Գթությունը ոչ միայն սովածին կերակրելն է, մերկին` հագցնելը, անտունին` ապաստան տալը, այլև կոտրած սիրտ ունեցողին բուժելը, փակուղու առաջ կանգնածին ելք ցույց տալը:
Գթությունը անիրավության կապանքները մարդու կյանքից քանդելն է ու գերությունից ազատելը: Մեր մոլորակի վրա որքա՜ն մարդիկ կան, որոնց ներաշխարհը այն աստիճան է ոտնահարված, երազանքի ու գործողության կրակն այն աստիճան է մարած, որ մոխրի թանձր շերտը ծածկել է ամեն հույսի ճամփա: Գթությունը հանգած մոխիրը կրակի վերածելն է, սգավորին` ուրախության յուղով օծելը:
Հիսուս Փրկիչը հենց սրա համար եկավ երկիր. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, ըստ որում Տերն օծել է Ինձ. Նա ուղարկել է Ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու…. սգավորներին մխիթարելու…. որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ` սուգի տեղ….» (Եսայի 61.1-3):
Աստված յուրաքանչյուր մարդու օժտել է գթասրտությամբ ու սպասում է, որ նա դրսևորի այդ հատկությունը: Որոշ մարդկանց էլ տվել է կոչում` ավելին անելու և ԻՐ ՍՐՏԻՆԸ իրականացնելու համար: Մեր օրերում դա կոչվում է սոցիալական ծառայություն: Առանց գթասրտության անկարելի է սոցիալական ծառայությունից արդյունք ստանալ: Կարելի է ասել՝ գթասրտությունը հոգին է, սոցիալական աշխատանքը`մարմինը:
Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու «Գնացեք, տեսեք…» սոցիալական ծառայության կենտրոնում աշխատում է բազմամասնագիտական թիմ`հոգեբաններ, մանկավարժներ, սոց. աշխատողներ… Ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել կենտրոնի թիմային աշխատանքի պտուղներից երկուսը: Առաջինը մի կյանքի պատմություն է, մի աղջնակի կյանքի վկայություն, ով մոր հետ դաժան բռնության ենթարկվելով հարազատների կողմից` փախչել էր տնից, երկրորդը` թատերական գեղեցիկ ներկայացում է կենտրոնի սաների մասնակցությամբ`«Կիկոսի մահը»: Ամենակարևորն այստեղ այն փաստն է, որ բազմամասնագիտական թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ երեխաները կարողացել են հաղթահարել իրենց ներքին ու արտաքին սահմանափակումները, դրսևորել այնպիսի տաղանդներ, որոնք գուցե երբևէ չբացահայտվեին, եթե իրենց կողքին չլինեին գթասիրտ մարդիկ:
Երեխաները ոչ միայն տիկնիկների միջոցով ներկայացնում են հանրահայտ հեքիաթը, այլև հիանալիորեն մատուցում հեքիաթի
ասելիքը, որն է՝ չեղած տեղից ողբերգություն չսարքել, չնմանվել հեքիաթի հերոսուհուն, ով դեռ չամուսնացած, երեխա չունեցած՝ արդեն պատկերացնում է որդու դառը ճակատագիրը, ընդհուպ՝ մահը ու արցունքներով ողբում. «Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ որդի ջան…»:
Մեր փոքրիկ դերասանները կոչ են անում հանդիսատեսին՝ չսպանել երազանքները, իսկ եթե մեկին էլ տեսնում են «Կիկոսի մահը» ողբալիս, օգնեն նրան՝ սթափվելու, անառողջ երևակայությունից դուրս գալու, ոչ թե հեքիաթի հերոսուհու հարազատների պես ձեն-ձենի տան ու նրա հետ լացեն:
Ի դեպ, ներկայացման դեկորացիան, տիկնիկները պատրաստել են հենց իրենք`երեխաները: Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել տիկնիկային ներկայացումը մինչև վերջ՝ եզրահանգումը լսելու համար: