Մարտ 14, 2022 Warrior

ՀԱՄԵՄԱՏԵԼ, ՀԱՄԵՄԱՏՎԵԼ, ԶԱՐԳԱՆԱԼ

Յուրաքանչյուր մարդու, երկրի, յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար զարգացումն անհրաժեշտ պայման է։ Զարգացումը երևում է համեմատության մեջ։ Սա անվիճելի փաստ է։ Ամեն ծնող իր երեխայի ֆիզիկական աճը նկատում է նրա նախկին հագուստից, մտավոր աճը՝ խաղալիքների փոփոխությունից, նախասիրություններից, վարքագծից։ Կան համեմատության տարբեր սանդղակներ։ Տարօրինակ պատճառներով շատերը չեն ցանկանում օգտվել այդ սանդղակներից։ Նրանք ապրում են միօրինակ կյանքով՝ չնկատելով, որ իրենց կյանքը ճահճացել է։ Ապրում են ճահճի մեջ, բայց նրանց թվում է, թե դա մոլորակի լավագույն հատվածն է։ Կան նաև մարդիկ, որոնք ունեն համեմատելու և համեմատվելու ընդունակություն, բայց, ցավոք, իրենց վատ վիճակը համեմատում են վատթարի հետ։ Օրինակ՝ իր հարևանի կենսակերպը ծայրահեղ ծանր է, որովհետև նա ապրում է վարձակալված բնակարանում, չունի կայուն աշխատանք, սնունդը հավաքում է աղբամաններից, իսկ իր բնակարանը թեկուզ կիսաքանդ է, անձրևն ու ձյունը ավերված տանիքից թափվում են երեխայի մահճակալի վրա, բայց ոչինչ. փա՜ռք Աստծուն, որ այդ ավերականման շինությունն իր սեփականությունն է, փա՜ռք Աստծուն, որ ինքը երեխա ունի, իսկ երեխան մահճակալ ունի։ Այո՛ և ամե՛ն, փա՜ռք Աստծուն այդ բոլորի համար։ Սակայն որքանո՞վ է Աստված փառավորվում, երբ այդ երեխան հիմնականում սոված օրեր է ունենում ու սառչում է անկողնում։ Եթե նա զլանում է հայացքն ուղղել այլ մարդկանց ուղղությամբ, որոնք ապրում են նորմալ պայմաններում՝ վերանորոգված, կահավորված բնակարաններում, որոնց երեխաները չգիտեն քաղցն ինչ է և երբեք չեն լսել «Հիմա այդ խաղալիքը չենք կարող առնել, որովհետև փող չունենք» արտահայտությունը, թող նայի Աստվածաշնչին, որտեղ գրված է․ «Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ Նա, Ով հարուստ էր, որ դուք Նրա աղքատությունով հարստանաք» (Բ Կորնթ. 8.9)։ Հիսուսը Գողգոթյան խաչի, մահի ու հարության զորությամբ Իրեն Տեր ու Փրկիչ ընդունող մարդուն ազատել է բոլոր հիվանդություններից, անեծքներից ու կախարդություններից, նաև աղքատությունից։ Տվել է իշխանություն՝ Հիսուս Քրիստոսի անունով արգելելու դիվային գործողություններն ու ծրագրերն իր կյանքում։ Մարդը պետք է սթափ մտածի ու գիտակցի, թե որն է Աստծո կամքն իր կյանքի համար, իսկ Տիրոջ կամքը «․․․․բարին է, հաճելին ու կատարյալը» (Հռոմ․ 12.2):

 

Արժե ուսումնասիրել Ճապոնիայի, Չինաստանի, Սինգապուրի, Արաբական Էմիրությունների տնտեսության, հասարակության զարգացման ճանապարհները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարդկային բնավորության դերին։ Առաջին հերթին՝ Աստվածաշունչը, այնուհետև զարգացած երկրների պատմության ուսումնասիրությունները մեծ նշանակություն կարող են ունենալ յուրաքանչյուր երկրի կամ մարդու կյանքում։ Դրանք կօգնեն համեմատվելու և ընտրելու լավագույն փոփոխության հասնելու ճիշտ ճանապարհը: Պետք է հասկանալ, որ լավագույնը մեկ օրում չի ստեղծվում, դա ճիշտ ձևավորվող բնավորության և քայլերի արդյունք է։ Խոսքս չի վերաբերում էժանագին համեմատություններին, երբ մարդիկ խորասուզվում են սոցիալական ցանցերի մեջ, ամենօրյա ջանքերի արդյունքում հայտնաբերում լուսանկարներ և փաստեր ծանոթ կամ անծանոթ մարդու բրենդային հագուստի ու պայուսակի, սննդի ծանրությունից կքված սեղանների, որևէ շքեղ ռեստորանում վայելած ժամանցի մասին։ Այդ լուսանկարներն ու փաստերը դառնում են նրանց առանց այդ էլ վատթար կյանքի ևս մեկ խնդիրը՝ ուրիշի հետ համեմատվելու և նախանձելու առիթը։ Այդ ամենը հիմնականում խաբուսիկ է, քանի որ չգիտես, թե այդ շքեղություններից հետո մարդիկ ինչպես են կարգավորելու իրենց հարաբերությունները պարտքատերերի հետ։ Թեկուզ խաբուսիկ էլ չլինի, միևնույնն է, այլոց կյանքը ուսումնասիրելու փոխարեն անհրաժեշտ է ժամանակը նվիրել սեփական խնդիրների լուծմանը։ Ժամանակը ոսկի է: Ո՞վ կնետի աղբամանի մեջ ոսկու ամենափոքր մասնիկը, փշրանքը։ Կարծում եմ՝ ոչ ոք։ Մինչդեռ որքա՜ն մարդիկ են իրենց թանկ ժամանակը կորցնում սոցիալական ցանցերում, սուրճի սեղանների շուրջ՝ ապրելով ուրիշի կյանքով։

 

Տիեզերքն արարող Աստված այնպիսի ծառեր է ստեղծել, որոնց բարձրությունը հասնում է 90-140 մետրի, բնի տրամագիծը՝ 9-14 մետրի, կյանքի տևողությունը՝ 400-1700 տարվա։ Չինացիները ստեղծել են մի դիվային գիտություն՝ ինչպես ցանկացած ծառ, ներառյալ այդ վիթխարի ծառերը, դարձնել գաճաճ։ Դա կոչվում է բոնսայ` գաճաճ ծառեր աճեցնելու արվեստ, որը հետագայում ներմուծվել է Ճապոնիա։ Բոնսայի վարպետները հիացմունքով բացատրում են, թե ինչպես կարելի է երկրագնդի նույնիսկ ամենավիթխարի՝ սեկվոյա կոչվող ծառը վերածել գաճաճ ծառի։ Նրանք առաջին հերթին կտրում են արմատներն ու մշակում, որպեսզի ծառը զրկվի աճելու և խորանալու հնարավորությունից, այնուհետև տեղադրում են հողով լցված քիչ խորություն ունեցող ծաղկամանի մեջ։ Կտրում են նաև վեր խոյացող ճյուղերն ու ներքև ուղղում։ Հատուկ մետաղական լարերով ամրացնում են, «մինչև գաճաճը ենթարկվի ու հնազանդվի»։ Աստծո կողմից որոշված և արարված վիթխարի ծառը, զրկվելով արմատների նորմալ աճի հնարավորությունից, սաղարթախիտ տերևներից ու երկար ճյուղերից, տարիների ընթացքում հաշտվում է իր նոր վիճակի հետ։

 

Սատանան նույնպիսի ծրագիր իրականացնում է նաև մարդու կյանքում։ Եվ այնքան հմտորեն է գործում՝ դանդաղ, համբերատար, համոզելով, խաբելով, վախեցնելով, սպառնալով… Ի վերջո, հասնում է իր նպատակին։ Գուցե շատերը վիթխարի ծառի նման պիտի լինեին, բայց դիվային ճնշումների ներքո գաճաճ են դարձել, կամ կյանքն այնպես է դասավորվել, որ չեն հասցրել զարգանալ ու աճել՝ չգիտակցելով, որ Տերն իրենց համար բոլորովին այլ տեսիլք ուներ։

 

Ես դասընթացներ եմ անցկացնում կանանց հետ, որոնց սատանան փորձել է խաբել ու գաճաճ է դարձրել, մինչդեռ Աստված յուրաքանչյուրի համար ունի մեծ տեսիլք․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ Ես խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11)։ Այդ կանանցից մի քանիսին լքել են ամուսինները, ոմանք էլ սիրող ամուսիններ են ունեցել, որոնք վաղաժամ մահացել են։ Ընտանեկան հոգսերի ու խնդիրների ծանրության տակ կքված՝ նրանք մոռացել են, թե ինչպիսին են եղել մինչև ամուսիններին կորցնելը: Դադարել են լավ օրերի մասին մտածելուց: Բավարարվում են ունեցածով՝ չհասկանալով, որ իրենց այդպիսի մտածելակերպով անարգում են Հիսուս Փրկչի՝ խաչի վրա տարած հաղթանակը, Նրա մահվան ու հարության զորությամբ իրենց տրված աստվածային չափանիշերով կյանքը։ Մի՞թե քիչ են ամուսին կորցրած կանայք, որոնք հրաշալի ընտանիքներ ունեն։ Պարզապես, արժե նայել նրանց, ոգեշնչվել․․․ Կան նաև այնպիսի կանայք, որոնք ունեն հարբեցող, ծույլ, թուլամորթ ամուսիններ: Նրանց հետ կառուցել ենք անձնական կյանքի խնդիրների լուծման ծառ։  Յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր խնդիրները, հայտնաբերել դրանց առաջացման պատճառները, պատճառների արմատները։ Այնուհետև, ճանաչելով Տիրոջ կամքը, սատանայի ծրագրերը և իր բնավորությունը, Սուրբ Հոգու առաջնորդությամբ կառուցում է նոր կյանք․ գաճաճ ծառը ոչնչանում է, վեր է խոյանում Տիրոջ երազանքներից ծնված վիթխարի ծառը։

 

Տարիներ առաջ քրոջս ու ընկերներիս հետ ընթրիքի սեղանի շուրջ զրուցում էինք։ Հանկարծ քույրս ինձ ասաց․ «Դու գիտե՞ս, թե հիմա ինչեր պիտի ունենայիր․․․»։ Սկզբում շփոթվեցի, հետո զայրացա ու հակադարձեցի․ «Այստեղ գտնվողներից ո՞վ ունի այն ամենը, ինչ ես ունեմ»։ Թվարկեցի թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական կյանքում իմ ձեռքբերումները։ Տիրոջից ստացել էի իմ կոչումը և ծառայում էի Նրան, ակնառու պտուղներ ունեի։ Ապրում էի վերանորոգված, կահավորված երեք սենյականոց բնակարանում, ունեի բոլորովին նոր, ճապոնական ավտոմեքենա։ Արձակուրդս անցկացրել էի Փարիզում․․․ Մտածում էի, թե իմ կյանքում զարգացումն ակնառու է, ու վիրավորվեցի քրոջս հանդիմանությունից։ Հաջորդ օրը առանձնացա իմ ծածուկ սենյակում ու Աստծուն բողոքեցի քրոջս խոսքերի համար։ Որքա՜ն անսպասելի էր ինձ համար, երբ Սուրբ Հոգին ասաց․ «Քույրդ ճիշտ է»: Այնուհետև Նա հայտնեց ինձ այն, ինչ պետք է ունենայի տվյալ ժամանակահատվածում։ Տիրոջ ծրագրերն ու սպասումներն իմ կյանքի համար ավելի մեծ էին, քան պատկերացնում էի։ Ինձ մնում էր միայն խոնարհվել Նրա առջև, ներողություն խնդրել ու ոչ միայն ճանաչել Նրա կամքը, այլև իրականացնել Նրա փափագը, որը  բարի էր ոչ միայն ինձ համար, այլև հարյուրավորների ու հազարավորների, որոնց հետ պետք է գործ ունենայի: Եվ ամենակարևորը՝ հնարավորություն կունենայի նորովի փառաբանելու Իմ Տիրոջը՝ Սուրբին, Կատարյալին, Ողորմածին, Հավիտենությունը ափերի մեջ պահողին։

 

Անձնական կյանքի խնդիրների լուծման, իրավիճակը ճիշտ գնահատելու, համեմատելու և համեմատվելու, նաև զարգացման ուղու վրա կանգնելու և Հիսուս Քրիստոսով հաղթանակ ունենալու դասընթացը սույն թվականի ապրիլից հասանելի կլինի իմ բլոգում GOOGL – ով մուտք՝ gayaneblog.org , յութուբյան՝ Gayane Hakobyan և ֆեյսբուքյան` Gayane Hakobyan @gayaneblog էջերում։ Ովքեր ցանկանում են դիտել, կարող են գրանցվել համապատասխան էջերում:

 

Բազմաթիվ ծնողներ, անտեսելով իրենց երեխաների ընդունակությունները, նախասիրությունները, փորձում են նրանց ուղղորդել իրենց հարմար թվացող ճանապարհով։ Կան նաև ծնողներ, որոնք հնարավորություններ չունենալու պատճառով չեն մտածում երեխայի ապագայի մասին, մի կերպ օրվա կարիքներն են հոգում։ Նրանց նույնպես առաջարկում եմ հետևել այս դասընթացին։ Մեծ սիրով հրավիրում եմ նաև նրանց, ովքեր գտել են իրենց կոչումը, հաջողակ են, սակայն երբևէ չեն համեմատվել այլոց հետ: Նրանք, սովորաբար, իրենց ներկան համեմատում են անցյալի հետ ու տեսնելով զգալի աճ՝ մտածում են, թե ամեն բան հրաշալի է, մինչդեռ Աստված ունի ավելին։ Տիրոջից սահմանված կոչումը ճանաչելու և պտղաբեր լինելու, մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու, սոցիալական բնագավառում և այլ հարցերում զարգացում ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է հոգևոր աճ ունենալ՝ Տիրոջ կամքը ճանաչել ու կատարել․«Որովհետև ժամանակին նայելով՝ պիտի ուսուցիչ լինեիք, բայց ․․․․ կաթի եք կարոտ, ոչ թե հաստատ կերակուրի ․․․․ որովհետև հաստատ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժողությամբ կրթված են բարին ու չարը զանազանելու» Եբր․5.12-14:                        Ստորև ներկայացնում եմ 3 րոպեանոց ֆիլմ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են սովորական և վիթխարի ծառերից գաճաճ ծառեր ստանում: Սա մասնագետների կողմից դիտարկվում է որպես լուրջ արվեստ։ Նրանք չեն պատկերացնում, որ դեմ են դուրս եկել Աստծո արարչագործությանը:

         

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00