Սեպտեմբեր 9, 2022 Warrior

ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Թեման վերնագրելով «Ճանաչել Աստծուն»` ամենևին համարձակություն չեմ ընձեռել ինձ՝ ներկայացնել տերերի Տիրոջը, Ալֆային և Օմեգային Իր ողջ վեհափառությամբ, էությամբ, զորությամբ և այն ամենով, որ է։ Ցանկությունս է՝ ձգտել ճանաչել Նրան այնքանով, որքանով Նա թույլ կտա։ Անպայման ձգտել ու ջանք անել, քանի որ Տիրոջ ցանկությունն է` Իրեն հայտնել Իր պատկերով ու նմանությամբ ստեղծվածներին: Նրա կամքը մարդու համար «բարին է, հաճելին ու կատարյալը» (Հռոմ․ 12.2)։ Այդ ամենի իրականացումը մարդու կյանքում կախված է նրանից, թե նա որքանով է ճանաչում Աստծուն։

Աշակերտներն օրեր ու ամիսներ շարունակ Հիսուս Քրիստոսի հետ էին։ Նրանք բազում հրաշքներ էին տեսել, ուսմունքներ լսել, սակայն մի օր հայտնվելով փոթորկից խորտակվող նավում՝ սարսափած մտածեցին, թե որքան անհոգ է իրենց ուսուցիչը, որ անտեղյակ ամեն ինչից՝ հանգիստ քնած է․ «Վարդապե՛տ, հոգդ չէ՞, որ կորչում ենք» (Մարկ․ 4.39)։ Բոլորը վախեցան ու զարմացան, երբ Հիսուսը հրամայեց փոթորկին, ու փոթորիկը հնազանդվեց․«Ո՞վ է Նա, որ քամին էլ, ծովն էլ հնազանդվում են Նրան» (Մարկ․ 4.40)։

Տիեզերքը ստեղծող Աստծուն հավատացող մարդիկ հաճախ երկրպագում են Նրան փառաբանության երգերով, աղոթում են, Աստվածաշունչ են կարդում, քարոզներ լսում ու «ամե՜ն, ամե՜ն» աղաղակում։ Հանկարծ հայտնվում են տհաճ ու անելանելի իրավիճակում, կարծես խորտակվում է նրանց կյանքի նավը հանկարծահաս փոթորկից, ու նրանք խուճապի են մատնվում, մոռանում են՝ Ով է իրենց կյանքի Տերը, Ում էին փառաբանում, Ում հրաշագործություններն էին պատմում։

Մի անգամ Սուրբ Հոգին ասաց․«Ես եմ քեզ ուղարկել երկիր՝ Ինձ ծառայելու»։ Ես ապշած էի։ Ինչպե՞ս է Նա ինձ ուղարկել: Չէ՞ որ ես ծնվել եմ երկրի վրա: Տարիներ շարունակ մտածում էի այդ խոսքի մասին։ Համոզված էի, որ խոսողը Սուրբ Հոգին է, բայց խոսքն անհասկանալի էր այնքան ժամանակ, մինչև լսեցի մի հայտնի քարոզչի, որն ասում էր․«Մարդը, երբ Հիսուս Փրկչին Տեր է դավանում, վերստին ծնունդ է ստանում, դառնում է Երկնքի քաղաքացի, ու Տերը նրան ուղարկում է երկիր՝ որպես Երկնքի քաղաքացի ծառայելու երկրի վրա, կատարելու այն կոչումը, որի համար ուղարկվել է»։ Ես հիացած էի։ Վերստին ծնված մարդը երբ ճանաչում է իր Տիրոջը, ճանաչում է իր կոչումը, մշտապես կապի մեջ է Տիրոջ հետ, երկրի վրա ոչինչ իրենից չի անում, այլ անում է այն, ինչ Տերն է ուզում: Փառահեղ Աստծուն ծառայելով՝ ոչ միայն Նրան է փառավորում, այլև ինքն է ապրում ապահովության ու խաղաղության մեջ՝ անկախ իրավիճակներից։ Նա հասկանում է, որ ինչ էլ պատահի, միևնույնն է, հաղթանակ տարած Աստված իր Տերն է։ Վերստին ծնված քրիստոնյան, երբ հասկանում է իր ով լինելը տիեզերքի Տիրակալի, հավիտենությունը ափերի մեջ պահող Աստծո մեջ, մշտապես խաղաղության մեջ է, քանի որ ապավինում է Իր Տիրոջը: Նա գիտի, որ կատարելով Նրանից ստացած Խոսքը տվյալ իրավիճակի վերաբերյալ՝ կունենա անսասան հաղթանակ։

ԱՄՆ-ի դեսպանն ապրելով և աշխատելով սոցիալապես ու տնտեսապես ոչ զարգացած երկրում՝ ամենևին չի սարսափում աղքատությունից, չի մտահոգվում այն խնդիրներով, որոնք առկա են այդ երկրում ու ճնշում են նրա բնակիչներին, այլ տիրապետելով իրավիճակին՝ իր երկրի ղեկավարի թելադրանքով որոշումներ է կայացնում ու մշտապես ապահովության մեջ է, քանի որ գիտակցում է, թե ո՛ր երկրի ներկայացուցիչն է և ինչպիսի՛ իրավունքներ ու հնարավորություններ ունի։ Ցավոք, շատ քրիստոնյաներ մշտապես պարտված վիճակում են կյանքի ամենատարբեր բնագավառներում։ Հարցն այն չէ, թե քանի ժամ են տևում նրանց ամենօրյա աղոթքները, Աստվածաշնչի ընթերցումներն ու ծոմապահությունները: Հարցն այն է, թե Տիրոջ հետ հանդիպում լինու՞մ է այդ ընթացքում, աղոթողը զանազանու՞մ է Տիրոջ ձայնը, թե՞ առաջնորդվելով շնչով, մարմնավոր զգացումներով՝ պարտությունից պարտություն է քայլում։ Հիսուսն ասում էր․«Ես Ինձանից չեմ կարող ոչինչ անել, ինչպես լսում եմ, այնպես եմ դատում, և Իմ դատաստանն արդար է, որովհետև Իմ կամքը չեմ որոնում, այլ Ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհ․ 5.30): Հիսուսի ապրած կյանքը ցույց էր տալիս, որ Նրա հետ խոսողը Հայրն է։ Նրա հնազանդությունը հրաշքներ էր ծնում, փառավորում էր Հորը ու երջանկացնում մարդկանց, ազատում նրանց դիվային կապանքներից։ Աղոթքը, ծոմապահությունը, Սուրբ գրքի ընթերցումը, քարոզները գործիքներ են, որոնք պետք է օգտագործել այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսված են եղել Արարչի կողմից։ Արդուկը եթե չմիացվի հոսանքին, չի տաքանա և չի արդուկի։ Գազը եթե չմիացվի ջեռոցում, մթերքը հում կմնա։ Նմանապես, աղոթքն առանց Տիրոջ հետ հաղորդակցման չի կարող հրաշքներ գործել, կյանքում փոփոխություններ բերել։ Սուրբ գրքի ընթերցումը պետք է հայտնություններ ծնի և օգնի մարդու բնավորության փոխվելուն։ Հակոբոս 1.22-25-ում ասվում է․ «Խոսքը կատարողներ եղեք և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։ Եթե մեկը միայն խոսքը լսող է և ոչ անող, նման է այն մարդուն, որ նայում է հայելու մեջ իր իսկական երեսին ու անցնում է՝ շուտով մոռանալով, թե ինչպիսին էր։ Բայց նա, ով ….  միայն լսող չեղավ, այլ կատարող, նա իր անելով երանելի է»։ «Ծոմ պահել» չի նշանակում սոված մնալ: Ծոմապահության ընթացքում Տիրոջ հետ հաղորդակցումն անհրաժեշտ է, որպեսզի Նրանից ստացած Խոսքը լուսավորի մեր ընթացքը, ցույց տա հաղթանակի հասնելու ճանապարհը. «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմ․ 119.115)։ Քաղցած մնալը չի լուծում խնդիրը, այլ՝ Տիրոջից ստացած Խոսքը կատարելը։ Կերակուրից կամ որևէ բանից հրաժարվելով ծոմապահության մեջ մտնելը մարմնի ցանկությունները սանձելու համար է և զոհաբերություն՝ խոսք ստանալու համար։

Աստվածապաշտ մարդու կյանքն ամբողջությամբ պետք է լցված լինի Տիրոջ ներկայությամբ։ Սա օգնում է նրան ապրել Տիրոջ կամքի մեջ, համոզված լինել, որ Տիրոջ աչքերն իր վրա են։ Օգնում է ճիշտ խոսել, աստվածահաճո վերաբերմունք ցուցաբերել մարդկանց նկատմամբ, իմանալ, որ Տերը կարդում է մարդու յուրաքանչյուր գործողության շարժառիթը։ Օգնում է ճիշտ ֆիլմեր դիտել և դրական զգացումներ հաղորդող երաժշտություն լսել։ Իհարկե, քիչ չեն դրական զգացում հաղորդող երգերը, որոնք դիվային հոգով են գրված։ Ես շատ էի սիրում ու լսում հայտնի երգչուհի Զազի երգերը, բառերը ֆրանսերեն էին, չէի հասկանում։ Մի օր լսեցի նրա հարցազրույցն այն մասին, թե ինչն է նրան ոգեշնչում երգելիս։ Նա ասաց, որ համերգից առաջ սիրում է առանձնանալ սենյակում, միայնակ մնալ մեռած մարդկանց հոգիների հետ, նույնիսկ՝ կենդանիների հոգիների… Սարսափելի էր, զարմացած էի՝ ինչպե՞ս կարող է սքանչելի համերգը ծնվել դիվային հանդիպումներից…

Տիրոջ հետ հաղորդակցվելը օգնում է դժվար վիճակում համապատասխան խոսք ստանալ և գործել համաձայն այդ խոսքի։ Հաճախ անակնկալ փոթորկալից լուրը մարդուն վախի մեջ է գցում և ստիպում է աղոթել։ Մարդը, ջղաձգված այդ լուրից, աղոթում է՝ չհասկանալով, որ վախն է նրան ծնկի բերել, և անհանգիստ հոգեվիճակը նրան հեռացնում է Տիրոջ կամքը ճանաչելուց ու կատարելուց։ Մինչդեռ, երբ մշտապես Տիրոջ ներկայության մեջ է, Տիրոջից ստացած խոսքը «խժռում է» դիվային յուրաքանչյուր ծրագիր կամ գործողություն, ինչպես Մովսեսի գավազանը կուլ տվեց Փարավոնի մոգերի գավազաններին․ «Փարավոնն էլ իմաստուններին ու կախարդներին կանչեց, և Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով այնպես արին, ու ամեն մեկն իր գավազանը գցում էր, ու վիշապներ էին դառնում, բայց Ահարոնի գավազանը նրանց գավազաններին կուլ տվեց» (Ելից 7.10-12):

Մեդիտացիայով կամ ներշնչումով մարդու մեջ խաղաղություն չի ծնվում։ Խաղաղությունը մարդու մեջ հիմնողն ու պահողը Տերն է, այդ պատճառով է անհրաժեշտ միշտ Տիրոջ հետ լինել թե՛ աղոթքի սենյակում, թե՛ հանրախանութում, թե՛ ծովափին հանգստանալիս։ Սա չի նշանակում անընդհատ աղոթել կամ Աստծո մասին խոսել։ Սա նշանակում է միտքը Նրա խոսքի վրա կառուցել, քանի որ մարդու մտածելակերպից է կախված իր կյանքի որակը։

Աստվածաշնչում իմ ամենասիրած գիրքը Հոբի գիրքն է։ Այդ գրքում առանձնահատուկ ձևով եմ տեսնում Տիրոջ վեհափառությունը․«Ո՞ւր էիր, երբ Ես դնում էի երկրի հիմքերը, իմացրո՛ւ Ինձ, եթե իմաստություն գիտես…. Ո՞վ կապեց ծովը դռներով, երբ նա հորդահոսելով դուրս եկավ արգանդից, երբ Ես ամպը նրա համար հանդերձ դրի և մեգը՝ խանձարուր, և Իմ սահմանը հաստատեցի նրա համար և փականք ու դռներ դրի և ասացի՝ մինչև այստեղ գաս ու էլ չանցնես, այստեղ կդադարեն քո փառահեղ ալիքները։ Քո օրերում մի առավոտի հրամայե՞լ ես, ցույց տվե՞լ ես արշալույսին իր տեղը» (Հոբ 38.4-12): Հոբի գիրքը ցույց է տալիս, որ մարդու՝ Աստծո կամքից ծնված գործերը իրեն հաճելի են դարձնում Տիրոջը, բայց բարի գործեր անելով չես կարող սատանայի որոգայթներից փրկվել։ Մարդը չի կարող երբևէ ապավինել իր գործերին. նրա միակ ապավենը Աստված է։ Նրա փրկիչը խաչի վրա մահացած, Սուրբ Հոգու զորությամբ հարություն առած Հիսուս Քրիստոսն է. «Եվ Նրա գլուխը և մազերը սպիտակ բրդի ու ձյունի պես սպիտակ էին, և Նրա աչքերը՝ կրակի բոցի պես, և Նրա ոտները՝ կարմրած պղնձի պես իբրև հնոցի մեջ կրակ եղած,  և Նրա ձայնը՝ շատ ջրերի ձայնի պես»  (Հայտն․ 1.14, 15):

Որպես եզրակացություն․ Աստված երկինքն ու երկիրն արարելիս օրենքներ է դրել տիեզերքի կառավարման համար, և այդ ամենը պահում է Իր խոսքով։ Նրա շուրթերից դուրս եկած խոսքն անխափան կատարվում է․«Այնպես էլ պիտի լինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. նա պարապ չպիտի վերադառնա Ինձ մոտ, այլ պիտի կատարի Իմ ուզածն ու հաջողվի դրանում, որի համար Ես նրան ուղարկեցի» (Ես․ 55.11)։ Աստված չի հարմարվում մարդու մարմնի և շնչի ցանկություններին։ Նա շարժվում է Իր օրենքներով, սիրով, ողորմությամբ։ Նրա ողորմությունը հավիտյան է. «Որովհետև Տերը բարի է, ու Նրա ողորմությունը՝ հավիտյան, ու Նրա ճշմարտությունը՝ ազգից մինչև ազգ» (Սաղմ․ 100.5): Ո՞վ կարող է Նրան ետ պահել Իր որոշումներից․«…. Իմ խորհուրդը պիտի հաստատվի, և անում եմ Իմ բոլոր ուզածը: ….Ես խոսել եմ, կատարելու էլ եմ: Որոշել եմ, անելու էլ եմ»  (Ես․46.10, 11): Հրամաններ տվողը և հրամանների կատարմանը հետևողը Արարիչն է։ Նրան պիտի հուսա աստվածապաշտը և Նրանից պիտի խոսք ստանա իր ընթացքը լուսավորելու համար, որպեսզի այս երկրի վրա ապրի Երկնքի քաղաքացուն վայել կյանքով ու Տիրոջ կամքը կատարի այս մոլորակի վրա։

Աստվածաշունչը Մովսեսի մասին ասում է․ «Եվ Մովսես մարդը շատ հեզ էր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի» (Թվ. 12.3): Սակայն Մովսեսի մուտքը Քանան փակվեց Տիրոջ ձեռքով, քանի որ նա Աստծո խոսքը չկատարեց․«Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով․ «Որովհետև Իմ դեմ անհնազանդ եղաք …. Իսրայելի որդիների մեջ Ինձ չսրբեցիք, ուրեմն այն երկիրը հեռվից կտեսնես, բայց այնտեղ չես մտնի, այն երկիրը, որը Ես Իսրայելի որդիներին կտամ»» (Երկրորդ Օր․32.52)։

Աստված սուրբ է, բայց Ռախաբ պոռնիկն իր հարգի տեղն ունի մեր Հիսուս Փրկչի ծննդյան նախնիների ցուցակում, քանի որ համաձայն Եբրայեցիներին ուղղված թղթի 11.31-ի՝ «Հավատքով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղությունով»:

Աստված մարդու փրկության համար տվեց Իր Որդուն. «Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ․ 3.16): Սակայն Նրա խոսքով չապրողի վախճանը հավիտենական տանջանքի մեջ կլինի․«Եվ կգցեն նրանց կրակի փռան մեջ, այնտեղ կլինի լացն ու ատամների կրճտելը» (Մատթ․13.42):

Ալֆան և Օմեգան գործում է Իր Խոսքով, Նրա սերը, ողորմությունը գործում են Իր Խոսքի համաձայն։ «Աստծո ճանապարհը կատարյալ է։ Տիրոջ խոսքը զտված է, Նա վահան է Իրեն հուսացողներին» (2 Թագ․ 22.31):

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00