Բոլոր նրանց, ովքեր փշրված են, լքված, անարգված…
Հանի՛ր ինքնախղճահարության զգեստը: Անսասան
ՀԱՂԹԱՆԱԿԸ քեզ է սպասում…
Սիրել՝ նշանակում է զոհաբերել: Զոհաբերել՝ նշանակում է ունենալ անսասան հաղթանակ:
Երբ մարդը հնարավորություն ունի պատժելու, բայց դրա փոխարեն ներում է, նշանակում է՝ նա սիրում է: «Սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ արեք ձեզ ատողներին…. Եթե ձեր բարերարներին բարի անեք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են այդպես անում…. Ողորմա՛ծ եղեք, ինչպես ձեր Հայրն էլ ողորմած է: Մի՛ դատեք և չեք դատվի, արձակե՛ք ու կարձակվեք….» (Ղուկ. 6.27-38):
Սերը՝ կառուցում է: Կառույցն ամուր լինելու համար պետք է հիմնված լինի Հիսուս Ժայռի վրա, այսինքն`Խոսքի: Աստծո Խոսքի վրա հիմնված ամեն բան անպարտելի է. «Ես որ խոսել եմ, կատարելու էլ եմ, Ես որոշել եմ, անելու էլ եմ» (Եսայի 46.11բ):
Անօրինությունն այնքան է շատացել, որ հուսահատությունը խեղդում է մարդկանց, երբեմն, նույնիսկ, աստվածապաշտներին: Պետք չէ խուճապի մատնվել: Աստծուն ապավինողների զորությունը խաղաղությունն ու հանդարտությունը պահպանելու մեջ է, Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելու մեջ. «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ`Իմ Հոգով,- ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6):
«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտից, բոլոր անձից, բոլոր մտքից և բոլոր զորությունից: …. և սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես» (Մարկ. 12. 30,31): «Ինչ ցանկանում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց» (Ղուկ. 6.31):
Երբեք մի՛ կանգնիր, մի՛ դադարիր բարին գործելուց: «Եվ չձանձրանանք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղատ. 6.9):
Մայր Թերեզայի տասը պատգամները
- Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր,
Միևնույնն է, ներե՛ք նրանց:
- Եթե դուք բարություն եք արել, իսկ մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ,
Միևնույնն է, բարություն արե՛ք:
- Եթե դուք հաջողության եք հասել, կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ,
Միևնույնն է, հասե՛ք հաջողության:
- Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխափեն ձեզ,
Միևնույնն է, մնացե՛ք ազնիվ ու անկեղծ:
- Այն, ինչ տարիներ շարունակ կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում,
Միևնույնն է, շարունակե՛ք կառուցել:
- Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն,
Միևնույնն է, երջանի՛կ եղեք:
- Ձեր այսօրվա գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան,
Միևնույնն է, բարություն գործե՛ք:
- Կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում ձեր մասին,
Վերաբերվե՛ք դրան ժպիտով և շարունակե՛ք կատարել ձեր գործը:
-
- Աղոթե՛ք միասին և եղե՛ք միաբան
- Ձեր ունեցած լավագույնը կիսե՛ք մարդկանց հետ, և դա նրանց երբեք չի բավականացնի,
Միևնույնն է, շարունակե՛ք կիսել նրանց հետ լավագույնը: Ի վերջո, դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է ձեր և Աստծո միջև, և ոչ երբեք ձեր ու նրանց միջև:
Այո, այս ամենը եղել է քո և Աստծո միջև, իսկ Աստծո հավատարմությունն անսասան է:
Պատկերացրու, թե Աստված խորը վիրավորվել է Ադամի ու Եվայի արարքից: Հիասթափությունից դրդված`նրանց մատնել է սատանային ու ավիրել Իր իսկ կողմից արարված երկիրը`իր տեսանելի ու անտեսանելի հրաշալիքներով հանդերձ: Այդ դեպքում դու այսօր չէիր լինի (յուրաքանչյուր մարդ, ով իրեն դժբախտ է համարում, այս խոսքերն ընթերցելիս կմտածի. «Ավելի լավ կլիներ, եթե չլինեի, հիմա այս թշվառության մեջ չէի խարխափի»):
Թա՛փ տուր քեզ: Բեռը գցի՛ր ուսերիցդ: Քեզ Աստծո գիրկը նետի՛ր: Եթե ուժ չունես՝ սողա՛, միայն թե շարժվի՛ր, ընկածդ տեղից վե՛ր կաց, կանչի՛ր Հիսուսին: Դու այնպիսի Փրկիչ ունես, ով 99-ին թողած`մեկի ետևից է գնում: Այս պահին այդ մեկը դու ես: Քեզ նետի՛ր Նրա խոսքերի մեջ. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտից, բոլոր անձից, բոլոր մտքից և բոլոր զորությունից» (Մարկ. 12. 30): Մի կողմ գցի՛ր ինքնախղճահարության զգեստը, սիրո խոսքեր շշնջա՛ Նրան: Նեղության մե՞ջ ես, օգնի՛ր նեղության մեջ լինողներին: «Ինչ ցանկանում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես էլ դուք արեք նրանց» (Ղուկ. 6.31):
Մի՛ վիրավորվիր, թույլ մի՛տուր, որ օձերն ու կարիճները քեզ խայթեն: Ուժ հավաքի՛ր, ԿԱՆԳՆԻ՛Ր օձերի ու կարիճների վրա. «Ահա իշխանություն տվի ձեզ կագնել օձերի ու կարիճների վրա, թշնամու բոլոր զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի» (Ղուկ. 10.19): Օձերն ու կարիճները սատանայի պատրաստած որոգայթներն են, որ ուզում են կանգնեցնել քեզ, շեղել ՍԻՐՈ ճանապարհից: Այն ՍԻՐՈ, որը քեզ մղում է զոհաբերելու, ներելու, բարություն ցանելու…, որը հնարավորություն է ստեղծում հավաքելու քո ցանքի հունձքը:
Սուզվի՛ր ՍԻՐՈ մեջ: ՍԵՐԸ չի սպանում, այլ պաշտպանում է՝ ամուր ամրոց է: ՍԵՐԸ օգնում է, հաղթանակ է պարգևում:
Մարդկության նկատմամբ ունեցած ՍԵՐՆ էր, որ Հիսուսին պահեց խաչի վրա: Այսօր դու հարություն առած Հիսուսի մեջ ես: Դու շրջապատված ես այն մարդկանցով, որոնցից յուրաքանչյուրի համար Հիսուսը խոշտանգվել է, խաչվել ու արյուն թափել: Սիրի՛ր նրանցից յուրաքանչյուրին: Սերդ ԳՈՐԾՈՎ զարդարի՛ր: Իմաստություն խնդրի՛ր Տիրոջից, որպեսզի Նրա ուզած ձևով սիրես, որպեսզի այդ ՍԵՐԸ կառուցի, Աստծո փառահեղությունը, ողորմությունն ու շնորհքը ցույց տա: Տերը քո Հովիվն է, և դու ոչ մի կարոտություն չես ունենա: Հավատա՛ այս խոսքերին: Սաղմոսերգուի հետ կրկնի՛ր.
«Տերն է իմ Հովիվը, ես կարոտություն չեմ ունենա: Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում: Իմ անձին հանգստություն է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում` Իր անունի համար:
Թեև գնամ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես, Քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ:
Դու իմ առաջ սեղան ես պատրաստում թշնամիներիս դիմաց, Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է:
Հենց բարիք ու ողորմություն կգան իմ ետևից իմ կյանքի բոլոր օրերում, և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ» (Սաղմ. 23.1-6):