Մի քանի ամիս առաջ` ապրիլի սկզբին, Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ. «Պատրաստվի՛ր, որպեսզի մայիսին լինես ԱՄՆ-ում»: Արագ պատրաստեցի փաստաթղթերս ու մտա դեսպանատուն: Հարցազրույցի օրը, երբ մտնում էի դեսպանատուն, մուտքի մոտ կանգնած ոստիկանը հարցրեց, թե ինչու եմ եկել: Ասացի. «Եկել եմ` ԱՄՆ մուտքի վիզան ստանամ»: Նա փորձեց ուղղել ինձ. «Հավանաբար, Դուք եկել եք հարցազրույցի»: Նրա ձայներանգի մեջ հարց կար` որքանո՞վ ես վստահ, որ դրական պատասխան կստանաս: Ես կցանկանայի պատասխանել. «Տերն է պատվիրել, որ մայիսին լինեմ ԱՄՆ-ում», բայց, պատկերացնելով, թե այդ ոստիկանը ինչպես կարձագանքեր ասածիս, պատասխանեցի. «Եկել եմ հարցազրույցի, որպեսզի մուտքի վիզան ստանամ»: Ինչո՞ւ էի այդքան հաստատակամ, որովհետև մինչ այդ, չորս տարի շարունակ, մի քանի անգամ խնդրել էի Տիրոջը ԱՄՆ գնալու համար, բայց յուրաքանչյուր անգամ արգելում էր՝ առաջարկելով ԱՄՆ-ի փոխարեն որևէ Եվրոպական երկիր գնալ` թե՛ հանգստանալու, թե՛ Իր հանձնարարությամբ ծառայություններ անցկացնելու: Արդեն որոշել էի, որ այլևս այդ հարցով չեմ դիմի Տիրոջը, քանի որ Նա է ժամանակների և իրավիճակների տերը. եթե նույնիսկ որոշել է, որ այլևս այդ երկիր չեմ գնա, նշանակում է՝ Նա է ճիշտը:
ԱՄՆ մուտքի թույլտվությունը ստացա և ծառայողական գրաֆիկս էի կարգավորում, որպեսզի բացակայությանս ժամանակ ամեն բան ճիշտ հունով ընթանար: Մտածում էի նաև ֆինանսի մասին, քանի որ մոտ ապագայում միայն աշխատավարձ ունեի ստանալու, որն, իհարկե, բավարար չէր ԱՄՆ-ում անցկացվելիք 45 օրվա համար: Շարունակվում էին գթություն ծառայության տարածքի վերանորոգման աշխատանքները: Այդ ժամանակ նորովի էինք կառուցում երկրորդ հարկի միջանցքը: Մտածում էի՝ արձակուրդից կվերադառնամ, հետո լույսերի հարցով կզբաղվեմ: Ի դեպ, այդ տարածքի վերանորոգման աշխատանքները դեռ չէին սկսվել, բայց արդեն համոզված էի, որ այդտեղ երեք մեծ ջահ է կախվելու: Ես շատ հստակ տեսնում էի այդ ջահերը, մտածում էի, որ դրանք արտասահմանյան որևէ երկրից կբերվեն, քանի որ Հայաստանում այդպիսի ջահեր չէի տեսել:
Մի օր քայլերս ակամայից տարան մի խանութ, որտեղ արտասովոր ջահեր են վաճառում: Իմ տեսիլքի ջահերը այդ խանութում էին: Ընդամենը երեք հատ էին: Հարցրի գինը: Վաճառողուհու ասած գումարը ինձ ստիպում էր անհապաղ դուրս գալ խանութից, բայց հավատքն այդ տեսիլքի նկատմամբ թելադրում էր չսասանվել: Վաճառողուհին, տեսնելով, որ կանգնել եմ հենց այդ ջահերի մոտ և բացարձակ ցանկություն չունեմ այլ ջահեր դիտելու, ասաց, որ 35 % զեղչ կանի ընդհանուր արժեքից, եթե երեքն էլ գնեմ: Արագ զանգեցի մեր ծառայության հաշվապահին` իմանալու, թե որքան գումար ունենք: Նրա ասած թվից պակասում էր 417.000 դրամ, որպեսզի կարողանայինք գնել երեք ջահերը զեղչված գնով: Հիշեցի, որ ունեմ 420.000 դրամ, որով պետք է ԱՄՆ-ի տոմսերը գնեի: Արագ այդ գումարից 417.000 դրամը մուտք արեցի գթության ծառայության հաշվեհամարին, և ողջ գումարը փոխանցեցինք խանութին: Մեկ օր հետո ջահերը կախված էին, սակայն ես այլևս գումար չունեի տոմս գնելու, իսկ մի քանի օրից մայիսն էր, ու, Տիրոջ կամքի համաձայն, մայիսիսն ես պետք է ԱՄՆ-ում լինեի: Որոշեցի պարտք վերցնել: Երեկոյան զանգահարեցի քրոջս և ընկերուհուս, ու պայմանավորվեցինք, որ վերադարձնելու պայմանով իրենցից գումար կվերցնեմ: Առավոտյան, երբ հեռախոսը վերցրի ձեռքս, որպեսզի ժամադրվեմ`պարտքով գումարը վերցնելու համար, տեսա, որ հաղորդագրություն եմ ստացել. «Գայանե՛ ջան, քեզ գումար եմ ուղարկել, այսօր կարող ես ստանալ հետևյալ կոդի համաձայն….»: Տերը վկա է, որ այդ մարդուն իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ տեսել, մենք երբևէ չենք հանդիպել, բայց ամենացնցողն ինձ համար այն էր, որ երբ հաղորդագրությունը կարդացի, Սուրբ Հոգին ասաց. «Դու ուխտ էիր արել Իմ առաջ, որ քո կյանքում երբեք պարտք չվերցնես»: Մարդկային միտքը և բառերն անկարող են վերարտադրել այն զգացումը, որն ապրեցի այդ պահին Տիրոջ հպումից ու Նրա հիշեցման խոսքերից: Այդքա¯ն ջենտելմեն, այդքա¯ն նուրբ, այդքա¯ն շահագրգռված, որ խոստումս պահեմ ու Իր պատվիրանը կարողանամ կատարել… Գումարը ստացա և առանց պարտքի գնեցի ԱՄՆ մեկնելու և վերադարձի տոմսերը: Մեկ շաբաթից պետք է լինեի Սակրամենտոյում, այնուհետև անցնեի մի քանի նահանգներով` մինչ Լոս Անջելես հասնելը: Մինչ սպասում էի ֆինանսական հրաշքի, ընկերներիցս մեկը` Համիկը, զանգեց ու ասաց, որ Տիրոջից մի սքանչելի խոսք է ստացել: Խոսքը վերաբերում էր Եսավին ու Հակոբին: «Եվ մանուկները մեծացան: Եվ Եսավը վարպետ որսորդ` դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը համեստ մարդ եղավ ու բնակվում էր վրաններում» (Ծննդ. 25. 27): Համիկն ասաց. «Գիտե՞ս, Եսավը ՎԱՐՊԵՏ էր իր գործի մեջ: Նա միշտ որս էր անում ու միս էր ուտում, բայց մի օր նա որս չունեցավ: Սոված, նվաղած հասավ տուն ու տեսավ, որ եղբայրը` Հակոբը, ապուր է պատրաստում: Նա, մտածելով, որ մեռնում է քաղցից, Հակոբին ասաց. «Խնդրեմ, թո՛ղ տուր այդ շիկաթանիցը ուտեմ, որովհետև թուլացել եմ» (Ծննդ. 25. 30): Հակոբը համաձայնեց Եսավին տալ թանապուրը նրա անդրանիկության փոխարեն. «….և նա երդվեց ու իր անդրանիկությունը ծախեց Հակոբին: Եվ Հակոբը Եսավին հաց ու ոսպի թան տվեց: Ու Եսավը կերավ ու խմեց…. և անարգեց անդրանիկությունը» (Ծննդ. 25. 33,34): Այդ խոսքի շուրջ մտքեր փոխանակեցինք, այնուհետև Համիկն ասաց. «Պատկերացրու, որ դու ՎԱՐՊԵՏ լինես Տիրոջ ձայնով առաջնորդվելու, Նրան միշտ հնազանդվելու մեջ, ու հանկարծ գա մի օր, երբ շատ նեղ պայմանների մեջ հայտնվես ու դուրս գաս Նրա Խոսքից, քո ՎԱՐՊԵՏ լինելու արտոնությունը վաճառես ինչ-որ աննշան բանի դիմաց»: Ես հասկացա, որ դա մարգարեական Խոսք է Տիրոջից, ու պետք է չափազանց զգոն լինեմ, որպեսզի Տիրոջ առջև արած ուխտերս պահեմ, իսկ տվյալ պահին` ճանապարհորդությանս հետ կապված որևէ պարտք չանեմ: Ու ես բարձրաձայն ասացի. «Տե՛ր, ես չեմ ուզում Եսավ դառնալ ու չեմ ուզում կորցնել այն ամենը, ինչ Քեզանով վաստակել եմ այսքան տարիների ընթացքում: Օգնի՛ր ինձ՝ մնամ Քեզ հավատարիմ»:
Մի քանի օր անց աշխատավարձս ստացա և որոշեցի, որ դրանից կառանձնացնեմ այն գումարը, որը գթություն ծառայության համար զոհաբերում եմ յուրաքանչյուր ամիս, իսկ տասանորդը՝ 10 % -ը, կտամ, երբ վերադառնամ, այսինքն` դա հաջորդ աշխատավարձից կվերցնեմ: Եվ աշխատավաձիցս առանձնացնելով միայն գթություն ծառայության համար որոշված գումարը՝ մնացածը մեկնեցի դրամի փոխանակման բաժնի աշխատակցին ու ասացի, որ փոխանակի դոլարով: Հենց այդ պահին Սուրբ Հոգին շատ մեղմ ասաց. «10 %-ը առանձնացրո՛ւ» : Ես արագ պատասխանեցի. «Առանց այդ էլ ծախսերի համար գումար չունեմ, խոստանում եմ, երբ վերադառնամ, անպայման կվճարեմ»: Հետո սրտնեղված ասացի. «Տե՛ր, Դու գիտես, որ ես միշտ վճարել եմ իմ բոլոր տասանորդները»: Հաջորդ օրը օդանավակայան գնալու ճանապարհին Սուրբ Հոգին ասաց. «Դու չես վճարել տասանորդդ»: Նրա ձայներանգի մեջ խստություն կար: Ես սարսափեցի ու արագ բացեցի դրամապանակս և, առանձնացնելով տասանորդը, տվեցի ինձ ուղեկցող Արմանին ու խնդրեցի, որ անպայման տանի եկեղեցի: Իհարկե, Արմանը չհասկացավ իմ արածի իմաստը, բայց ես, դրամապանակումս ունենալով ընդամենը 45 դոլար, ընկղմվել էի աստվածային խաղաղության մեջ:
ԱՄՆ-ում մնալու էի 45 օր և անձնական ծախսերի համար ունեի 45 դոլար: Իհարկե, գիտեի՝ այդ օրերի ընթացքում որտեղ եմ ապրելու, բայց ապրելուց ու ամենօրյա հացն ունենալուց զատ այնքան ծրագրեր ունեի, որոնց իրականացման համար այնքա¯ն շատ գումար էր անհրաժեշտ: Նշեմ նաև, որ երբ վերջին օրը ճամպրուկներս էի դասավորում, Սուրբ Հոգին ասաց, որ վերցնեմ իմ քարոզներից մեկը՝ «Սեր, որը հաղթանակ է պարգևում»: Այդ քարոզը Տիրոջից ստացել էի Բելգիայում ու հասցրել էի քարոզել Եվրոպայի մի քանի եկեղեցիներում, քանի որ քարոզին զուգահեռ Տերն ասել էր՝ուր էլ գնամ, դա քարոզեմ: Ես թղթի վրա տպագրված քարոզս վերցրի ու ասացի. «Տե՛ր, ես գիտեմ, որ միայն Սակրամենտոյում ունեմ ծառայություն և հանդիպումներ, ու գիտեմ, որ պետք է լինեմ մի քանի նահանգներում, բայց նախապես ասում եմ, որ ոչ մի տեղ ոչ ոքի չեմ ասելու, որ Դու ինձ քարոզելու Խոսք ես տվել. Դո՛ւ ճանապարհ բաց ինձ համար»:
Շատ առիթներ եղան Խոսքը խոսելու, քարոզելու, յուրաքանչյուր անգամ հարցնում էի. «Տե՛ր, այստե՞ղ եմ խոսելու հաղթանակ պարգևող սիրո մասին»: Տերն այդ մարդկանց համար այլ Խոսք էր տալիս, և մի օր, երբ արդեն Լոս Անջելեսում էի ու գիշերվա 12-ին տուն մտա, (վերադարձել էի մեկ այլ ծառայությունից), հեռախոսիս մեջ մի գրություն նկատեցի, որտեղ ասվում էր, որ ինձ հրավիրում են կիրակնօրյա ծառայություն անցկացնելու: Մինչ կարդում էի գրվածը, Սուրբ Հոգին ասաց. «Այդտեղ կքարոզես այն, ինչի մասին արդեն քեզ հետ խոսել եմ` հաղթանակ պարգևող սիրո մասին»: Գրությունը Լոս Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Ռուբենից էր: Ծառայությունն անցավ այդ եկեղեցում, այն ավելի շատ զրույցի էր նման, քան քարոզի: Վերջում, երբ բարձրախոսը տվեցի հովվին, որպեսզի եզրափակի ծառայությունը, նա բարձրախոսը նորից մեկնեց ինձ ու ասաց. «Գայանե՛, եկեղեցու ժողովրդին ասա, որ ես քեզ ոչինչ չեմ ասել մեր եկեղեցում տիրող իրավիճակի մասին»: Իհարկե, նա ինձ ոչինչ չէր ասել, առավել ևս, որ մենք երբևէ մտերիմ չէինք եղել միմյանց հետ ու երես առ երես շատ քիչ էինք հանդիպել: Փա¯ռք մեր Աստծուն, որ Նա է սրտեր քննողը, իրավիճակներին հետևողը և ճիշտ ժամանակին Իր բժշկարար Խոսքն ուղարկողը:
ԱՄՆ-ում գտնված ժամանակահատվածում ոչ միայն իրականացրի նախապես մշակված ծրագիրս, այլև օրհնությունների անխափան հեղեղ ստացա: Եվ դա շնորհիվ տիեզերքն ափերի մեջ պահող Աստծո և Նրա կամքը կատարող այն մարդկանց, ում Աստված այդ ժամանակահատվածում հանդիպեցրեց ինձ: Չեմ կարող երախտագիտությունս չհայտնել եղբորս՝ Բաբկենին ու նրա կնոջը` Էլիզին, նրանց երեխաներին, քրոջս` Ռիփսիկին, ովքեր իրենց անսպառ սիրով և առատաձեռնությամբ հնարավորություն ստեղծեցին անպատմելի, հեքիաթային ժամանակ անցկացնելու Կալիֆոռնիայի, Արիզոնայի և Նևադայի նահանգներում: Խորին շնորհակալություն «Սակրամենտոյի կանանց միության» նախագահ Դոնարային և այդ միության անդամ հանդիսացող կանանց, որոնց դերը անպատմելի մեծ է թե՛ իմ անձնական, թե՛ ծառայողական կյանքում: Խորին շնորհակալություն հովիվ Ռուբենին ու նրա կնոջը` Օվսաննային, գթություն ծառայության ղեկավար Իննային, Ադրինեին, սքանչելի ու զարմանահրաշ Արմինեին, ովքեր, խոնարհվելով Աստծուն, բարիք են սփռում մարդկանց կյանքում: Անպատմելի շնորհակալ եմ Մարգարիտին ու նրա աղջկան` շնորհալի Դիանային, ովքեր իրենց տանը մնացած բոլոր օրերիս ընթացքում ջանք չէին խնայում գեղեցիկից գեղեցիկը ստեղծելու իմ կյանքում: Համապատասխան բառեր չեմ գտնում արտահայտելու այն, ինչ Նազարեթն ու նրա կինը` Լուսինեն, արեցին՝ ոչ միայն իրենց հնարավորության սահմաններում, այլև հնարավորությունից էլ դուրս, խորին շնորհակալություններ ու անսպառ օրհնություններ նրանց: Անպատմելի շնորհակալ եմ Արսենին ու Հասմիկին, ովքեր կարողացան իրենց բազմազբաղ կյանքից պոկել որոշակի ժամանակահատված ու սքանչելի օրեր պարգևել ինձ: Շնորհակալություններ Ազային, ում հետ վայելք էր իմ յուրաքանչյուր րոպեն, նա ոչ միայն հրաշալի ընկեր է աստվածաշնչյան հայտնություններով կիսվելու, այլև մեծ ինտելեկտի, լայն մտահորիզոնի ու փայլուն ճաշակի տեր անձնավորություն է:
Խորին ու խորին շնորհակալություններ բոլոր նրանց, ովքեր գաղտնի կամ բացահայտ օրհնեցին ինձ զարմանահրաշ նվերներով ու ֆինանսով: Փա¯ռք իմ Տիրոջը, ով Իր հավատարմությամբ լիացրեց այդ 45 օրերը, որոնք նախատեսված էին ծառայությանս ու արձակուրդիս համար: Ես դուրս եկա Հայաստանից 45 դոլարով և ֆինանս պահանջող մեծ ծրագրերով, սակայն այդ օտար հողում օրհնվեցի 2700 դոլարով՝ չհաշված տարբեր նահանգներում անցկացրած օրերիս հյուրանոցային վճարումները, էքսկուրսիաները, ամենօրյա սնունդը: Երջանկությունն այն էր, որ հիմնականում ինձ օրհնում էին գաղտնի. տուն գնալիս պայուսակիս մեջ էի հայտնաբերում այդ ծրարները, որոնց վրա գրված էր` միայն քեզ համար: Իսկ ովքեր բացահայտ էին օրհնում, տեսնում էի, որ նրանցից ոչ ոք մեծահարուստ չէր, նույնիսկ նրանց մեջ կային մարդիկ, որ մտածում էի` ես պետք է նրանց օգնեմ: Ես հասկանում էի, որ Տերը սրանով Իր փառքն էր ցույց տալիս: Երախտապարտ եմ Աստծուն, որ հնարավորություն ունեցա այդ գումարով ոչ միայն իմ անձնական կարիքները հոգալու, այլև նվերներ գնելու հարազատներիս ու ընկերներիս համար:
ԵՎ ԱՄԵՆԱՑՆՑՈՂԸ, ՈՐ ՏԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵՑ ՈՒ ՀԻԱՑՐԵՑ ԻՆՁ…
Գթություն ծառայությունում բոլորն էլ ծառայում են անշահախնդիր, բայց կային մոտավորապես 25 ծառայողներ, որոնք իրենց անձնվիրությամբ հիացրել էին ինձ, ու ես շատ էի ցանկանում նրանց համար ևս նվերներ գնել, բայց հնարավորություն չունեցա: Երբ վերադարձա, քույրս ասաց, որ իմ ծանոթներից մեկը նվերներ է ուղարկել գթություն ծառայության կամավորների համար, կարող եմ տալ ում ցանկանամ: Ապշած էի ու հիացած: Դրանք այնքան շատ էին` տուփերով ու տոպրակներով: Կոշիկի տուփերի ու զգեստների պիտակների վրա գրված էին հայտնի բրենդների անուններ՝ VALENTINO, GUCCI, DIOR… Նվերներն ուղարկողին ճանաչում եմ շուրջ 25 տարի, նա գթություն ծառայության համար երբևէ ֆինանսական զոհաբերություն չի կատարել, թեպետ հնարավորություններ ունեցել է` թեկուզ հենց մեծահարուստ լինելու պատճառով: Կարծում եմ՝ Տերն այս անգամ նրան էր ընդգրկել, որպեսզի ԻՐ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐԸ վայելեինք: Այդ տուփերն ու տոպրակները հանձնեցի գթություն ծառայության հաշվապահին ու ասացի, որ կանչի այդ 25 ծառայողներին… Նվերների մեջ հատկապես երեք ապրանք կար, որ ինձ շատ էր դուր եկել՝ VALENTINO-ի աշնանային կոշիկները և DIOR-ի երկու զգեստները: Հաջորդ օրը, երբ զրուցում էի հաշվապահի հետ, հարցրի, թե ովքեր վերցրին այդ կոշիկներն ու զգեստները: Նա պատասխանեց. «Կոշիկները վերցրել է գրասենյակը մաքրող Վ-ն, իսկ զգեստները` խոհանոցում ծառայող Լ-ն ու Ն-ն»: Նրանց անունները հասկանալի պատճառով չեմ գրում, բայց հիանում եմ մեր Աստծով, որ հագցնում է ԻՐԵՆ ծառայողներին, առավել ևս, որ այդ երեքն էլ լքված են եղել իրենց ամուսիններից ու միայնակ են մեծացրել իրենց երեխաներին:
Նշեմ, որ այս 28 տարվա մեջ առաջին անգամ էր, որ կամավորականների թիմն այսպես օրհնվում էր, քանի որ մարդիկ օգնություն են ուղարկում միայն սոցիալապես անապահով մարդկանց համար:
«Եվ նրանք Իմը կլինեն,- ասում է Զորաց Տերը,- այն օրը, որ Ես կանեմ, Իմ սեփականությունը. և Ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդուն կխնայի, որ ծառայում է իրեն: Եվ դուք ետ կդառնաք ու կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի ու չանողի տարբերությունը» (Մաղաք. 3.17,18): Տերը դա ցույց է տալիս այստեղ` երկրի վրա, ու դա առավել ցնցող ձևով ցույց կտա հավիտենական կյանքում: