Սեպտեմբեր 12, 2018 Warrior

ՉԱՐԻՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԲԱՐԻՔ, ԵԹԵ …

«Վերջին ժամանակներում մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ…. բանսարկու, դաժան…. որ աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացել են. նրանցից ե´տ քաշվիր» (Բ Տիմոթ. 3.1-5):

 

Ողջ մարդկային պատմության ընթացքում չարությունը, անարդարությունը, զրպարտանքը, ագահությունը և նմանօրինակ արատավոր երևույթները մշտապես եղել են երկրի վրա: Աստծո Խոսքն ասում է, որ վերջին ժամանակներում դրանք ավելի կշատանան: Տերը զգուշացնում է այդ մասին և միաժամանակ ցույց է տալիս ելքը. «Սիրե´ք ձեր թշնամիներին, բարի´ արեք ձեզ ատողներին, օրհնե´ք ձեզ անիծողներին ….» (Ղուկ. 6.27,28):

 

Ցավն այն է, որ ոչ բոլոր մարդիկ են հավատում այս խոսքերին, կամ՝ հավատում են, բայց չեն կարողանում կատարել: Մինչդեռ, եթե հավատային ու գործեին Խոսքի համաձայն, ապա կտեսնեին Աստծո սերը. «Ինչ որ աչք չտեսավ, ականջ չլսեց ու մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված Իրեն սիրողների համար» (Ա Կորնթ. 2.9):

 

Վերջերս մի անձնավորություն մի խումբ մարդկանց ներկայությամբ զրպարտել էր ինձ: Գիտեի, որ նա շարունակ չարախոսում է բոլորին, ուղղակի այս անգամ նրա զրպարտանքն իմ հասցեին չափ ու սահման չէր ճանաչում: Ծառայությունից տուն վերադարձա ու անցա առօրյա գործերիս: Մտքիցս դուրս չէին գալիս նրա արտահայտությունները: Ես աղաղակում էի Տիրոջը. «Տե´ր Աստված, մինչև ե՞րբ ես համբերելու, ինչո՞ւ չես սաստում նրան… Դու ասել ես՝ սիրե´ք ձեր թշնամիներին, բարի´ արեք ձեզ ատողներին, օրհնե´ք ձեզ անիծողներին… Գիտես, որ կատարել եմ այդ բոլորը: Ինչո՞ւ իրավիճակը չի փոխվում, ինչո՞ւ նրա հետ չես խոսում»:

 

Տեսնելով, որ Տերը լռում է՝ ասացի. «Դե լավ, Տե´ր Աստված, ուրեմն խնդիրն իմ մեջ է. գործս վերջացնեմ՝ կգամ Քո առջև, որպեսզի իմանամ, թե ինչ եմ արել, որ զրպարտանքները գնալով սաստկանում են»: 

 

Սկսեցի ավելի արագ մաքրել բնակարանս, որպեսզի հնարավորինս շուտ առանձնանայի աղոթքասենյակում: Բայց նույն պահին Սուրբ Հոգին խոսեց և առաջնորդեց, որ զանգահարեմ մեր եկեղեցու շինարարական աշխատանքների ղեկավարին, իմանամ խոհանոցի տանիքի հետ կապված ծախսերը և սկսեմ դրա կառուցումը: Ես ապշած էի: Խոսքը վերաբերում էր Սոցիալական ծառայության խոհանոցի տանիքին, որը քանդվել էր: Վերջին ամիսների առատ անձրևների պատճառով թե´ խոհանոցը, թե´ ճաշարանը ողողվել էին ջրով, և այլևս հնարավոր չէր այնտեղ կերակրել երեխաներին: Մի պահ մտածեցի՝ խոհանոցի տանիքն ի՞նչ կապ ունի իմ հասցեին արված զրպարտանքների հետ: Սակայն Տիրոջ առաջարկն այնքան հստակ էր, որ այլևս անիմաստ էր առանձնանալ աղոթքասենյակում ու Նրանից պատասխան սպասել ինձ հուզող հարցի վերաբերյալ: Տանիքը կառուցելու առաջարկն ինձ համար անհասկանալի էր նաև այլ պատճառով. ես գիտեի, որ այն կառուցվելու էր մեկ այլ անձնավորության կողմից, ում հետ երկու օր առաջ էի խոսել: Նա խոստացել էր հոգալ բոլոր ծախսերը: Նույնիսկ շատ էի ուրախացել, որ նա էր զբաղվելու այդ գործով, որովհետև այդ ընթացքում կգնայի արձակուրդ, իսկ հետո կվերադառնայի և կշարունակեի գրասենյակի վերանորոգման մյուս աշխատանքները:

 

Ինչևէ, քաջատեղյակ լինելով Սոցիալական ծառայության բյուջեին՝ համոզված էի, որ համապատասխան գումար չկար այդ հսկայական գործն անելու համար, բայց, քանի որ Սուրբ Հոգին էր ասել, առավոտյան զանգահարեցի մեր շինարարության ղեկավարին և խնդրեցի՝  մասնագետների օգնությամբ հաշվել, թե որքան գումար է անհրաժեշտ Սոցիալական ծառայության խոհանոցի տանիքի կառուցման համար:

 

Նա, միանգամից hիշեցնելով այն մարդու մասին, ով  խոստացել էր գումար տրամադրել տանիքի համար, ասաց. «Մի´ անհանգստացիր, մենք արդեն ամեն ինչ հաշվարկել ենք, մնում է միայն 20 հատ ծածկ գնել և վերանորոգել տանիքի վնասված հատվածները»: 

 

Հասկացա, որ թյուրիմացություն է եղել: Խնդիրն այն էր, որ տանիքը ոչ թե պետք է մասնակի վերանորոգվեր, այլ ամբողջությամբ քանդվեր և նորը կառուցվեր: Իսկ դրա համար մի քանի անգամ ավելի մեծ գումար էր հարկավոր, որը, անշուշտ, նրանք չէին նախատեսել: Ուստի ասացի. «Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանցից, ովքեր մեր ծառայությանն աջակցում են, բայց խնդրում եմ, որ նորից հաշվեք: Մի´ մտահոգվեք, ամբողջ գումարն արդեն կա»: Ես համարձակորեն ասացի այդ խոսքերը, քանի որ վստահում էի Տիրոջը. եթե Տերն ինձ արգելել էր անդրադառնալ զրպարտանքներին ու դրա փոխարեն ուղղորդել էր տանիքի ծածկը փոխելու, ուրեմն գումար էլ կտար:

 

Մենք միասին գնացինք շինանյութի խանութ: Միայն ես գիտեի, որ Սոցիալական ծառայության բյուջեում չկար համապատասխան գումար, բայց տանիքի կառուցման համար ծածկ ընտրելու հարցում չէի նայում գներին, համոզված էի, որ Տերը լավագույն ծածկի համար գումարն արդեն տվել է, մնում է ճիշտ ընտրություն կատարել:

 

Այսպիսով, տանիքի կառուցման ծախսը կազմեց 2.366.700 դրամ: Մինչ գրասենյակ հասնելը զանգահարեցի հաշվապահին ու խնդրեցի ճշտել, թե ծառայության հաշվեհամարին որքան գումար կար: Քիչ անց նրանից հաղորդագրություն ստացա՝ 2.400.000 դրամ: Մի պահ ինձ թվաց, թե սխալմունք է, քանի որ նախկինում մեր հաշվեհամարին երբեք այդքան գումար չէր եղել: Ծառայությունում իրավիճակն այնպիսին է, որ ինչքան էլ գումար լինի, անմիջապես ծախսվում է: Ուստի հնարավոր չէր այդ պահին այդքան գումար ունենալ: Հասնելով գրասենյակ՝ շտապեցի ևս մեկ անգամ իմ աչքերով տեսնել հաշիվը և համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է: Իրոք, այդ գումարը կար, և ամենացնցողն այն էր, որ դա ուղարկել էր բոլորովին այլ անձնավորություն, ում չէինք ճանաչում: Ինչպես հետո իմացանք, նա աստվածապաշտ մարդ էր և մեծ ցանկություն էր ունեցել գումար նվիրաբերելու հատուկ մեր ծառայությանը: Նա մեր եկեղեցուց, առավել ևս սոցիալական ծառայությունից, ոչ ոքի երբևէ չէր ճանաչել, պարզապես լսել էր Սոցիալական ծառայության արված գործերի մասին ու գտել էր մեկին, ով կարողացել էր մեր հաշվեհամարը փոխանցել իրեն:

 

Սոցիալական ծառայության խոհանոցի և ճաշարանի տանիքը կառուցվեց ամբողջությամբ: Այն կառուցվեց տասն օրվա ընթացքում:

 

Ես շատ եմ մտածել իմ կյանքի ընթացքի, անսպասելի գլխիս թափված հաջողությունների մասին: Շատ եմ մտածել, թե ում օգնությամբ եմ բարձրացել հաջողության աստիճաններով… Հասկացել եմ, որ իմ կյանքում պարտական եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են ինձ՝ փառավորելու Աստծո անունը, նույնչափ պարտական եմ նաև նրանց, ովքեր փակում են իմ ճանապարհը, խանգարում ինձ, զրպարտում… Եթե չլինեին իմ առջև արհեստական խոչընդոտներ ստեղծողները, ես Տիրոջ հետ այդքան մտերիմ չէի լինի, իմ դատը Նրան չէի հանձնի, երբեք Նրան չէի հուսա: Դժվարություններն ավելի են ամրապնդում ոտքերդ Հիսուս Ժայռի վրա, օգնում տեսնելու Տիրոջ հավատարմությունը և միշտ երկրպագելու ՆՐԱՆ:

 

Չարիքը կարող է դառնալ բարիք, եթե հավատում և հնազանդվում ես Աստծուն:

 

Սատանան կարծում էր, թե Հիսուսին խաչելով`կոչնչացնի Աստծո կամքը, տեսիլքն ու երազանքը մարդկության համար: Այդ պատճառով տարիներ շարունակ  հետևում էր Փրկչի ծնունդին, Նրա զարգացմանը, գործունեությանը… Նա քայլ առ քայլ Հիսուսին  տարավ դեպի խաչը`չիմանալով, որ այդ խաչը ոչ թե Հիսուս Փրկչի մահն էր, այլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՄՔԻ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ ՈՒ ԵՐԿՆՔՈՒՄ: 

 

Այս կյանքում կարևորագույնը`Աստծո Խոսքով ապրելն է, Երկրի վրա Աստծո թագավորությունն իջեցնելը և Նրա անունը փառավորելը:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00