Հաջորդ առավոտյան գնացի գրասենյակ։ Հովիվ Արթուրը մոտեցավ և ասաց, որ ուզում է մի հարց քննարկել ինձ հետ: Կարճ ժամանակ անց հովվի աշխատասենյակում էի։ Այդ պահին հանկարծ հասկացա, որ տարիներ առաջ սոցիալական ծառայության համար նախատեսված ու այդպես էլ չվերանորոգված տարածքը պետք է վերադարձնեմ, ուստի հովվին խնդրեցի, որ մինչ իր ասած հարցի քննարկմանն անցնելը, ես խոսեմ։ Եվ հովվին ասացի, որ այդ տարածքը ետ ենք վերադարձնում։ Համոզված էի, որ Տերն է այդպես ուզում։ Նա շատ զարմացավ և հարցրեց, թե այդ դեպքում սոցիալական ծառայությունը որտեղ է անցկացնելու իր գործունեությունը: Անկեղծ ասած՝ այդ պահին մոռացել էի, որ Տերը մեկ օր առաջ ինձ ասել էր․ «Վաղը սոցիալական ծառայությունն իր տարածքը կստանա», այդ պատճառով ուղղակի պատասխանեցի․ «Տերը ողորմած է, մի դուռ կբացի»: Հովիվը, կարծես մոռանալով, թե ինչի համար էր ինձ կանչել, շարունակում էր խոսել սոցիալական ծառայության մասին, այնուհետև առաջարկեց գնալ և տեսնել, թե ինչ վիճակում է մեր եկեղեցու առաջին գրասենյակի շենքը, որպեսզի այնտեղից սենյակներ հատկացնի սոցիալական ծառայությանը։ Այդ շենքի հետ կապված այլ ծրագրեր կային, սակայն երկու տարվա ընթացքում չէր հաջողվել դրանք իրականացնել: Հովվի առաջարկից հետո միայն հիշեցի մեկ օր առաջ Տիրոջ տված խոստումը․«Վաղը սոցիալական ծառայությունն իր տարածքը կստանա» :
Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, գնացինք և շրջեցինք շենքում։ Տանիքը կիսաքանդ էր, երկու տարի թե՛ շենքը, թե՛ դիմացի այգին անխնամ էին մնացել։ Հորդառատ անձրևներից սենյակների մեծ մասի հատակը, առաստաղը, պատերը կիսաքանդ վիճակում էին։ Հովիվը հիշեցրեց, թե եկեղեցու ժողովուրդը ինչպիսի ոգևորությամբ էր մասնակցում այդ եռահարկ շենքի կառուցմանը։ Հայաստանում այդ ժամանակ սով էր, շրջափակում, գործազրկություն, բայց մարդիկ, վստահելով Տիրոջը, նվիրաբերում էին իրենց վերջին ունեցածը։
Այսպիսով՝ սոցիալական ծառայությանն այդ շենքում հատկացվեց մի հսկայական տարածք՝ ամբողջ 2-րդ հարկը՝ 14 սենյակներով և լայնարձակ սրահով, որի երկարությունը 21 մ էր, լայնությունը՝ 6 մ, ինչպես նաև առաջին հարկում գտնվող սենյակներից մեկը, դահլիճը և բակում գտնվող ապակեպատ լայնարձակ խոհանոցը։ Իմ ամենավառ երազանքներում անգամ չէի կարող պատկերացնել, որ այդ շենքում երբևէ ծառայություններ կանցկացնենք։
Տիեզերքն ստեղծող, հավիտենությունն ափերի մեջ պահող Աստված հավատարիմ է։ Նա խոստացել էր սոցիալական ծառայությանը ոչ միայն տարածք տալ, այլև ֆինանսներ: Ես Աստծուց խոսք ունեի. «Տերն է իմ հովիվը, և կարոտություն չեմ ունենա…»: Այս մասին արդեն գրել եմ «Հաղթանակ պարգևող սեր» վերնագրով իմ հոդվածում (2017 թ. մայիսի 22):
Կարճ ժամանակ անց ծառայությանն անհրաժեշտ սենյակները, դահլիճը, խոհանոցը վերանորոգվեցին, մի քանի սենյակներ նորից կառուցվեցին ու կահավորվեցին։ Յուրաքանչյուր տարածքի կառուցում կամ վերանորոգում ուղեկցվում էր հրաշքներով։ Հրաշքներից երկուսի մասին արդեն գրել եմ իմ բլոգում («Չարիքը կարող է դառնալ բարիք», 2018 թ. սեպտեմբերի 12, «Տիրոջ կամքը ճանաչելու արդյունքը», 2019 թ. ապրիլի 22):
Շենքի ներսի աշխատանքները երբ ավարտեցինք, Սուրբ Հոգու առաջնորդությամբ ձևավորեցինք թանգարանն ու երկրորդ հարկի սրահը։ Ես աղոթում էի յուրաքանչյուր դետալի համար, աշխատում էի շատ ուշադիր լինել, որ ոչինչ բաց չթողնեի Տիրոջ ասածից։ Գիտակցում էի, որ դա Տիրոջ տունն է, ու բոլորս՝ թե՛ ծառայողները, թե՛ ծնողազուրկներն ու որբևայրիները, թե՛ սահմանափակ կարողություն ունեցողներն ու կարիքավորները, պատկանում ենք Աստծուն, ուստի ամեն ինչ Նրա կամքով պետք է լինի՝ և՛ սենյակների ձևավորումը, և՛ մեր գործունեությունը:
Ամեն բան գեղեցիկ ու շքեղ ստացվեց. յուրաքանչյուր այցելու դա վկայում է։ Մենք հյուրեր ենք ունենում տարբեր երկրներից ու ազգերից, որոնք նույնպես վկայում են, որ Սոցիալական ծառայության այդպիսի շենք երբևէ չեն տեսել։
Երբ ձևավորման վերջին շտրիխն ավարտեցի, շենքում արդեն ոչ ոք չկար՝ գիշերային պահակից բացի։ Ուզում էի տուն գնալ, երբ հանկարծ Սուրբ Հոգին ուշադրությունս հրավիրեց պատերին փակցված պատկերների և գրությունների վրա: Ես երկրորդ հարկի սրահում էի։ Նայեցի պատերին, ցնցված էի․․․ Այդ պատերն ամբողջությամբ ձևավորված էին Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Յուրաքանչյուր պատկեր, գրություն պատմում էր Տիրոջ փառքը: Այդ պատկերները փակցնելիս չէի մտածել, որ Տերը դրանց միջոցով մեծ ասելիք ունի բոլորիս։ Տիրոջ փառքը պատմող սրահի մասին կգրեմ շուտով և կներկայացնեմ տեսանյութ՝ հույսով, որ մի օր դուք նույնպես կայցելեք ու կտեսնեք ձեր աչքերով։
Այսօր այդ շենքում հավաքվում են թե՛ սահմանափակ կարողություն ունեցող մարդիկ, թե՛ Զարգացման կենտրոնի շուրջ 45 սաները։ Սոցիալական ծառայությունն իր գործունեությունն այդտեղ է իրականացնում։
2019 թվականի դեկտեմբերյան մի օր, երբ աստիճաններով բարձրանում էի երկրորդ հարկ, սրահում հանդիպեցի 6-16 տարեկան երեխաների բազմությանը։ Ընդարձակ սրահում երջանկություն սփռող եռուզեռ էր։ Այդ պահին հանկարծ հիշեցի 1992 թվականին տեսած երազս՝ եռահարկ շենքը, երկրորդ հարկի մեծ սրահը, որը լի էր տարբեր տարիքի երեխաներով, իմ ձեռքում հայտնված հացով լի կողովը, որի պարունակությունը բաժանում էի դեպի ինձ վազող երեխաներին… Երջանկության արցունքները խեղդում էին։ Ո՞վ կմտածեր, որ այդքան տարիներ անց տերերի Տերը, հավատարիմ մնալով Իր խոստմանը, մեր եկեղեցու եռահարկ շենքի երկրորդ հարկում հնարավորություն կստեղծեր իրականացնելու այդ մարգարեական երազը։ Հիշեցի 2017 թվականի մայիսի 21-ին Տիրոջից ստացած մխիթարական խոսքերը, երբ ծոմով խոնարհվել էի Նրա առջև և աղոթում էի սոցիալական ծառայության համար. այդ ժամանակ մտածում էի՝ միգուցե սխալ եմ վարվել, որ մեր ունեցած գումարները եկեղեցու գրասենյակի շինարարության համար եմ զոհաբերել և սոցիալական ծառայության համար տարածք չեմ գնել, սակայն Տերն ասաց, որ ճիշտ եմ վարվել: Երբևէ չէի մտածի, որ այդ զոհաբերությունները բազմապատկվելու էին, իսկ վարձակալված տարածքներում ճիշտ բնավորություն դրսևորելը, դժվարություններն ու ինքնախճահարման վիճակը հաղթահարելը, ներողամիտ ու մեծահոգի դառնալը իմ կյանքում ՀԻՄՔ էին հանդիսանալու Տիրոջից ստացած երազի իրականացման համար (այդ մարգարեական երազի մասին կարող եք կարդալ իմ նախորդ նյութում՝ «Ինչպե՞ս ծնվեց Զարգացման կենտրոնը: Բնավորությունն է որոշում տեսիլքի իրականացումը», մաս 4, 2020 թ. մարտի 17):
Ձեզ եմ ներկայացնում լուսանկարների շարք, որը պատմում է Զարգացման կենտրոն հաճախող երեխաների առօրյան։