Դեկտեմբեր 3, 2016 Warrior

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ` ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ: ՄԱՍ 2․ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 2.

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 «Անհրաժեշտ հանգամանքներ` աղոթքի պատասխանը ստանալու համար:». շարունակելով այս թեման՝   ցանկանում եմ կանգ առնել բնավորության վրա: Տերն ինձ մի անգամ ասաց. «Ծառայության մեջ ընդգրկի՛ր խոնարհներին ու հաղթողներին»: Հետագայում ավելի խորը հասկացա բնավորության այդ երկու գծերի առավելությունը:

Մարդիկ աղոթում են ու մտածում, որ պատասխանը նույն պահին «Նյուտոնի խնձորի» նման կընկնի իրենց գլխին: Մինչդեռ Տերն է որոշում, թե որ աղոթքին ինչպես պատասխանի: Եվ բոլոր դեպքերում Տիրոջ պատասխանելու եղանակը մարդու բարօրության օգտին է:

Կարդանք Դ Թագավորաց 4.8-37 խոսքերը, որտեղ նկարագրվում է Սունամացի կնոջ բնավորությունը: «Եվ մի օր Եղիսեն անցնում էր Սունամով: Այնտեղ մի հարուստ կին կար, և նա Եղիսեին ստիպեց հաց ուտել: Եվ քանի անգամ որ անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ՝ հաց ուտելու: Եվ կինը մի օր ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծո այս մարդը սուրբ է, արի մի վերնատուն շինենք պատի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ ու աշտանակ դնենք, որ մեզ մոտ գալիս՝ այնտեղ մնա»»: Եղիսեն ամեն անգամ Սունամով անցնելիս այդ տանն էր մնում: Եվ մի օր, ցանկանալով իր երախտագիտությունը հայտնել այդ կնոջը, նա հարցնում է, թե ինչ կարող է անել նրա համար: Ծառան ասում է, որ այդ կինը երեխա չունի, իսկ ամուսինն արդեն ծեր է: Եղիսեն կանչում է կնոջն ու Աստծո Հոգով մարգարեանում. «Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի՝ հենց այս ժամանակ, մի որդի կգրկես»: Կինն ասաց. «Ո՛չ, ով իմ տեր՝ մարդ Աստծո, աղախնիդ սուտ մի՛ ասա»: Սակայն կինը հղիացավ ու մի որդի ծնեց հաջորդ տարի՝ նույն ժամանակ, որ նրան Եղիսեն էր ասել»:

Սունամացի հարուստ կինը երեխա չուներ: Նա աստվածապաշտ էր, ու չպետք է կասկածել, թե քանի անգամ էր աղոթել, աղաղակել Տիրոջը՝ երեխա ունենալու համար: Տարիներն անցել էին, ամուսինն այնքան ծեր էր, որ կինը երեխա ունենալու մասին արդեն չէր կարող մտածել: Այնուամենայնիվ, նա հավատարիմ էր մնացել Տիրոջը: Նրա սիրտը չէր կարծրացել, նա չէր ըմբոստացել Տիրոջ դեմ՝ ինչո՞ւ ինձ երեխա չտվեցիր, ինչո՞ւ ես չապրեցի մայրության բերկրանքը… Կինը շարունակում էր պաշտել Աստծուն, ինչի մասին է վկայում մարգարեին իր տանը մշտական տեղ տալու փաստը: Նա համոզված էր, որ երեխա ունենալու վերաբերյալ իր աղոթքներն այլևս չեն պատասխանվելու, այդ պատճառով էլ  մարգարեին ասում էր.  «…. մարդ Աստծո, սուտ մի՛ ասա»:

Չպատասխանված աղոթքները վիրավորանքի  պատճառ չեն դառնում: Նա շարունակում է ծառայել Տիրոջը: Եվ ամենաչսպասված պահին աղոթքի պատասխանը հայտնվում է:

Տարիներն անցնում են, երեխան մեծանում է և մի օր շատ անսպասելի մահանում: Ի՞նչ է անում մայրը. «Եվ նա վեր գնաց, երեխային պառկեցրեց Աստծո մարդու անկողնու վրա, դուռը ետևից կողպեց ու գնաց»: Նա գնում է դաշտ՝ ամուսնու մոտ, և նրան ասում. «Ծառաներից մեկին ինձ մոտ ուղարկի՛ր ու մի հատ էլ էշ, որ շուտ գնամ Աստծո մարդու մոտ ու ետ դառնամ»: Ամուսինը զարմանում է, քանի որ ո՛չ ամսագլուխ էր, ո՛չ էլ շաբաթ. ինչո՞ւ է կինը գնում Աստծո մարդու մոտ: «Հանգի՛ստ եղիր»,- պատասխանում է կինն ու ծառային պատվիրում. «Քշի՛ր, չկանգնե՛ս, մինչև քեզ ասեմ»: Նրանք բարձրանում են Կարմեղոս սարի վրա, որտեղ Եղիսեն էր՝ Աստծո մարդը: Եղիսեն, հեռվից տեսնելով կնոջը, ճանաչում է ու զարմանում, թե ինչը կարող էր նրան այդքան հեռու բերել: Նա իր սպասավորին՝ Գէեզիին, ուղարկում է՝ իմանալու, թե ինչ է պատահել. արդյո՞ք ողջ են ամուսինն ու երեխան: Կինը Գէեզիին էլ է պատասխանում. «Ողջ-առողջ են»: Նա հստակ գիտեր, թե ում պետք է ասեր իր խնդիրը, որպեսզի պատասխան ստանար: Կինը Եղիսեի առջև է ողբում ու նրանից է ակնկալում պատասխանը: Նույնիսկ այն պահին, երբ Եղիսեն իր գավազանը տալիս է Գէեզիին, որ նրա միջոցով հարություն տա տղային, կինը համառորեն պնդում է. «Կենդանի է Տերը, ու կենդանի է քո հոգին, որ ես քեզ չեմ թողնի»: Կնոջ համառության շնորհիվ Եղիսեն իջնում է Կարմեղոս սարից և ուղևորվում  նրանց տուն: Գէեզին նրանից առաջ է հասնում ու Եղիսեի գավազանը դնում երեխայի դեմքին, սակայն երեխան հարություն չի առնում: «Եվ Եղիսեն մտավ տուն: Տղան մեռած, նրա անկողնու վրա պառկած էր: Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից ու աղոթեց Տիրոջը…»:

Երեխան հարություն է առնում: «Եվ կինը եկավ նրա մոտ, ու Եղիսեն ասաց. «Առ երեխադ»: Եվ կինն ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և իր որդուն վերցրեց ու գնաց»: Սունամացի կինը միայն այդ պահին չէր, որ խոնարհվեց՝ տեսնելով հարություն առած երեխային. նրա սիրտն ու միտքն Աստծո և Նրա ծառայի նկատմամբ միշտ խոնարհ դիրքում էին: Նա իր կայուն հավատքի, խոնարհության, համարձակության, ճիշտ կողմնորոշվելու ունակության և համառության շնորհիվ դարձավ հաղթող: 

Տարիներ առաջ իմ կյանքում մի դեպք պատահեց: Այդ դեպքի պատճառով ես 3000 դոլար պարտք վերցրի՝ խոստանալով վերադարձնել որոշակի ժամանակահատվածում: Մտածում էի, որ ամեն ամիս աշխատավարձիցս որոշակի գումար կառանձնացնեմ, նաև կաղոթեմ, Տիրոջից կխնդրեմ ու Նրա օգնությամբ կվերադարձնեմ պարտքս:

Ամիսներն անցան: Պարտքը վերադարձնելու օրը մոտենում էր: Աննախադեպ ծախսերի պատճառով  աշխատավարձիցս որևէ գումար առանձնացնելու հնարավորություն չէի ունեցել: Օր ու գիշեր աղոթում էի, որ Տերն օգնի, և պարտքատիրոջ մոտ ամոթով չմնամ: Երկինքն ասես պողպատ էր դարձել: Ես շարունակում էի աղոթել ու ծոմեր պահել. ոչ մի պատասխան: Ընդամենը մեկ օր էր մնացել: Հաջորդ օրը, իմ նախնական պայմանավորվածության համաձայն, 3000 դոլարը պետք է վերադարձնեի: Փակվեցի  սենյակումս և ապաշխարեցի, որ ժամանակին համապատասխան հավատք չեմ դրսևորել՝ այդ գումարը Տիրոջից հրաշքով ստանալու, այլ դիմել եմ մարդկային նողկալի սովորույթին՝ պարտք եմ վերցրել: Ապաշխարելուց հետո շարունակեցի աղոթել Սուրբ Հոգով՝ սպասելով, որ Տերը ցույց կտա Իր ողորմությունը: Տերն սկսեց խոսել: Ի զարմանս ինձ՝ Նրա խոսքերի մեջ ֆինանսի մասին բացարձակ հիշատակում չկար: Նա ինձ առաջարկեց գնալ Թալինի շրջան՝ Ագարակ գյուղ, որտեղ իրականացնում էինք  «Աստվածային երրորդ ճանապարհ անտուն-թափառականների համար» ծրագիրը: Այդ գյուղում համատարած աղքատություն էր, ոչ ոք չէր կարող ինձ նույնիսկ ամենաչնչին չափով օգնել: Ես խոնարհվեցի Տիրոջ առջև ու ասացի. «Տե՛ր, եթե ուզում ես, որ ես խայտառակվեմ, կխայտառակվեմ: Բայց ես ճանաչում եմ Քեզ, Քո բոլոր գործողություններն իմ բարօրության համար են»:

Պայուսակս վերցրի և ճանապարհվեցի Ագարակ: Այդ գյուղում մեր Գթության ծառայությունը  տարածք էր վարձակալել, որտեղ տասը նախկին անտուն-թափառականներ էին բնակվում: Այդ ժամանակ նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ: Արդեն երեկո էր, երբ տեղ հասա: Միասին ճաշեցինք, զրուցեցինք, հետո սկսեցի խոսել Տիրոջ սրբության, բարության, ամենակարողության մասին: Սուրբ Հոգին ինչպես առաջնորդում էր, այնպես էլ վարվում էի: Գիշերը բոլորը գնացին քնելու, ես՝ նույնպես: Հանկարծ Սուրբ Հոգին խոսեց. «Վաղն առավոտյան շուտ կվերադառնաս Երևան. Ես քեզ գումարը կտամ»: Ավելորդ է պատմել զգացումներիս մասին: Տերն անպատմելի հավատարիմ է, ինձ համար զարմանալի ձևով՝ ես ստացա այդ գումարը:

Աղոթքի պատասխանն ինչ-ինչ պատճառներով եթե ձգձգվում է, խնդիրը մե՛ր մեջ է, մե՛նք պետք է փոխվենք, հղկվենք, հավատքի մեջ ամրանանք, ճիշտ կողմնորոշվենք, Սուրբ Հոգով առաջնորդվենք, բոլոր առումներով հավատարիմ լինենք Աստծուն:

Խոնարհ մարդիկ չեն ապստամբում. խոնարհները ճանաչում են իրենց Տիրոջը և Նրան վստահելով՝ կյանքի ցանկացած իրավիճակում հաղթում:

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00