Հունվար 30, 2021 Warrior

ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Հավատացյալի իշխանությունը» այն թեման է, առանց որի գիտության և կիրառման՝ աստվածապաշտ մարդու կյանքը չի տարբերվի անհավատների կամ աշխարհիկ կյանքով ապրող քրիստոնյաների կյանքից։ Սա բավական ծավալուն թեմա է, այդ պատճառով կխոսեմ միայն խիստ անհրաժեշտի մասին, բայց առաջարկում եմ կարդալ նաև Ք․ Հեգինի «Հավատացյալի իշխանությունը» գիրքը, որտեղ ավելի հանգամանալից է խոսվում Տիրոջից մարդուն դիվային աշխարհի վրա տրված իշխանության մասին։

Մարդու կյանքում ժամանակ առ ժամանակ, իսկ որոշ մարդկանց կյանքում՝ մշտապես, տեղի են ունենում ցավագին իրադարձություններ՝հարազատ մարդու կորուստ, գործազրկություն, հիվանդություն, ունեցվածքի կորուստ և այլն։ Առաջին հայացքից՝ թվում է, թե այդ ամենի հեղինակը թշնամի դարձած մարդն է, բնության արհավիրքը կամ այլ բան, մինչդեռ այդ բոլորի հեղինակը սատանան է. «Գողը (սատանան) գալիս է, որ միայն գողանա, սպանի ու կորցնի. Ես (Հիսուսը) եկա, որ կյանք ունենան և էլ ավելին ունենան» (Հովհ․ 10.10)։  Եփեսացիներին ուղղված թղթի 6.12-ում ասվում է․ «Որովհետև մեր պատերազմն արյունի ու մարմնի հետ չէ, այլ իշխանությունների ու պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են»։ Մարդն այդ ամենի դեմ պետք է դուրս գա աղոթքով կամ այնպիսի գործողությամբ, որը կտրվի Սուրբ Հոգուց։ Բայց մինչ որևէ գործողության անցնելը` անհրաժեշտ է ծոմ վերցնել, խոնարհվել Տիրոջ առջև ու Նրանից իմանալ տեղի ունեցած ողբերգության պատճառը։

Պատճառները կարող են տարբեր լինել. գուցե մարդն ստացել է այն, ինչ իր կյանքում ցանել է․ «Մի՛ խաբվեք, Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատ. 6.7): Գուցե գիտակցաբար կամ անգիտակցաբար իր գործողություններով դուռ է բացել սատանայի առաջ, գուցե ոչինչ էլ չի արել, այդ ամենը պատահել է Տիրոջը փառավորելու համար․ «Անցնելիս մի մարդ տեսավ՝ ծնունդից կույր։ Եվ Նրա աշակերտները հարցրին Նրան․ «Ռաբբի՛, ո՞վ է մեղք գործել՝ ծնողնե՞րը, թե՞ ինքը, որ կույր է ծնվել»։ Հիսուսը պատասխանեց․ «Ո՛չ ինքն է մեղանչել, ո՛չ ծնողները, այլ՝ որ Տիրոջ գործերը հայտնի լինեն նրանում»» (Հովհ. 9.1-3):

Մարդուն միայն Տերը կարող է ցույց տալ ստեղծված իրավիճակի պատճառը և ելքը․ «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմ․ 119.105): Մարդը, երբ Սուրբ Հոգու առաջնորդությամբ ստանում է Խոսք, որը լուսավորում է նրա հետագա գործողությունների ընթացքը, պետք է ճշգրիտ հետևի Տիրոջից ստացած պատգամին, որպեսզի արդյունքի հասնի։ Հիսուսն Իր երկրային կյանքում բազմաթիվ հրաշքներ կատարեց, քանի որ հնազանդ էր Հորը և ասում էր․ «Ես Ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպես լսում եմ, այնպես եմ դատում․․․․ որովհետև Իմ կամքը չեմ որոնում, այլ՝ Ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհ. 5. 30):

Բերեմ օրինակ Աստվածաշնչից։ Հեսուն Տիրոջ հրամանով Իսրայելի ժողովրդին գերբնական հրաշքով անց է կացնում Հորդանանի միջով․ «․․․․ տապանակը վեր առնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մեջ մխվեցին, որովհետև հունձքի բոլոր ժամանակ Հորդանանը լիքն է լինում իր բոլոր եզերքների վրա: Այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին․․․․ Եվ Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող քահանաները Հորդանանի մեջ՝ ցամաքի վրա, հաստատ կանգնեցին, և բոլոր Իսրայելը ցամաքով անցավ, մինչև որ բոլոր ժողովուրդը Հորդանանով անցնելը վերջացրեց» (Հեսու 3.15-17): Այնուհետև դարձյալ Տիրոջ խոսքին հնազանդվելու արդյունքում տապալվում է Երիքովի պարիսպը (Հեսու 6-րդ գլխում ներկայացված է ամբողջ պատմությունը)։ Դրանից անմիջապես հետո Տիրոջ հրամանով Իսրայելի բանակն անցնում է պատերազմական գործողությունների։ Սակայն Գայի քաղաքը գրավելու ժամանակ իսրայելացիները պարտության են մատնվում։ «Եվ Հեսուն իր հանդերձները պատռեց Տիրոջ տապանակի առաջ և իր երեսի վրա ընկավ գետին․․․․ Եվ Հեսուն ասաց․ «Ո՛վ Տեր Եհովա, ինչո՞ւ այս ժողովրդին Հորդանանով անցկացրիր, որ մեզ ամորհացիների ձեռքը մատնես ու կորցնես․․․․»» (Հեսու 7. 6,7): Տերը Հեսուին պատվիրում է վեր կենալ և ասում է, որ բանակի մեջ անհնազանդություն է եղել, ու այդ մեղքի պատճառով բանակը պարտվել է։ Երբ Հեսուն, Տիրոջը հնազանդվելով, գտնում է մեղավորին, պատժի ենթարկում ու մեղքը վերացնում ժողովրդի միջից, Աստված շարունակում է խոսել նրա հետ․ ուղղություն է ցույց տալիս՝ պատերազմում լիարժեք հաղթանակ ունենալու համար (Հեսու 8):  Ինչպես տեսնում ենք, Տիրոջ կամքը ճանաչելուց հետո անհրաժեշտ է հավատք, որպեսզի մարդն Իր ստացած Խոսքը վերածի գործողության։ Հեսուն պատերազմեց Տիրոջից ստացած Խոսքի համաձայն: «Բայց առանց հավատքի անհնարին է հաճելի լինել Աստծուն․․․․» (Եբր. 11. 6)։

Հավատացյալին տրված իշխանությամբ աղոթելու համար հաջորդ անհրաժեշտ պայմանը Հիսուսից Եկեղեցուն տրված իշխանությունը ճանաչելն է՝ հայտնություն ունենալը և այդ հայտնությունով ապրելը։ Հայր Աստված Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից և «Իր աջ կողմը նստեցրեց երկնքում, ամեն իշխանությունից և պետությունից և զորությունից և տերությունից վեր և ամեն անունից վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև այն հանդերձյալում, և ամեն բան հնազանդեցրեց Նրա ոտքերի տակ ու Նրան գլուխ դրեց Եկեղեցուն՝բոլոր բաների վրա, որ է Նրա մարմինը․․․․» (Եփես. 1.20-23)։ Ուշադրություն դարձնենք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսն է նստած սատանայի ամբողջ թագավորությունից վեր, այլև աստվածապաշտներս՝շնորհիվ Հիսուս Փրկչի՝ Գողգոթյան խաչի վրա  տարած հաղթանակի, Նրա մահվան ու հարության․ «Նրա հետ մեզ հարություն տվեց ու Նրա հետ երկնավորներում նստեցրեց՝ Քրիստոս Հիսուսում» (Եփես. 2.6)։ Հիսուսն ասում է․ «Ահա իշխանությունը տվի ձեզ՝ կոխելու օձերի և կարիճների վրա և թշնամու բոլոր զորության վրա, ու ձեզ ոչինչ չի վնասի» (Ղուկ. 10.19)։

Եվս մեկ անհրաժեշտ պայման․ մարդը դիվային աշխարհի դեմ պատերազմի դուրս գալիս պետք է հոգևոր սպառազինված լինի․ «Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարողանաք հակառակ կանգնել չարության օրում և ամեն բան կատարելով՝ հաստատ կանգնել։ Հաստատ կանգնեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված և արդարության զրահը հագած ու ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով։ Եվ այդ ամենի վրա հավատքի վահանն առեք, որով կկարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել: Եվ փրկության սաղավարտն առեք և Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է: Աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով և սրանում հսկեք հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար» (Եփես. 6.13-18)։

Աղոթքի ժամանակ մարդը չի կարող կապել սատանային, բայց կարող է սատանայի ծրագրերը, գործողությունները քանդել Հիսուս Քրիստոսի անունով։ Սատանան կկապվի միայն Հիսուսի կողմից․ «Եվ տեսա մի հրեշտակ վայր գալիս երկնքից, որ դժոխքի բանալին ուներ ու մի մեծ շղթա իր ձեռքում: Եվ նա բռնեց այն վիշապին, այն առաջին օձին, որ է բանսարկուն և սատանան, ու կապեց նրան հազար տարի» (Հայտն. 20.1,2):

Աղոթքի ժամանակ չի կարելի կապել նաև դևերին։ Հիսուսը և աշակերտները դևերին դու՛րս էին հանում։

Մարդը միշտ պետք է արթուն լինի․ «Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, քանի որ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս ու որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետր. 5.8)։ Արթուն է այն մարդը, ով ամենօրյա շփում ունի Տիրոջ հետ. ամեն օր ոչ միայն կարդում է Աստծո Խոսքը, այլև աղոթում է, ու այդ աղոթքը մենախոսություն չէ, այլ՝ երկխոսություն։ Աստվածապաշտը պետք է գիտակցի, որ երբ ինքն ասում է. «Տե՛ր, պահպանիր մեր երկրի սահմանները․․․ Տե՛ր, բժշկիր․․․ Տե՛ր, թող ամուր ընտանիքներ լինեն, ամուսնալուծություններ չլինեն․․․», պարզապես իր սրտի բարի ցանկություններն է հռչակում, որոնք հաճախ անարմատ հռչակումներ են։ Ինչո՞ւ անարմատ, որովհետև Հիսուսն Իր խաչելությամբ արդեն ամեն բան արել է ու մարդուն է տվել իշխանությունը, որ Հիսուս Քրիստոսի անունով ֆիզիկական աշխարհում այդ ամենը տեսանելի դարձնի։

Քենեթ Հեգինը «Հավատացյալի իշխանությունը» գրքում գրում է․ «1952 թվականին Հիսուս Քրիստոսը տեսիլքով երևաց ինձ և մեկ ու կես ժամ խոսեց սատանայի, դևերի ու դիվահարության մասին։ Տեսիլքի վերջում մի չար ոգի, որը նման էր փոքր կապիկի կամ թզուկի, անցավ իմ ու Հիսուսի մեջտեղով՝ տարածելով ծխե մութ ամպ։ Հետո ցատկելով վեր ու վար՝ նա բղավում էր՝ արձակելով սուր ճիչեր․․․․ Ես չէի կարողանում տեսնել Հիսուսին և լսել, թե ինչ է Նա ասում․․․․ Չէի հասկանում, թե ինչու էր Հիսուսն այդ դևին թույլ տալիս նման անկարգություններ անել և ինչու չէր սաստում նրան, որպեսզի կարողանայի լսել այն, ինչ Նա ասում էր։ Սպասեցի մի քիչ, բայց Հիսուսն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց։ Նա շարունակեց խոսել, բայց ոչինչ չկարողացա հասկանալ այն ամենից, ինչ Նա ասաց, թեև Նրա խոսքերն ինձ համար կարևոր էին. Հիսուսն ինձ հետ խոսում էր սատանայի, դևերի մասին ու սովորեցնում, թե ինչպես պետք է դրսևորել Իր տված իշխանությունը։ Ես խուճապի էի մատնվել և մտածում էի․ «Մի՞թե Տերը չգիտի, որ Իրեն չեմ լսում։ Ես անպայման պետք է լսեմ Նրան»։ Հուսահատությունից սկսեցի բղավել․ «Հիսուսի անունով՝ հրամայում եմ քեզ, պի՛ղծ ոգի, պապանձվի՛ր»։ Նույն վայրկյանին այդ փոքրիկ դևն աղով լցված պարկի պես ընկավ գետին, և սև ամպն անհետացավ։ «Ոչ միայն պապանձվի՛ր, այլև հեռացի՛ր այստեղից՝ Հիսուսի անունով»,- հրամայեցի ես, ու նա փախավ։ Ես մտածում էի․ «Ինչո՞ւ Հիսուսը ոչինչ չարեց․ ինչո՞ւ Նա թույլ տվեց, որ այդ ամենը տեղի ունենար»։ Տերը գիտեր, թե ինչ եմ մտածում: Նա նայեց ինձ ու ասաց․ «Եթե դու ոչինչ չանեիր, Ես էլ չէի կարող որևէ բան անել»։ Այդ խոսքերը ցնցեցին ինձ, ես ապշել էի»։ 

Այնուհետև Հիսուս Փրկիչը բացատրում է, թե ինչու Ինքը ոչինչ չէր կարող անել․ «Նոր կտակարանում Եկեղեցին երբևէ չի աղոթել, որ Հայրը կամ Հիսուսը սատանայի դեմ որևէ բան ձեռնարկեն. դա ընդամենը ժամանակի կորուստ կլիներ։ Հավատացյալն ինքը պետք է ընդդիմանա սատանային։ Դուք իշխանություն ունեք դրա համար։ Եկեղեցին չպետք է աղոթի, որ Աստված սատանայի դեմ քայլեր ձեռնարկի. Եկեղեցին իրավունք ունի և պետք է օգտագործի իրեն տրված իշխանությունը։ Նոր կտակարանը հավատացյալներին պատվիրում է հակառակ կանգնել սատանային։ Քրիստոսի մարմնի ամենաաննշան անդամը նույնքան իշխանություն ունի սատանայի վրա, որքան մյուսները, և մինչև հավատացյալները որևէ բան չձեռնարկեն սատանայի դեմ, ոչինչ էլ տեղի չի ունենա»։

Հիսուսը Հեգինին հիշեցնում է Նոր կտակարանից հատվածներ, որոնք հաստատում են Իր խոսքերը․ ««Ամեն իշխանություն Ինձ տրվեց երկնքում և երկրում» (Մատթ. 28.18): Ես Իմ իշխանությունը երկրի վրա տվեցի Եկեղեցուն ու գործում եմ Եկեղեցու միջոցով, որովհետև Ես եմ Եկեղեցու գլուխը»: Այնուհետև Հիսուսը մատնացույց է անում Մարկոս 16.15-18 խոսքերը․ «Գնացե՛ք ամբողջ աշխարհը և Ավետարանը քարոզե՛ք ամեն արարածի։ Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի, և ով որ չհավատաց, կդատապարտվի։ Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն․ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»:

Հիսուս Քրիստոսի խաչի զորությամբ Եկեղեցուն տրված իշխանությունն օգտագործող անձը պետք է հնազանդ լինի ոչ միայն Տիրոջը, այլև իր վրա դրված իշխանությանը։ Անհնազանդ մարդու հրամաններին դիվային աշխարհը չի ենթարկվի։ Ինչո՞ւ Հիսուսին զարմացրին հարյուրապետի հետևյալ խոսքերը․ «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասա, ու նա կբժշկվի» (Մատթ. 8.8),  որովհետև հարյուրապետը հասկացել էր, որ Հիսուսը հնազանդվում է Հայր Աստծուն, որի պատճառով դիվային աշխարհն էլ Նրան է հնազանդվում։ Հարյուրապետը հնազանդ էր իր վրա դրված իշխանությանը, որի պատճառով իր ենթակայության տակ գտնվողներն էլ իրեն էին ենթարկվում․ «Որովհետև ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ ու իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ և ասում եմ սրան՝ գնա, և գնում է․․․․ և ծառայիս՝ այս բանն արա, և անում է» (Մատթ. 8.9):  Նա վստահ էր, որ երբ Հիսուսը, առանց իր տունը մտնելու, ասեր՝ բժշկվի՛ր, իր ծառան բժշկված կլիներ։

Մարդը կարող է հրամայել ինչպես սատանային, դևերին, նույնպես և  բնության երևույթներին, անհանգստացնող իրավիճակներին ու առարկաներին։ Հիսուսը թզենուն ասաց, որ այլևս պտուղ չտա։ Հաջորդ օրը թզենին չորացած էր (Մատթ. 21.19): Տերն ասում է․ «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, սարին կարող եք ասել՝ վե՛ր կաց, փոխադրվի՛ր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մատթ. 17.19): Որոշ քարոզիչներ ասում են, որ «սարը» մարդուն անհանգստացնող խնդիրն է։ Նշանակում է՝    մարդը կարող է հրամայել իր խնդրին։ Հեսու 10.12, 13-ում գրված է․ «Այն ժամանակ Հեսուն Տիրոջ հետ խոսեց այն օրը, որ Տերը ամորհացիներին Իսրայելի որդիների ձեռքը տվեց, ու Իսրայելի առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնում կանգնիր, և լուսի՛ն, Այեղոնի ձորում կանգնիր»։ Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից իր վրեժն առավ․․․․»:   Հիսուսը սաստեց փոթորիկին․ «Եվ Նա զարթնելով քամուն սաստեց և ասաց ծովին. «Լռի՛ր, պապանձվի՛ր»: Եվ քամին դադարեց, ու մեծ խաղաղություն եղավ» (Մարկ. 4.39):

Իմ կյանքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հրամայել եմ հենց առարկային, երևույթին կամ հիվանդությանը՝ իր իսկ անունով։ Ցանկանում եմ առանձնացնել մի դեպք, որը պատահել է մոտ քսան տարի առաջ, սակայն չափազանց հիշարժան է ինձ համար։ Ես ծառայում էի Տիրոջը՝ սոցիալական ծառայության ղեկավարն էի և հովվի օգնականը։ Մի օր գիշերվա կեսին սարսափից արթնացա, քանի որ մահճակալս ցնցվում էր։ Ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Նայեցի սենյակի իրերին. ամեն բան իր տեղում էր, ոչինչ չէր շարժվում, իսկ մահճակալս շարունակում էր շարժվել վեր ու վար, ցնցվել: Հասկացա, որ երկրաշարժ չէ։ Զարմանքս ու վախս դեռ չէին անցել, երբ ձեռքիս վրա աներևույթ մարմնի հպում զգացի։ Վախս կրկնապատկվեց։ Սկսեցի աղոթել․ «Տե՛ր, ողորմիր, Տե՛ր, օգնիր․․․»:   Ոչ մի օգնություն։ Ավելի սաստիկ աղաչեցի, աղաղակեցի Տիրոջը։ Սկզբում՝ ոչ մի փոփոխություն, բայց հետո ամեն բան հանդարտվեց։ Մահճակալս անշարժ իր տեղում էր, ու ոչ մի վտանգ ինձ չէր սպառնում։ Հաջորդ օրը՝ գիշերվա կեսին, այդ սարսափելի երևույթը նույնությամբ կրկնվեց։ Նորից աղոթեցի, աղաչեցի, և որոշ ժամանակ անց կրկին հանդարտվեց։ Արդեն սարսափով էի սպասում գիշերվան, վախենում էի քնելուց։ Այդ երևույթը շարունակվեց չորս կամ հինգ անգամ։ Ստիպված այդ մասին պատմեցի Եկեղեցու ծառայողներից մեկին, ով ինձնից լավ գիտեր Աստծո Խոսքը: Նա եզրակացրեց, որ ես, հավանաբար, այնպիսի մեղք եմ գործել կամ մեղքեր, որոնք դևերին իրավունք են տվել մտնելու իմ տուն և ինձ հետ այդպես վարվելու։ Այդ օրը ուշ վերադարձա տուն, մինչ քնելս ծնկի իջա և աղաղակեցի Տիրոջը։ Նրանից ներողություն խնդրեցի բոլոր անգիտակցաբար գործած մեղքերիս համար, ասացի, որ այդ ամենի մասին կպատմեմ հովվին ու դուրս կգամ ծառայությունից։ Կշարունակեմ մասնակցել եկեղեցական կիրակնօրյա ծառայություններին ու կխնդրեմ Տիրոջը, որ հայտնի, թե որ մեղքի համար են դևերն իմ տուն մտել։ Մինչ աղիողորմ ողբում էի, Սուրբ Հոգին խոսեց։ Նա շատ մեղմ ու սքանչելի ձևով ասաց, որ շարունակեմ ծառայել Տիրոջը, բացատրեց, որ իմ աղոթքներում շատ քիչ եմ օգտագործում Հիսուս Քրիստոսի անվան հեղինակությունը, իսկ գիշերային այդ երևույթների ժամանակ բոլորովին չեմ օգտագործում Հիսուսի անվան հեղինակությունն ու ինձ տրված իշխանությունը։ Ես երջանիկ էի։ Հանգիստ քնեցի։ Գիշերվա կեսին դարձյալ արթնացա մահճակալիս ուժեղ ցնցումից: Նորից սարսափած սկսեցի աղոթել ու անմիջապես հիշեցի Սուրբ Հոգուց ստացած խոսքերը։ Վախը չքացավ։ Անմիջապես հրամայեցի․ «Սատանա՛, Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դու՛րս իմ տնից։ Հիսուս Քրիստոսի անունով հռչակում եմ, որ քո ծրագրերն ու գործողությունները խափանված են, արգելված, դու ոչ մի իշխանություն չունես իմ կյանքի վրա։ Հիսուս Փրկչի արյունը «ցանկապատում» է ինձ ու պաշտպանում քո գործողություններից»: Սա կրկնեցի մի քանի անգամ՝ առանց վախի, հավատքով լի սրտով։ Այդ օրից իմ կյանքում նմանօրինակ դեպքեր չեն պատահել։

Երկնային Հայրն Իրեն հավատացողին տվել է Սուրբ Հոգի, ով ավելի մեծ է, քան նա, ով այս աշխարհում է․ «Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհ. 4.4): Հայրը տվել է նաև Հիսուս Փրկչի անունը կիրառելու հնարավորությունը․ «Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում» (Հովհ. 14.13), բնագրում գրված է՝ «ինչ որ պահանջեք Իմ անունով…»: Աստված տվել է իշխանություն՝ հրամայելու դիվային աշխարհին, անհանգստացնող երևույթներին, մնում է միայն հնազանդվել Նրան ու կատարել Նրա կամքը, որպեսզի փառավորվի Տերը, իսկ մարդը Աստծո զավակին վայել կյանքով ապրի:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00