Մարտ 21, 2021 Warrior

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ։ ՄԱՍ 2

«Կյանք փոխող աղոթք» թեմայում արդեն անդրադարձել եմ աղոթքի տեսակներին ու նշել, որ լիարժեք պատասխան ստանալու համար անհրաժեշտ է նախ ճանաչել Տիրոջ կամքը, ապա աղոթել Նրա կամքի համաձայն։ 

Այս անգամ կխոսեմ համաձայնության աղոթքի մասին։ Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է որևէ խնդրի լուծման համար աղոթել երկու կամ երեք հոգով։ «Մեկ մարդն ինչպե՞ս կհալածեր հազարին, և երկու մարդն ինչպե՞ս կփախցներ տասը հազարին, եթե նրանց ապավենը չլքեր նրանց, և Տերը չմատներ նրանց» (Երկր․ Օրին․ 32.30): Իհարկե, մեկ մարդու աղոթքը զորավոր է, բայց կան խնդիրներ, որոնց լուծման համար առավել զորավոր աղոթք է անհրաժեշտ: Ինչպես վերը նշված խոսքում, մեկը հալածում է հազարին, իսկ երկուսը՝ տասը հազարին։

 

Անհրաժեշտության դեպքում պետք է երկու կամ երեք հոգով միաբանվել ու համաձայնության գալ անհանգստացնող խնդրի լուծման հարցում։ Չպետք է մոռանալ կարևորը՝ Տիրոջից

 

համապատասխան Խոսք ստանալ և աղոթել այդ Խոսքի համաձայն։ Մարդկանց կողմից բազմաթիվ համաձայնեցված ու միաբանված աղոթքներ կարող են լինել, բայց եթե Տերը համաձայն չէ այդ աղոթքներին, և Նրա կամքը չի համապատասխանում աղոթողների կամքին, խնդիրը չի լուծվի։

 

Տարիներ առաջ օգնականներիս հետ պետք է մեկնեի Անգլիա, որպեսզի Սասեքսի համալսարանում վերապատրաստման կուրսեր անցնեինք։ Անգլիա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դիմեցինք դեսպանատուն։ Մեզ համար անհասկանալի պատճառով շատ վատ ընդունելության արժանացանք։ Փաստաթղթերն ընդունող տիկինը բացահայտ արհամարհանքով ու հեգնանքով ասաց, որ չի հավատում մեր ներկայացրած փաստերին։ Նա հարցազրույցի օր նշանակեց, ու մենք լուռ հեռացանք։ Այդ կնոջ վերաբերմունքը հուշում էր, որ պետք է լուրջ ու ջերմեռանդ աղոթք բարձրացնենք դիվային դիմադրությունը վերացնելու համար։ Ցավոք, երբ հասանք գրասենյակ, գործի շատությունն ստիպեց ետ կանգնել այդ մտքից։ Ես մտածեցի, որ մեր փաստաթղթերի մեջ կեղծիք չկա, բացի դրանից՝ մենք գործնական նպատակով մի քանի անգամ արդեն եղել ենք Անգլիայում ու հնարավոր չէ, որ այս անգամ մերժում ստանանք։ Համոզված էի նաև, որ մեր մեկնումը Տիրոջ կամքի համաձայն է։

 

Մի քանի օր անց ներկայացանք հարցազրույցի, որը, ըստ մեզ, նորմալ պայմաններում անցավ։  Մինչդեռ, երբ գնացինք անձնագրերն ու պատասխանը ստանալու, անձնագրերի հետ մեկտեղ մերժման թերթիկ ստացանք։ Այդ թերթիկի վրա ներկայացված էր մեր հարցազրույցը ու փաստերով հիմնավորված մուտքի մերժումը։ Մենք ապշած էինք։ Թերթիկի վրա տպագրված հարցազրույցը բացարձակ չէր համապատասխանում իրականությանը՝ նրանց հարցերին մենք նման պատասխաններ չէինք տվել։ Ես բողոքարկեցի ու պահանջեցի հարցազրույցի ձայնագրությունը։ Ինձ նույն հեգնանքով մերժեցին։ Իմացա, որ մերժումն ստանալուց երեք օր անց կարող ենք նորից դիմել։ Խոնարհված եկա Բարձրյալի առաջ, ներողություն խնդրեցի, որ զբաղվածության պատճառով անեսել եմ աղոթքը ու չեմ քանդել դիվային հակառակությունը մեր կյանքից։ Ապաշխարության աղոթքից հետո խոսք խնդրեցի Տիրոջից՝ հետագա անելիքս իմանալու համար։ Աստվածաշնչից Խոսք ստացա՝ Հեսու 6։ Հասկացա, որ պետք է յոթ օր ծոմով գանք Աստծո առաջ․ վեց օր պետք է Սուրբ Հոգով աղոթենք, քանդենք դիվային արգելքները, իսկ յոթերորդ օրը Տիրոջը երկրպագելու օր էր լինելու։ Տիրոջից ստացած Խոսքը փոխանցեցի մեր թիմի անդամներին։ Նրանք նույնպես ապաշխարեցին, ու համաձայնության եկանք Տիրոջից ստացած Խոսքի շուրջ։

 

Յոթ օր շարունակ մեր գրասենյակում ոչ միայն աղոթում էինք, այլև Սուրբ Հոգու առաջնորդությամբ նորից պատրաստում դեսպանատուն ներկայացվող նյութը։ Այս անգամ դեսպանատուն ներկայացանք ոչ միայն թղթապանակով, այլ նաև արկղով, որը լի էր մեր գործունեության մասին պատմող փաստագրական ֆիլմերի սկավառակներով, լուսանկարներով, նաև այն դիպլոմներով, որոնք վկայում էին, թե ինչ կրթություն ունենք։

 

Նույն տիկինն անթաքույց արհամարհանքով դիմավորեց մեզ։ Բայց երբ տեսավ արկղը, չկարողացավ զսպել բարկությունը. «Ի՞նչ կարիք կար այս արկղը բերելու, հեռացրե՛ք սա»: Մենք նրան պատասխանեցինք. «Անհրաժեշտ էր ներկայացնել այս արկղը, քանի որ դուք չտվեցին մեր հարցազրույցի ձայնագրությունը։ Մենք ամեն բան արել ենք ձեր դեսպանատան կանոնադրության սահմաններում»։ Նա ստիպված էր ընդունել այդ արկղը։

 

Մեզ հարցազրույցի չկանչեցին։ Կարճ ժամանակ անց հրավիրեցին անձնագրերն ստանալու։ Անձնագրերում կնքված էր մուտքի թույլտվությունը։ Մենք ոչ միայն Սասեքսի համալսարանում մասնագիտական վերապատրաստման կուրսերն անցանք, այլև հրաշալի արձակուրդ ունեցանք Լոնդոնում։ Սակայն Բարձրյալ Արքային երկրպագելու նոր առիթը դեռ առջևում էր։ Անգլիայից վերադառնալուց հետո իմացանք, որ մեր անձնագրերում հատուկ նշան էր արված, որը կասկածի տակ էր դնում մեր մուտքը Անգլիա։ Բոլորիս անձնագրերի վրա կապույտ թանաքով շրջանակի մեջ էր վերցված մի թիվ։ Ինչպես օդանավակայանում մեզ բացատրեցին, դեսպանատան աշխատողներն այդպես էին արել, որպեսզի մեզ Անգլիայի սահմանից ետ ուղարկեն։ Քանի որ մենք աղոթել էինք Տիրոջ կամքի համաձայն, դիվային ուժերը չէին կարողացել մեզ խանգարել։ Երևան հասնելուն պես, երբ ցանկացանք դիմել դեսպանատուն՝ պարզաբանում ստանալու համար, իմացանք, որ թե՛ գործերն ընդունող տիկինը, թե՛ հարցազրույց վարողը հեռացված են աշխատանքից։

 

Անձնական կյանքից բերված այս վկայությունով ցանկանում եմ փաստել, որ երբ կա Տիրոջ կամքի ճանաչում, համապատասխան Խոսք Աստվածաշնչից, համաձայնություն, հավատք ու ճիշտ գործողություն, հաղթանակն ապահովված է։ Մատթեոս 18.18-20-ում գրված է․ «Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ինչ որ երկրի վրա կապեք, երկնքում էլ կապված կլինի, և ինչ որ երկրի վրա արձակեք, երկնքում էլ արձակված կլինի։ Դարձյալ ասում եմ ձեզ՝ եթե ձեզնից երկուսը երկրի վրա միաբանվեն, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, որ երկնքում է։ Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։ Պողոս առաքյալը գրում է․ «Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու, խորհուրդներ ենք քանդում և ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, և գերի ենք բռնում ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդության համար, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի» (Բ Կորնթ. 10.4-6)։

 

Մեր թիմի բոլոր անդամները հնազանդ էին Աստծուն, այդ պատճառով Հիսուս Քրստոսի անվան իշխանությամբ կարողացանք քանդել դիվային խորհուրդներն ու արգելքները և ազատ արձակեցինք մեր ճանապարհը: Ու թեպետ մեր անձնագրերի մեջ հատուկ նշանով արգելք էր դրվել, միևնույնն է, մեզ սահմանից ետ չուղարկեցին։

 

Աղոթելիս անհրաժեշտ է միշտ հիշել, որ մեր պատերազմն արյան ու մարմնի դեմ չէ, մենք մարդու դեմ չենք պայքարում, մենք չենք կարող աղոթքներով կամ այլ միջոցներով ազդել մարդու ընտրության վրա։ Աղոթողը միայն Աստծուն հնազանդվելով ու Հիսուս Քրիստոսի անունն օգտագործելով կարող է քանդել դիվային ծրագրերն ու գործողությունները և ազատ արձակել Տիրոջ կամքի կատարյալ դրսևորումը տվյալ իրավիճակում։ Մեր պատերազմը հոգևոր իշխանությունների դեմ է, որոնք օգտագործելով մարդուն, իրավիճակները, բնությունը՝ փորձում են խանգարել Տիրոջ կամքի դրսևորմանը․ «Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը հագեք, որ կարողանաք հակառակ կանգնել չարության օրում և ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել» (Եփես․ 6.12, 13)։

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

0:00
0:00