ՆԱԽԱԲԱՆ
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ» համառոտ ուսուցումների շարքը վերաբերում է այն աղոթքներին, որոնք տարիներ շարունակ բարձրացվել են Աստծո առջև, բայց դեռևս չեն պատասխանվել: Այն վերաբերում է նաև մեր ամենօրյա աղոթքներին:
Ճիշտ է, աղոթքը զրույց է մարդու և Աստծո միջև, այն զրույց է զավակի և Հոր միջև, բայցևայնպես, անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի ճիշտ կողմնորոշվել, թե որ իրավիճակում ինչպես պետք է վարվել:
Ղուկաս 8.22-25-ում կարդում ենք այն պատմությունը, որ Հիսուսն Իր աշակերտների հետ նավարկում էր ծովի մի ափից մյուսը: Երբ ծովն ալեկոծվում էր, փոթորիկը չէր հանդարտվում, Հիսուսը նավի ետնամասում քնած էր. «…. Քամու փոթորիկ սկսվեց ծովի մեջ, նավը լցվում էր, և վտանգի մեջ էին: Աշակերտները մոտ եկան, Նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կորչում ենք»: Նա էլ վեր կացավ և քամուն ու ջրի ալեկոծությանը սաստեց: Եվ հանդարտվեցին ու խաղաղություն եղավ: Եվ ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատքը»: Եվ նրանք խիստ վախեցան, զարմացան և իրար ասում էին. «Ո՞վ է Նա, որ քամիներին և ջրերին էլ է հրաման տալիս, ու հնազանդվում են Նրան» (Ղուկ. 8.23-25):
Հովնանի մարգարեության 1-ին գլխում մեկ այլ իրավիճակի ենք ականատես լինում. «Եվ Տերը մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, ու նավը ուզում էր փշրվել: Եվ նավավարները վախեցան…. իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խորը քնել: Եվ նավապետը նրա մոտ եկավ ու ասաց. «Ի՞նչ ես մրափել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված հիշի մեզ, ու մենք չկորչենք»: Եվ մեկը մեկին ասում էին. «Եկեք վիճակ գցենք ու իմանանք, թե ում պատճառով է այս չարիքը հասել մեզ»: Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին: …. Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, Ով ստեղծել է ծովն ու ցամաքը»: Եվ այն մարդիկ սաստիկ վախեցան ու ասացին նրան. «Դա ի՜նչ ես արել դու», որովհետև այն մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, որովհետև պատմեց նրանց: Եվ ասացին նրան. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը դադարի», որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր: Եվ նա ասաց նրանց. «Առե՛ք ինձ և գցե՛ք ծովը, ու ծովը կդադարի, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ փոթորիկը եկել ձեզ վրա»: Եվ մարդիկ թիավարում էին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չէին կարողանում, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր: Եվ նրանք աղաղակեցին Եհովային ու ասացին. «Ո՛վ Եհովա, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև Դու, Ո՛վ Եհովա, ինչպես ուզում ես՝ անում ես»: Եվ առան Հովնանին ու գցեցին ծովը, և ծովը դադարեց իր կատաղությունից: Եվ այն մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տերից և զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արին: Եվ Տերը հրամայեց մի մեծ ձկան, որ Հովնանին կուլ տա, և Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր» (Հովնան 1.4-17):
Առաջին դեպքում հավատք և վստահություն էր անհրաժեշտ փոթորիկն անմիջապես սանձելու համար, իսկ երկրորդ դեպքում, երբ հավատքով արված աղոթքից հետո խնդիրը չլուծվեց, խնդրի առաջացման պատճառն էր պետք վերացնել:
Երկրագնդի վրա դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա պատասխանել չպատասխանված աղոթքների հետ կապված բոլոր ինչուներին: Միայն Աստված կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները, եթե մարդն իր «ծածուկ սենյակում» Աստծո հետ հանդիպելու համար պատշաճ ժամանակ հատկացնի:
Համառոտ ուսուցումների այս շարքն ուղեցույց է ինչուների լաբիրինթոսում խճճված մարդուն, հիշեցում՝ հիմնված Աստծո Խոսքի և անձնական վկայության վրա, որ ամենակարող և սուրբ Աստված՝ Ալֆան և Օմեգան, մարդկանց հարցերին պատասխանելու, նրանց քայլերն ուղղելու, աստվածահաճո կյանքի ճանապարհը ցույց տալու համար տվել է Իր Սուրբ Հոգին և Աստվածաշունչ գիրքը. «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության, հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար: Որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործի համար պատրաստված» ( Բ Տիմոթ. 3.16,17): Ամեն ինչ շղթայական է. պարզապես, անհրաժեշտ է ապրել Աստծուն հաճելի կյանքով, բայց մշտապես հիշել, որ եթե չլինի Հայր Աստծո ողորմությունը, Հիսուս Փրկչի շնորհքը և Սուրբ Հոգու առաջնորդությունը, մարդը կորած է հավիտյան, որքան էլ ջանա աստվածապաշտ կյանք ապրել:
ՄԱՍ 1.
ԵՂԻՈՒՍԻ ԽՐԱՏԸ ՀՈԲԻՆ
Ծառայելով Սոցիալական ծառայությունների կենտրոնում՝ մշտապես նամակներ ու հեռախոսազանգեր եմ ստանում տարբեր տարիքի ու սեռի մարդկանցից: Նկարագրելով իրենց հոգեվիճակը, սոցիալական խնդիրները, մարդկային փոխհարաբերությունները, ամենատարբեր հիվանդությունների մանրամասնությունները, աշխատանք, առավել ևս՝ համապատասխան աշխատանք, չգտնելու տառապանքները՝ մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչու այդ հարցերի շուրջ աղոթելիս, յոթնօրյա ու, նույնիսկ, քառասունօրյա ծոմեր պահելիս, պատասխան չեն ստանում, կյանքում փոփոխություններ չեն տեսնում:
Այդ հարցերն ունեն շատերը, ոչ միայն նամակագիրները: Քանի որ հարցերը վերաբերում են հոգևոր երևույթներին՝ աղոթքին, ծոմապահությանը, պատասխանները փնտրենք Աստվածաշնչում:
Բացենք Հոբի գիրքը: Այս գիրքը ոչ միայն շատ հարցերի պատասխաններ է տալիս, այլև յուրահատուկ ձևով է ներկայացնում Տիրոջ փառահեղությունը, հզորությունը, կատարելությունը, ողորմությունը և անհուն սերը:
Ո՞վ էր Հոբը: «Մի մարդ կար Հուս երկրում, անունը՝ Հոբ: Այդ մարդը ուղիղ էր, կատարյալ ու աստվածավախ, հեռանում էր չարությունից: Նրա համար յոթ որդի ու երեք աղջիկ ծնվեցին: Նրա խաշինքն էին՝ 7000 ոչխար, 3000 ուղտ, 500 լուծ եզ, 500 մատակ էշ և խիստ շատ ծառաներ: Այդ մարդը բոլոր արևելքցիներից մեծ էր» (Հոբ 1.1-3): Նա այդ ամենը կորցնում է մեկ օրում: Գուժաբերները՝ մեկը մյուսի ետևից, գալիս են Հոբի տուն՝ հայտնելով նրա ունեցվածքի կորուստը, այնուհետև՝ զավակների մահը: «Եվ Հոբը վեր կացավ, պատռեց իր վերարկուն, խուզեց գլուխը, ընկավ գետնին և երկրպագեց Աստծուն ու ասաց. «Մերկ դուրս եկա իմ մոր արգանդից ու մերկ պիտի դառնամ այնտեղ: ….Այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց և Աստծո նկատմամբ անզգամ չգտնվեց» ( Հոբ 1.20-22): Այնուհետև Հոբի մարմինն է ծածկվում խորը վերքերով, և նա «մի խեցի առած քերվում էր ու նստած էր մոխրի մեջ» (Հոբ 2.8): Անձնական վշտին, մարմնի սահմռկեցուցիչ ցավին գումարվում են «բարեկամների» մեղադրանքները: Նրանք ոչ միայն մեղադրում են, այլև պարտադրում ապաշխարել: Այդ մեղադրանքներից պաշտպանվելով՝ Հոբն սկսում է թվարկել իր բոլոր բարեգործությունները, հիշեցնել, թե ով էր ինքն ամիսներ առաջ: Նա արդարանում էր, թվարկում Աստծուն և մարդկանց արած ծառայություններն ու ապշում, թե ինչու է հայտնվել այդ իրավիճակում:
Հոբը սթափվում է միայն Եղիուսի խոսքերից հետո. «….Եղիուսի բարկությունը բորբոքվեց. նրա բարկությունը բորբոքվեց Հոբի վրա՝ իր անձն Աստծուց արդարացնելու համար: …. Եղիուսը պատասխանելով՝ ասաց. «….Ես էլ եմ խոսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ կասեմ, որովհետև լիքն եմ խոսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ» (Հոբ 32.2,6,17,18): Ի տարբերություն «բարեկամների»՝ Եղիուսը Աստծո Հոգով առաջնորդվելով է խոսում. «Արդարև, ասել ես ականջիս, և ես լսեցի խոսքերի ձայնը, թե մաքուր եմ ես՝ առանց հանցանքի. անարատ եմ ես, անօրինություն չունեմ: Ահա Նա պատճառ է փնտրում ինձ վրա, ինձ թշնամի է համարում Իրեն: Ոտքերս դրել է կոճղում, դիտում է բոլոր շավիղներս» (Հոբ 33.8-11): Եղիուսը հիշեցնում է Հոբին, որ Աստված մարդուց մեծ է, և Իր բոլոր արածների համար պատասխան չի տալիս, այլ «…. մեկ անգամ կխոսի Աստված ու մյուս անգամ էլ, բայց մարդն ուշադրություն չի դարձնում: Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն ընկնելիս, անկողնի վրա քնելիս. այդ ժամանակ Նա բացում է մարդկանց ականջը և նրանց խրատելով կնքում է, որ մարդուն հեռացնի վատ գործից, ու ամբարտավանությունը ծածկի մարդուց: Որ ետ պահի նրա հոգին կորստից ու նրա կյանքը՝ սրով անցնելուց: …. Եթե նրա համար կա մի միջնորդ հրեշտակ, հազարից գերազանցող մեկը, որ մարդուն ցույց տա ուղղությունը, այն ժամանակ Նա ողորմում է նրան և ասում. «Ազատի՛ր նրան կորուստն իջնելուց, Ես քավություն եմ գտել»: Այն ժամանակ նրա մարմինը փափուկ կլինի երեխայի մարմնից, նա ետ կդառնա իր մանկությանը, Աստծուն կաղոթի, և Նա նրան կընդունի, ու նա կտեսնի Նրա երեսը ուրախությամբ….» (Հոբ 33.14 -26):
Եղիուսն այնուհետև սովորեցնում է Հոբին՝ ինչպես աղոթել տվյալ իրավիճակում. «Որովհետև պետք է ասել Աստծուն, թե՝ ինձ բարձրացրի, էլ չարություն չեմ անի: Այն, որ չեմ տեսնում՝ ինձ սովորեցրու, եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի» (Հոբ 34.31,32):
Անկեղծ ասած՝ ես այս խոսքերով մշտապես աղոթում եմ, երբ հայտնվում եմ հիվանդության անկողնում, ենթարկվում դաժան փորձությունների: Նախընտրում եմ անմիջապես խոնարհվել Տիրոջ առջև, Նրանից լսել ինձ պատահած իրավիճակի պատճառը, քան ինքս ենթադրություններ կամ սխալ եզրակացություններ անել: Բազմիցս համոզվել եմ, որ միայն Տերը կարող է ասել ճշմարտությունը, ու միայն Նա կարող է ցույց տալ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր անգամ վատ իրավիճակում հայտնած մարդն ինչ-որ մեղք գործած լինի, բայց ինձ համար պարտադիր է, որ Տերն ասի այդ մասին, ու Նա առաջնորդի խավարից դեպի լույս, իմաստություն սովորեցնի՝ հաջորդ անգամ նման իրավիճակում չհայտնվելու համար:
«Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն ու բռնվեն թշվառության լարերով, կհայտնի նրանց իրենց գործերը և իրենց հանցանքը, որ իրենց բարձրացրել էին: Եվ Նա կբացի նրանց ականջը խրատի համար ու կպատվիրի, որ ետ դառնան ամբարշտությունից: Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարիքով կվերջացնեն ու իրենց տարիները՝ զվարճությունով, բայց եթե չլսեն, սրով կանցնեն ու կմեռնեն՝ առանց հասկացողության» (Հոբ 36. 8-12):
Հոբը միայն Եղիուսի խոսքերից հետո է հասկանում, որ իրեն արդարացնելով՝ Տիրոջն էր մեղադրում: Անվերջ արդարանալու փոխարեն՝ նա պետք է երկխոսության մեջ մտներ Տիրոջ հետ և ասեր. «Այն, որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի»: Եղիուսի խոսքերը օգնում են Հոբին՝ տեսնելու Տիրոջ վեհափառությունը: «Աստծո շնչից սառնամանիք է գոյանում, և ջրերի տարածությունը սեղմվում է: Նա բռնում է թուխպը Իր ձեռքերով ու տարածում լուսավոր ամպերը: Եվ նրանք շուռ գալով տեղափոխվում են Նրա խորհուրդներով, որ անեն բոլոր իրենց հրամայվածը երկրի վրա: …. Դրա համար մարդիկ վախենում են Նրանից. Նա չի նայի ոչ մեկին, ով իր աչքին իմաստուն է» (Հոբ 37.10-12, 37.24):
Մարդը, եթե միայն հասկանա, թե ՈՎ Է ԱՍՏՎԱԾ, երկյուղից ու հիացմունքից կհամրանա. «Այն ժամանակ Եհովան պատասխանեց Հոբին փոթորկի միջից և ասաց. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով: Գոտևորի՛ր մեջքդ տղամարդու պես, և Ես քեզ հարցնեմ, ու դու Ինձ հասկացրու: Ո՞ւր էիր, երբ Ես երկրի հիմքերն էի դնում. իմացրո՛ւ Ինձ, եթե իմաստություն գիտես: Ո՞վ դրեց նրա չափերը, եթե գիտես, կամ թե՝ ո՞վ քաշեց լարը նրա վրա: Ինչի՞ վրա են խրված նրա խարիսխները կամ ո՞վ է ձգել նրա անկյան քարը՝ առավոտյան աստղերը միասին ցնծալիս և Աստծո բոլոր որդիները գովաբանելիս: Եվ ո՞վ կապեց ծովը դռներով, երբ որ նա հորդահոսելով ելավ արգանդից, երբ որ Ես ամպը նրա համար հանդերձ դրի և մեգը՝ խանձարուր, և Իմ սահմանը հաստատեցի նրա համար, և փականք ու դռներ դրի և ասացի՝ մինչև այստեղ գաս, և էլ չանցնես. այստեղ կդադարեն քո փառահեղ ալիքները: Քո օրերում երբեք մի առավոտի հրամայե՞լ ես, ցույց տվե՞լ ես արշալույսին իր տեղը»» (Հոբ 38. 1-12):
Եվ Հոբը պատասխանեց Եհովային ու ասաց. «Գիտեմ, որ ամեն բան կարող ես, և Քո դիտավորությունը չի արգելվի: Ո՞վ կարող է Քո խորհուրդը նսեմացնել անիմաստ խոսքերով: Իրավ, խոսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի է եղել, և ես չգիտեի: Աղաչում եմ, լսի՛ր, որ խոսեմ. Քեզ հարցնում եմ, և ինձ իմացրո՛ւ: Ականջի լսելով էի լսել Քո մասին, բայց հիմա աչքով տեսնում եմ Քեզ, որի համար նվաստանում եմ ու զղջում հողի ու մոխրի վրա» (Հոբ 42.1-6):
Ապաշխարությունն ունի պտուղ: Հոբը ոչ միայն ապաշխարում է, այլև ներում է ընկերներին ու կատարում Տիրոջ հանձնարարությունը՝ աղոթում է իրեն զրպարտողների համար, ովքեր Աստծո մասին իր նման ճշգրիտ չխոսեցին: «Եվ Եհովան ետ դարձրեց Հոբի գերությունը, երբ նա իր ընկերների համար աղոթեց, նաև Եհովան կրկնապատիկ ավելացրեց Հոբի բոլոր ստացվածքը: ….Եվ նա ունեցավ յոթ որդի և երեք աղջիկ: …. Եվ Հոբը սրանից հետո 140 տարի ապրեց ու տեսավ իր որդիների որդիներին՝ չորս սերունդ: Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած» (Հոբ 42.10,13,16-17):
Ո՞վ կարող է կանգնել այսպիսի Տիրոջ առաջ ու թաքնված մեղադրանքով արդարանալ՝ աղոթում եմ գիշեր-ցերեկ, ծոմեր եմ պահում, բայց վիճակս չի փոխվում…
Վիճակը փոխելու համար նախ խոնարհվել է պետք ու հարցնել. «Ի՞նչ եմ արել, Տե՛ր, խոսի՛ր, աղաչում եմ, միայն Դո՛ւ կարող ես ասել, թե ինչու եմ հայտնվել այս իրավիճակում, որովհետև միայն Դո՛ւ ես սիրտ ու երիկամներ քննում»: Աղոթքն ու ծոմն անհրաժեշտ են առաջին հերթին այդ իրավիճակում հայտվելու պատճառն իմանալու համար, ոչ թե՝ այդ իրավիճակից դուրս գալու: Գուցե ինչ-որ մեղք կամ մեղքե՞ր են պատճառ հանդիսացել: Դա միայն Տերը կասի: Մեղքի դեպքում ապաշխարություն է պետք, ոչ թե սրտի կարծրացում ու արդարացում: Եթե Տերն ա՛յլ պատճառ կասի անելանելի ու ոսկոր մաշող վիճակում հայտնվելու վերաբերյալ, անպայման նաև կսովորեցնի և Իր Հոգով կուղղորդի՝ ինչպես դուրս գալ այդ վիճակից: Բոլոր դեպքերում ոչ ոք ավելի բարի ու արդար չէ, քան Տերը:
Մարդը, ինչպիսի իրավիճակում էլ հայտնվի՝ ֆինանսի բացակայություն, անվերջ աղքատություն, հիվանդություններ, ընտանեկան գժտություններ, գործազրկություն, թմրամոլություն, հարբեցողություն, խաղամոլություն…, բոլոր դեպքերում նախ պետք է խոնարհվի Տիրոջ առջև ու Նրանից հարցնի, թե իր բնավորության ո՞ր դրսևորումներն են իրեն հասցրել այդ սահմանագծին: Բնավորությունը մարդու կյանքում ծանրակշիռ դիրք է գրավում: Լինում են դեպքեր, երբ կիրթ, աշխատասեր, աստվածապաշտ մարդկանց զավակներն են հայտնվում թմրադեղերի, խաղամոլության կամ ալկոհոլի գերության մեջ: Ցավոք սրտի, շատ քիչ ծնողներ են ընդունում, որ իրենց սխալ դաստիարակության, ոչ հետևողական լինելու, երեխայի նկատմամբ ունեցած բուռն սերը սխալ ձևով մատուցելու պատճառով են նրան կանգնեցրել կործանման եզրին: Մինչ սրտակեղեք կաղոթեն ու կաղաղակեն՝ Տե՛ր, ողորմությունդ մի՛ կտրիր իմ զավակից, կարիք կա ապաշխարելու, որ ժամանակին Տիրոջ Հոգով չեն առաջնորդվել՝ իրենց երեխային դաստիարակելիս: Ինչո՞ւ եմ ասում՝ Տիրոջ Հոգով, քանի որ կան նաև ծնողներ, ովքեր դաստիարակության հարցում կրոնի հոգով են առաջնորդվել, և իրենց երեխայի մեջ արդեն նողկանք ու ապստամբություն կա ցանկացած աստվածային երևույթի նկատմամբ: Յուրաքանչյուր ապաշխարություն ունի պտուղ: Երբ մարդը լիարժեք գիտակցում է գործած սխալները և հոգու խորքից ապաշխարում, Տերը լսում է ու ՇՈՒՏԱՓՈՒՅԹ պատասխանում:
Կա նաև մեկ այլ խնդիր. մարդը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցել, որ իր մտքերն ու գործողություններն Աստծո սրբությունից հեռու են և մեղք են համարվում: Արդարացնում են իրենց արարքը, որ դա ամենևին սուտ խոսել չէ կամ շնանալ չէ՝ հետո ի՞նչ, որ դեռ չեն ամուսնացել, միևնույնն է, ամուսնանալու են: Գողանում են, աններողամիտ են, հիշաչար, հպարտ կամ նախանձ… Տիրոջ համար գարշելի այս մեղքերը նրանք փաթեթավորում են «անմեղ», մարդասիրական լոզունգներով և շարունակում սրտակեղեք հառաչել, աղաղակել Աստծուն, ու պատասխան չստանալով ԲԱՐՁՐՅԱԼ, ԱՐԴԱՐ ԱՍՏԾՈՒՑ՝ ամենուրեք արդարանում են. «Այնքա՜ն եմ աղոթում, այնքա՜ն զոհաբերություններ եմ կատարում՝ որբերին եմ կերակրում, մերկերին՝ հագցնում, եկեղեցական ոչ մի ծառայություն բաց չեմ թողնում…»: Սիրելի՛ս, ԲԱ՛Ց ԹՈՂ ՄԵՂՔԸ: Աստծուն չես կարող խաբել, քե՛զ մի խաբիր:
Իմ կյանքից մի վկայություն պատմեմ: Այս դեպքը մի քանի տարի առաջ է պատահել: Աշխատանքից տուն վերադարձա ու պատրաստվում էի ճաշելու, երբ լսեցի Սուրբ Հոգու ձայնը. «Միացրո՛ւ հեռուստացույցը»: Երբ միացրի, լուրեր էին հաղորդում: Անկեղծ ասած՝ հեռուստացույց համարյա չեմ դիտում, առավել ևս՝ լրատվական հաղորդումներ: Բայց այդ պահին ուշադրությունս գրավեց հաղորդավարի հայտարարությունը, որ վերաբերում էր այն վարորդներին, որոնց վարորդական իրավունքի վկայականը հին էր և պետք է փոխանակվեր նորով: Նույնիսկ էկրանին ցուցադրվեց այդ հին, փոխանակման ենթակա վարորդական վկայականի նմուշը: Դա տեսնելով՝ ես ասացի. «Փա՛ռք Քեզ, ի՛մ Աստված, որ այս հնարավորությունն ստեղծեցիր, ու ես լսեցի հայտարարությունը»: Հաջորդ օրն այս հարցով դիմեցի գործընկերներիցս մեկին, ով մշտապես օգնում էր ինձ ավտոմեքենայի հետ կապված ամենատարբեր հարցերում: Նա ասաց. «Դա քեզ չի վերաբերում, քո վարորդական վկայականն այդքան հին չէ»: Ես շարունակեցի պնդել, որ այդ հայտարարությունը ինձ էլ է վերաբերում, քանի որ իմ վկայականը նման է հեռուստացույցով ցուցադրված նմուշին: Նա ծիծաղեց և ասաց. «Այսքան տարի մեքենա ես վարում, մեքենայի հետ կապված որևէ խնդիր ունեցե՞լ ես…»: Իրո՛ք, ոչ մի խնդիր չէի ունեցել. նա ամեն ինչ արել էր ժամանակին, ուստի չվստահելու առիթ չունեի:
Անցան ամիսներ: Մի բանուկ փողոցում ոստիկանը կանգնեցրեց իմ ավտոմեքենան ու պահանջեց փաստաթղթերս: Ես հանգիստ ներկայացրի վարորդական վկայականս, ու քիչ անց սկսվեց վեճը: Ոստիկանը, սկզբում հանգիստ, այնուհետև մեծ ջանք գործադրելով, փորձում էր ինձ ապացուցել, որ վարորդական վկայականս հին է: Ես համոզված էի, որ ճիշտ եմ, և զանգահարեցի գործընկերոջս, որպեսզի նա ապացուցի ոստիկանին: Ի զարմանս ինձ՝ գործընկերս պատասխանեց. «Գայանե՛, նա ճիշտ է: Մի՛ շարունակիր վիճել…»: Ավելորդ է նկարագրել թե՛ ոստիկանի, թե՛ գործընկերոջս հետ կապված զգացումներս: Տուգանքն ինձ համար բավական մեծ գումար էր, որը մուծելուց հետո շարունակեցի ճանապարհս: Հաջորդ օրն անմիջապես փոխեցի վարորդական վկայականս ու տուն վերադառնալով՝ ծնկի եկա: Սկսեցի ամեն ինչ պատմել Տիրոջս ու սկսեցի ամենասկզբից: Հիանալի է ունենալ մեկին, ով համբերատար լսում է քեզ ու չի կշտամբում, ով լսում է լուռ՝ մինչև խոսքդ վերջացնես: Ես պատմեցի իմ Հորը, իմ Փրկչին, իմ Աստծուն, թե ինչ տհաճ իրավիճակում եմ հայտնվել և ինչպիսի ապրումներ եմ ունեցել թե՛ ոստիկանի հետ վիճելիս, թե՛ ինձ սխալ խորհուրդ տված գործընկերոջս անհոգ վերաբերմունքը տեսնելիս, թե՛ տուգանքը վճարելիս: Երբ պատմեցի, հանգստացա, սկսեցի մանրակրկիտ անալիզի ենթարկել ամբողջ իրավիճակը: Փա՛ռք մեր Աստծուն, Ով հաղորդակից է մեր ապրումներին, հույզերին, ցավերին և ուրախություններին: Տիրոջ առջև ամբողջ իրավիճակը ներկայացնելիս ինձ տեսնում էի զոհի կարգավիճակում: Ես զոհ էի դարձել, որովհետև գործընկերս, առանց վերջին օրենքներին տեղեկանալու, ինձ սխալ խորհուրդ էր տվել, դեռ ծիծաղել էր միամտությանս վրա: Զոհի կարգավիճակում էի նաև ոստիկանի հետ վիճելիս, առավել ևս՝ տուգանքը վճարելիս: Բայց երբ ողբս առ Աստված վերջացրի, միտքս լուսավորվեց: Փա՛ռք մեր Աստծուն, որ Նրա Հոգին լուսավորում է մեր միտքն ու ընթացքը: Հասկացա, որ ես այդ իրավիճակում ոչ թե զոհ եմ, այլ մեղավոր: Նորից դիմեցի Աստծուն, այս անգամ՝ մեղայականով: Ներողություն խնդրեցի իմ Տիրոջից, որ ամիսներ առաջ ինձ առաջնորդել էր ճիշտ ժամին միացնելու հեռուստացույցը և լսելու վարորդական իրավունքի վկայականի փոխանակման վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությունը, իսկ ես անարգել էի Նրա առաջնորդությունը և վարվել գործընկերոջս խորհրդով՝ մտածելով, որ նա այդ գործում վարպետ է: Աղոթում էի ու խնդրում Տիրոջից, որ ինձ ուժ տար՝ ներելու նրան թե՛ ինձ թյուրիմացության մեջ գցելու, թե՛ իր անհոգ վերաբերմունքի համար, երբ իմացավ, որ ոստիկաններն իր պատճառով ինձ տուգանում են: Փա՛ռք Աստծուն, որ հենց աղոթքի ընթացքում ներեցի այդ մարդուն, և իմ մեջ վերականգնվեց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Աղոթում էի ու զգում, թե ինչպես է Սուրբ Հոգին ներսումս հաստատում աստվածային խաղաղությունն ու ուրախությունը: Ես ճանաչում եմ իմ Արքային ու գիտեմ, որ Նրա առջև ապաշխարությունը պտուղ ունի: Երբ Սուրբ Հոգով աստվածային ներդաշնակությունը հաստատվեց իմ մեջ, համարձակորեն դիմեցի Տիրոջս և խնդրեցի, որ այն գումարը, որը վճարել էի որպես տուգանք, վերադարձվի ինձ՝ բազմապատկված չափով: Ես ապաշխարել էի, որ Տիրոջ տված հնարավորությունը չէի օգտագործել ու ժամանակին չէի փոխել վկայականս, ապաշխարել էի, որ ՀՀ Ոստիկանության օրենքը խախտել էի, ապաշխարել էի, որ ատելությամբ էի լցվել ինձ սխալ խորհուրդ տված գործընկերոջս նկատմամբ, ուստի պահն էր նաև քաղելու ապաշխարության պտուղը: Աղոթեցի. «Տե՛ր, ես այդ գումարի բազմապատկված չափն եմ ուզում, իսկ թե որքանով բազմապատկված կլինի՝ Դու որոշիր՝ քո սիրո և ողորմության համաձայն»: Տերն ինձ միշտ է զարմացրել Իր առատաձեռնությամբ ու շռայլությամբ: Հենց նույն օրը, աղոթքից դեռ մեկ ժամ էլ չէր անցել, երբ ստացա այնպիսի քանակությամբ գումար, որը ուղիղ 30 անգամ շատ էր որպես տուգանք վճարված գումարից:
Փառք մեր Աստծուն, Ով խրատում է նրանց, ում սիրում է:
Շարունակելի