չափը, սահմանը, խախտվում է մարդու անդորրը: Մեր Տերը հրաշալի է ստեղծել ամեն բան. ոչինչ միանգամից չի լինում. ծառը միանգամից պտուղ չի տալիս, երեխան մոր արգանդում միանգամից չի ձևավորվում: Նույն ձևով և մարդը չի կարող միանգամից որևէ արդյունքի հասնել իրեն սպառելով, առանց հանգստի աշխատելով  , որ արդյունքն արագ, միանգամից ունենա:

Հոգնածությունը ոչնչացնում է մարդուն նաև այն ժամանակ, երբ նա փորձում է իր վրա վերցնել այն գործերը, որոնք միայն Տերը կարող է անել: «Ձի է պատրաստվում պատերազմի օրվա համար, բայց փրկությունը Տերից է» (Առակ. 21. 31): Մարդը «պատերազմի համար ձիեր պատրաստելու» ռազմավարությունը Տիրոջից պիտի ստանա: Սուրբ Հոգին գուցե առաջնորդի միայն աղոթել կամ փառաբանել կամ որևէ գործողություն կատարել, ինչպես Հեսուին ասաց, թե ինչ է պետք անել Գային գրավելու համար. «…. Քաղաքի ետևի կողմից դարաններ պատրաստես….» (Հեսու 8. 2-29):

Մարդը երբեք չպիտի սահմանափակի անսահմանափակ Աստծուն: Չպիտի բողոքի հոգնածությունից ու տրտնջա, որ օգնող չունի կամ շրջապատի մարդիկ անգութ ձևով օգտագործում են իրեն: Տրտունջն ու բողոքը երկարացնում են անցնելիք ճանապարհը, ինչպես Իսրայելի ժողովուրդը տրտնջալու և անհավատության պատճառով քառասուն օրվա ճանապարհը քառասուն տարում անցավ, առավել ևս` ոչ մի անհավատ ու տրտնջացող խոստմունքի երկիր չմտավ: Պարզապես, պետք է կարգավորել աշխատանքային գրաֆիկը, միջոցներ ձեռք առնել «զոհի» կարգավիճակում չհայտնվելու համար, քանի որ ոմանք սիրում են իրենց հոգսերը պատմել մեկին, ով, կարող է օգնել իրենց, իսկ իրենք թեթևացած հեռանում են`տվյալ մարդուց ակնկալելով այն, ինչը միայն Աստված կարող է անել:

Չպետք է ասել. «Ո´չ, անհնար է պահել վերոհիշյալ պատվիրանները», «Եթե դուք ապրեիք այնպիսի պայմաններում, ինչպիսին իմն են…», «Եթե դուք ունենայիք այնպիսի երեխաներ, ովքեր շաբաթվա հինգ օրը հիվանդ են, մնացած օրերին էլ իրենց անկարգություններով հանգիստ չեն տալիս…», «Եթե չլինեին այն հարձակումները, զրպարտանքները, հակառակությունները, որոնք թափվել են գլխիս…»:

Սիրելի´ս, ցավոք սրտի, այդ ամենը բնական է: Հենց այդ պատճառով էլ մեր Աստված ուզում է, որ սրտանց ասենք ու հավատանք. «Տերն է իմ Հովիվը, և կարոտություն չեմ ունենա…. Նա իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում Իր անունի համար: Թեև գնամ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես…. Դու իմ առաջ սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց….» (Սաղմ. 23. 1-6):

Փա՜ռք տերերի Տիրոջը, որ գտել է մեզ և Իր օգնությունն է առաջարկում: Մարդը պետք է միայն ընդունի այդ առաջարկը, քանի որ «Նա է հոգնածին ուժ տվողը, և Նա կարողություն չունեցողի զորությունը շատացնում է: Երիտասարդները կհոգնեն, ու ընտիրները թուլությունով կթուլանան, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն, կգնան ու չեն հոգնի» (Եսայի 40. 29-31):

Ուղղակի պետք է առանձնանալ ու սիրտը բացել Նրա առաջ`սիրտը պատռել. «Պատռե´ք ձեր սրտերը, ոչ թե ձեր հանդերձները, ետ դարձե´ք դեպի ձեր Տեր Աստվածը, ով ողորմած և գթած է, երկայնամիտ և բազումողորմ….» (Հովել 2. 13):

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00