Սեպտեմբեր 5, 2016 Warrior

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԵՐ ՓՈԽԵԼ

Մի քանի օր առաջ, երբ առանձնացել էի սենյակումս, Սուրբ Հոգին խոսեց. «Ծառայե՛ք ազնիվ ու ամբողջ ուժով»: Մի պահ կարկամեցի: Ի՞նչ նկատի ունի Տերը. մի՞թե անազնվություն է տեսնում մեր գործողություններում, շարժառիթներում… մի՞թե ամբողջ ուժով չենք ծառայում… կարող ենք անել ավելին, բայց չե՞նք անում… Հաջորդ օրը ծոմ պահեցի և առանձնացա Տիրոջ սրտինն իմանալու համար: Երեք ժամ փակված էի իմ աղոթքասենյակում, աղոթում էի ու գրի առնում այն ամենը, ինչ խոսում էր Սուրբ Հոգին: «Ծառայե՛ք ազնիվ …»: Տերը խոսում էր ճիշտ առաջնահերթությունների, մարդուն ծառա չլինելու, աշխարհի հետ չընկերանալու, անհատի ներուժի, Աստծո Խոսքի մեջ խորասուզվելու, Սուրբ Հոգու ամենակարող զորությունն ազատ արձակելու մասին:

Յուրաքանչյուր աստվածապաշտ մարդու ծառայողական կյանքում Տերն է խոսում՝ նրան ուղղորդելով անելու այն, ինչ Ինքը հարմար է գտնում տվյալ ժամանակահատվածի համար: Լինում են դեպքեր, երբ մարդը, լսելով Սուրբ Հոգուն, անմիջապես ձեռնամուխ է լինում այդ գործին: Նա սկսում է աշխատել եռանդով, այնուհետև ժամանակի ընթացքում հանդիպում են այլ գործեր, եկեղեցական ծառայություններ, որոնք նրան շեղում են ձեռնարկած գործից: Տիրոջ ծառայողը մարդկորեն մտածում է, թե միաժամանակ կհասցնի անել նաև այդ գործերը. չէ՞ որ դրանով փառավորում է Հորը և օգնում մարդկանց: Մինչդեռ անհրաժեշտ է իրատես լինել: Տերը հնազանդություն է կամենում: Նա է որոշում, թե երբ, ինչ և ինչպես անենք: Յուրաքանչյուր մարդ ունի կոչում, և պետք է գործի իր կոչման համաձայն: Երբ մարդը եռանդով սկսում է անել այն, ինչ Տիրոջից ստացել է, բայց ժամանակի ընթացքում ձեռնամուխ է լինում ևս մեկ գործի, անգիտակցաբար կիսում է այն ուժը, եռանդը, որն ամբողջությամբ պետք է նվիրեր առաջին գործին… Անցնում է որոշ ժամանակ: Ի հայտ է գալիս ևս մեկ գործ, որը նույնպես փառավորում է Տիրոջ անունը և դրական փոփոխություններ բերում մարդկանց կյանքում: Տիրոջ ծառայողը մի քիչ հապաղում է, բայց, ի վերջո, ձեռնամուխ լինում նաև այդ գործի իրականացմանը՝ մտածելով, որ մշակները քիչ են. ո՞վ պետք է անի, եթե ոչ ինքը: Նա չի գիտակցում, որ Տիրոջ հանձնարարած գործն արդեն թերի է կատարում: Ժամանակը հոսում է: Տեղի է ունենում վատթարագույնը՝ մոռացվում է Տիրոջ հանձնարարությունը: Գլուխ են բարձրացնում այլ գործեր, ծառայություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել: Եվ այդ երկրորդական, երրորդական ծառայությունները գողանում են այն ոսկի ժամանակն ու էներգիան, որոնք պիտի տրամադրվեին միայն Տիրոջից ստացած գլխավոր հանձնարարության իրականացմանը: Տերը պահանջում է՝ եղեք ազնիվ ծառայության մեջ:

Ո՞րն է անազնվությունը: Պարզաբանեմ օրինակով: Տիրոջ տանը տարբեր ծառայություններ կան: Ենթադրենք՝ մեկը ծառայում է հրատարակչական ծառայությունում որպես խմբագիր, մեծ քանակությամբ քրիստոնեական գրականություն է խմբագրում:  Գրքերը տարածվում են քաղաքներում, գյուղերում և հոգևոր սնունդ մատակարարում հազարավոր մարդկանց: Աստված է սիրտ ու միտք քննողը, Նա է մարգարեն, ով գիտի տվյալ անձնավորության ապագան: Մի օր Սուրբ Հոգին խոսում է այս խմբագրի հետ և պատվիրում՝ անգլերեն սովորել: Խմբագիրը խոնարհվում է Տիրոջ առջև, խոստանում, որ անպայման կսովորի այդ լեզուն, որքան էլ բարդ ու ժամանակատար լինի իր համար: Նա սկսում է հաճախել անգլերենի դասընթացի: Ծառայողական գործերը կրկնապատկվում են, մեծանում է խմբագրվող գրքերի քանակը: Ծառայությունը որակով և ժամանակին կատարելու համար խմբագիրը կրճատում է անգլերենին հատկացվող ժամանակը: Ոչ միայն կրճատվում է ՏԻՐՈՋ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ կատարելու ժամանակը, այլև կիսվում է այդ հանձնարարությանը տրամադրվող ուժն ու եռանդը, քանի որ նոր գրքերի խմբագրմանը նույնպես եռանդ և նվիրում է պետք: Տիրոջ ծառայողը չի մտածում, որ իր տեսադաշտում պետք է պահի անգլերեն սովորելու հանձնարարությունը, իսկ նոր գործերի դեպքում Տիրոջից իմաստություն և մշակներ խնդրի, ժամանակը ճիշտ կառավարի, ոչ թե նետվի նոր գործի մեջ ու հեռանա Տիրոջից ստացած հանձնարարությունը որակով կատարելուց: Ժամանակը հոսում է: Գալիս են նոր գործեր, նոր հոգսեր… Անգլերենի ուսուցման համար ի սկզբանե որոշված ժամանակն արդեն ոչ թե կրճատվում է, այլ տվյալ մարդու համար աննկատ իսպառ դուրս գալիս օրակարգից: Նա նույնիսկ մոռանում է, թե ինչ որոշում էր կայացրել անգլերեն սովորելու վերաբերյալ և ինչ էր խոստացել Տիրոջը: Ժամանակը շարունակում է հոսել: Մարդը, որ արդեն ոտք էր դրել նորի շեմին՝ անգլերենի բավականաչափ պաշար ուներ, տրվելով առօրյա հոգսերին, մարդկանց պահանջներին, հինը վարպետորեն կատարելու սովորույթին, ետ է գնում՝ չնկատելով, որ սկսել է ծառայել ոչ թե Աստծուն, այլ՝ մարդկանց: Նա չի գիտակցում, որ անազնիվ է վարվել Իր Տիրոջ հետ, նույնիսկ արդարանում է, որ անգլերենի ուսուցման դասընթացն ընդհատել է Տիրոջն ու մարդկանց  ծառայելու պատճառով. չէ՞ որ գիրք խմբագրելը, մարդկանց հոգևոր սնունդ հասցնելը հաճելի է Աստծուն…

Տիրոջը հնազանդությո՛ւնն է հաճելի:

            Սավուղը թագավոր ընտրվեց Իսրայելի ժողովրդի համար (Ա Թագ.10): Տերը նրան ընտրեց ժողովրդի պահանջով, և Նա պետք է որոշեր, թե Սավուղը, որպես թագավոր, ինչը ինչից հետո պիտի աներ և ինչպես պիտի աներ: Սավուղի թագավոր օծվելուց կարճ ժամանակ անց Տերը Սամուել մարգարեին ասում է. «Զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որովհետև Ինձնից ետ դառավ և Իմ խոսքերը չկատարեց» (Ա Թագ. 15.10):

Սավուղն ի՞նչը Տիրոջ կամքով չէր արել և ինչո՞ւ: Ա Թագավորաց 15-րդ գլխում ներկայացված է այդ ամենը: Տերը Սավուղին հանձնարարել էր բնաջինջ անել ամաղեկացիներին և ավարից ոչինչ չպահել: Մինչդեռ Սավուղը մասնակիորեն է կատարում Տիրոջ ասածը: «Տերն ինձ որ ճանապարհով որ ուղարկեց, այն ճանապարհով գնացի: Ամաղեկի թագավոր Ագագին բերի և ամաղեկացիներին բնաջինջ արի: Սակայն ժողովուրդն այն ավարից ոչխարներ ու արջառներ առավ, նզովվածներից  շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»: Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տերը ողջակեզների և զոհերի ավելի է հավանում, քան Տիրոջ ձայնը լսելուն, ահա հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից: Որովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության»: ….Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ Տիրոջ հրամանները և քո խոսքերը զանց արի, որովհետև ժողովրդից վախեցա և նրանց խոսքը լսեցի» (Ա Թագ. 15.20-24):

Տերն է որոշում , թե Իր Տանը ծառայողներն ինչ պետք է անեն և ինչպես պետք է անեն: Կան ծառայություններ, որոնք տեղական եկեղեցու և համայնքի համար են, կան ծառայություններ, որոնք ազգերի համար են: Աստված է որոշում՝ ով որտեղ պիտի ծառայի: Եվ եթե Նա Իր ծառայողին պատվիրել է հատուկ ժամանակ տրամադրել անգլերենի ուսուցմանը, նշանակում է գիտի, թե տվյալ պահին տեղական համայնքում խմբագրի ծառայություն իրականացնողը տարիներ հետո ինչպիսի ծառայություն պիտի մատուցի Իրեն կամ ազգերին, և անգլերենի իմացությունը որքան անհրաժեշտ կարող է լինել նրա համար:

Այս խմբագրի դերում կարող է հայտնվել յուրաքանչյուրը: Տերը ապագա ծառայության համար կարող է տարբեր հանձնարարություններ տալ: Այդ հանձնարարությունները կարող են վերաբերել նոր մասնագիտություն ձեռք բերելուն, բնավորության մի շարք գծերի փոփոխման վրա լրջորեն աշխատելուն, որոշակի սովորույթներից հրաժարվելուն… Կան մարդիկ, ովքեր ուշադրություն չեն դարձնում նմանօրինակ հանձնարարություններին: Նրանք շարունակում են ապրել իրենց առօրյայով՝ մտածելով, որ ծառայում են Տիրոջը, ծառայության մեջ պտուղ ունեն. ի՞նչ կարիք կա փոփոխությունների: Ոմանք էլ, լսելով Սուրբ Հոգուն, ոգևորված առաջ են նետվում՝ Նրա հանձնարարությունը կատարելու: Սկզբում ամեն ինչ լավ է ընթանում, բայց գալիս են փորձությունները, ինչպես վերոհիշյալ խմբագրի կյանքում, և մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար, թողնում են այն, ինչ Տիրոջից են ստացել: Ինչո՞ւ նաև գիտակցաբար, քանի որ շատերի համար դժվար է նորի մեջ մտնելն ու մնալը: Նորն իր հետ բերում է դժվարություններ՝  նոր հմտությունների տիրապետում, լրացուցիչ ժամանակի տրամադրում, մի շարք սովորույթներից ձերբազատում, ավելի մեծ նվիրում…  Մարդիկ ոգևորված սկսում են գործել, բայց հետո համապատասխան ջանք և եռանդ չտրամադրելով, ծուլանալով, չցանկանալով զարգանալ, խորասուզվել նորի մեջ՝ վերադառնում են հին գործերին, քանի որ հնի մեջ արդեն վարպետացել են, նույնիսկ այնքան, որ Տիրոջ կամքն էլ չեն հարցնում, թե ինչպես գործեն և երբ: Այստեղ է, որ Տերն ազնվություն է պահանջում: Տիրոջը պաշտողները պետք է ազնիվ ծառայեն:

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո միածին Որդին, երկիր եկավ մարդկությանը մեղքից, անեծքից, հիվանդություններից և ամեն չարիքից փրկելու առաքելությամբ. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ: Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, խոցվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու»  (Ղուկ. 4.18,19): Հիսուսը գիտեր, որ Իր գլխավոր առաքելությունը խաչելությունն է, քանի որ միայն Գողգոթյան խաչը կարող էր մարդկությանը տալ մեղքերի ներում և ազատագրում, բժշկություն և փրկություն: Ծառայության առաջին շրջանում Նա աշակերտներ էր պատրաստում, առաքյալներ կերտում փրկության բարի լուրը ազգերին հասցնելու համար: Երբ խաչելության ժամանակը եկավ, Հիսուսը, գիտակցելով, ընդունեց այն: Նա չպատճառաբանեց, Հայր Աստծուն չհամոզեց՝ մի քիչ էլ համբերել, չէ՞ որ աշակերտներն իրենց հասուն մարդու պես չէին պահում. մերթ Զեբեդիայի որդիների մայրն է գալիս Հիսուսի մոտ և խնդրում, որ իր որդիներն արքայության մեջ Նրա աջ ու ձախ կողմերում նստեն (Մատթ. 20.20-22), մերթ Պետրոսն է մարմնավորապես վարվում և Հիսուսին արգելում, որ Տիրոջ կամքը կատարի (Մարկ. 8.31-33), մերթ մյուս  աշակերտներն են ցանկություն հայտնում առաջինը լինելու՝ յուրաքանչյուրն իրեն ավելի մեծ և արժանավոր համարելով իր ընկերներից (Մարկ. 10.12-15)…

Հիսուսը  «ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում» (Եսայի 53.7), արեց այն, ինչ Հայրն էր ուզում տվյալ պահին: Եվ Հայրը վարձահատույց եղավ Իր Որդուն՝ Աստված Որդուն, Հիսուս Փրկչին՝ տալով Նրան անուն, որը բարձր է ամեն անունից. «…. Որ Քրիստոսում գործադրեց՝ Նրան մեռելների միջից հարություն տալով, և Իր աջ կողմը նստեցրեց երկնավորներում, ամեն իշխանությունից,  պետությունից, զորությունից, տերությունից վեր և ամեն անունից վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև այն հանդերձյալում: Եվ ամեն բան հնազանդեցրեց Նրա ոտքերի տակ և Նրան գլուխ դրեց եկեղեցուն՝ բոլոր բաների վրա, որն է Նրա մարմինը, այն լրումը, որ ամենն ամենի մեջ լրացնում է»  (Եփես. 1.20-23):

Մեր Տերն ուզում է, որ յուրաքանչյուր մարդ ժամանակի գիտություն ունենա: Յուրաքանչյուր ծառայող, երբ Տիրոջից իր ապագա ծառայության համար հանձնարարություն է ստանում, պետք է նվիրումով շարունակի անել այն, ինչ անում է տվյալ պահին, բայց և ժամանակ տրամադրի՝ պատրաստվելու և իրականացնելու այն հանձնարարությունը, որը Սուրբ Հոգուց ստացել է իր ապագա կոչման մեջ մտնելու համար: Իր ժամանակին Սուրբ Հոգին հնարավորություն կստեղծի, որպեսզի նա թողնի հին ծառայությունն ու ամբողջությամբ մտնի նորի մեջ, որի համար հավատարմորեն ու ազնվորեն պատրաստվել է:

Աղոթքիս ընթացքում Տերն առաջարկում էր ունենալ ճիշտ առաջնահերթություններ, կտրել  հնի հետ կապող պարանը, քանդել կապանքները, կոտրել շղթաները, հակառակ կանգնել այն ամենին, ինչը տանում է ետ՝ դեպի հին տարածքներ, հին սովորույթներ… Տիրոջը սիրողը պետք է պատրաստ լինի նորի համար զոհաբերություններ կատարելուն, գին վճարելուն: Նորը որքան էլ վախեցնող և անորոշ թվա, միևնույնն է, եթե ՏԵՐՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ, պետք է տեղափոխվել: Հնի մեջ մնալն ապահովություն չէ, քանի որ հինը, վաղ թե ուշ, կվերածվի ճահճի ու կսպանի:

«Հանգիստ էր Մովաբն իր մանկությունից ի վեր և հանդարտ մնացել էր իր մրուրի վրա: Նա չթափվեց ամանից աման և գերության չգնաց, դրա համար նրա համը մնաց իրենում, և հոտը չփոխվեց: Ուրեմն, ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ Ես նրա համար փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան ու նրա ամանները կդատարկեն ու նրա տիկերը կպատառոտեն: Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավինած Բեթելից» (Երեմ. 48.11-13):

«Ծառայե՛ք ամբողջ ուժով»: Ի՞նչ նկատի ուներ Սուրբ Հոգին: Տիրոջը ծառայողները երբեմն խաբվում են՝ կարծելով, թե իրենց ամբողջ ուժով ու եռանդով ծառայում են մեծերի Մեծին: Նրանք մտածում են, թե ինչ որ ունեն, տալիս են Տիրոջը: Մինչղեռ իրենք իսկ չգիտեն, թե ինչ ունեն: Խորությամբ չեն ընկալում այն մեծ պոտենցիալը, ներուժը, որ կա իրենց ներսում: Չգիտեն իրենց հնարավորությունների սահմանը: Դեռ չեմ խոսում Սուրբ Հոգու ամենակարող զորության մասին, որ աստվածապաշտ մարդու ներսում է, սակայն չի գործում ամբողջ զորությամբ:

Ինչո՞ւ մարդը չի գիտակցում իր մեջ դրված ներուժի, հնարավորությունների սահմանները, ինչո՞ւ թույլ չի տալիս, որ Սուրբ Հոգին Իր ամբողջ զորությամբ գործի իր միջոցով: Մարդկային ներուժը երբեք չպետք է շփոթել Սուրբ Հոգու ամենակարող զորության հետ: Դրանք տարբեր հասկացություններ են:

Մարդու ներուժը զարգանում է գործողության մեջ: Դա նրա ներքին կարողությունն է: Կա մի իմաստուն ժողովրդական խոսք. «Տաշած քարը գետնին չի մնա»: Այս խոսքը գործում է բոլոր ժամանակներում և իրավիճակներում: Այն մարդը, ով անդադար տաշում ու զարգացնում  է իր ունակությունները, տաղանդները՝  միաժամանակ աշխատելով իր բնավորության վրա, հասնում է հաջողությունների, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է և ինչպիսի ընտանիքում է ծնվել: Յուրաքանչյուրը պետք է գտնի իր ուժեղ կողմերն ու զարգացնի դրանք՝  չմոռանալով  թույլ կողմերի մասին: Մարդը, եթե չշտկի, չզարգացնի իր թույլ կողմերը, կարող է անհաջողության մատնվել հենց դրա պատճառով: Աշխատասիրությունն ու հղկված բնավորությունն անհրաժեշտ գործոններ են հաջողության հասնելու համար:

Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե տաղանդների զարգացման համար անհրաժեշտ են բավականաչափ ֆինանսներ, մեծ հնարավորություններ, զարգացած երկիր… Այո՛, իհա՛րկե: Սակայն ամբողջ գաղտնիքն այն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն համապատասխան ֆինանսներ և հնարավորություններ, բայց ջանք չեն խնայում՝ իրենց ընդունակությունները զարգացնելու հենց այն պայմաններում, որտեղ գտնվում են,  անսպասելի հայտնվում են իրենց ներուժի զարգացման համար հնարավորություններ ստեղծող պայմաններում: Նրանք, պարզապես, իմաստուն են և աչալուրջ, այսինքն՝ ճիշտ պահին կատարում են ճիշտ գործողություններ:

Վերստին ծնունդ ստացած մարդը, ով Հիսուս Քրիստոսին  իր կյանքի Տեր ու միակ Փրկիչ է ընդունում, իր ներսում կարող է ունենալ նաև Սուրբ Հոգու ամենակարող զորությունը: Այդ զորությունն է Հիսուս Քրիստոսին հարություն տվել մեռելներից, և Նրա միջոցով են կատարվում հրաշքներն ու փոխվում մարդկանց կյանքերը: Ինչպես յուրաքանչյուր մարդ պետք է  զարգացնի իր ներսի կարողությունները, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է  զարգացնի, ազատ արձակի իր ներսում բնակվող Սուրբ Հոգու ամենակարող զորությունը: Ո՞վ է Սուրբ Հոգին: Նա Մխիթարիչ է, Ուսուցիչ. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ, և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի» (Հովհ. 14.26):  Սուրբ Հոգին է հրաշքներ գործողը և հոգևոր պարգևներ տվողը . «Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար: Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, և մյուսին՝ գիտության խոսք նույն Հոգու չափով: Ուրիշին՝ հավատք նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ նույն Հոգով, ուրիշին՝ զորությունների ներգործություններ,  ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների ընտրություն, ուրիշին՝ այլևայլ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություններ: Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է» (Ա Կորնթ. 12.7-11):

Մարդը շատ քիչ է օգտվում Սուրբ Հոգու ամենակարող զորությունից: Շատերն աշխատանքից տուն մտնելուն պես անմիջապես վերցնում են հեռուստացույցի վահանակն ու նստում բազմոցին կամ անցնում իրենց առօրյա հոգսերին: Նրանք հոգնած են, լարված, և փորձում են հոգնածությունը թոթափել՝ որևէ հաղորդում դիտելով կամ թեկուզ կողքից հեռուստացույցի ձայնը լսելով: Նրանք անգիտակցաբար «ընկերություն են անում» հեռուստացույցի հետ: Մեկը մյուսի ետևից դիտում են հեռուստահաղորդումները, սերիալները, ու չեն պատկերացնում, որ գողը՝ սատանան, օգտագործելով հեռուստացույցը, սոց. ցանցերը, անիմաստ ու երկարատև հեռախոսազրույցները, գողանում է իրենց ժամանակը և ուժը: Այդ ամենից  հետո այլևս ժամանակ կամ ցանկություն չի լինում Աստվածաշունչ կարդալու, որևէ քարոզ լսելու կամ աղոթելու: «Գողը գալիս է, որ գողանա, սպանի և կորցնի, Ես եկա, որ կյանք ունենան ու էլ ավելի ունենան» (Հովհ. 10.10):

Մարդիկ կարծում են, թե հեռուստացույցի առջև նստելով՝ թոթափում են իրենց հոգնածությունը, մինչդեռ Աստծո Խոսքը Իսրայելի ժողովրդի օրինակով մեզ ասում է. «Հիշիր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը…. , որ ճանապարհին քեզ դիմավորեց և քո ետևից եկող բոլոր տկարներին կոտորեց, երբ դու հոգնած և աշխատած էիր …., կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից, չմոռանաս» (Երկր. Օրին. 25.17-19):

Երբ քրիստոնյան իր անձը վարժեցնում է, որ հոգնած ու լարված պահերին Աստծուն փառաբանող և Նրա գործերը պատմող երաժշտություն կամ քարոզ լսի, ոչ միայն նրա հոգնածությունն է թոթափվում, այլև ներսի մարդն է կառուցվում: Ամեն ինչ կախված է վարժվելուց, մարզվելուց: Ոչինչ միանգամից չի ստացվում: Աստիճանաբար կարելի է հասնել արդյունքի:

Հովսափաթ թագավորը շնորհք էր գտել Տիրոջ առջև: Բայց ի՞նչ տեղի ունեցավ,  երբ նա ընկերացավ Իսրայելի Ոքոզիա թագավորի հետ, ով չարություն էր գործում Աստծո աչքերում. «Եվ նրա հետ ընկերացավ, որ նավեր շինեն Թարսիս գնալու համար…. Եվ Մարեսացի Դօդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հովսափաթի մասին և ասաց. «Որովհետև դու Ոքոզիայի հետ ընկերացար, Տերը քանդել է քո գործը»: Եվ նավերը կոտրատվեցին և չկարողացան Թարսիս գնալ» (Բ Մնաց. 20. 35-37): Նույնը տեղի է ունենում քրիստոնյայի կյանքում, երբ նա աշխարհի հետ է ընկերանում:

Ինչպես մարդու ֆիզիկական ուժն է զարգանում մարզվելուց՝ սկզբում 10 կգ քաշ է բարձրացնում, այնուհետև՝  50 կգ և այսպես շարունակ, այնպես էլ ներսի մարդն է զարգանում և թույլ տալիս, որ իր մեջ բնակվող Սուրբ Հոգին գործի Իր ամբողջ զորությամբ:

«Ծառայե՛ք Ինձ ամբողջ ուժով»,- ասում էր Սուրբ Հոգին: Ժամանակները չար են, շատերը կործանվում են: Աստվածապաշտ մարդիկ պետք է ընկերություն անեն Սուրբ Հոգու հետ, որպեսզի նրանց ուժը զարգանա, և մարդկանց փրկելու հնարավորություն ունենան:

Մարդու հոգևոր ուժը զարգանում է ոչ միայն Սուրբ Հոգով աղոթելու, Նրան լսելու և լսածը կատարելու, այլև Աստծո Խոսքը կարդալու, այդ խոսքի շուրջ մտորելու և կարդացածը պահելու ու կատարելու շնորհիվ: «Այս օրենքի Գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես բոլոր նրա մեջ գրվածի պես, որովհետև այդ ժամանակ ճանապարհներդ հաջող կլինեն, և այդ ժամանակ խելամուտ կլինես» (Հեսու 1.8):

Մարդը կյանքի տարբեր իրավիճակներում կարող է գտնել համապատասխան խոսք Աստվածաշնչից, որը շինություն կտա իր ներսի մարդուն և հաղթանակ կբերի տվյալ ոլորտում: Ինչ վերաբերում է Հոգու պտղին, Աստվածաշունչն ասում է. «Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք (բնագրում՝ հավատարմություն), հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատ. 5.22,23): Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում այս ամենը պիտի զարգացած լինի, քանի որ քրիստոնյայի բնավորությունը կերտվում է այս հիմքի վրա:

Երբ մարդու կյանքում գերակշռում է Աստծո Խոսքին և աղոթքին հատկացված ժամանակը, փոխվում են նրա բնավորությունն ու կյանքը, Սուրբ Հոգու ամենակարող զորությունն օր օրի ավելի ու ավելի շատ գործեր է անում, ավելի ու ավելի շատ կործանվող մարդկանց կյանքեր փոխում… Այս դեպքում կարող ենք ասել, որ ծառայում ենք ամբողջ ուժով:

Մարզվենք Տիրոջ մեջ, քանի որ առջևում ծանր գործեր են սպասում: Մեզ չպետք է վախեցնեն ծանր գործերը: Օլիմպիադային պատրաստվող ծանրորդը չի վախենում ծանրաձողի քաշից, որովհետև գիտի՝ այդ ծանրությունն է իրեն բացարձակ չեմպիոնի տիտղոս շնորհելու: Աստծուն ծառայող մարդու համար առավել ևս հեշտ է, քանի որ Տերը նրա հետ է: «Հավատարիմ է Նա, որ կանչեց ձեզ, որ կանի էլ» (Ա Թեսաղ. 5.24): Տերը հավատարիմ է. Նա, որ սկսեց, նաև կավարտի…

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00