«Ցանկանում եք և չունեք…. որովհետև չեք խնդրում: Խնդրում եք և չեք առնում, որովհետև չար ձևով եք խնդրում, որ ձեր ցանկություններում վատնեք» (Հակոբ. 4.2,3): Երկարատև ժամանակ չէի կարողանում հասկանալ այս խոսքերի իմաստը. ի՞նչ է նշանակում «չար ձևով եք խնդրում»: Փա´ռք Աստծուն, եկավ մի պահ, երբ ինձ համար էլ անսպասելի հասկացա այս խոսքերի իմաստը և ուզում եմ անդրադառնալ դրան՝համոզված լինելով, որ դա շատերին օգտակար կլինի:
Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ինձ համար լուրջ խնդիր էր ավտոմեքենայի ազատ կայանատեղի գտնելը: Հիմնականում մեքենաս կանգնեցնում էի ինձ անհրաժեշտ վայրից 200-300 մ հեռավորության վրա: Քույրս երբեմն կատակում էր. «Կարող ես տաքսի պատվիրել, որպեսզի ավտոկանգառից քո ուզած տեղը հասնես»: Մինչդեռ, իմ օգնականներից մեկը` Գեղեցիկը, ցանկացած պահի ցանկացած վայրում ամենահարմար կայանատեղին էր գտնում իր մեքենայի համար:
Վերջերս ծառայողական թիմով Սարյան փողոցում գտնվող մի սրճարանում պետք է հանդիպեինք: Գեղեցիկն ամենաշուտն էր հասել, ես` ամենաուշը, դա դեռ ոչինչ, զավեշտալին այն էր, որ Գեղեցիկը հենց սրճարանի մոտ շատ հարմար կայանատեղ էր գտել, իսկ ես, երկու մեծ պտույտներ անելով ողջ Սարյան փողոցով, ի վերջո մեքենաս կանգնեցրել էի Օպերայի մոտ ու ոտքով հասել սրճարան: Կարծում եմ՝ պատկերացրիք, թե որքան երկար ճանապարհ էի անցել ոտքով: Կարելի է ասել՝ես հաշտվել էի այդ մտքի հետ` ինձ մխիթարելով, որ միայն ես չեմ, որ դժվարանում եմ ավտոկայանատեղի գտնելու հարցում, դեռ պետք է շնորհակալ լինեմ, որ մեքենա ունեմ…
Այդ դեպքից մեկ շաբաթ անց գործնական հանդիպում ունեի Ամիրյան փողոցում գտնվող մի գրասենյակում: Իմանալով այդ փողոցի մշտապես ծանրաբեռնված լինելը` աղոթեցի. «Տե´ր, Դու արդար Աստված ես ու սիրում ես Քո բոլոր զավակներին, իսկ Քեզ ծառայողներին առավել շնորհք ես տալիս: Աղաչում եմ Քեզ, ինչպես Գեղեցիկին ես մշտապես օրհնում՝ հաջողություն տալով մեքենայի համար հարմար կայանատեղի գտնելու, ինձ էլ օրհնիր, այնպես արա, որ ես էլ հնարավորություն ունենամ Ամիրյան փողոցի վրա՝ այդ գրասենյակին շատ մոտ, մեքենաս կանգնեցնելու»: Աղոթեցի և վստահ մտա Ամիրյան փողոց: Հենց իմ ուզած վայրում ընդամենը մեկ մեքենայի համար ազատ տեղ կար: Շնորհակալություն հայտնելով Տիրոջը` մեքենաս կանգնեցրի այնտեղ և շտապեցի հանդիպման: Այդ օրը հասկացա՝ ինչ է նշանակում «չունեք, որովհետև չեք խնդրում կամ չար ձևով եք խնդրում…»: Ես անմիջապես ստացա աղոթքիս պատասխանը, որովհետև հասկացա, որ չպետք է բավարարվեմ միայն նրանով, որ մեքենա ունեմ, ու ինձ չպետք է համեմատեմ մեքենա չունեցողների հետ, այլ պիտի գոհանամ ունեցածովս և առաջ անցնեմ խնդրվածքներիս մեջ: Եվ երբ կայանատեղիի համար խնդրում էի Տիրոջը, իմ ներսում ամենևին նախանձ կամ չարություն չկար Գեղեցիկի նկատմամբ, այն է` ինչո՞ւ պիտի նրա բախտը միշտ բերի, ինչո՞ւ պիտի նա առանց դժվարության կայանատեղի գտնի, իսկ ես միշտ հայտնվեմ դժվարությունների մեջ: Այն Աստվածը, Ով հնարավորություն է ստեղծել, որ մեքենա ունենամ, հնարավորություն էլ կստեղծի, որ հարմար կայանատեղի գտնեմ ցանկացած տարածքում` որքան էլ տվյալ փողոցը ծանրաբեռնված լինի այլ մեքենաներով:
Մեկ-երկու օր անց հանդիպեցի մեր եկեղեցուց մի կնոջ` Նվարդին, ով ժպտալով մոտեցավ ինձ ու ասաց, որ ցանկանում է խոսել ինձ հետ: Ես այդ կնոջը վաղուց գիտեի, նրա ամուսինը զոհվել էր Արցախում, ու նա միայնակ մեծացրել էր երկու տղաներին: Նվարդը տարիներ շարունակ բնակարանային խնդիր ուներ ու շատ դռներ էր թակել: Սկզբում նա համաձայն էր ունենալու բնակարան ցանկացած վայրում, բայց հետո հանգել էր այն մտքին, որ իր բնակարանը պետք է լինի նորակառույց շենքում, և համառորեն հավատում ու սպասում էր դրան: Նա հիշեցրեց, որ իմ քարոզներից մեկի ժամանակ, երբ խոսել եմ Հիսուս Փրկչի խաչի զորության մասին, ասել եմ, որ այդ խաչի զորությամբ մենք կարող ենք ունենալ այն բոլոր բարիքները, ինչ Տերը նախասահմանել է մեզ համար: Այնուհետև իմ կյանքից վկայել եմ, որ Տերը պատասխանել է խնդրանքիս ու ինձ բնակարան է շնորհել: Նվարդը հավատքով է լցվել այդ քարոզը լսելիս ու Տիրոջից բնակարան է խնդրել նորակառույց շենքում` ասելով, որ Տերը, եթե ինձ տվել է, իրեն էլ կտա: Երբ նա պատմում էր այդ մասին, ես ավելացրի. «Գիտե՞ս, դու քո ուզած բնակարանը ստացել ես, որովհետև ոչ միայն հավատացել ես Տիրոջ խաչի զորությանը, այլև բարի ձևով ես խնդրել, ուղղակի հայտնություն ես ստացել, որ այն Տերը, Ով կարող է բնակարան տալ Իր զավակներից մեկին, տվյալ դեպքում՝ Գայանեին, կարող է բնակարան շնորհել նաև քեզ»: Նվարդը համաձայնեց ինձ հետ և հրավիրեց իր տուն, որն արդեն կահավորված էր հավուր պատշաճի:
Հայր Աստված պատրաստ է երջանկացնելու Իր զավակներին, միայն թե մեր աղոթքները պետք է լինեն առանց վատ մտադրության, մաքուր սրտից ու Նրա կամքի համաձայն. «Աստծո կամքն է` բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12.2): Եվ ամենակարևորը, մեր ունեցվածքը պետք է փառավորի մեր Տիրոջը: Ուստի, խնդրենք, որպեսզի ունենանք, և բարի սրտով խնդրենք: