Համարյա բոլոր մարդիկ նեղության մեջ աղաղակում են Աստծուն։ Կան մարդիկ, ովքեր հայտնվելով դժվարությունների մեջ՝ գիշեր-ցերեկ անցկացնում են ծնկների վրա, ծոմերի և հարատև աղոթքների մեջ: Նրանք իրենց անհանգստացնող հարցում հրաշք ստանալու համար պատրաստ են ամեն ինչի: Տերն Իր խոստման, սիրո և ողորմության համաձայն պատասխանում է նրանց: Ոմանք, ստանալով հրաշքը, տվյալ պահին շնորհակալություն են հայտնում Աստծուն ու անցնում իրենց առօրյա կյանքին: Ոմանք էլ, բաղձալի հրաշքով ոգևորված, որոշ ժամանակ եկեղեցի են գնում, ծանոթներին և անծանոթներին պատմում իրենց հրաշքի մասին, իսկ հետո, առօրյա հոգսերով ծանրաբեռնված, մոռանում ամեն ինչ: Մինչդեռ կա մի աղոթք, որն անհրաժեշտ է մշտապես բարձրացնել Հրաշագործին՝ մեր բազմաողորմ ու սիրո ակունք Հորը։ Քչերն են այդ աղոթքով դիմում Նրան: Դա շնորհակալությամբ լի երկրպագության աղոթքն է, որը չի սկսվում և ավարտվում մեկ կամ երկու նախադասությամբ՝ «Շնորհակալ եմ Աստված ջան, որ լսեցիր աղոթքս․․․ »։ Դա Տիրոջ մեծությունը, ողորմությունն ու սերը տեսած մարդու երկրպագությունն է։ Այդպիսի երկրպագության համար մարդն առանձնանում է, հավուր պատշաճի ժամանակ է հատկացնում և թույլ է տալիս, որ սրտի խորքից բխեն երախտագիտության ու Տիրոջը մեծարող խոսքերը։
Մովսեսն ու նրա քույր Մարիամն այդպիսի աղոթք ու երկրպագություն մատուցեցին Տիրոջը, երբ Իսրայելի ժողովուրդն ազատվեց Եգիպտոսի գերությունից, և նրանց աչքերը տեսան հզոր Աստծուն հնազանդվել չցանկացող թշնամու կործանումը․ «Քո աջ ձեռքը, ո՛վ Եհովա, փառավորված է զորությամբ։ Քո աջ ձեռքը խորտակեց թշնամուն։ Եվ Քո փառքի մեծությամբ խորտակում ես Քո դեմ վեր կացողներին․․․․ Քո շնչի փչելով՝ ջրերը ժողովվեցին։ Հեղեղները կանգնեցին դեզի պես, անդունդները պաղեցին ծովի մեջտեղում։ Թշնամին ասաց․ «Հալածեմ, հասնեմ․․․․ »: Փչեցիր Քո քամիով, ծովը ծածկեց նրանց։ Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Ո՞վ է աստվածների մեջ Քեզ պես, ո՛վ Եհովա։ Ո՞վ է Քեզ պես սրբության մեջ փառավորված, օրհնություններով սքանչելի, հրաշքներ անող․․․․ » (Ելից 15.6-14): «Եվ Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին թմբուկը ձեռքն առավ, ու բոլոր կանայք թմբուկներով ու պարերով նրա ետևից դուրս եկան։ Եվ Մարիամը պատասխանեց նրանց․ «Երգե՛ք Եհովային, որովհետև փառքով փառավորված է, ձին ու ձիավորը ծովը գցեց»» (Ելից 15.20, 21):
Երկրպագության ընթացքում մարդու ներսում ձևավորվում է մի նոր ճանաչելիություն Աստծուն։ Մարդն ավելի է մտերմանում Տիրոջ հետ, ավելի է վստահում Նրան, ավելի համարձակ է դառնում Տիրոջ կամքը կատարելու հարցում։ Այդպիսի աղոթքների շնորհիվ է նա դառնում նվիրյալ, մշտապես հավատքով լի, վստահ, որ իր Արքան երբեք իրեն չի թողնի։ Այդպիսի աղոթքների շնորհիվ է, որ մարդն ընդունում է Տիրոջ խրատները, Նրանից չի փախչում ու չի վիրավորվում։
Դավիթը խոնարհ սրտով էր ընդունում Տիրոջ հանդիմանություններն ու խրատները՝ միաժամանակ վստահ լինելով, որ Աստված լսում է իրեն և պատրաստ է օգնելու: Այդ պատճառով նա ասում էր․ «Տերն է իմ հովիվը, և կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում Իր անունի համար» (Սաղմ․ 23.1-3):
Անհրաժեշտ է հավուր պատշաճի շնորհակալություն հայտնել ու երկրպագություն մատուցել Տիրոջը։ Երկրպագությունը ոչ միայն խոնարհվելն ու փառաբանելն է Նրան, այլև Նրա հրաշքների մասին պատմելը։ Մեր վկայությունները և՛ փառավորում են Հրաշագործին, և՛ մարդկանց լցնում են հավատքով։ Լսողներից շատերը վստահությամբ են մոտենում Փառքի գահին՝ մտածելով, որ Տերը նույնն է, և եթե Նա խաչի վրա տարած հաղթանակի զորությունը ցույց է տվել Իր զավակներից մեկին, ապա իր կյանքում էլ հրաշք կանի։
Մոտ 30 տարի առաջ մի հայտնի քարոզիչ Տիրոջից մարգարեական խոսք փոխանցեց ինձ․ «Ես հրաշքներ կկատարեմ քո կյանքում, իսկ դու հավաքի՛ր մարդկանց ու պատմի՛ր, թե Ով է Աստված և ինչ է հավատքը»։ Այդ օրից ի վեր բազում հրաշքներ են կատարվել իմ կյանքում՝թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական ու նյութական բնագավառներում։ Վեց տարի առաջ Սուրբ Հոգին ինձ պատվիրեց բլոգ ստեղծել և այնտեղ տեղադրել աստվածաշնչյան խոսքեր ու անձնական վկայություններ։ Դրանից առաջ Նա մի քանի անգամ խոսել էր այդ մասին, բայց ես չէի կատարել՝ պատճառաբանելով, որ երկրագնդի վրա այնքան քարոզիչներ և ուսուցիչներ կան, ովքեր մեծ լսարան ունեն և հրաշալի ձևով մատուցում են Տիրոջից ստացած հայտնությունները։ Սակայն այս անգամ Տերը չառաջարկեց, այլ պատվիրեց։ Երբ փորձեցի նորից պատճառաբանել, Նա պատասխանեց․ «Քո վկայությունները կփոխեն մարդկանց կյանքերը»: Նա նաև հիշեցրեց տարիներ առաջ ինձ տված մարգարեական խոսքը: Հետևելով Տիրոջից ստացած պատգամին՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ սկսեցի գրել և ուսուցանել Տիրոջ Խոսքը՝ միաժամանակ գրածս հաստատելով անձնական վկայություններով։ Բազում նամակներ ու վկայություններ էի ստանում ոչ միայն հայ ընթերցողներից, այլև օտարազգիներից: Ինձ գրում էին Սուդանից, Գերմանիայից, ԱՄՆ-ի այն նահանգներից, որտեղ ծանոթ ու բարեկամ չունեի։ Եկավ մի պահ, երբ ենթարկվելով մի քանի չարախոսների կարծիքին՝ մտածեցի՝ ի՞նչ կարիք կա յուրաքանչյուր անգամ անձնական կյանքից օրինակներ բերել։ Աստծո Խոսքն այնքան համոզիչ է, որ չարժե անձնականս ի ցույց դնել։
Որոշ ժամանակ գրեցի առանց անձնական վկայությունների։ Իմ գունագեղ կյանքը հանկարծ դարձավ մոխրագույն։ Ինձ համար անհասկանալի պատճառով հոգիս անհանգիստ էր, խաղաղությունս կորցրել էի։ Ծոմ վերցրի և, առանձնանալով սենյակումս, դիմեցի Տիրոջը՝ ակնկալելով Նրանից լսել պատճառը։ Ժամեր շարունակ աղոթում էի, փառաբանության երգերով մեծարում Նրա անունը։ Տեսնելով, որ արդեն մոտենում է ծոմից դուրս գալու ժամը, ու դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել՝ ասացի․ «Տե՛ր, թեպետ Դու ոչինչ չհայտնեցիր, միևնույնն է, կշարունակեմ Քեզ աղոթել ու երկրպագել»։ Անմիջապես լսեցի Սուրբ Հոգու հարցը․ «Ինչպե՞ս ես Ինձ երկրպագում»։ Նրա ձայնի մեջ խստություն կար։ Այդ պահին ձեռքերս վեր էին պարզված, ինչպես հիմնականում անում էի երկրպագության և փառաբանության ժամանակ։ Ասացի. «Տե՛ր, ես երկրպագում եմ Քեզ երգերով»: Խոսքս դեռ նոր էի ավարտել, երբ Սուրբ Հոգին ասաց. «Դու Ինձ չես երկրպագում քո վկայություններով, դադարել ես քո կյանքում Իմ կատարած հրաշքների մասին գրելուց»։ Ես զարհուրեցի։ Երբեք չէի պատկերացրել, որ այդ քայլով կարող եմ վիրավորել Նրան։
Փա՜ռք Տիրոջն Իր ողորմության համար։ Անմիջապես ծնկի իջա, ապաշխարեցի և Խոսք խնդրեցի՝ գրելու և բլոգիս միջոցով Տիրոջ փառքը տարածելու համար։ Ինձ համար արդեն միևնույնն էր, թե բացասաբար տրամադրված մարդիկ ինչպես կարձագանքեին վկայություններիս։ Կարևորը՝ Տիրոջ էությունն ու կամքը մարդկանց հայտնելն էր։
Խաղաղությունս վերականգնվեց, Տիրոջը փառաբանողների արձագանքներն ու նամակները շարունակվեցին: