Ի՞նչ է նշանակում հավատք։ «Քո հավատքը քեզ ապրեցրեց» (Մատթ․ 9.22): Հավատքը կյանք է տալիս, արժանապատիվ կյանք։ Արդյո՞ք դա կապ ունի հավատքի չափի հետ՝ մեծ հավատք, փոքր հավատք։ Աստված բոլորի՞ն է հավատք տվել ու նո՞ւյն չափով։ Հավատքով որևէ բան ունենալը կախվա՞ծ է մարդու սոցիալական վիճակից, կրթության մակարդակից, միջավայրից։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հանգամանորեն, որպեսզի Հիսուս Փրկչի խաչի գնով մարդուն շնորհված օրհնությունները հասանելի լինեն յուրաքանչյուրին, ով հավատում ու վստահում է Նրան։
Աստված բոլորին է հավատք տվել։ Ինչպես յուրաքանչյուր մարդ ունի քիթ, բերան, մկաններ, նույն ձևով ունի հավատք։ Հավատալ նշանակում է վստահ լինել, որ այն, ինչին սպասում են, կկատարվի։ Մինչդեռ կյանքում տեղի ունեցող իրադարձություններն այլ բան են ցույց տալիս․ մարդիկ հավատում են մի բանի, որը չի կատարվում, և դրան հետևում են հուսախաբությունն ու հիասթափությունը։ Այդ ամենն ունի բացատրություն։ Կա աստվածաշնչյան մեկնաբանություն և ուսուցում, որին տիրապետող մարդը երբեք հուսախաբ չի լինի։
«Արդարը հավատքից կապրի» (Հռոմ․ 1.17)։ Սա նշանակում է, որ արդարի կյանքն իր բոլոր ոլորտներով՝ կենցաղային, առողջական, կրթական և այլն, հաստատուն կապ ունի հավատքի հետ, հավատք առ երկինքն ու երկիրը ստեղծող Աստված՝ Սուրբ Երրորդություն՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։
Ո՞վ է արդարը
Արդարը նա է, ով Հիսուս Քրիստոսին ընդունել է իր կյանքի Տեր ու Փրկիչ։ Համաձայն Աստվածաշնչի՝ մարդն արդարանում է Հիսուս Քրիստոսի խաչի վրա թափված արյան գնով ու ոչ թե իր գործերով։ «Որովհետև, եթե Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, որ Աստված Նրան հարություն տվեց մեռելներից, կապրես։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար» (Հռոմ․ 10.9,10):
Ի՞նչ է նշանակում հավատք
«Հավատքը հուսացած բաների հաստատությունն է և չերևացող բաների ապացույցը» (Եբր․ 11.1): Այսինքն՝ մարդը հույս ունի, որ այն, ինչին սպասում է, կտեսնի կամ կունենա. թեպետ դա դեռևս ֆիզիկական աշխարհում իր համար անտեսանելի է, միևնույն է, եթե հավատքը հաստատուն լինի, դա անպայման կդրսևորվի ֆիզիկական աշխարհում ու կդառնա իրենը։
Արդյո՞ք Տիրոջից հավասար չափով է հավատքը տրվել բոլորին։ Մարդն ի՞նչ չափի հավատք պետք է ունենա, որ գերբնականը դառնա բնական իր կյանքում։ Հավատքը կապ ունի՞ մարդու սոցիալական վիճակի կամ կրթության հետ:
Աստված բոլորին տվել է հավատք ու նշել․ «….ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք՝ փոխադրվի՛ր այստեղից այնտեղ, ու նա կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մատթ․ 17.19)։ Սոցիալական վիճակն ու կրթությունը բացարձակ կապ չունեն հավատքի հետ։ Հավատքը սրտի դիրք է։
Արդյո՞ք միջավայրն ազդում է մարդու վրա։ Շրջապատի մարդկանց բացասական վերաբերմունքը կարո՞ղ է խանգարել անհատին՝ ստանալու այն, ինչին ինքը սպասում է՝ վստահելով Աստծուն։
Բոլորովի՛ն։ Այս երկրի վրա դժվար գտնվի մեկը, որին հալածեն, նախանձեն հակառակվեն, զրպարտեն այնպես, ինչպես Հիսուս Փրկչին, երբ Նա երկրի վրա էր ու հարյուր տոկոսով մարդ էր և ոչ թե Աստված կամ կիսով չափ Աստված։ «Եվ վեր կացան, Նրան (Հիսուսին) քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն սարի գլուխը, որի վրա իրենց քաղաքը շինված էր, որ բարձր տեղից վայր գցեն Նրան, բայց Նա նրանց միջով անցավ, գնաց» (Ղուկ․ 4.29): Հիսուսին չկարողացան սպանել, ոչ էլ խանգարել, որ Նա հրաշքներ գործի։ Նրա խաչելությունը Հայր Աստծո կամքն էր, որը հաշտության դուռ բացեց Աստծո ու մարդու միջև։
Ինչպե՞ս զարգացնել հավատքը։ Ինչպե՞ս զորանալ հավատքի մեջ։
Ինչպես գիտենք, բոլոր մարդիկ ունեն մկաններ, մինչդեռ ոչ բոլոր մարդկանց մկաններն են զարգացած։ Մկանները զարգանում են ֆիզիկական վարժությունների շնորհիվ։ Դրանց ճիշտ զարգացմանը հետևում են մարզիչները։ Սխալ մարզվելու հետևանքով մկանները կվնասվեն ու սպասված արդյունքը կուշանա կամ ընդհանրապես չի լինի։ Նույն ձևով անհրաժեշտ է զարգացնել հավատքը։ Հավատքի զարգացումը ուղղորդում է Սուրբ Հոգին, Որը Ուսուցիչ է, Մխիթարիչ, Առաջնորդ. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, ամեն բան կսովորեցնի ձեզ․․․» (Հովհ․ 14.26)։ Աստծուն ծառայողներից մեկն ասել է․ «Բլիթ չկերած՝ յոթ հարկանի տորթի մի՛ սպասիր», այսինքն՝ փոքրի՛ց սկսիր։ Օլիմպիական չեմպիոնը միանգամից ծանր մարզաձողից չի սկսում։ Հաղթանակը կառուցվում է աստիճանաբար։ Մարզվելու ընթացքում ոչ միայն զարգանում են ապագա չեմպիոնի մկանները, այլև կերտվում է բնավորությունը։ Նմանապես քրիստոնյան. պետք է ոչ միայն զարգանա նրա հավատքը, այլև ճիշտ բնավորություն կերտվի․ նա պետք է լինի խոնարհ, հնազանդ, Աստծո Խոսքն իմացող ու կատարող։ Հավատքը զարգանալուն զուգահեռ նոր հրաշքներ են կատարվում։ Զարգացնել հավատքը նշանակում է թերահավատությունը վերածել հաստատուն հավատքի, համոզված լինել, որ հասանելի են ոչ միայն փոքր ցանկությունները, այլև մեծերը։ Աբրահամի մասին գրված է․ «Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով․․․» (Հռոմ․ 4.20)։ Ինչպե՞ս։ Աստված նրան դուրս հանեց վրանից ու ցույց տվեց Իր ձեռքի գործը. «․․․․ նայի՛ր դեպի երկինք ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել։ Այսպես կլինի քո սերունդը» (Ծննդ․ 15.5): Աստվածապաշտ մարդը պետք է մտերմություն ստեղծի Տիրոջ հետ՝ իր ծածուկ սենյակում Նրա ներկայության մեջ հավուր պատշաճի ժամանակ անցկացնելով։ Պետք է դուրս գա իր վրանից, որն է նրա նեղ մտածելակերպը, ու սավառնի Աստծո «գծած» անսահմանության մեջ։ Այդ դեպքում նրա հավատքն այնքան կզարգանա, որ նա պատրաստ կլինի կատարելու Տիրոջ սրտի ուզածը՝ հավատալով, որ Նա իրեն ամոթով չի թողնի․ «Արդ Գիրքն ասում է՝ ամեն ով որ հավատա Նրան, չի ամաչի» (Հռոմ․ 10.11):
Հեսուն ինչպե՞ս դարձավ այնքան քաջ, որ կարողացավ շարունակել Մովսեսի գործն ու իրականացնել Տիրոջից տրված խոստմունքը՝ ժողովրդին հասցնել Քանան ու 12 ցեղերի մեջ բաժանել երկիրը։
Հեսուի հաղթանակը պայմանավորված էր օրերով, ամիսներով ու տարիներով Աստծո խոսքին հավատարիմ մնալու ընթացքով։ Նա հավատարիմ մնաց Տիրոջից ստացած պատգամին․ «Այս Օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես բոլոր նրա միջի գրվածի պես. որովհետև այն ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես և այն ժամանակ խելամիտ կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ՝ զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է․․․.» (Հեսու 1.8, 9)։ Մարդը զորանում է միայն Խոսքը կարդալով ու կատարելով, Տիրոջ հետ հավուր պատշաճի ժամանակ անցկացնելով, այնքան, որքան Սուրբ Հոգին կառաջնորդի, և ոչ թե մարմինը կթելադրի։ Հեսուն Գային գրավելու ժամանակ թեպետ առաջին փուլում խայտառակ պարտություն կրեց, ու զոհեր ունեցան, բայց Տիրոջ առջև խոնարհվելով՝ հասկացավ իր սխալն ու շտկեց։ Նրա սխալն այն էր, որ ապավինել էր պատերազմի մեջ հմուտ իր զորավարներին՝ առանց Տիրոջից հաստատություն ստանալու։ Այս մասին ներկայացված է Հեսու 7-րդ և 8-րդ գլուխներում։
Ի՞նչ է նշանակում Խոսք ստանալ Տիրոջից ու հենվել տվյալ իրավիճակի համար ստացած խոսքի վրա։
Մարդը երբ հայտնվում է որևէ իրավիճակում, պետք է աղոթի ու Տիրոջից խոսք ստանա այդ իրավիճակը կարգավորելու համար։ Օրինակ՝ Նոր կտակարանում նկարագրված է մի այսպիսի իրադարձություն․ աշակերտները նավի մեջ գտնվելով՝ հայտնվում են փոթորկի մեջ։ Նրանք սարսափած են, մինչդեռ նույն նավի մեջ գտնվող Հիսուսը հանգիստ քնած է։ Աշակերտները զարհուրած արթնացնում են Նրան և ասում․ ««Վարդապե՛տ, հոգդ չէ՞, որ կորչում ենք»։ Եվ Նա զարթնելով` քամուն սաստեց ու ասաց ծովին․ «Լռի՛ր, պապանձվի՛ր», և քամին դադարեց, ու մեծ խաղաղություն եղավ» (Մարկ. 4.38, 39)։ Հին ուխտում ներկայացված է նմանատիպ մի իրավիճակ․ մեծ ալեկոծություն է, Հովնան մարգարեն նավի մեջ է։ Նավում գտնվող հեթանոսներն աղաղակում են իրենց աստծուն՝ փոթորկից փրկվելու համար։ Հովնանն ասում է․ ««․․․․վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կդադարի, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վրա….»: ….Եվ առան Հովնանին ու ծովը գցեցին, և ծովը դադարեց իր կատաղությունից» (Հովնան 1.12-16)։ Նույն փոթորիկն է, նույն նավաբեկությունը, բայց տարբեր լուծումներով։ Առաջինի դեպքում Տիրոջ կամքն էր՝ հրամայել փոթորկին, սաստել նրա գործողությունները, իսկ երկրորդի դեպքում՝ Աստծո ծառա մարգարեին նետել հենց այդ փոթորկի մեջ, որպեսզի մյուսները փրկվեն։ Բոլորը՝ թե՛ առաջին պատմության, թե՛ երկրորդ պատմության հերոսները հնազանդվում են Տիրոջ կամքին, ու այդ հնազանդությունը հնարավորություն է ստեղծում, որ նրանք տեսնեն հավատքի պտուղները՝ փոթորկի կտրուկ դադարումը և փրկությունը մահից։ Կան մարդիկ, որոնք ստեղծված իրավիճակի համար Տիրոջից հատուկ խոսք ստանալու փոխարեն Աստվածաշնչից որևէ հատված են ընտրում իրենց շնչի թելադրանքով ու հավատալով այդ խոսքին՝ հռչակումներ են կատարում։ Բնականաբար, արդյունք չեն ստանում։ «Մի՛ խաբվեք, Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ որ սերմի, այն էլ կհնձի․ իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի, և Հոգու մեջ սերմողը, Հոգուց հավիտենական կյանք կհնձի» (Գաղատ․ 6.7, 8)։ Հիշենք Եղիա մարգարեին։ Երեք տարի Իսրայելում անձրևի ձայն չէր լսվել, երաշտ էր։ Աստված հայտնում է Եղիային, որ անձրև է լինելու։ Մարգարեն իր օգնականի հետ բարձրանում է Կարմեղոս սարը՝ աղոթելու, որպեսզի Տիրոջ շուրթերից դուրս եկած խոսքը կատարվի։ Եղիան աղոթում է այնքան, որքան անհրաժեշտ էր․ «․․․․և ասաց իր պատանուն․ «Գնա նայի՛ր դեպի ծովակողմը»։ Եվ նա գնաց նայեց ու ասաց․ «Ոչինչ չկա»։ Եվ Եղիան ասաց․ «Դարձյա՛լ գնա»։ Եվ այսպես յոթ անգամ։ Յոթերոդ անգամին ասաց․ «Ահա մի փոքր ամպ՝ մարդու ձեռքի չափ, բարձրանում է ծովից»։ Եվ նա ասաց․ «Գնա ասա՛ Աքաաբին․ «Լծի՛ր և իջի՛ր, որ անձրևը քեզ չբռնի»։ Եվ մինչև այս ու այն կողմ դառնալը երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և մեծ անձրև սկսվեց» (Գ Թագ․ 18.42-45): «Եղիան մարդ էր մեզ պես, կրքի ենթակա և ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, և անձրև չեկավ երկրի վրա երեք տարի ու վեց ամիս: Եվ դարձյալ աղոթք արեց, ու երկինքն անձրև տվեց, և երկիրն իր պտուղը բուսցրեց» (Հակոբ. 5.17,18): Շատերը Տիրոջից խոսք են ստանում, բայց այդ խոսքը չեն կատարում այնպես, ինչպես Տերն էր ցանկանում։ Նրանք թուլությամբ են բռնում գործը. «Իր գործում թույլ լինողը փչացնողի եղբայրն է» (Առակ․ 18.9), նախընտրում են հեշտը․ «Եվ հիմա լսի՛ր այս , ո՛վ հեշտասեր, ․․․․քեզ վրա հանկարծ մի ավերում է գալու առանց քո գիտենալու» (Եսայիա 47.8-11)։
Հիսուս Փրկիչը, երկրի վրա ապրելով 33 տարի, ցույց տվեց՝ ով է Աստված, և ինչպիսին է Նրա կամքը՝ բարին, հաճելին, կատարյալը։ Ցույց տվեց, որ յուրաքանչյուր անգամ Նա վստահում էր Հորը, Նրանից Խոսք էր ստանում ու գործում էր համաձայն այդ խոսքի․ «….Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե Որդին իրենից չի կարող ոչինչ անել, թե որ չտեսնի Հորը անելիս, որովհետև ինչ որ Նա անում է, Որդին էլ այն բանը հենց Նրա նման է անում, որովհետև Հայրը սիրում է Որդուն և ամեն բան ցույց է տալիս Նրան….» (Հովհ․ 5.19, 20)։ Միայն այն դեպքում հրաշքներ չէին լինում, երբ անհավատությունն էր իշխում․ «Եվ այնտեղ շատ զորություններ չարեց նրանց անհավատության պատճառով» (Մատթ․ 13.58): «Բայց առանց հավատքի անհնարին է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբր․ 11.6)։
Մեկ օրինակ իմ կյանքից
Ինչպես նշեցի, յուրաքանչյուր գործողությունից առաջ անհրաժեշտ է ճանաչել Տիրոջ կամքը։ Ես ցանկանում էի մի գործարք կատարել, որի համար անհրաժեշտ էր 700.000 դրամ։ Այդքան գումար չունեի, բայց Տիրոջ կամքն էր, որ այդ գործարքն անեի: Ես ծոմով ու աղոթքով Տիրոջից պատասխան էի խնդրել, ու Նա հաստատել էր։ Երբ հարմար պահը եկավ, ես համարձակ գործի անցա։ Գործողության ընթացքում գումարը չբավականացրեց, և ես ներդրեցի նաև իմ աշխատավարձը։ Ինձ մոտ այլևս գումար չմնաց։ Իհարկե, սառնարանում սնունդ ունեի, մեքենան լիցքավորված էր, բենզինի կարիք չունեի, բայց դրամապանակս դատարկ էր, իսկ մինչև հաջորդ աշխատավարձը դեռևս 25 օր կար։ Հենց նույն օրն աղոթեցի և ասացի․ «Տե՛ր, այս գործի մեջ համարձակ ներդրել եմ նաև իմ ամբողջ աշխատավարձը, քանի որ Դու ինձ խոսք ես տվել, որ կհաջողվեմ, և այս գործը Քեզ հաճելի է։ Այս պահին իմ կարիքները լրացված են, բայց դրամապանակս դատարկ է։ Տե՛ր, աղաչում եմ Քեզ Հիսուս Փրկչի անունով, թույլ չտաս, որ թեկուզ մեկ օր իմ դրամապանակը դատարկ լինի»։ Հենց նույն օրը՝ դեռ օրը չավարտված, ընկերներիցս մեկը՝ Գոհարը, ինձ գրեց, որ 50.000 դրամ են տվել իրեն, որպեսզի ինձ փոխանցի։ Մինչև աշխատավարձ ստանալը ես մի քանի անգամ օրհնվեցի և այնպես ստացվեց, որ ամսվա վերջին օրերին իմ տասանորդը 106.000 դրամ էր, բայց ամիսը դեռ չէր ավարտվել, ու շարունակում էի օրհնվել։ 106.000 դրամ և ավելի տասանորդը ցույց էր տալիս, թե որքան ֆինանսական օրհնություն եմ ունեցել միայն նրա համար, որ ամբողջությամբ վստահել եմ Աստծուն. նախ ծոմով ու աղոթքով Նրա կամքն եմ ճանաչել, հետո պահել եմ ուխտս՝ երբեք պարտք չվերցնել, և ոչ մի օր կարիք չեմ ունեցել, հակառակը՝ եղել եմ ցանող ու առատ հնձող։
Ղուկ․ 6.38-ում գրված է․ «Տվե՛ք ու կտրվի ձեզ․ լավ չափով, թափ տված չափով՝ լիփ լիքը կտան ձեր գոգը, որովհետև այն չափով, որ չափեք, նրանով կչափվի ձեզ»։ Սքանչելի խոսքեր են, սակայն յուրաքանչյուրը, ով ուզում է այս խոսքը կատարվի իր կյանքում՝ Աստծո օրհնությունը լեփ լեցուն՝ թափ տված չափով լցվի իր գոգը, պետք է ուշադրություն դարձնի այդ տողից վերև գրված խոսքերին ու կատարի ամբողջությամբ․ «Բայց ձեզ, որ լսում եք, ասում եմ․ սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ արեք ձեզ ատողներին։ Օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթք արեք ձեզ նեղացնողների համար։ Քո մեկ երեսին զարկողին մյուսն էլ դեմ արա ու նա, ով քո վերարկուն քեզանից հանում է, շապիկդ էլ մի՛ արգելի նրանից։ Ամենին, որ ուզում են քեզանից՝ տուր ու քոնը առնողից ետ մի՛ առ։ Եվ ինչպես կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպե՛ս էլ դու՛ք արեք նրանց։ Եվ, եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ շնորհ է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում ու եթե ձեր բարերարներին բարի անեք, ի՞նչ շնորհ է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են այդպես անում։ Ու, եթե փոխ եք տալիս նրանց, ումից առնելու հույս ունեք, ի՞նչ շնորհ է ձեզ, որովհետև մեղավորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որ հավասար չափը ետ առնեն։ Բայց սիրե՛ք ձեր թշնամիներին ու բարի՛ արեք, փոխ տվեք՝ ոչինչ ակնկալելով ու ձեր վարձքը շատ կլինի, որովհետև Նա քաղցր է երախտամոռների և չարերի վրա։ Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես ձեր Հայր էլ ողորմած է ու մի՛ դատեք և չեք դատվի։ Մի՛ դատապարտեք ու չեք դատապարտվի։ Արձակե՛ք ու կարձակվեք» Ղուկ․ 6.27-37:
Առաջին հայացքից սա դժվար թվացող գործողություն է, սակայն երբ աստվածապաշտը գիտակցում է, որ նեղացնողի և իր միջև Հիսուս Փրկիչն է կանգնած, Ով խաչի վրա գին է վճարել ու ազատել է իրեն մեղքի բեռից ու անեծքից, Սուրբ Հոգու օգնությամբ կարողանում է ներել մարդկանց այնպես, ինչպես Աստված է իրեն ներել։
Փա՜ռք տիեզերքի Տիրակալին, որ չխնայեց Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, զոհեց Նրան, որպեսզի յուրաքանչյուրը, ով հավատում է Նրա հարությանը և կատարում է Խոսքը, կյանք ունենա և էլ ավելին՝ հավիտենությունն անցկացնի Իրեն Ստեղծողի հետ։