Նոյեմբեր 30, 2021 Warrior

ԳՏՆԵՆՔ «ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆԵՐԸ ԱՎԵՐՈՂ ԱՂՎԵՍՆԵՐԻՆ»

Իմ նախորդ ուղերձում, հիմք ընդունելով Եզրասի և Նէեմիայի գրքերը, անդրադարձել էի Հայաստանի հոգևոր պարիսպների վերականգնման կարևորությանը, ինչպես նաև այն հարցին, թե մինչ դա ինչ պետք է անել։ Անհրաժեշտ հերթականությունը՝ համաձայն այդ գրքերի, Տիրոջ առաջնորդությամբ կատարելու դեպքում հաղթանակ կպարգևի, քանի որ Խոսքն է ասում․ «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմ․ 9.19)։

 

Այդ ուղերձից անհրաժեշտ հիշեցումներ կատարեմ։ Նախ անհրաժեշտ է վերականգնել տաճարը։ Բնականաբար, դիվային աշխարհը կդիմադրի վայրագորեն ու կխանգարի՝ թույլ չտալով կառուցել Տիրոջ տունը։ Մեր օրերում Տիրոջ տունը վերականգնել ասելով՝ նկատի ունեմ վերանայել եկեղեցու հոգևոր կյանքը․ ճանաչել բացթողումները և արվածի որակը՝ արդյունավետությունը։ Մեծ ուշադրություն դարձնել ուսյալ, Տիրոջ Հոգով առաջնորդվող ուսուցիչներին։ Այդպիսին էր Եզրասը․ «…. նա ժիր դպիր էր Մովսեսի օրենքում, որը Իսրայելի Տեր Աստվածն էր տվել․․․․» (Եզրաս 7.6): Տաճարի կառուցումից հետո Եզրասը Տիրոջ հրամանով վերադառնում է Երուսաղեմ։ Նա օգնում է մարդկանց ճանաչել իրենց գործած մեղքերը, բարձրաձայնել և ապաշխարել։ Հաճախ մարդիկ աղոթում են․ «Տե՛ր, ների՛ր մեր մեղքերը, ների՛ր ազգիս գործած մեղքերը»։ Մինչդեռ աղոթողը կամ ազգը չի  պատկերացնում, թե որ գործողություններն են մեղք համարվում՝ համաձայն Աստծո Խոսքի։ Երբ տաճարը վերականգնվում է և Իսրայելի ժողովուրդը ճանաչում է իր գործած մեղքերը և օր որոշում հանրային ապաշխարության համար, Տերը հնարավորություն է ստեղծում, որ Նէեմիան վերադառնա Երուսաղեմ։ Նա իր ազգակիցների հետ 52 օրվա ընթացքում ավարտում է Երուսաղեմի պարսպի կառուցումը։ Պարիսպը վերականգնելու ընթացքում թշնամին ջանք չէր խնայում խանգարելու, հուսահատության եզրին հասցնելու, նույնիսկ ահաբեկում էր սպանությամբ՝ օգտագործելով հեղինակավոր անձանց ու վարձկան մարգարեներին։

 

Ինչպիսի՞ մեղքեր կարող են խանգարել աստվածապաշտ մարդուն՝ վերականգնելու թե՛ անձնական կյանքի և թե՛ երկրի հոգևոր պարիսպները։ Դրանք բազմաթիվ են, յուրաքանչյուրն առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ կարող է ճանաչել այդ մեղքերը։ Բերեմ օրինակներ։ Ինչպես արդեն նշել եմ իմ նախորդ երկու ուղերձներում, 44-օրյա պատերազմը երբ սկսվեց, առաջին իսկ օրից մի փոքր խմբով առանձնացանք, որպեսզի աղոթենք, Տիրոջից պատասխան ստանանք։ Մենք աղոթում էինք նաև գերիների վերադարձի համար։ Ինչպես շատերը, նույնպես և մենք սոցիալական ցանցերից էինք տեղեկանում նրանց մասին։ Աղոթում էինք գերիների մի խմբի համար, որոնց գիտեինք նկարներով։ Մի օր մեր աղոթքախմբից մեկն ասաց, որ Տերը չի լսում իր աղոթքները, և նա ցանկանում է առանձնանալ, որպեսզի իմանա պատճառը։ Ծածուկ սենյակում աղոթելիս՝ Սուրբ Հոգին խոսում է նրա հետ ու հիշեցնում, թե քանի մարդու է վիրավորել ու քանիսից է վիրավորված։ Խոսքն ասում է․ «Եթե սեղանի վրա մատուցես քո ընծան և հիշես, որ քո եղբայրը քո դեմ մի բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առջև, ու գնա հաշտվի՛ր քո եղբոր հետ, իսկ հետո ե՛կ, քո ընծան մատուցի՛ր» (Մատթ․ 5.23): Նա անմիջապես կապ է հաստատում այդ մարդկանց հետ ու բոլորից ներողություն խնդրում։ Դրանից հետո նրա սիրտը նույնպես բուժվում է, ու երկինքը բացվում է աղոթքների համար։ Օրեր անց, երբ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ինքնաթիռից իջնող գերիներին, բոլորը, ում համար աղոթել էինք, վերադարձածների մեջ էին։

 

Ցանկանում եմ խոսել նաև մեկ այլ մեղքի մասին, որը շատերի համար առօրյա գործողություն է, ոմանց համար՝ մեղք։ Մոտավորապես 15 տարի առաջ Տերը խոսեց ինձ հետ աստվածաշնչյան հետևյալ խոսքով․ «Եվ սրանից հետո ընկերացավ Հուդայի Հովսափաթ թագավորը Իսրայելի Ոքոզիա թագավորի հետ, որը չարություն էր գործում, ու նրա հետ ընկերացավ, որ նրա հետ նավեր շինեն Թարսիս գնալու համար, ու նավեր շինեցին  Գասիոնգաբերում։ Եվ Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հովսափաթի մասին՝ ասելով․ «Որովհետև դու Ոքոզիայի հետ ընկերացար, Տերը քանդել է քո գործը»։ Եվ նավերը կոտրատվեցին ու չկարողացան Թարսիս գնալ» (Բ Մնաց․ 20.35-37)։ Աստված մեկնաբանեց Իր խոսքը՝ ասելով, որ ինչպես Հովսափաթը հաճելի էր Տիրոջը իր բոլոր գործողություններում, բայց սխալ ընկերակցության պատճառով ծանր կորուստ ունեցավ, ես նույնպես մեծ կորուստ կունենամ, եթե շարունակեմ ընկերությունս հեռուստացույցի հետ։ Ի՞նչն էր խնդիրը։ Ես ամեն օր տնից դուրս էի գալիս վաղ առավոտյան ու հոգեբանորեն ծանր աշխատանքից հետո երեկոյան վերադառնում էի տուն։ Ներս մտնելով՝ ձեռքս էի վերցնում հեռուստացույցի վահանակն ու միացնում որևէ հաղորդում։ Հիմնականում ընտրում էի թեթև, հումորային հաղորդումներ, որպեսզի օրվա մատուցած ծանր մտքերից ազատվեմ։ Հասկանալով, որ դա Տիրոջ աչքին հաճելի չէր, որոշեցի հրաժարվել բոլոր հաղորդումներից, բացառությամբ երեքից, որոնք ուսուցողական բնույթ ունեին։ Անցան տարիներ։ Ապրում էի Տիրոջ ներկայության մեջ։ Բազում հրաշքներ եղան իմ կյանքում: Դրանց մասին գրել եմ իմ բլոգում: Չկար որևէ բան, որը կազդարարեր իմ անհնազանդության մասին։ Եկավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա ահարկու պատերազմի սկիզբը։ Մեր անգին զոհերը, հաշմանդամ դարձած տղաներն  ու հողերի կորուստը պարտադրեցին ինձ նորովի նայել ապրածս կյանքին, քննել՝ որտե՞ղ է ի՛մ սխալը, ինչո՞ւ չեմ իմացել, որ ազգս ու երկիրս գտնվում են դիվային հրաբխի վրա։ Աղոթում էի ու Տիրոջից պատասխան ակնկալում։

 

Վերջերս մի երազ տեսա, որը մեծ բացահայտում էր ինձ համար։ Իբր իմ հայրական տանն եմ, ու մեր պատշգամբում տարօրինակ հագուստով ու սրերով տղամարդկանց բազմություն է հավաքված: Նրանք ցանկանում են սենյակ մտնել, որտեղ տարբեր տարիքի երեխաներ են։ Հանկարծ նրանցից մեկը դիմելով երեխաներին՝ ասում է․ «Մենք ձեզ մուսուլման կսարքենք»։ Ես արագ մոտենում եմ ասողին ու հարցնում․ «Դուք ո՞վ եք»։ «Մենք թուրք ենք»,- պատասխանում է նրանցից մեկը, և սենյակի ու պատշգամբի միջև եղած դուռն անհետանում է։ Բոլորը համախմբված լցվում են իմ տուն։ Ես ջանք չեմ խնայում նրանց դուրս վռնդելու համար։ Սակայն նրանք, անտարբեր իմ գործողություններին, հեգնանքով ավելի են առաջանում։ Այնուհետև պատկերը փոխվում է, ու նմանատիպ հագուստով տղամարդկանց բազմություն եմ տեսնում Հայաստանի տարբեր գյուղերում։ Այդ հագուստը նկարներում էի տեսել, հին թուրքական հագուստ էր՝ տարազ հիշեցնող։ Նրանց ձեռքերին սրեր էին։ Այդ սրերը նույնպես նկարներում էի տեսել, դրանցով հայերին էին սպանում։ Ես ջանք չէի խնայում նրանց դուրս վռնդելու համար, բայց անզոր էի։ Նրանք լպիրշ ժպիտով առաջ էին շարժվում։ Հանկարծ այդ տղամարդկանց բազմությանը միանում են գեղեցիկ դիմագծերով կանայք՝ նույնպես տարազ հիշեցնող զգեստներով։ Նրանք մտերմիկ ժպտում են ինձ, կարծես մենք հին ընկերներ ենք։ Նրանց թողնելով սենյակում՝ բակ եմ դուրս գալիս։ Քիչ անց շատ անսպասելի բոլորը դուրս են գալիս ու լուռ հեռանում, ես նրանց թիկունքն եմ տեսնում։ Հանկարծ հեռացող տղամարդկանց միացած երեք կանայք առանձնանում են, շրջվում դեպի ինձ ու մտերմիկ ժպտում։ Ես այնպես եմ ուզում նրանց ետ կանչել ու մտածում եմ․ «Աստվա՜ծ իմ, նրանք այնքան լավն են։ Նրանց հետ շատ հաճելի է ժամանակ անցկացնելը, որքա՜ն բան եմ սովորում նրանցից։ Բայց ի՞նչ անեմ, երբ նրանց ներս եմ հրավիրում, նույն դռնից այս տղամարդկանց բազմությունն էլ է մտնում, ու ես անզոր եմ նրանց դուրս վռնդելու»։ Եվ ես որոշում եմ․ «Նրանց այլևս չեմ կանչի»։  

 

Առավոտյան, երբ արթնացա, փորձեցի վանել այդ ծանր երազի տպավորությունը։ Աղոթում էի ու փորձում կենտրոնանալ այլ թեմայի վրա, բայց երազումս տեսած պատկերները հերթով անցնում էին աչքերիս առջևով։ Ստիպված ասացի․ «Տե՛ր, այս երազը եթե կարևոր նշանակություն ունի, խնդրում եմ բացատրիր»։ Փա՜ռք Ամենակարողին, որ անմիջապես հայտնեց իմաստը։ Ես հասկացա, որ այդ մարդիկ այն դևերի խորհրդապատկերներն էին, որոնց դրդմամբ թուրքի ձեռքով 1.5 մլն հայ նահատակվեց՝ նրանց հագուստն ու սրերը դա էին վկայում։ Նույն դևերը նորից օգտագործում են նույն ազգին՝ լպիրշ ժպիտով մտնում են մեր տարածք և անարգել առաջ են շարժվում։ Երեք կանայք հեռուստատեսային այն երեք հաղորդումներն էին, որոնք ինձ համար և՛ հաճելի էին, և՛ ուսուցանող: Այդ հաղորդումները ոչ մի վտանգ չէին ներկայացնում։ Պարզապես, դրանց հետևելն ինձ համար ամենօրյա սովորություն էր դարձել։ Ես ոչ մի հաղորդում բաց չէի թողնում։ Դրանք ինձ համար հաճելի ընկերակիցներ էին։ Մինչդեռ տարիներ առաջ Տերը տեսնելով իմ վերաբերմունքը՝ զգուշացրել էր, որ հեռու մնամ սխալ ընկերակցություններից։ Այն ժամանակը, որ պարբերաբար տրամադրում էի այդ հաղորդումներին, պետք է տրամադրեի Տիրոջը։ Իմ ամենօրյա մեկժամյա աղոթքներն ու Աստվածաշնչի ընթերցանությունը բավարար չէին, ոչ էլ այն, որ ամբողջ կյանքս ներդրել էի Տիրոջը ծառայելուն: Աստված ավելին էր ուզում, Նա սպասում էր, որ ես կընկերանամ Իր հետ։ Աբրահամը Տիրոջ ծառան էր ու Նրա երկրպագուն: Սոդոմն ու Գոմորը կործանելուց առաջ Տերը նրան ասում է․ «Մի՞թե Ես Աբրահամից կծածկեմ ինչ որ անելու եմ» (Ծննդ․ 18.17)։ Յուրաքանչյուր քրիստոնյա եթե Տիրոջ ուզած ժամանակն ու նվիրումը մատուցի Նրան, ոչ միայն ապագան կտեսնի, այլև վտանգից դուրս գալու կամ դրանից խուսափելու ճանապարհը կճանաչի։ Ես որոշեցի ժամանակ չվատնել հեռուստացույցի առջև, դրա փոխարեն առավել շատ ժամանակ տրամադրել Տիրոջ կամքը ճանաչելուն ու կատարելուն։

 

Հաջորդ առավոտ հիշելով որոշումս՝ մտածեցի․ «Բայց չէ՞ որ այդ հաղորդումներից առանձնահատուկ բաներ եմ սովորում։ Էլ որտե՞ղ կարող եմ սովորել»։ «Ես քեզ կսովորեցնեմ ու ավելին կասեմ»,- լսեցի Սուրբ Հոգու մեղմ ձայնը։ Դա այնքան անսպասելի էր։ Դիմեցի Տիրոջը․ «Տե՛ր, Դու գիտես, որ Քեզ ամենաշատն եմ սիրում ու հանուն Քեզ պատրաստ եմ հրաժարվելու ամեն ինչից։ Դու քննում ես իմ սիրտն ու գիտես, որ հեռուստացույցից ամբողջությամբ հրաժարվելու եմ։ Աղաչում եմ, օգնիր ինձ, որ ամեն բան լինի Քո Հոգով ու ոչ թե մարդկային կամքի ուժով»։ Աղոթքից հետո շտապեցի գործնական հանդիպման իմ լավագույն ընկերոջ հետ: Մեր հարաբերություններն այնպիսին էին, որ նա երբևէ չէր փորձել ինձ որևէ բան սովորեցնել։ Գործնական խոսակցություն ունեցանք, ու երբ պատրաստվում էի դուրս գալու սենյակից, նա  անսպասելի ասաց․ «Գայանե՛, գիտե՞ս, հրթիռը կարճ ժամանակահատվածում իր վառելիքի մոտ 80 %-ն է ծախսում երկրից պոկվելու համար, իսկ մնացած 20 %-ով կարողանում է բարձրանալ տիեզերք ու կատարել իր ֆունկցիան։ Եթե միայն կարողանաս պոկվել երկրից․․․»։ Այնքան անսպասելի էր այդ խոսքը և այնքան անհրաժեշտ։ Այդ խոսքով նա կարծես մարտահրավեր էր նետում՝ պոկվել երկրայինից ու սավառնել երկնքում, որտեղ Տերն ասելիք ունի ինձ։ Ես զարմացած էի ու հիացած։

 

Այսօր մեծ խնդրանքով ու խոնարհ սրտով ուղերձ եմ հղում Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունող բոլոր աստվածապաշտներին՝ վերանայել անցած ու ներկա կյանքը, Սուրբ Հոգու առաջնորդությամբ ճանաչել այն բացթողումներն ու մեղքերը, որոնք մեր ազգին ու երկրին հասցրել են այս օրհասական պահին։ Յուրաքանչյուրը թող իր գիտակցված կամ չգիտակցված մեղքը ճանաչի և ապաշխարի, այնուհետև հերթը կհասնի ազգովի գործած մեղքերը ճանաչելուն և ապաշխարելուն։  

 

«Բռնե՛ք մեզ համար աղվեսները, այգիներ ավերող փոքր աղվեսները, որովհետև մեր այգիները ծաղկել են» (Երգ երգոց 2.15)։ Մարդու մեղքերը նման են այն փոքր աղվեսներին, որոնք աննկատ ավերում են ծաղկած այգիները։

Այս թեմային առնչվող իմ նախորդ նյութերը կարող եք կարդալ gayaneblog.org «Փոխի՛ր կյանքդ» բաժնում, կամ` ձայնագրությունը լսել «Աուդիո գրքեր» բաժնում։

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00