Փետրվար 6, 2017 Warrior

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍ 4. ՈՒԽՏ ԱՆԵԼ ՏԻՐՈՋ ԱՌՋԵՎ

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝  ԱՂՈԹՔԻ  ՊԱՏԱՍԽԱՆԸ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ

ՄԱՍ 4.  ՈՒԽՏ  ԱՆԵԼ  ՏԻՐՈՋ  ԱՌՋԵՎ

Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ ցանկանում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանք պետք է կառուցված լինի աստվածային սիրո վրա: Դա ասում է Աստվածաշունչը. «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կնմանվեմ ձայն հանող պղնձի կամ հնչող ծնծղայի: Եթե մարգարեություն ունենամ, իմանամ բոլոր խորհուրդները և գիտությունը, և եթե հավատք ունենամ մինչև իսկ սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ:Եվ եթե ամբողջ ունեցվածքս  աղքատներին կերակրեմ և մարմինս այրվելու մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա: Սերը երկայնամիտ է՝ քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ: Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանում….  Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր՝ այս երեքը, և սրանցից մեծը սերն է» (Ա Կորնթ. 13): Աղոթքի պատասխանը ստանալու համար աստվածային սեր և հավատք ունենալն անհրաժեշտ պայման է: «Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն խնդրողներին վարձահատույց է լինում» (Եբր. 11.6): Մյուս պայմաններն ու հանգամանքները Սուրբ Հոգին հայտնում է՝ համաձայն տվյալ իրավիճակի վերաբերյալ Աստծո կատարյալ կամքի:

Անդրադառնանք Առաջին Թագավորաց 1-ին գլխում նկարագրված պատմությանը: Եղկանայի կին Աննան տարիներ շարունակ զավակ չէր ունենում: Ամուսիններն աստվածապաշտ էին և մշտապես աղոթում ու զոհեր էին մատուցում Տիրոջը: Աղոթքներն անպատասխան էին մնում. «Տերը փակել էր Աննայի արգանդը» (Ա Թագ. 1.6):

Եղկանան Աննայից բացի ուներ ևս մի կին՝ Փենանան: Նա տղաներ և աղջիկներ էր պարգևել ամուսնուն ու մշտապես ծաղրում էր Աննային՝ զավակ չունենալու պատճառով: Աննան Եղկանայի սիրելի կինն էր, և ամուսինը, տեսնելով կնոջ վիշտը, զարմանում էր. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում և ինչո՞ւ չես ուտում, ինչո՞ւ է սիրտդ այդպես տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավը չեմ» (Ա Թագ. 1.8):

Մի անգամ, երբ նրանք դարձյալ գնացին Սելով՝ Տիրոջը երկրպագություն և զոհ մատուցելու, Աննան բոլորովին այլ աղոթք բարձրացրեց Տիրոջը. «Եվ նա աղոթք արեց տրտմած հոգով ու շատ լացեց: Եվ ուխտ արեց ու ասաց. «Տե՛ր, եթե քո աղախնի նեղությանը նայես և ինձ հիշես ու քո աղախնին չմոռանալով՝ արու զավակ տաս, ես նրան Տիրոջը կնվիրեմ իր կյանքի բոլոր օրերում, և նրա գլխին ածելի չի բարձրանա» (Ա Թագ. 1.11):

Հեղի քահանան, որ տաճարում նստած հետևում էր Աննայի գործողություններին, կարծեց, թե նա արբած է. «Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի արբածություն անես. գինովությունդ թող»: Եվ Աննան նրան պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ և գինի կամ ցքի չեմ խմել, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առջև: ….իմ վշտի ու նեղության շատության համար մինչև հիմա խոսեցի»» (Ա Թագ. 1.14-16):

«Սերը երկայնամիտ է՝ քաղցր է, սերը չի լրբանում…». նորից հիշենք ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ: Աննան ոչ միայն փոխեց իր աղոթքի ձևը՝ ուխտ արեց Տիրոջ առջև, այլև Հեղի քահանայի վիրավորական խոսքերին քաղցրությամբ պատասխանեց:

«Եվ եղավ, որ տարին լրանալիս Աննան հղիացավ և մի տղա ծնեց ու նրա անունը Սամուել կոչեց՝ ասելով, թե Տերից խնդրեցի նրան: ….և տղային Հեղիի մոտ տարան: Եվ Աննան ասաց. «Տե՛ր իմ, ես այն կինն եմ, որ այստեղ կանգնեցի Տիրոջն աղոթելու համար: Ես այս տղայի համար աղոթեցի, և Տերն իմ խնդրածը տվեց: Հիմա ես էլ նրան փոխ եմ տալիս Տիրոջը….» (Ա Թագ. 1.20, 25-28):

Սամուելը մեծանում և ծառայում է տաճարում, նա աստվածաշնչյան մեծագույն մարգարեներից է: Հետագայում Աննան ևս հինգ երեխա է ունենում. Տիրոջից փակված արգանդը բացվել էր միայն «ուխտի աղոթքից» հետո:

Աննան, չհուսահատվելով տարիներ ձգվող անպատասխան աղոթքներից, ի վերջո, Տիրոջ առջև բարձրացրեց այն աղոթքը, որին Աստված երկար էր սպասել:

«Պատարագի՛ր Աստծուն գոհություն և վճարի՛ր Բարձրյալին քո ուխտերը: Եվ կանչի՛ր Ինձ նեղության օրը, ու Ես կազատեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 50.14,15):

Ուխտը՝ զոհ է: Աստծո Խոսքն ասում է. «Ժողովե՛ք Ինձ մոտ Իմ սրբերին, որ Ինձ հետ ուխտ դրին զոհով» (Սաղմ. 50.5):

Տերն է որոշում հիմնականում, թե ինչպիսի ուխտ հաստատես Իր հետ, ինչպիսի զոհ մատուցես: Նշում եմ՝ հիմնականում, քանի որ լինում են բացառություններ, երբ մարդն՝ ինքն է առաջարկում Տիրոջը, և այդ ուխտը անպայման պետք է ստանա Տիրոջ բարեհաճությունը: Սուրբ Հոգին առաջնորդում և օգնում է հասկանալու Տիրոջ սրտինը:

Տարիներ առաջ մի դեպք պատահեց: Ծառայության բերումով՝ ահազանգ ստացա մի անհայր երեխայի մասին, ով բազմազավակ ընտանիքի ավագ դուստրն էր՝ տասը տարեկան: Աղջնակը ծայրահեղ աղքատության պատճառով դպրոց չէր հաճախում, օրերով սոված էր մնում, մուրացկանությամբ էր զբաղվում: Մայրը չէր ցանկանում երեխային մանկատուն հանձնել և խնդրում էր, որ ժամանակավոր հոգ տանենք նրա մասին, մինչև ինքը դուրս կգա ճգնաժամից: Այս ամենի մասին  ահազանգեցի համապատասխան ատյաններին: Ոչ մի արձագանք չստացա: Երեխային բերեցի իմ տուն: Մենք մտերմիկ զրույց ունեցանք. նրան ասացի, որ ինձ մոտ կապրի, մինչև իրենց ընտանեկան պայմանները բարելավվեն, պատմեցի, թե ինչ հրաշալի ամիսներ, գուցեև՝ տարիներ են սպասվում մեզ՝ ամեն օր իրեն դպրոց կտանեմ, կօգնեմ դասապատրաստմանը, գեղեցիկ հագուստներ կգնեմ, թատերական ներկայացումների կհաճախենք, նույնիսկ միասին քննարկեցինք նրա նախասիրությունները և եկանք այն եզրակացության, որ նա պարարվեստի դպրոց էլ պիտի հաճախի: Այնուհետև աղջկան  ուղեկցեցի ննջասենյակ, և ես առանձնացա իմ սենյակում՝ աղոթելու: Արդեն կեսգիշեր էր: Աղոթում էի ու իմ Տիրոջը ներկայացնում իրավիճակը. բացատրում էի արքաների Արքային, որ երեխային օգնելու համար պետք է ծառայությանս մեջ որոշ զոհաբերություններ կատարեմ, այսինքն՝ կրճատեմ ծառայություններս և նվիրվեմ երեխայի խնամքին ու դաստիարակությանը: Ու մինչ թվարկում էի, թե որ ծառայությունները պետք է զոհաբերեմ, որոնցից, անկեղծ ասած, պատրաստ էի ուրախությամբ հրաժարվելու, Սուրբ Հոգին խոսեց և ինձ առաջնորդեց կարդալու Երկրորդ Օրինաց 12.13 խոսքերը. «Զգուշացի՛ր, միգուցե ողջակեզներդ մատուցես ամեն տեղ, ուր որ տեսնես: Այլ այնտեղ մատուցես քո ողջակեզները, որ Եհովան կընտրի …»: Ես կարկամեցի: Մի՞թե Տերը չի ուզում, որ այդ երեխան լավ ապրի, երջանիկ լինի… Նորից դիմեցի Տիրոջը և Նրան հիշեցրի, որ երեխային օգնելու համար իմ հնչեցրած բոլոր ահազանգերն անպատասխան են մնացել: Սուրբ Հոգին չպատասխանեց:

Ես լուռ նստել ու մտածում էի, թե առավոտյան ինչպես եմ բացատրելու աղջկան, որ մեր որոշումների իրականացումն արգելվել է տերերի Տիրոջ կողմից: Ո՞ւր եմ տանելու նրան… Փա՜ռք մեր Արքային, որ չթողեց կեսգիշերին տառապեմ անորոշությունից: Մինչ այդ օրը և դրանից հետո էլ, ես անսպասելի կեսգիշերային հեռախոսազանգեր չեմ ստացել: Այդ գիշեր անսպասելի հեռախոսազանգ ստացա: Զանգահարողը Նոր Հաճնում ապրող իմ ընկերներից էր: Նա ներողություն խնդրեց այդքան ուշ զանգահարելու համար՝ պատճառաբանելով, որ մինչև լուսաբաց չէր կարող սպասել: Պարզվեց, որ Սուրբ Հոգին երկու ամիս շարունակ իր հետ խոսել էր այդ երեխայի մասին հոգ տանելու վերաբերյալ, բայց ինքը համապատասխան քայլեր չէր ձեռնարկել: Նա ներողություն խնդրեց և ցանկություն հայտնեց առավոտյան շուտ վերցնել երեխային ու հավուր պատշաճի խնամել նրան:

Երեխան մոտավորապես մեկ տարի ապրեց նրանց ընտանիքում: Այդ ընթացքում ես և ընկերներս աջակցեցինք երեխայի մորը, մանկահասակ քույրերին ու եղբայրներին՝ իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցում:

Տերն ինձնից այլ զոհ էր ուզում, այլ գործողություն: Նա ավելի մեծ օգնություն էր ցանկանում մատուցել այդ ընտանիքին և, օգտագործելով ընկերներիս ու իմ հնազանդությունը, փառահեղ ձևով միջամտեց այդ ընտանիքի վերականգմանը:

«Բայց քո ուխտերը և նվիրելու բաները վեր առնես ու տանես այն տեղը, ուր Եհովան կընտրի» (Երկր. Օրինաց 12.26):

Շատ ժամանակ մարդիկ աղոթքի պատասխանը չեն ստանում՝ Տիրոջը Իր իսկ ուզած զոհը չմատուցելու պատճառով:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00