Հուլիս 21, 2018 Warrior

Գ Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԳԹՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ` ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՒՆ:

Գթությունը Աստծո սիրո և ողորմության դրսևորումն է: Գթությունը Աստծո էությունն է: Մարդիկ երբեմն գթությունը շփոթում են նյութական բարիքներ բաշխելու հետ ու  մտածում են, թե գթություն կարող է անել այն մարդը, ով նյութապես ինչ-որ չափով ապահովված է: Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր  կարիքի մեջ լինելով օգնում են դիմացինին` խղճահարությունից կամ ցուցամոլությունից դրդված:

 

Ճշմարիտ գթասրտությունը սեր է պահանջում: Մայր Թերեզան ասում է. «Գթության մեր աշխատանքը ոչ այլ ինչ է, քան մեր սերը Աստծո նկատմամբ, որը չի կարող տեղավորվել սրտում և թափվում է»: Աստծո Խոսքն ասում է. «Նա, որ երկու հանդերձ ունի, թող մեկը չունեցողին տա» (Ղուկ. 3.11), «Հացդ կտրիր, տուր սովածին» (Եսայի 58.7), այսինքն՝ ինչ որ ունես այդ օրը, դրանի´ց բաժին հանիր: Ինչպես տեսնում ենք, աստվածապաշտ մարդու գթասրտությունը կապված չէ նյութապես ապահովված լինելու, խղճահարության կամ ցուցամոլության հետ: Այն, պարզապես, սիրո դրսևորում է Աստծո, Նրա Խոսքի և տվյալ մարդու նկատմամբ:

 

Հիսուս Քրիստոսի առաքելությունն այստեղ` երկրի վրա, ամփոփված է Եսայի 61.1-3 խոսքերում. «Եվ Տեր Եհովայի Հոգին Ինձ վրա է, ընդ որում` Տերն օծել է Ինձ, Նա ուղարկել է Ինձ` աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին՝ արձակում, Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին և վրեժխնդրության օրը՝ մեր Աստծո համար, բոլոր սգավորներին մխիթարելու համար, Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ, գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ: Եվ նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար»: Ուշադրություն դարձնենք, որ հենց 1-ին խոսքից հորդում է գթությունը. «Նա ուղարկել է Ինձ` աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու .…»:

 

ԻՆՉՊԵՍ  ՕԳՆԵԼ  ՄԱՐԴԿԱՆՑ

 

«Լուծի´ր անիրավության կապանքները, բա´ց արա լուծի կոշկոռները.…» (Եսայի  58.6): Մարդու կյանքում անիրավության կապանքները պիտի քանդվեն. գթություն անողը ոչ միայն պիտի հագցնի մերկին, կերակրի սովածին, այլև պիտի սովորեցնի, որ սատանան է ամեն թշվառության արմատը, Աստված կյանքի հիմքն է, Հիսուսն է կյանքը: Նա ասաց. «Գողը գալիս է միայն, որ գողանա, սպանի և կորցնի, Ես եկա, որ կյանք ունենան և էլ ավելի ունենան» (Հովհ. 10.10):

Անիրավության կապանքներից ազատել նշանակում է պատմել Խաչի զորության և Զոհի մասին: Մարդկանց կյանքը պետք է փոխել Աստծո Խոսքով, որպեսզի փոխակերպումը մնայուն լինի: Մարդկանց կյանքում պետք է իջեցնել երկնքի արքայությունը. «Որովհետև Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ ուրախություն, խաղաղություն և արդարություն Սուրբ Հոգով» (Հռոմ. 14.17): Մարդկանց պետք է սովորեցնել, որ առաջինը փնտրեն երկնքի արքայությունը, և մնացած ամեն բան կտրվի.  «Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթ. 6.33): Գթության նպատակը պիտի լինի ոչ թե աղքատին «անվերջ ձուկ տալը», այլ «ձուկ բռնել սովորեցնելը», ոչ թե աղքատին «խրճիթից հանելը», այլ «խրճիթը նրա միջից հանելը». այդ դեպքում նա ինքնուրույն դուրս կգա «խրճիթից»: Մեր օրերում այս աշխատանքը կոչվում է սոցիալական ծառայություն: Օգնություն ցուցաբերողի հայացքը պիտի ուղղված լինի մարդկանց փոխվելուն և ոչ թե խնդրի փոխվելուն: Մարդը եթե չփոխվի, նրա կյանքում խնդիրների շարքը կընդարձակվի և նրան անվերջ կպահի աղքատության և պարտքերի ճահճի մեջ: Մարդկանց պիտի սովորեցնել Աստծո Խոսքը, պիտի սովորեցնել` ինչը փոխել, ինչպես աշխատել: Զարգացումն ընթացք է` անհրաժեշտ փուլերով: Զարգացման ընթացքում գթության ծառայողը պիտի կենտրոնանա մարդկանց վրա և  հնարավորություն տա, որ իրենք գտնեն իրենց խնդիրը: Նրանք միասին պիտի կառուցեն «խնդրի հայտնաբերման և այդ խնդրից դուրս գալու ծառը: Սա է սոցիալական ծառայության էությունը, որին հետագայում առանձին կանդրադառնամ:

 

ՀՈՒՄԱՆԻԶՄ  ԵՎ  ԳԹՈՒԹՅՈՒՆ

 

Հումանիզմը սիրո ոչ ճիշտ դրսևորում է մարդու նկատմամբ: Հումանիստը, մարդասիրությունից դրդված, անվերջ օգնություն է ցուցաբերում, կերակրում է` չհասկանալով, որ իր արարքով կործանում է օգնություն ստացող մարդուն: Մինչդեռ աստվածային գթությունը մարդուն բարձրացնում է «աղքատության փոշուց», սովորեցնում է անցնել Օգնություն- Վերականգնում-Զարգացում ճանապարհը:

 

Սոցիալապես անապահով մարդկանց հետ  աշխատանքը պիտի տարվի զգուշորեն, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, մարդու անհատականությունը պահպանելով, մարդուն թույլ տալով  ինքնուրույն գործել, գթությունը հումանիզմի հետ չշփոթելով: Այս առումով լավ օրինակ է «Թիթեռի առակը»:

 

 

Թիթեռի առակը

 

Մի մարդ թիթեռի բոժոժ գտավ: Նա բոժոժի վրա փոքրիկ անցք նկատեց և ուշադիր դիտում էր, թե ինչպես է թիթեռը ժամեր շարունակ պայքարում, որ իր մարմինը դուրս հրի այդ փոքրիկ անցքից: Շուտով թիթեռը կանգ առավ, կարծես թե դադարեց ջանքեր գործադրելուց: Թվում էր, թե նա արել էր այն ամենը, ինչ կարող էր, և այլևս ի վիճակի չէր առաջ գնալու: Այդ ժամանակ մարդը որոշեց օգնել թիթեռին: Նա վերցրեց մկրատը և կտրեց բոժոժի մնացած մասը: Թիթեռը հեշտությամբ դուրս թռավ բոժոժից, բայց նա ուներ թույլ մարմին և փոքրիկ, դողացող թևեր, որոնք չէին կարող բարձրացնել նրա մարմինը: Մարդը շարունակում էր նայել թիթեռին` սպասելով, որ ահա ուր որ է նրա թևերը կբացվեն, կամրանան, և նա կթռչի: Սակայն դա տեղի չունեցավ:

 

Թիթեռն իր կյանքի մնացած մասն անցկացրեց ուռած մարմնով և դողացող թևերով չորս կողմը սողալով: Նա այդպես էլ չկարողացավ թռչել: Մարդն իր բարության և շտապողականության պատճառով չհասկացավ, որ շարժումները սահմանափակող բոժոժը և այդ բոժոժի փոքրիկ բացվածքով անցնելու պայքարը անհրաժեշտ էին թիթեռին, որպեսզի նրա մարմինը ուժ հաղորդեր թևերին, և երբ նա դուրս գար բոժոժից, պատրաստ լիներ թռչելու:

 

Երբեմն պայքարները մեզ անհրաժեշտ են կյանքում: Եթե Աստված թույլ տար, որ մեր կյանքի ուղին անցնեինք առանց խոչընդոտների, դա միգուցե հաշմանդամ կդարձներ մեզ: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան կարող էինք լինել: Մենք երբեք չէինք կարողանա թռչել…

 

ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ  ՄԱՐԴՈՒ  ԿՅԱՆՔՈՒՄ

 

Գթություն անողը միշտ պիտի հիշի, որ աղքատը իրեն ավելի է պետք, քան ինքը` աղքատին, քանի որ ճշմարիտ գթասրտությունը խոնարհ է պահում մարդու սիրտը և միտքը: Աստված ապրում է խոնարհ սրտերում. «Ես բնակվում եմ  բարձրում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ և կենդանացնեմ սրտով կոտրվածներին» (Եսայի 57.15):

 

Ինչպե՞ս պետք է գթություն անել: «Բայց դու, երբ ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը» (Մատթ. 6.3), «Հացդ կտրիր, տուր սովածին, թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու…. Այդ ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, և քո արդարությունը պիտի գնա քո առաջից: Տիրոջ փառքը պիտի պահի քեզ ետևից: Այդ ժամանակ դու կկանչես, և  Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և Տերը կասի`ահա Ես….» (Եսայի 58.7-9):

 

Գթասրտության և ողորմության դրսևորում է նաև ուրիշին չչարախոսելը, չքննադատելը, լծի տակ չպահելը: Շատ հաճախ ծնողները, տան ավագ երեխաները, բարձր դիրք և պաշտոն ունեցողները չեն նկատում, որ իրենցից կախում ունեցողներին, իրենց ենթակայության տակ գտնվողներին պահում են լծի տակ, իրենց կամքն են թելադրում, հաշվի չեն նստում նրանց հետ կամ կոտրում են նրանց անհատականությունը: «Եթե հեռացնես քո միջից լուծը, մատնելը (եբրայերենում`քննադատելը) և չարախոսությունը դեն գցես, կերակրես սովածին ախորժանոքդ և կարոտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսը կծագի խավարում, և քո խավարը կլինի կեսօրվա պես: Եվ Տերը քեզ միշտ կառաջնորդի և կկշտացնի քո անձը երաշտներում և ոսկորներդ կզորացնի, և ջրարբի պարտեզի նման կլինես, որի ջուրը չի պակասի.… » (Եսայի 58.9-14):

 

Գթություն անելիս միշտ պետք է հիշել  Մայր Թերեզայի 10 թեզիսները:

 

 

Մայր Թերեզայի 10 թեզիսները

 

  1. Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր,

Միևնույնն է, ներեք նրանց:

  1. Եթե դուք բարություն եք գործել, և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ,

Միևնույնն է, բարություն գործեք:

  1. Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ,

Միևնույնն է, ձգտեք հաջողության:

  1. Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխափեն ձեզ,

Միևնույնն է, եղեք ազնիվ ու անկեղծ:

  1. Այն, ինչ տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում,

Միևնույնն է, շարունակեք կառուցել:

  1. Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն,

Միևնույնն է, եղեք երջանիկ:

  1. Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան,

Միևնույնն է, բարություն գործեք:

  1. Կարևոր չէ, թէ ով և ինչ է խոսում ձեր մասին,

Պարզապես վերաբերվեք դրան ժպիտով և շարունակեք կատարել ձեր գործը:

  1. Աղոթեք միասին և մնացեք միաբան:
  2. Ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ, և դա նրանց երբեք չի բավականացնի,

Միևնույնն է, շարունակեք կիսել նրանց հետ լավագույնը:

Ի վերջո, դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է ձեր և Աստծո միջև, և երբեք չի եղել ձեր և մարդկանց միջև:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00